Տարեկան աշխատանքի մասին հաշվետվություն է ներկայացրել ոլորտի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը" />

Գրավիչ նախագծեր ապագայում, քիչ լավ բան ներկայում․ Հայաստանի քաղավիացիայի մասին

Տարեկան աշխատանքի մասին հաշվետվություն է ներկայացրել ոլորտի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը

Ինքնաթիռների համար պահեստամասերի հավաքման ձեռնարկության և հազար նոր աշխատատեղերի ստեղծում, ավիացիայի լիցենզավորված դպրոցի բացում․ ապագայի այս պլանների մասին է խոսել Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն՝ ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին։

«Երևանը կլինի հետիոտների և էլեկտրամոբիլների քաղաք». քաղաքապետարան

Հարյուրավոր տեխնոլոգիական ձեռնարկություններ և նոր օդանավակայան․ Հայաստանի հարավային մարզի զարգացման քայլեր

Պլանների և ապագա նախագծերի մասին

Առաջին հերթին, Տաթևիկ Ռևազյանը կիսվել է նորությամբ, որ Հայաստանը բանակցություններ է վարում ռուս ներդրողի հետ երկրում ինքնաթիռների պահեստամասերի հավաքման ձեռնարկություն ստեղծելու մասին։

Բանակցությունները դեռ նախնական փուլում են, սակայն դրանց բարեհաջող ավարտի դեպքում նոր ձեռնարկություն կհայտնվի, որն ամեն ինչից զատ մոտ հազար նոր աշխատատեղ կստեղծի։

Պլանների մասին խոսելիս կոմիտեի ղեկավարը հաղորդել է նաև, որ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ ոլորտի մասնագետների ուսուցման շուրջ։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք ներդրողները կցանկանան գումար ներդնել արդեն գոյություն ունեցող ուսումնարանում, որը հիմա լավագույն վիճակում չէ, թե նոր ուսումնական հաստատություն կորոշեն հիմնել։ Կոմիտեի ղեկավարը նշել է միայն, որ Հայաստան էին վերջերս ժամանել մասնագետներ Կիպրոսից՝ իրավիճակին ծանոթանալու համար․

«Նրանք պատրաստ են այնպիսի դպրոց ստեղծել և այնպիսի լիցենզավորված մասնագետներ պատրաստել, որպեսզի Հայաստանում պատրաստված կադրերը կարողանան Եվրոպա թռչել»։

Ռևազյանը քաղավիացիայում ամենակարևորն է համարում թռիչքների անվտանգության ապահովումը։ Որպես իր ձեռքբերումներից մեկն այդ կապակցությամբ համարում է այն, որ կարողացել է պայմանավորվել հայ օդաչուների անվճար ուսուցման մասին․

«Որպեսզի կարողանանք թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովել, շատ կարևոր է կրթությունը: Օրինակ՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան մեզ անվճար կրթություն է տրամադրում: Միաժամանակ կարողացել եմ շատ ուժեղ մասնագետներ ներգրավել Հայաստան»։

«Օդի հարկը» կչեղարկվի՞

Ռևազյանի՝ ապագայի պլանների ցանկում առկա է նաև այսպես կոչված «օդի հարկի» չեղարկումը, որը հայտնվել է Հայաստանի կառավարության կողմից պետտուրքի մասին օրենքում 2008թ-ի դեկտեմբերի 30-ին։

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2009թ-ի մարտի 29-ից Հայաստանից մեկնող բոլոր ուղևորները 10 հազար դրամ«օդի հարկ» են մուծում։ Գումարը ներառվում էր բոլոր ուղևորների տոմսի արժեքի մեջ՝ բացառությամբ

• մինչև 12 տարեկան երեխաների,

• տարանցիկ ուղևորների,

• Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների և վետերանների, ՀՄՊ-ում զոհվածների այրիների,

• Հայաստանի ազգային հերոսների և Խորհրդային Միության հերոսների։

Ռևազյանի կարծիքով՝ այդ հարկի ներդրումը սխալ որոշում էր և խանգարում է հայկական շուկայում նոր ավիաընկերությունների հայտնվելուն․

«Կարծում եմ, որ, հաշվի առնելով Հայաստանում ավիատոմսերի բարձր արժեքն, անհրաժեշտ է առավելագույնս նվազեցնել սպասարկման գներն ու հարկերը, մասնավորապես, չեղարկել այդ հարկը»։

Հայկական շուկայում նոր լոուքոսթեր ավիաընկերություններ կհայտնվեն

Հայկական շուկայում լոուքասթերներ կհայտնվեն, այսինքն՝ ավիաընկերություններ, որոնք էժան չվերթներ են առաջարկում։ Խոսքը Ryanair-ի և Wizz Air-ի մասին է։

«Լոուքոսթեր ընկերություններն արդեն պատրաստակամություն են հայտնել նոր ինքնաթիռների ձեռքբերման խնդիրները լուծելու դեպքում հայկական շուկա դուրս գալ 2020թ-ի ամռանը», – հաղորդել է Ռևազյանը։

Խոսելով այն մասին, թե որտեղից են թռչելու նոր լոուքոսթերները Երևան՝ Ռևազյանը ենթադրել է, որ, ըստ ամենայնի, այդ ավիաընկերությունների տեղակայման օդանավակայաններից։

Ի՞նչ կա այսօր

Կոմիտեի ղեկավարը կարծում է, որ երկրի ոչ բոլոր օդանավակայաններն են համապատասխանում միջազգային պահանջներին․

 «Գյումրին է նորմալ վիճակում, «Զվարթնոցը», «Էրեբունիում» էլ է հնարավոր քաղաքացիական օդանավ իջեցնել: Կապանի օդանավակայանը կբացվի այս տարի, մեզ այդպես են տեղեկացրել, բայց մնացած օդանավակայանները վատ վիճակում են: Մեզ ներդրումներ են պետք, որ վազքուղին հասնի այն մակարդակին, որ այնտեղ իջնելն անվտանգ լինի»։

Ո՞վ է Տաթևիկ Ռևազյանը

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը հայրենադարձ է։ Տաթևիկ Ռևազյանը Հայաստան է տեղափոխվել մի քանի տարի առաջ Դանիայից, որտեղ մեծացել է հինգ տարեկանից։

Ռևազյանը Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար է նշանակվել ուղիղ մեկ տարի առաջ։

Նրա նշանակումից հետո որոշ հայկական լրատվամիջոցներ գրում էին, որ 30-ամյա Տաթևիկ Ռևազյանը չի կարողանում հայերեն գրել և կարդալ և հատուկ աշխատակից ունի, որը նրան օգնում է ծանոթանալ փաստաթղթերի և նամակների հետ։

Հրապարակումներն այնքան սկանդալային էին, որ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարությամբ էր հանդես եկել․

«Կառույցի ղեկավարը գրում, կարդում և խոսում է հայերեն բավարար մակարդակով և այժմ աշխատում է լեզվի իմացության բարձրացման վրա։ Ինչ վերաբերում է այն լուրերին, որ Տաթևիկ Ռևազյանը հատուկ մարդ է պահում, որն ամբողջ օրը նրա համար տեքստեր է կարդում, որպեսզի նա հասկանա դրանք՝ լսելով տեղեկությունները, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Պարզապես պետք է հաշվի առնել այն փաստը, որ նա հինգ տարեկանից Դանիայում է ապրել, կրթություն է ստացել անգլերեն և դանիերեն»։


Կարդալ ավելին JAMnews-ում