Փոխարենը մարդիկ սկսել են գինի խմել կոշիկով, հրացանի փողով և ջրահեռացման խողովակով" />

Ե՞րբ և ինչո՞ւ է Վրաստանում կորել շշով գինու մշակույթը

Փոխարենը մարդիկ սկսել են գինի խմել կոշիկով, հրացանի փողով և ջրահեռացման խողովակով

REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Վրացիները հպարտությամբ իրենց երկիրը «գինու հայրենիք» են անվանում։ Սակայն գինու հետ կապված այսօրվա շատ ավանդույթներ ստիպում են կասկածել դրանում։

JAMnews-ի հեղինակներից մեկը՝ Լևան Սեբիսկվերաձեն, պատմում է, թե ինչ ճանապարհ է անցել վրացական գինին խորհրդային տարիներից մինչ այսօր, և թե ուր է կորել գինի ճաշակելու մշակույթը Վրաստանում։

______________

Խորհրդային վրացական գինի

Երիտասարդությունը, որը երբեք չի ապրել ԽՍՀՄ-ում, երևի այնուամենայնիվ տեսել է հին վրացական ֆիլմերում, որ խնջույքների ժամանակ գինին հիմնականում լցված է տարբեր չափսերի և ձևերի շշերի մեջ։

Չնայած որ գինին լցնում էին նաև կավե սափորների և ապակե գրաֆինների մեջ, գլխավոր տարան ավանդաբար ապակե շիշն էր։

Սակայն դա վրացական գինու շատ վաղ անցյալն է։

ԽՍՀՄ տարիներին Վրաստանում գինու մշակույթը մեծ փոփոխություններ կրեց։ Խորհրդային ժամանակաշրջանին, արագ և անորակ արտադրությանը համապատասխան նոր կանոններ հայտնվեցին։

Թե ինչպես է կենդանի մնացել վրացական գինին

Վրաստանում գտնվել է ամենահին գինին

Ինը բան, որ Վրաստանում արտասահմանցու մոտ տարակուսանք է առաջացնում

Ժողովուրդը շուտով մոռացավ հին գինիների համը, դրանց արտադրության տեխնոլոգիաներն ու խմելու մշակույթը։

Խորհրդային տարիներին առաջացած ավանդույթներն այնքան արմատացան, որ մարդիկ դրանք սկսեցին անվանել «վրացական հին ավանդույթներ»։ Ցավոք, շատերը դրան հավատում են նաև այսօր։

Հատկապես աչքի ընկնող փոփոխությունը շշից հրաժարվելն էր, քանի որ ապակե շիշն արտադրությունն ավելի թանկ էր դարձնում։

Շշալցված գինու օգտագործման մշակույթն աստիճանաբար մոռացվեց։ Իսկ գինու որակի անկումն ու անցումը «սարքած» գինու, հանգեցրին դրա մեծ քանակությամբ օգտագործմանը։

Այն ժամանակներում ավանդույթ ձևավորվեց գինին տարբեր, հաճախ նույնիսկ անհավանական տարաներով խմելու սովորույթը, որը երբեք վրացական չի եղել։

Զոքանչի կոշիկը որպես տարա

Ինչո՜վ ասես, որ գինի չեն խմել անցյալ դարի Վրաստանում։

Ստեղծարար ջիղով առանձնանում էին հատկապես մութ ու ցուրտ հետխորհրդային տարիները՝ 90-ականները։

Գինի խմում էին ձեռքի տակ ընկած ամեն ինչով՝ երեխաների գիշերանոթներից (կենաց՝ երեխաների ապագայի համար) մինչև զոքանչի կոշիկ (մայրերի կենացը)։

Ընդհանրապես, կոշիկը գինի խմելու շատ տարածված տարա էր (ոմանց համար մինչև հիմա այդպես է)։

Ավելի աներևակայելի դեպքեր էլ են եղել։

Օինակ, Արևմտյան Վրաստանի Վանի քաղաքում մի ավանդույթ է արմատավորվել, երբ տանտերը գինու սափորով բարձրանում է տան տանիք և գինին լցնում ջրահեռացման խողովակի մեջ, այդտեղից էլ այն խմում է ներքևում կանգնած հյուրը։

Պատմությունը դեպքեր է հիշում, երբ գինին խմել են արյան փոխներարկման բժշկական սարքավորումներով (առողջության կենացը), անասունների համար նախատեսված մեծ ներարկիչով (առատության կենացը), ինչպես նաև լիցքավորած հրացանի փողով (նախնիների կենացը)։

Տաբատի փողքով (տղամարդու արժանապատվության կենացը), դատարկ ձմերուկով, սեխով կամ դդումով։

Եվ նույնիսկ աշխատող բլենդերով (ընկերության կենացը)։

Վրացի պոետ և գրող Գոգլա Լեոնիձեն իր պատմվածքներից մեկում գրում է, որ հարսնացուի ծամերը գցում են գինով լի թասի մեջ, հետո թասից խմում։ Այդ տեսարանը հարկ է համարել էպատաժային ավանդույթի մեկնարկներից մեկը։

Եվ այդ «ավանդույթը» բնավ չի անհետացել, ոմանք դրան հետևում են նույնիսկ այսօր։

90-ականներն ու «ավտոտնակում լցված» գինին

ԽՍՀՄ փլուզումից հետո ամեն ինչ էլ ավելի վատացավ։

90-ականներին գրեթե ամբողջությամբ անհետացավ գինին շշերով օգտագործելու մշակույթը, և ողջ երկիրն անցավ «ավտոտնակում լցված» գինուն։ Այն լցնում էին պլաստիկ տարայի մեջ։

Երկրում, որտեղ չկար ոչ էլեկտրականություն, ոչ փող, շատ էին խմում։ Խմում էին անորակ խմիչք և հիշողությունը կորցնելու չափ հարբում։ Դա նույնպես «վրացական ավանդույթ» դարձավ։

90-ակաների կեսերին մի քանի ձեռնարկություն հայտնվեց, որոնք փորձեցին վերադարձնել վրացական գինու գոնե արտաքին տեսքը և սկսեցին այն կրկին շշալցնել։

Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանում կանգնել էին գինու շշերի արտադրության գործարանները։ Այդ պատճառով էլ դրանք ներկրվում էին Եվրոպայից, Ռուսաստանից և Հայաստանից։

Շշի վերադարձը

Այսօր խորհրդային ավանդույթը դանդաղ, բայց հետևողականորեն փոխվում է։

Այսօր մեծ ու փոքր ձեռնարկությունները, գինու ընտանեկան մառանները գինին արտադրում են հիմնականում շշերով։

Գինեգործությունը զգալիորեն առաջ է գնացել, սակայն տնտեսությունը թույլ չի տալիս այն էլ ավելի զարգացնել։ Օրինակ, գինեգործները նույնիսկ սեփական օգտագործման գինին գրեթե երբեք շշերով չեն անում։ Դա բացատրում են նրանով, որ շշի պատճառով թանկանում է արտադրությունը։ Դա նման է այն գյուղացու պահվածքին, որը համեղ և որակյալ մրգերը պատրաստվում է շուկայում վաճառել, իսկ իր համար ափսոսում է։

Այն մասին, որ շշի նշանակությունը դեռ մինչև վերջ իմաստավորված չէ, խոսում է նաև այն, որ այսօր Վրաստանում կա շշերի արտադրման միայն մեկ գործարան։ Գինեգործական ընկերությունների մեծ մասն այսօր նույնպես դրանք գնում է արտասահմանից։

Շշալցված գինու օգտագործման ավանդույթն, իհարկե, վրացական չէ․ և Եվրոպայում, և Ասիայում դա անում են դարեր շարունակ։

Այն, որ ապակե տարան գինի պահելու լավագույն միջոցն է, հաստատում են հարյուրամյակներ առաջ խորտակված նավերից գտնված շշերը։ Այդ շշալցված գինին հաճախ նույնիսկ այսօր կարելի է խմել և շատ թանկ արժե։

Գինու որակը ռեստորաններում նախկինի պես վատն է

Գինեգործությունը զարգանում է, սակայն վրացական ռեստորանները դեռ շատ ճանապարհ ունեն անցնելու։

Գինու բարերն ու ռեստորանները, որոնք վերջերս բացվել են Վրաստանի տարբեր քաղաքներում, խոսում են այն մասին, որ վրացական գինին գնահատողները շատացել են։

Հաճախ կարելի է սովորական մարդու տեսնել, որը գինի է գնում ոչ թե բազմամարդ խնջույքի, այլ իր համար, որպեսզի դանդաղ խմելով վայելի այն։

Սակայն պարզվում է, որ այդ իրապես լավ ավանդույթը դեռ ոչ մի կերպ չի ազդել գինու որակի վրա, որն առաջարկում են մեր ռեստորանները։

Գուրիա, Իմերեթի, Քարթլի, Սամեգրելո, Աչարա շրջաններում և նույնիսկ ավանադաբար գինեգործական Կախեթիի ռեստորաններում վատ գինի են մատուցում։

Ռեստորանների տերերը նախընտրում են էժան գինին, հաճախ իրենք էլ հենց տնտեսելու նպատակով կասկածելի որակի գինի են արտադրում և առաջարկում հաճախորդներին։

Բանը կրկին տնտեսությունն է․ այդ գինին իր գնորդն ունի։

Երբ մեզնից մեկը պատրաստվում է ընկերոջ հետ ընթրելու, միշտ ավելի էժան տարբերակներ է փնտրում։

Սակայն չի կարելի միայն տնտեսությանը վերագրել այն հանգամանքը, որ շատ ռեստորաններում (հատկապես շրջաններում) գինի ընդհանրապես հնարավոր չէ խմել։

Վերջին մի քանի տարում խոշոր գինեգործական ընկերությունները ռեստորանների հետ պայմանագրեր են կնքել էքսկլյուզիվ մատակարարման մասին։

Ըստ պայմանագրի պայմանների՝ այդ ռեստորանների ճաշացանկում կարող է լինել միայն պայմանագիր կնքած ընկերության գինին։

Չնայած որ նման պայմանագրերն, առաջին հերթին, վնասում են սպառողներին որոնք պարզապես ընտրություն չեն ունենում, ռեստորանների շատ տերեր համաձայնում են այդ պայմաններին, քանի որ այդ ընկերությունները շուկայականից շատ ավելի էժան գներով են գինի մատակարարում, և ռեստորանները դրանից լավ եկամուտ են ունենում։

Փորձագետների մի մասը պնդում է նաև, որ Վրաստանում գինու բիզնեսին խանգարում են․․․ քարացած գաստրոնոմիական սովորությունները։ Մանսավորապես, այն, որ խնջույքներին սեղանը լի է լինում տարբեր ուտեստներով։

Չնայած նրան, որ վրացիներն իրենց երկիրը «գինու հայրենիք» են անվանում, սննդի համար փող չի խնայում ոչ ոք, սակայն մեծ մասը չի ցանկանում լավ գինու համար փող ծախսել։

Սակայն լավագույն տարբերակը կլիներ, փողի առկայության դեպքում, օրինակ, երկու-երեք ուտեստ պատվիրել և ճաշն ուղեկցել լավ վրացական գինով։


Կարդալ ավելին JAMnews-ում