Ներկայացնում ենք բոլոր մանրամասները․ ի՞նչ կապ կա այս իրադարձությունների միջև, ո՞վ ո՞ւմ և ինչպե՞ս է պատասխանում, ի՞նչ են այս մասին մտածում Երևանի և Բաքվի փորձագետները" />

Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն, զորավարժություններ Ադրբեջանում և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

Ներկայացնում ենք բոլոր մանրամասները․ ի՞նչ կապ կա այս իրադարձությունների միջև, ո՞վ ո՞ւմ և ինչպե՞ս է պատասխանում, ի՞նչ են այս մասին մտածում Երևանի և Բաքվի փորձագետները

Տեղեկություններ Հայաստանից

Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը Ղարաբաղում

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստն առաջին անգամ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում։ Ընդ որում, այն Ղարաբաղի Անվտանգության խորհրդի հետ համատեղ է անցկացվել։ Հայաստանի իշխանությունները չեն մեկնաբանում այս որոշման պատճառները։

Սակայն Հայաստանի բոլոր լրատվամիջոցներն ու փորձագետները նշել են, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը կայացել է Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությունների ֆոնին։ Հայաստանում շատերն են կարծում, որ նման կերպ պաշտոնական Երևանը պատասխանել է Բաքվին։ Հայաստանի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել են, որ զորավարժությունների նպատակը Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Հայաստանի վրա ճնշում գործադրելն է։

Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման մասին հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից ։ Այն հրապարակվել է ԵՀԱԿ կայքում Երևան և Բաքու կատարած փետրվարյան այցերից հետո։

«Առաջնորդներն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ մոտ ժամանակներս դրա հովանու ներքո հանդիպելու առաջարկը», – ասված է հայտարարությունում։

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն, ըստ էության, կգրանցի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը պետությունների ղեկավարների մակարդակոով վերականգնելու մեկնարկը։ Սա համանախագահների կողմից է անմիջականորեն կազմակերպված նրանց առաջին հանդիպումն է լինելու։

Մինչ այդ երկրների առաջնորդները հասցրել են մի քանի ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել, որոնց ընթացքում քննարկել են բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։

Այդ հանդիպումներից մեկի ժամանակ Ալիևն ու Փաշինյանը կարողացել էին պայմանավորվել շփման գծում լարվածության նվազեցման և օպերատիվ կապի հաստատման մասին։ Եվ համանախագահները դրական են գնահատում շփման գծում զոհերի բացակայությունն ու տարածաշրջանում տարվող աշխատանքը բնակչությանը խաղաղության պատրաստելու ուղղությամբ։

Էլ ի՞նչ է ասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում

Հայտարարությունը Հայաստանում սուր արձագանք է առաջացրել, քանի որ դրա տեքստում խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին։

Խոսելով հակամարտության արդար ու երկարաժամկետ կարգավորման մասին՝ համանախագահները հետագա հիմնական սկզբունքներն են ընդգծել.

«Դա պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների կողմից 2009-2012թթ-ին․ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելը, ժամանակավոր կարգավիճակի որոշումն՝ անվտանգության և ինքնակառավարման ապահովմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի ապահովումը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը»։

Բացի այդ, համանախագահները կոչ են արել զերծ մնալ միակողմանի կարգով բանակցությունների ձևաչափը փոխելու պահանջներից առանց մյուս կողմի համաձայնության։ Խոսքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին է, որը պնդում է,  որ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։

Հայաստանի վարչապետի հայտարարությունը

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ըթնացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով համանախագահների հայտարարություններին, հաստատել է իր մոտեցման անփոփոխ լինելը.

«Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներդրել են և ներդնում են կարգավորման գործընթացում: Բայց գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին․․․: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ։

Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել․․․ Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություններում:  

Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը և այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: ․․․Հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»։

Կարծիք Լեռնային Ղարաբաղից

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն համամիտ է Հայաստանի վարչապետի դիրքորոշմանը։

«Արդեն 1993 թ. Մինսկի գործընթացի շրջանակներում քննարկվող փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես հակամարտության լիարժեք կողմ։ Տվյալ հարցում վերջնականապես պարզություն է մտցվել 1994 թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ/ԵԱՀԽ գագաթաժողովի ժամանակ։ Համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի՝ հակամարտության կողմեր են հանդիսանում հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատած կողմերը։ Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին այդ համաձայնագիրը ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև», – հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը։

Նախագահ Բակո Սահակյանն Անվտանգության խորհուրդների նիստին ունեցած ելույթի ժամանակ նույնպես անդրադարձել է բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցին.

«Արցախը պատրաստ է շարունակելու իր կառուցողական ներդրումն ունենալ բանակցային գործընթացում, որն ուղղղված է տարածաշրջանում հարատև և ամուր խաղաղության հաստատմանը»։

Փորձագիտական կարծիք

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, նշել է.

«Այդ խումբը միջնորդական առաքելություն չէ, որ իրականցնում է հարցը կարգավորելու համար, այդ խումբը վաղուց արդեն իրականացնում է յուրօրինակ արբիտրաժ և փորձում է կառավարել քաղաքական գործընթացը։ Եվ այս հայտարաությունն էլ հերթական անգամ, առանցքային հարցը, որ կարող է մեզ համար հետաքրքիր լինել դնում է տողատակում բուն խնդիրը լուծվում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմաքաղաքական մրցակցությամբ, ներառյալ նաև տնտեսական հնարավորությունները։

 Եվ Մինսկի խումբը, մեծ հաշվով, ճանաչելու է այն ստատուս-քվոն, որը ձևավորվում է այդ մրցակցության արդյունքում… Եվ մեր խնդիրն է որպես հանրություն, որպես պետություն շարունակել ապահովել մեր այն մրցունակությունը, թույլ չտալ, որ Ադրբեջանն այնպես առաջ անցնի, ինչպես թույլ տվեցինք նախորդ երկու տասնամյակում, և թույլ չտալ բալանսի խախտում՝ թե ռազմական, ռազմա-տեխնիկական կարողությունների, թե տնտեսական, թե նաև քաղաքական դիվանագիտական հարաբերությունների տեսանկյունից ուժային կենտրոնների հետ»։

Հակոբ Բադալյանը մեկնաբանել է նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացման փաստը Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից անցկացվող լայնամասշտաբ հարձակողական զորավարժություններին զուգահեռ.

«Առաջին անգամ պաշտոնապես հայտարարվում է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը կայանալու է Լեռնային Ղարաբաղում… Իհարկե, ռազմաքաղաքական ղեկավարությունն այստեղ առաջին անգամ չէ հավաքվում և հարցեր քննարկում։ Սակայն առաջին անգամ է հայտարարվում Ղարաբաղում Հայաստանի Անվտանգության խորհրդի արտագնա նիստի մասին։

Սա քաղաքական քայլ է և ազդակ, որը խոսում է այն մասին, որ Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսել չի ստացվի։ Եվ սա ճիշտ ռազմավարություն է։ Բաքուն խոսում էր շանտաժի լեզվով և առանց պատասխան մնում։ Եվ դա հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը պատերազմի, թեև բլից-պատերազմի իրավունք ստացավ [խոսում է 2016թ-ի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի մասին -JAMnews]։ Բարեբախտաբար, հայկական Զինված ուժերն ու հասարակական կամավորական շարժումը թույլ չտվեց Ադրբեջանին այդ իրավունքն արդյունքի վերածել»։

Տեղեկություններ Ադրբեջանից

Զորավարժությունների մասին

Մարտի 11-ին Ադրբեջանի Զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժությունն էր են սկսել շփման գծում։ Դրանք չորս օր կտևեն։

«Զորավարժություններին ներգրավված է զինծառայողների մինչև 10 հազար անձնական կազմ, մինչև 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային և սոցիալական տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 300 հրթիռահրետանային կայան, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, տարբեր նշանակման բանակային և ճակատային ավիացիայի մինչև 20 միավոր», – ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Փորձագիտական կարծիք

«Բաքուն հերթական անգամ որոշել է մկանները ցուցադրել նախատեսված բանակցություններին ընդառաջ, ընդ որում, այս անգամ զորավարժությունների մասշտաբները գերազանցում են նախորդները։ Ըստ ամենայնի, դա հաշվարկված է հայ հասարակության վրա ճնշում գործադրելու համար։

Վերջին ժամանակներս առավել հաճախ են դարձել հետևյալ կարգախոսները՝ «Ոչ մի թիզ հող Ադրբեջանին չենք զիջի»։ Հատկանշական է, որ նման կարգախոսներ չէին հնչում հրադադարի այս 25 տարիների ընթացքում։ Հավանաբար, այն ծնողները, որոնց երեխաները ծառայում են ճակատային գծում, իսկ, ըստ ադրբեջանական կողմի տվյալների, Հայաստանի մի քանի հազար քաղաքացի ծառայում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում (այդ թվում՝ վարչապետի որդին), հետաքրքրված չեն նոր պատերազմով։

Հատկանշական է նաև, որ որոշ երեկվա ադրբեջանցի «խաղաղապահներ» նույնպես ծայրահեղ կոչեր են հնչեցրել վերջերս», – ասել է JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը։

«Բարձր մակարդակով բանակցությունների անցկացման փաստն ինքնին կարելի է միայն ողջունել։ Սակայն հեշտությունը, որով Փաշիննյանին հաջողվեց տապալել Սերժ Սարգսյանի ռեժիմն ու հաստատվել իշխանության վերնագլխում, ըստ ամենայնի, Հայաստանի վարչապետին ուռճացված պատկերացումներ է ներշնչել իր սեփական ունակությունների մասին և սխալ դատողություններ՝ քաղաքականությունում հնարավորի սահմանների մասին։

Բաքվից միանշանակ բոլոր մակարդակներում հայտարարվեց, որ բանակցությունների սեղանի շուրջ խամաճիկային անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին չեն հանդուրժի։ Մոսկվան ԱԳՆ շուրթերով դիվանագիտորեն հայտարարեց, որ առարկություններ չունի, սակայն անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը, որն, ինչպես հայտնի է, չկա ու չի լինելու։ Բրյուսելում Փաշինյանին Եվրամիության նախագահ Տուսկի, ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Մոգերինիի և եվրահանձնակատար Խանի մակարդակով ասվել է, որ Փաշինյանի առաջարկած բանակցային ձևաչափի փոփոխությունը խաղաղ կարգավորման գործընթացը շեղում է և աջակցություն չի ստանա։

Ինչ վերաբերում է Փաշինյանի դեմագոգ հայտարարություններին, որ պետք է լսել Լեռնային Ղարաբաղի ձայնը, ապա նա պետք է հիշի, որ դրա բնակչությունը միայն հայերից չէ բաղկացած, այլ նաև գրեթե 50 հազար ադրբեջանցիներից, որոնք վտարվել են իրենց տներից և զրկվել իրենց հողում խաղաղ և անվտանգ ապրելու հնարավորությունից։ Ապագայում ղարաբաղյան երկու համայնքները երկխոսությամբ պետք է որոշեն տարածքի կարգավիճակը, ինչն էլ նախատեսված է բանակցային ձևաչափով», – ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։


Կարդալ ավելին JAMnews-ում