Ուլտրաազգայնականները բողոքում են" />

Դեկտեմբերի 16-ից արտասահմանցիները չեն կարող հող գնել Վրաստանում։ Ի՞նչ է գրված նոր օրենքում

Ուլտրաազգայնականները բողոքում են

Պատգամավոր Ադա Մարշանիան Արդարադատության տան մոտ անցկացված հանրահավաքին բողոքում է արտասահմանցիներին հողի վաճառքի դեմ։ 2018 թ-ի դեկտեմբերի 10, JAMnews/Լևան Միկաձե

«Ձեզ թույլ չենք տա վրացական հող գնել»․ այս կարգախոսի ներքո «Վրացական երթ» ուլտրաազգայնական շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մեկ շաբաթ շարունակ Թբիլիսիում բողոքի ակցիաներ կանցկացնեն Արդարադատության տան դիմաց։

Նրանց բողոքները հասցեագրված են արտասահմանյան քաղաքացիներին, որոնք պատրաստվում են «վրացական հող գնել»։

Ի՞նչ մտավախություններ ունեն ուլտրաաջերը, և ի՞նչ է գրված նոր սահմանադրությունում, որը որոշում է Վրաստանում արտասահմանյան երկրների քաղաքացիների կողմից հող ձեռք բերելու կարգը։

_______________

Ակցիայի մասնակիցները բողոքում են Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշման դեմ, որի համաձայն՝ լուծարվում է արտասահմանցիներին գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի մորատորիումը։

Դեկտեմբերի 10-ին Արդարադատության տան մոտ իսկական ֆեյսկոնտրոլ էր կիրառվում։

Ակցիայի մասնակիցները տարբերում էին այլ երկրների քաղաքացիներին Վրաստանի քաղաքացիներից մաշկի գույնով և թույլ չէին տալիս նրանց մտնել Արդարադատության տան շենք։

Ակցիան շարունակվել է նաև դեկտեմբերի 11-ին։ Այն կտևի մեկ շաբաթ և կավարտվի դեկտեմբերի 16-ին։

Ակցիայի մասնակիցների շրջանում միայն ուլտրաազգայնականներ չեն։

Արդարադատության տան մոտ էին գտնվում Վրաստանի խորհրդարանի անդամները, «Հայրենասերների դաշինք» քաղաքական կուսակցության առաջնորդներ Ադա Մարշանիան և Էմզար Կվիցիանին։

Ինչի՞ դեմ էին բողոքում Արդարադատության տան մոտ

Վրաստանի Սահմանադրական դատարան հայց էին ներկայացրել Հունաստանի քաղաքացիներ Պրոկոպի Սավվիդին ու Դիանա Շամանիդին։ Նրանք չէին կարողանում սեփականաշնորհել Վրաստանում ժառանգություն ստացած հողակտորը, քանի որ գործում էր արտասահմանցիների համար գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման մորատորիում։

Նրանք պահանջում էին, որ դեռևս գործող սահմանադրության 21-րդ հոդվածին հակասող սահմանափակումը չեղարկվի։

21-րդ հոդվածն ասում է․

 

«Ժառանգության և սեփականության իրավունքը ճանաչված է և անձեռնմխելի։ Անթույլատրելի է սեփականության, դրա ձեռքբերման, վաճառքի կամ որպես ժառանգություն ստանալու համընդհանուր իրավունքի լուծարումը»։

Դեկտեմբերի յոթին Սահմանադրական դատարանը բավարարել էր հայցը և մորատորիումի ուժը կորցրած հայտարարել։

Սակայն այդ սահմանափակումը հանվել է միայն մինչև դեկտեմբերի 16-ը։

Դեկտեմբերի 16-ին կկայանա Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությունը։ Արարողությունից հետո ուժի մեջ կմտնի նոր սահմանադրությունը, որն, ի տարբերություն նախորդի, արգելում է գյուղատնտեսական նշանակության հողերն արտասահմանցիներին որպես սեփականություն փոխանցելը։

 

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է նոյեմբերի 28-ին։ Վրաստանի հինգերորդ նախագահ է ընտրվել իշխանության աջակցությունը ստացած թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։

Հենց դա է պատճառը, որ ուլտրաազգայնականները դեռ հերթապահում են Արդարադատության տան մոտ մինչև դեկտեմբերի 16-ը։ Հետո արդեն նրանց խնդիրը կկատարի նոր սահմանադրությունը։

Ակցիա Արդարադատության տան մոտ։ Թբիլիսի, 2018 թ-ի դեկտեմբերի 11։ JAMnews/Լևան Միկաձե

Այսպիսով՝ Վրաստանում իրենց անունով հող գրանցելու ցանկություն ունեցող արտասահմանցիները չեն կարողացել օգտագործել օրենքով նախատեսված այդ հինգ օրը՝ դեկտեմբերի 7-16-ը։

Այս կանանց ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել մուտք գործել Արդարադատության տուն, քանի որ արտասահմանցի են։ Արդարադատության տուն, Թբիլիսի։ 2018թ-ի դեկտեմբերի 11։ JAMnews/Լևան Միկաձե

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ «Քարթուլի դասի» ազգայնական քաղաքական շարժման առաջնորդ Ջոնդի Բագատուրիան ասում է, որ իշխանությունների կոռուպմացված մասը դավադրության մեջ է Սահմանադրական դատարանի հետ։

«Արդեն 2500 դիմում է նախապատրաստվել, որպեսզի այս հինգ օրվա մեջ արտասահմանցիները վրացական հողեր գնեն», – հայտարարել է Բագատուրիան «Հանրային հեռարձակողին» տված հարցազրույցում։

Ակցիային ներկա էին հիմնականում մեծ տարիքի քաղաքացիներ։ Արդարադատության տուն, Թբիլիսի, 2018թ-ի դեկտեմբերի 11։ JAMnews/Լևան Միկաձե

Ակցիայի մասնակիցները բերել էին նաև երեխաներին՝ ազգային հագուստով։ Ակցիային ներկա էին հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներ։ Արդարադատության տուն, Թբիլիսի, 2018թ-ի դեկտեմբերի 11։ JAMnews/Լևան Միկաձե

Ի՞նչ է գրված նոր սահմանադրությունում

Այն բանից հետո, երբ նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երդվի, ուժի մեջ կմտնի նոր սահմանադրությունը։

Նոր սահմանադրությունում գրառում կա․

«Գյուղատնտեսական նշանակության հողը որպես հատուկ նշանակության ռեսուրս կարող է միայն պետության, ինքնակառավարվող միավորի, Վրաստանի քաղաքացու կամ Վրաստանի քաղաքացիների միավորման սեփականություն լինել»։ Իսկ բացառությունները պետք է սահմանվեն հիմնարար օրենքով։

Օրգանական օրենքի նախագիծն արդեն նախապատրաստվել է խորհրդարանի ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Օթար Դանելիայի կողմից։

Օրինագիծը կնախաձեռնվի երդմնակալությունից հետո։

Օրինագծի համաձայն՝ ուրիշ երկրի քաղաքացի ֆիզիկական անձը չի կարող Վրաստանում գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերել։

Ավելին, արտասահմանյան քաղաքացիները հողի գրանցման իրավունք չեն ստանա, անգամ եթե ամուսնանան Վրաստանի քաղաքացու հետ։

Հողի գրանցման իրավունք կստանան միայն ատրասահմանյան այն քաղաքացիները, որոնք Վրաստանում հող կժառանգեն։

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, ապա նրանք իրավունք կունենան հող ձեռք բերել միայն այն դեպքում, եթե ընկերության սեփականատերերից մեկը Վրաստանի քաղաքացի է կամ մի խումբ քաղաքացիներ են։

Սահմանադրությունում նման գրառում կատարելու նախաձեռնողն իշխող կուսակցությունն է ։

Կողմնակիցների և հակառակորդների փաստարկները

Արտասահմանցիներին գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի սահմանադրական արգելքն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ։

Արգելքի կողմնակիցների գլխավոր փաստարկն այն է, որ առանց խիստ կարգավորումների էժան վրացական հողը հարուստ արտասահմանցիների ձեռքում կհայտնվի։

Տարածված փաստարկ է նաև այն, որ եթե արտասահմանցիները զանգվածաբար գնեն վրացական հողերը, Վրաստանում վրացիները փոքրամասնություն կկազմեն։

Ըստ հակառակորդների՝ արտասահմանցիներին հողի վաճառքի արգելքի պատճառով կկրճատվի երկրում ներդրումների ծավալը։ Այդ արգելքով երկիրը իրեն զրկում է որակավորված ներդրողներից և երկրում գիտելիքների, փորձի և գյուղատնտեսության զարգացման համար ժամանակակից տեխնոլոլգիաների ներդրումից, ինչպես նաև հողը լավագույն ձեռքերում հայտնվելու հեռանկարից։

Բացի այդ, եթե երկիր չգան հարուստ գնորդներ, հողի արժեքը շուկայում կընկնի, ինչն, իր հերթին, կվնասի գյուղացիներին, կարծում են արգելքի հաառակորդները։


Կարդալ ավելին JAMnews-ում