Շիա մուսուլմանները նշում են Աշուրան՝ Մուհամեդ մարգարեի թոռան և նրա համախոհների հիշատակման օրը " />

Դոնորություն՝ ինքնախարազանման փոխարեն․ Ադրբեջանում հավատացյալներն ավելի քան 1500 լիտր արյուն են հանձնել ի նշան սուգի

Շիա մուսուլմանները նշում են Աշուրան՝ Մուհամեդ մարգարեի թոռան և նրա համախոհների հիշատակման օրը

Ադրբեջանում հավատացյալներն ավելի քան 1500 լիտր արյուն են հանձնել մուսուլմանական սգո օրվա՝ Աշուրայի կապակցությամբ։ 

Ինչի՞ց են բողոքում մուսուլման կանայք Ադրբեջանում

Ինչպե՞ս են ապրում բողոքականները Վրաստանում

Աշուրան Մուհամեդ մարգարեի թոռան և նրա համախոհների հիշատակման օրն է։ Նրանք նահատակվել են յոթերորդ դարում։ Երկրի մզկիթների մեծ մասում առավոտից սգո աղոթք և ծիսական հիշատակում է անցկացվել։

Նախկինում այս օրը հավատացյալներից շատերը որպես վշտի նշան խարազանում էին իրենց շղթաներով և անգամ գլուխները վնասում։ Սակայն վերջին տարիներին ինքնախարազանման փոխարեն ընդունված է արյուն հանձնել։ Խորհրդանշական ինքնախարազանում մզկիթներում դեռևս անցկացվում է, սակայն իսկական ծանր շղթաները փոխարինվել են բարակ շղթաների տրցակով, որոնք վնասվածքներ չեն հասցնում։

Ոստիկանությունն այսօր ուժեղացված ռեժիմով է աշխատել․ մզկիթներից դուրս ծեսեր անցկացնելն արգելված է։

Ի՞նչ է տեղի ունեցել VII դարում

Աշուրան Մուհարամ սգո ամսվա տասներորդ օրն է, դրա «կուլմինացիան» այն է, երբ մուսուլմանների մի մասը սգում է Հուսեյնի (Մուհամեդ մարգարեի թոռը) և նրա համախոհների մահը, որոնք նահատակվել են Յազիդի՝ Մուավիայի խալիֆի որդու հետ մարտում: Դա տեղի է ունեցել 680 թ-ին Քերբալա քաղաքի մոտ (մուսուլմանների սուրբ քաղաքը, որը գտնվում է ժամանակակից Իրաքի տարածքում):

Հուսեյնի զոհվելուց հետո մուսուլմանական աշխարհը երկու մասի բաժանվեց՝ շիաների, որոնք Հուսեյնի կողմնակիցներն են, և սունիների, որոնք Յազիդի կողմնակիցներն են: Այդ պառակտումը գոյություն ունի մինչև հիմա՝ ծնելով բազմաթիվ պատերազմներ և հակամարտություններ: Հետևաբար, Աշուրան սգո օր է միայն շիաների համար:

Թեև սունիներն այն նույնպես նշում են, բայց անում են դա այլ կերպ և այլ առիթով. Ղուրանի համաձայն՝ այդ օրը տեղի է ունեցել Երկնքի, Երկրի, հրեշտակների և առաջին մարդու արարումը, և ապոկալիպսիսը նույնպես այդ օրն է լինելու:

Կրկնակի պակաս, քան անցյալ տարի

Աշուրայի օրը տարեցտարի փոխվում է։ 2019թ-ին այն նշվում էր սեպտեմբերի 10-ին։

Ողջ երկրի հիվանդանոցներում և մզկիթներում դոնորական արյան հանձնման կետեր են ստեղծվել։ Կազմակերպիչներն են առողջապահության նախարարութունն ու Կովկասի մուսուլմանների վարչությունը։

3 510 մարդ հանձնել է գրեթե 1580 լիտր արյուն, փոխանցում է Report-ը. Դա գրեթե կրկնակի պակաս է, քան անցյալ տարի, երբ 5340 դոնոր 2403 լիտր արյուն էր հանձնել։ 

Ընդ որում, անցյալ տարի 288 դոնորի մոտ հեպատիտ կամ սիֆիլիս էր հայտնաբերվել, իսկ մեկի մոտ՝ ՁԻԱՀ։ Այս տարվա անալիզների արդյունքները դեռ հայտնի չեն։

Սգո ամիսը կավարտվի սեպտեմբերի 29-ին։ Այդ ընթացքում Ադրբեջանում ընդունված չէ հարսանիքներ անել և մեծ տոնակատարություններ անցկացնել։ 


Կարդալ ավելին JAMnews-ում