Մորը հրաժեշտ տալու թույլտվություն, երբ վերջինս մահամերձ էր, նա չէր ստացել " />

Դատապարտված ադրբեջանցի բլոգերին թույլ են տվել մասնակցել մոր թաղմանը

Մորը հրաժեշտ տալու թույլտվություն, երբ վերջինս մահամերձ էր, նա չէր ստացել

Երկու տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի տեսաբլոգեր Մեհման Հուսեյնովին ժամանակավորապես ազատ են արձակել բանտից, որպեսզի նա կարողանա մասնակցել մոր թաղմանը: Այդ իրադարձությունը մեծ ուշադրության է արժանացել, քանի որ դրանից մի քանի օր առաջ արդարադատության նախարարությունը մերժել էր ծանր հիվանդ մորը հիվանդանոցում այցելելու Մեհմանի խնդրանքը:

Մեհման Հուսեյնովը դատապարտվել է 2017թ-ին այն բանից հետո, երբ Բաքվի Նասիմինի շրջանի ոստիկանության վարչության պետ Մուսա Մուսաևը նրան մեղադրել էր զրպարտության համար: Զրպարտության տակ ենթադրվում էր բլոգերի հայտարարությունն այն մասին, որ իր նախորդ ձերբակալության ժամանակ այդ վարչության աշխատակիցներն իրեն խոշտանգել էին: Արդյունքում Մեհմանին դատապարտել էին 2 տարվա ազատազրկման:

Մի քանի շաբաթ առաջ լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Մեհմանի մայրը մահամերձ է, սակայն արդարադատության նախարարությունը ձգձգում է մորը հրաժեշտ տալու խնդրանքի պատասխանը: Ըստ Հուսեյնովի փաստաբանի՝ օրենքը նման դեպքերում դատապարտյալին թույլ է տալիս կարճ ժամկետով լքել բանտը, թեև վերջնական որոշումը կախված է պատկան մարմիններից: Արդյունքում բլոգերը մերժում ստացավ, իսկ մի քանի օր անց նրա մայրը մահացավ: Թաղմանը տղային, այնուամենայնիվ, թողեցին մասնակցել:

Թաղումից առաջ տված հարցազրույցում Մեհման Հուսեյնովն ասել է, որ իր ծնողները «բացարձակ միայնակ էին մնացել այն բանից հետո, երբ իրենց բոլոր որդիներն իրենցից ստիպված հեռացել էին»: Բլոգերի ավագ եղբայր Էմին Հուսեյնովը լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտի հիմնադիրն էր, նա ճնշումների էր ենթարկվում իշխանությունների կողմից և արտագաղթել է Շվեյցարիա:


Կարդալ ավելին JAMnews-ում