Տեղացի փորձագետները չեն հավատում «նավթային ապոկալիպսիսին»" />

Ե՞րբ է ավարտվելու ադրբեջանական նավթը

Տեղացի փորձագետները չեն հավատում «նավթային ապոկալիպսիսին»

Նավթային փողերը կազմում են ադրբեջանական բյուջեի եկամտային մասի մոտ 60%-ը: Ժամանակ առ ժամանակ տնտեսագետները, վերլուծաբաններն ու քաղաքագետները սկսում են անհանգստանալ. ի՞նչ կլինի, եթե նավթը վերջանա: Հատկապես հիմա, երբ 2010թ-ին իր գագաթնակետին հասած նավթաարդյունաբերության ծավալը հինգ տարում կրճատվել է 20 տոկոսով: Մի՞թե ադրբեջանական «սև ոսկին» իր ավարտին է մոտենում:

Յանարդաղը Բաքվից ոչ հեռու գտնվող վայր է, որտեղ կրակի լեզուները գետնի տակից են դուրս գալիս: Կրակը չի մարում, անգամ եթե ջուր լցնես վրան, քանի որ մակերեսին չի բռնկվում. գազն ինքնին բավականաչափ տաքացած է լինում:

Ինչպես էր ամեն ինչ սկսվում

Հնուց հայտնի է, որ ադրբեջանական հողը բառացիորեն «ներծծված է» նավթով ու գազով: 13-րդ դարում նավթը դույլերով դուրս էին բերում հորերից:

Բիբի-Էյբաթն ու Բալախանին ավաններ են ներկայիս Բաքվի ծայրամասում: Բաքու մտնելիս Բիբի-Էյբաթ ավանում հին նավթահոր կա այսպիսի ցուցանակով. «Աշխարհի առաջին նավթահորը, որն արդյունաբերական ճանապարհով է փորվել 1846թ-ին»:.

1876թ-ին Բաքվի մերձակայքում արդեն 101 նավթահոր կար:

Ներկայիս Ադրբեջանի տարածքն այն ժամանակ Ռուսական կայսրության մաս էր: Հողի նավթաբեր հատվածները պատկանում էին ոչ միայն ադրբեջանցի, այլ նաև ռուս և հայ ձեռնարկատերերի, որոնք արագ հարստանում էին նավթային առաջին բումի ալիքի հաշվին: Այդպես է սկսվում ադրբեջանական նավթի պատմությունը:

Մուխթարով ավանը (Բաքվից 15-20 րոպե հեռավորության վրա) անվանակոչվել է 20-րդ դարի նավթային մագնատ Մուրթուզա Մուխթարովի պատվին: Բնակիչները բողոքում են, որ «տան դիմաց նավթահորեր կան, իսկ կոյուղի չկա»: Լուսանկարում «լիճն» է, որը հայտնվել է նավթահորերի սխալ շահագործման հետևանքով:

Ինչի՞ց է կախված, թե որքան նավթ կարդյունահանվի

Եթե վերլուծենք Ադրբեջանում նավթաարդյունահանման դինամիկան, պարզ է դառնում, որ վերելքներն ու անկումները պայմանավորված են ոչ այնքան «բնության ողորմածությամբ», որքան այն ջանքերով, որոնք մարդիկ գործադրում են նավթ գտնելու և արդյունահանելու համար: Իսկ անկումները միշտ պայմանավորված են ինչ-որ արտաքին գործոններով:

20-րդ դարի սկզբին Ադրբեջանում նավթի արդյունահանումն ամենաշատն էր՝ 10մլն տոննա, սակայն դա աշխարհում արդյունահանվող նավթի կեսն էր կազմում: Կեսից ավել անկումը բացատրվում է Առաջին աշխարհամարտով և դրան հաջորդած «աղոտ շրջանով», երբ Ադրբեջանի նորաստեղծ Առաջին հանրապետությունը փաստացի գրավվեց խորհրդային Ռուսաստանի կողմից:

Նավթաարդյունաբերության երկրորդ վերելքային փուլը խորհրդային տարիներին էր՝ 1930-ականներին, երբ ադրբեջանական նավթահանքերի համար սկսեցին օգտագործվել հսկայական երկրի ռեսուրսները. խոսքը գնում է և նոր նավթահանքերի մշակման, և երկրաբանական ուսումնասիրությունների, և արդյունահանման մասին: Հետո արդյունահանման ծավալը կրկին կրկնակի կրճատվեց Երկրորդ աշխարհամարտի պատճառով:

Երրորդ վերելքային փուլում՝ 1970թ-ին, Կասպից ծովում բացահայտվեցին ծովային նոր նավթահանքեր: Արդյունահանումը հասավ 20մլն տոննա նավթի, ինչպես նախորդ վերելքի փուլում էր: Հաջորդ անկումը՝ մինչև 10մլն տոննա, կապված էր արդեն Խորհրդային Միության փլուզման, Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության հետ:

Նավթաարդյունահանման չորրորդ վերելքի ժամանակ՝ 2010թ-ին, արդյունահանվեց ավելի քան 30մլն տոննա նավթ: Կամ ավելի քան 50մլն, եթե հաշվենք, ինչպես Վիճակագրության պետական կոմիտեն, գազային կոնդենսատի հետ միասին: Արդյունահանման նման ռեկորդը հնարավոր դարձավ «Դարի պայմանագրի» շնորհիվ, որն Ադրբեջանը կնքեց աշխարհի 7 երկրների 12 խոշոր նավթային ընկերությունների հետ: Նրանք նավթ են արդյունահանում Կասպից ծովի 3 նավթահանքերում: Պայմանագրի համաձայն՝ մինչև 2050թ-ը պլանավորվում է 731մլն տոննա նավթ արդյունահանել:

Ադրբեջանում նավթաարդյունահանման ծավալը, միլիոնավոր տոննա: Աղբյուրը՝ peakoilbarrel.com

Ինչո՞ւ է նավթը պակասել

Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանն ասում է, որ նավթն, ըստ էության, չվերականգնվող ռեսուրս է, սակայն հոռետեսական կանխատեսումները հաճախ են հերքվում պրակտիկայով.

«1949թ-ին հայտնաբերվել էր բաց ծովի աշխարհում առաջին նավթահանքը՝ «Նավթաքարերը»: 1952թ-ին այնտեղ արդեն սկսեցին արդյունաբերական մեթոդով նավթ արդյունահանել: Այն ժամանակ համարվում էր, որ 1979-80թթ-ին Նավթաքարերի ռեսուրսները կվերջանան: Սակայն 80թ-ին երկրաբաններն այլ որոշում կայացրին, և 2000թ-ին այդ ժամկետը երկարաձգվեց մինչև 2015թ-ը: Իսկ 2015թ-ին պարզվեց, որ էլ ավելի խորքային շերտերի նավթը կհերիքի մինչև 2035թ-ը: Նախորդ տարի Նավթաքարերում դեռ արդյունահանվում էր տարեկան մոտ 1մլն տոննա նավթ»:

Ինչպես ասում է Իլհամ Շաբանը, նավթահորերում միշտ մնում է այսպես կոչված «երկրաբանական պահուստ», այսինքն՝ նավթ, որը հնարավոր չէ դուրս բերել բարդ երկրաբանական կառուցվածքի պատճառով: Սակայն բավական է առաջադեմ տեխնոլոգիաներ կիրառել, և արդյունահանելիության ցուցիչը հասնում է 50%-ի, ինչպես Ազերի-Չիրագ-Գյունեշլիում է, որտեղ աշխատում է ВР ընկերությունն ու նրա գործընկերները: Համեմատության համար՝ Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը կարող է արդյունահանել ծովային նավթահանքերի նավթի միայն 28%-ը: Այդ պատճառով էլ Ազերի-Չիրագ-Գյունեշլիում մենք կարող ենք արդյունահանել ևս 500մլն տոննա նավթ»:

Պետք չէ մոռանալ նաև գազային կոնդենսատի և գազի մասին, որոնք Ադրբեջանը նույնպես վաճառում է, ասում է փորձագետը:

Սեպտեմբերի 14-ին SOCAR-ն ու բրիտանական BP ընկերությունը երկարաձգեցին Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքի շահագործումը մինչև 2050թ-ը:

«Դարի պայմանագրի» շրջանակում «կքաշեն» ադրբեջանական ոչ ամբողջ նավթը

2010-2016թթ-ին Ադրբեջանում ամեն տարի արդյունահանվող նավթի ծավալը կրճատվեց 10մլն տոննայով: Սակայն այդ կրճատումը նախապես էր պլանավորվել: «Դարի պայմանագրում» խոսքը գնում է միայն Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքի մասին, և նավթահորի համար բնական է, որ ժամանակին համընթաց նավթը պակասում է, և այն արդյունահանելը՝ դժվարանում:

Սակայն Ազերի-Չիրագ-Գյունեշլիից բացի Ադրբեջանում շատ են դեռ ընդհանրապես չմշակված նավթահանքերը: Օրինակ, համոզիչ տվյալներ կան, որ մեծ հավանականությամբ հնարավոր է նավթ գտնել Ադրբեջանի կենտրոնական մասում, որտեղով անցնում է այսպես կոչված «Մուգանի մոնոկլինալը»:

Դրա հետազոտությանն ադրբեջանցի գիտնականները նվիրել են 30 տարի, և դա նավթի միակ պոտենցիալ աղբյուրը չէ: Այնպես որ, «նավթային ապոկալիպսիս» Ադրբեջանին դեռ չի սպառնում, իսկ նավթաարդյունահանման կրճատման վտանգ կարող է առաջանալ հետազոտությունների և արդյունահանման գործում ոչ բավականաչափ ներդրումների, այլ ոչ թե այն պատճառով, թե նավթը «վերջանում է»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում