Վրաստանում արդեն մեկ տարուց ավելի է՝ ԱՄՆ դեսպան չկա " />

Դոնալդ Թրամփը կողմնորոշվել է Վրաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության վերաբերյալ

Վրաստանում արդեն մեկ տարուց ավելի է՝ ԱՄՆ դեսպան չկա

Մեկամյա դադարից հետո Վրաստանում, ըստ ամենայնի, ԱՄՆ նոր դեսպան կհայտնվի։ Որպես Թբիլիսիում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավար նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է դիվանագետ Քելի Դեգնանին։

Նա Վրաստանում ԱՄՆ առաջին դեսպանն է, որը նշանակվել է Թրամփի վարչակազմի կողմից։

Ծնունդով կալիֆոռնիացի դիվանագետ Դեգնանը խորհրդատու-դեսպանի կարգավիճակ ունի։ Ներկա պահին նա աշխատում է որպես Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարի քաղաքական խորհրդական։

Ինչո՞ւ Վրաստանում դեռ ԱՄՆ դեսպան չկա։ Վտանգավոր քաղաքական առևտուր

CRRC․ ԱՄՆ-ն Վրաստանի լավ ընկերն է, Ռուսաստանը՝ գլխավոր թշնամին

Իրադարձությունը մեկնաբանել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։

«Մենք ողջունում ենք այս նշանակումը։ Իմ տվյալներով՝ Քելի Դեգնանի նշանակմանը կնախորդեն որոշակի ընթացակարգեր, կոմիտեների լսումներ սենատում, և դրանից հետո, բնականաբար, մենք կսկսենք նրա հետ ակտիվորեն համագործակցել», – հայտարարել է նախարարը։

Վրաստանում ԱՄՆ դեսպանները․ 

 

Յան Քելի (2015թ-ի սեպտեմբեր – 2018 թ-ի ապրիլ)

 

Ռիչարդ Նորլանդ (2012 թ-ի սեպտեմբեր – 2015 թ-ի հուլիս)

 

Ջոն Բաս (2009 թ-ի հոկտեմբեր – 2012 թ-ի հուլիս)

 

Ջոն Թեֆթ (2005 թ-ի օգոստոս – 2009 թ-ի սեպտեմբեր)

 

Ռիչարդ Մայլզ (2002 թ-ի մայիս – 2005 թ-ի օգոստոս)

 

Քենեթ Յալովից (1998 թ-ի հուլիս – 2001 թ-ի հունիս)

 

Ուիլյամ Քորթնի (1995 թ-ի սեպտեմբեր – 1997 թ-ի օգոստոս)

 

Քենթ Բրաուն (1992 թ-ի սեպտեմբեր – 1995 թ-ի օգոստոս)

Իր 25-ամյա դիվանագիտական կարիերայի ընթացքում Քելի Դեգնանն աշխատել է որպես Իտալիայում և Կոսովոյում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ։ Ծառայել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցչությունում որպես խորհրդական, եղել է նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանության քաղաքական խորհրդականի տեղակալ, Աֆղանստանում ԱՄՆ ռազմական բրիգադի քաղաքացիական ներկայացուցիչ։

Քելի Դեգնանն աշխատել է նաև որպես ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական։

Վրաստանում Արտակարգ և Լիազոր դեսպանի թեկնածուն փիլիսոփայության դոկտոր է։ Լրագրության ոլորտում բակալավրի աստիճան ունի։ Տիրապետում է իտալերենին, ֆրանսերենին, թուրքերենին, ինչպես նաև ուրդուին։

Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է ավելի քան մեկ տարի շարունակ։ Վերջին դեսպան Յան Քելիի լիազորությունների ժամկետի ավարտից հետո ԱՄՆ-ն նրան փոխարինող չէր նշանակել։

Այդ իրավիճակը տարբեր քաղաքական շահարկումների առիթ էր դարձել ոչ միայն Վրաստանում, այլև դրա սահմաններից դուրս։

Անցյալ տարվա դեկտեմբերին Foreign Policy ազդեցիկ ամերիկյան պարբերականում հոդված էր հրապարակվել, որում ասվում էր, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անձամբ է արգելափակում Թբիլիսիում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի՝ Վաշինգտոնի առաջարկած թեկնածությունների նշանակումը։

Հեղինակները, վկայակոչելով անանուն աղբյուրներ, պնդում էին, որ վրացական կողմը որպես դեսպան չի ընդունել Բրիջիթ Բրինքսին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ նրա չափազանց մեծ բարեհաճության պատճառով։ Հոդվածում խոսվում էր նաև այն մասին, որ հեղինակների այս տեղեկությունները հաստատել են անանուն աղբյուրներ ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Թբիլիսիում։


Կարդալ ավելին JAMnews-ում