Սոցցանցերում ոմանք մեղադրում են զոհին, մյուսները պահանջում են նրան մեկուսացնել ընտանիքից " />

Դպրոցականի բռնաբարություն Ադրբեջանում. հանրությունը հետաքննություն է պահանջում, հայրն ուզում է աղջկան ամուսնացնել ենթադրյալ բռնարարի հետ

Սոցցանցերում ոմանք մեղադրում են զոհին, մյուսները պահանջում են նրան մեկուսացնել ընտանիքից

Հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի Լեռիկի շրջանում 14-ամյա աշակերտուհի է բռնաբարվել, տարածվեց սոցցանցերում և լրատվամիջոցներում՝ ուժեղ հասարակական արձագանք առաջացնելով:

Չհաստատված տեղեկատվության համաձայն՝ 7-րդ դասարանցին բռնաբարվել է տեղի պաշտոնյայի զարմիկի՝ 24-ամյա Էլնուր Մամեդովի կողմից և հիմա 4-ամսական հղի է: Ավելին, բռնարարը կատարվածը տեսանկարահանել է և շանտաժի ենթարկել դեռահասին: Իսկ երբ այդ մասին իմացել են տեղի բնակիչները, ցանկացել են ինքնադատաստանի ենթարկել այդ տղային, իսկ аղջկա ընտանիքը Բաքու է մեկնել: Qafqazinfo կայքը գրում է, որ այդ տեղեկատվության սկզբնաղբյուրը “Tolışi Sədo” թերթի խմբագիր Ռաֆիգ Ջալիլովն է: Երբ այլ լրատվամիջոցների թղթակիցները Լեռիկ են մեկնել, տեղացիները պատմել են, որ բռնաբարություն իրոք տեղի է ունեցել, և շրջանում բոլորն այդ մասին գիտեն:

Կայքը փորձել է կապվել ենթադրյալ զոհի հոր հետ, սակայն վերջինս չի ցանկացել խոսել այդ մասին: Փոխարենը՝ նա հարցազրույց է տվել Azxeber կայքին, որում ամբողջապես հերքում է իր դստեր հետ կատարվածն ու նրա հղիության լուրը: Նրա խոսքով՝ նշված տղան ընտանիքի ընկեր է, որը ցանկացել է «առևանգել» իր աղջկան ամուսնանալու նպատակով: Սակայն հայրն իբր նրան խանգարել է նման բան անել՝ հայտարարելով, որ մինչև ամուսնությունը պետք է սպասել աղջկա չափահասությանը:

Ինչպես հաղորդում է 1news պորտալը, Լեռիկի շրջանի դատախազությունում ասել են, որ բռնաբարության հետ կապված ոչ մի դիմում չի ստացվել:

Սակայն սոցցանցերի շատ օգտատերեր՝ լրագրողների և հասարակական ակտիվիստների գլխավորությամբ, վստահ են, որ բռնաբարություն իրոք եղել է, և գործը պարզապես փորձում են կոծկել: Լրագրող Խադիջա Իսմայիլն առցանց ստորագրահավաք է սկսել, այդ հանրագրում նա խնդրում է իշխանություններին, արտասահմանյան դեսպանատներին և միջազգային կազմակերպություններին, պարզել եղելությունը, հետաքննություն կատարել, պատժել մեղավորներին և աղջկան հեռու պահել ծնողներից, որոնք պաշտպանում են բռնարարին:

Մարդկանց վրդովմունքն է առաջացրել այն, որ աղջկա հայրը, խոսելով նրա և «ընտանիքի ընկերոջ» միջև պլանավորվող ամուսնության մասին, հայտարարել է, որ պոտենցիալ հարսի կարծիքը ոչ ոք չի հարցնելու:

Այս պատմությունը սոցցանցերում քննարկելիս մարդիկ սովորաբար երկու ճամբարի են բաժանվում.

– ոմանք կատարվածը հրեշավոր հանցագործություն են համարում և արդարություն պահանջում;

– մյուսները կասկածում են, որ բռնություն է տեղի ունեցել և ուղղակիորեն կամ անուղղակիորեն աղջկան մեղադրում են թեթևամտության համար: Իբր «ման է եկել, հղիացել է, հիմա էլ փորձում է իրեն արդարացնել»:


Կարդալ ավելին JAMnews-ում