Ի՞նչն է կանչում զբոսաշրջիկներին և գործարարներին դեպի Վրաստանի «ամառային» մայրաքաղաք " />

Գրավիչ Բաթում

Ի՞նչն է կանչում զբոսաշրջիկներին և գործարարներին դեպի Վրաստանի «ամառային» մայրաքաղաք

Բաթումը սևծովյան հանգստավայր է Վրաստանի Արևմուտքում: Այդ քաղաքն Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքն է, որը սահմանակից է Թուրքիային: Դա խայտաբղետ քաղաք է, որը սովոր է տարբեր լեզուներով խոսել՝ դիմավորելով արտասահմանցի նավաստիների, եկվոր գործարարների, հյուրախաղերի եկած երաժիշտների կամ պարզապես զբոսաշրջիկների: Այս ամառ նա ավելի շատ հյուրերի է սպասում, քան նախորդ տարիներին: 

Անգամ եթե ամեն տարի Բաթում գաս, այն ամեն անգամ կդիմավորի մի փոքր փոխված, կարծես թեթև երիտասարդացած. և խոսքը ոչ միայն նոր սրճարանների, հյուրանոցների մասին է, այլ մանրուքների, որոնք կարող են աննկատ լինել աչքի համար. օրինակ, նոր սալիկները, որով պատված է առափնյա բուլվարը, լողափի նոր անձրևանոցները կամ շենքերի նոր լուսավորությունը երեկոյան:

Այս սեզոնի համար Բաթումը թարմացրել է լոգախցիկներն ու շեզլոնգները: Եվ մեկը, և մյուսն աչքի են զարնում բուլվարում: Բաթումի բուլվարը քաղաքային կյանքի յուրօրինակ էպիկենտրոն է: Այն ձգում է և տեղացիներին, և եկվորներին. այստեղ ժամադրության են գալիս, գործնական հանդիպումների, սուրճ խմելու կամ ճաշելու, երեխաների կամ շների հետ զբոսնելու, հեծանիվ քշելու, գնդակ խաղալու և ակումբում պարելու, տարբերակները շատ են, քանի որ ինքը բուլվարը բավականին երկար է՝ մոտ 7 կմ: Այն սկսել են կառուցել 19-րդ դարի սկզբին և ավարտել արդեն 21-րդ դարում: 2004թ-ին արդեն գոյություն ունեցող այգին, որը տնկվել էր ծովի երկայնքով, երկարացրին 1200 մետրով: Այդ ավելացված մասն անվանեցին «Նոր բուլվար», իսկ շուրջբոլորը կառուցած նոր տները՝ «Նոր Բաթում»:

Քաղաքի այդ նոր հատվածն իր հայտնվելուն պարտական է նախորդ քաղաքական թիմին, որը հանգստավայրում մեծ փոփոխություններ նախաձեռնեց: Վրաստանի նախորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին Բաթումում տասնյակ շենքեր կառուցվեցին: Դրանց թվում քիչ չեն հանդուգն շենքերը, որոնք, չնայած իրենց էքստրավագանտությանը, շատ արագ սիրվեցին և հասցրին դառնալ քաղաքի այցեքարտը: Օրինակ, «Մակդոնալդս» ռեստորանը, որն ArchDaily տեղեկատվական պորտալի վարկածով ճանաչվել է 2013թ-ի լավագույն առևտրային շենք, Արդարադատության տունը, որին անսովոր տեսքի համար բաթումցիները «շիշ» են անվանում, գլխիվայր ռեստորանը, Կոլիզեում հյուրանոցն ու բազում սովորական բարձրահարկ շենքեր:

Օրինակ, այս 24-հարկանի բնակելի շենքերը ծովից 100 մետր հեռավորության վրա են՝ Խիմշիաշվիլի պողոտայում, որը Բաթումում այլ կերպ «Նոր բուլվար» են անվանում:

 

«Բնություն և բիզնես վարելու պարզություն»

Այդ բազմահարկ շենքերից մեկում ուկրաինացի գործարար Վլադիմիր Խոլմոգորովը հյուրանոց է բացել: Առաջին անգամ Վլադիմիրը Վրաստան է եկել 2009թ-ին:

«Աջարիայում ինձ գրավում էր ամեն ինչ: Եվ զարգացող ենթակառուցվածքը, և բնությունը, և բիզնեսը վարելու պարզությունը: Ես գիտեի, որ Վրաստանում լավ հարկային օրենսդրություն է, և բիզնես կարելի է անել շատ հեշտ, հատկապես՝ Ուկրաինայի համեմատ:  Հայրենիքում սեփական գործի համար ստիպված էի պայքարել, իսկ Վրաստանում, ընդհակառակն, օգնեցին այն բացել: Այդ պատճառով էլ, չնայած նրան, որ Ուկրաինան տնտեսապես ավելի զարգացած էր, և գնողունակությունն էլ էր այնտեղ շատ ավելի բարձր, շատերն, այդ թվում նաև ես, որոշեցին փորձել իմ գործը բացել Վրաստանում»:

Վլադիմիրը տեղափոխվել է 2014թ-ին: Մինչ այդ հասցրել է իր մի քանի ընկերների համոզել, որ Բաթումի նորակառույցում բնակարան գնելը շահեկան ներդրում է և ընկերների մասնակցությամբ գնել է 24 բնակարան, որոնցից երեք աստղանի հյուրանոց է ստացվել, որն այժմ կոչվում է «Օրբի»:

«Անշարժ գույք գնելը և շահեկան է, և հարմար, և ինքդ ես հանգստանում ծովում, երբ ուզում ես, և ընկերներիդ ես ընդունում, բնակարան ես վարձով տալիս և գումար ես վաստակում: Որ կողմից նայես, միևնույն է, շահում ես: Մեր 24 բնակարանները մեկ հարկ են զբաղեցնում: Դա երեք աստղանի հյուրանոց է, մենք թանկ կատեգորիայում չենք: Ամենաթանկ սեզոնն օգոստոսին է, երբ հասարակ համարի գինը կազմում է 80-160 դոլար: Ձմռանը նույն համարը կարելի է 20 դոլարով վարձել: Ամռանը մեզ մոտ կանգ առնել ցանկացողներն այնքան շատ են, որը ազատ համարները հաճախ չեն հերիքում: Մենք աշխատում ենք Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի զբոսաշրջային գործակալությունների հետ: Այս տարի ավելացել են նաև գործընկերներ Իրանից»:

Վլադիմիրն ասում է, որ ներդրումների հոսքը զգացվում է նաև իշխանափոխությունից հետո. շինարարությունն Աջարիայում շարունակվում է:

Այն հարցին, թե ինչն է խանգարում Աջարիայում զբոսաշրջության զարգացմանը, Վլադիմիրն այսպես պատասխանեց.

«Եվրոպական քաղաքներ կարելի է գնալ 40 դոլարով, իսկ դեպի Վրաստան ճամփորդությունը 200 է նստում: Իմ ընկերներից շատերն են ուզում Վրաստան գալ, սակայն չեն գալիս հենց տոմսերի թանկության պատճառով»:

Վլադիմիրի խոսքով՝ Բաթումի օդանավակայանը հազվադեպ է էժան չվերթներ ընդունում Ուկրաինայից և Եվրոպայից: Լոուքոսթերները հիմնականում Քութայիսի են թռչում, իսկ դա Բաթումից մի քանի ժամ հեռավորության վրա է:

Հոսթելի տիրուհին

 

Բաթումը փոքր է, սակայն շատ բազմազան: Նոր քաղաքի բազմահարկ շենքերը կարող են Մայամին կամ Թել Ավիվը հիշեցնել, սակայն եթե վերադառնանք կենտրոնական շրջաններ, կրկին Վրաստանում կհայտնվենք: Ցածր շենքեր, բազմաձայն բակեր, նարդի՝ խաղողի վազի շքում, լվացք՝ պարաններին: Բաթումի հին տներում այսօր հոսթելներ են աշխատում:

Ռուսուդան Չիչինաձեն իր հոսթելը բացել է 5 տարի առաջ: Այն կոչվում է «Գլոբուս» և գտնվում է Բաթումի հին թաղամասում՝ Մազնիաշվիլի փողոցում:

Ռուսուդանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Որոշելով բիզնեսով զբաղվել՝ նա եռամսյա պրոֆիլային դասընթացներ է անցել:

«Մեզ մոտ զբոսաշրջիկներ են գալիս հիմնականում մերձավոր արտասահմանից և եվրոպացիներ՝ մարդիկ, որոնք գալիս են հեծանիվներով կամ մոտոցիկլետներով և որոնք սովոր չեն բնակարանի վրա մեծ գումարներ ծախսել: Սովորաբար, դրանք այնպիսի մարդիկ են, որոնք այնքան տեսարժան վայրեր են տեսել իրենց կայնքում, որ, թվում է, թե ոչնչով չես զարմացնի: Մեր կենվորներն ասում են, որ հոսթելում նրանք շփում են փնտրում և այլ կենվորների, և տերերի հետ: Նրանց դուր է գալիս բակը, որտեղ հավաքվում ենք սուրճ խմելու և երկար զրուցելու: Կենվորներից մեկին այնքան էր մեզ մոտ դուր եկել, որ նա մեր ադմինիստրատորի համար հյուրանոցային գործի թրեյնինգներ կազմակերպեց իրենց մոտ՝ Լեհաստանում»:

Երբ հոսթելը սկսել է աշխատել ողջ ուժով, Ռուսուդանին հրավիրել են Աջարիայի զբոսաշրջության և հանգստավայրերի դեպարտամենտ որպես խորհրդական աշխատելու: Ճիշտ է, նա այնտեղ երկար չի մնացել, հեռացել է՝ համոզվելով, որ կառույցն անօգուտ է, քանի որ խորհրդի անդամների բարձրացրած խնդիրները չեն լուծվում: Դրանք, ըստ Ռուսուդանի, Աջարիայի զբոսաշրջային ոլորտում քիչ չեն, և կոմունալ վճարումների չափը հիմնականներից մեկն է:

«Ես շատ կցանկանայի նվազեցնել գինը նրանց համար, ովքեր ինձ մոտ առաջին անգամ չէ, որ գալիս են: Սակայն չեմ կարող. էլեկտրականությունը, գազը, ջուրը թանկ արժեն: Ինձ թվում է, որ այդ հարցով կարող էր զբաղվել պետությունը: Օրինակ, հարևան Թուրքիայում ձգտում են աջակցել փոքր բիզնեսին. հոսթելի տերերի համար կարող են նվազեցնել բկանարանային վճարներն, օրինակ ջրի համար մի փոքր քիչ գումար վերցնել: Դա մեզ համար լավ հիմք կլիներ»:

 

Պարեր տախտակամածին

Բաթում են գալիս արևի, ծովի և տպավորությունների համար: Էլ որտե՞ղ կարելի է դրանք ստանալ, եթե ոչ բաց ծովում՝ տախտակամածից հետևելով դելֆիններին: Խվիչա Տանտավան զբոսանավ է ձեռք բերել 6 տարի առաջ: Այն 1997թ-ի է, նավի համար դա մանկական տարիք է, բացատրում է Խվիչան, գրագետ շահագործման դեպքում այն կարող է հարյուր տարի ծառայել:

Մինչ մենք շփվում ենք Խվիչայի հետ՝ տախտակամածին կանգնած, զբոսանավի առջև, նավահանգստում երեխաների և մի քանի կանանց խումբ է հավաքվում, տեսքից՝ դպրոցական էքսկուրսիա: Մեծերը խոսքի են բռնվում գին պայմանավորվելու համար: Երեխաների համար մոտորանավակով կես ժամ զբոսանքն արժե 5 լարի (2 դոլար), մեծերի համար՝ 10 լարի (4 դոլար): Մեծերի միջև կարճատև սակարկությունից հետո երեխաները լցվում են զբոսանավ: Երեխաները շարժվում են դեպի վերին տախտակամած: Ազդանշան է լսվում, և զբոսանավը սկսում է հեռանալ ափից: Որոշ ժամանակ անց միանում է երաժշտությունը և բավականին անսպասելի շոու է սկսվում. մի խումբ աղջիկներ արևելյան պարեր են կատարում: Նավահանգստում կոշտ մրցակություն է գնում յուրաքանչյուր հաճախորդի համար: Այդ պատճառով էլ այստեղի յուրաքանչյուր զբոսանավ զբոսաշրջիկ գրավելու իր մեթոդն ունի: Խվիչան խաղադրույք է արել պարային կոլեկտիվի վրա:

«Եթե նախորդ տարի նավահանգստում կանգնելու համար մենք 770 թեթրի էինք վճարում մեկ քառակուսի մետր տարածքի համար (մոտ 30 ցենտ), ապա այս տարի գինն աճել է մինչև 2 լարի (մոտ 80 ցենտ), բողոքում է Խվիչան: Ջրի և լույսի վարձավճարի հետ միասին ամսական մինչև 1200 լարի է կազմում (500 դոլար) անցումային սեզոնին, այսինքն, երբ մոտորանավակը հազվադեպ ծով է դուրս գալիս և եկամուտ ունենում: Ձմռանն՝ ավելի շատ»:

«Մի՞թե կարելի է ասել, որ պետությունն աջակցում է զբոսաշրջության զարգացմանը: Ամռանն՝ այո, զբոսաշրջիկները շատ են, սակայն ինչո՞ւ ինձ չեն հարցնում, թե ինչպես եմ ես ապրում ձմռան ամիսներին, երբ նավակը կանգնած է: Չէ՞ որ մենք այդ ամիսներին վճարում ենք, մեզ ոչ ոք այդ ամիսների համար արտոնություն չի տալիս: Ընդհակառակը, էկոնոմիկայի նախարարությունը դեռ սպառնում է, որ մեր նավերի փոխարեն այլ նավեր կբերի, եթե մենք սակագինը չվճարենք», – բողոքում է մոտորանավակի տերը:

«Դա միայն կողքից է այդպես թվում, որ 30 անգամ ծով դուրս եկար, ուրեմն հարստացար և կարելի է մեզ արդեն հարկել: Բացի այդ, մենք ամեն տարի տեխզննում ենք անցնում և անպայման վերանորոգում անցկացնում: Եթե գումարենք բոլոր ծախսերը, դրանք տարեկան հասնում են 20 հազար լարիի (ավելի քան 8300 դոլար): Իսկ աշխատանքային սեզոնը կարճ է՝ հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը: Բայց չէ՞ որ նավատերը պետք է նավահանգստին վճարի, անձնակազմ պահի, նավը վերանորոգի, որում առանց այդ էլ ներդրումներ է արել: Եթե անցնեք ափով և խոսեք մոտորանավակների տերերի հետ, կիմանաք, որ յուրաքանչյուրը խոշոր բանկային պարտքեր ունի»:

Բոլոր զբոսանավերն, ըստ Խվիչայի, մտնում են զբոսանավերի ակումբ: Սակայն ակումբը ոչ տեսահսկման սարք ունի, ոչ պահակ: Եվ սեփական նավերի համար տերերն են հոգ տանում: Մի բան է սփոփում. զբոսաշրջիկներն իրոք շատ են: Եվ ամեն տարի նրանց թիվն ավելանում է:

Զբոսաշրջիկներն ավելի ու ավելի շատ են

Ըստ պաշտոնական տվյալների՝ Աջարիա այցելող զբոսաշրջիկների թիվն աճում է ամեն տարի. 2016թ-ին այս տարածաշրջան է այցելել մեկուկես միլիոն զբոսաշրջիկ: Հիմնականում գալիս են Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իսրայելից և Ադրբեջանից: Ավելացել է Իրանից, ԱՄԷ-ից և Սաուդյան Արաբիայից եկածների թիվը: 2015թ-ի հունվար-օգոստոս ամիսներին արտասահմանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 2%-ով նախորդ 2014թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2016թ-ին, նախորդ տարվա համեմատ, աճել է 11.34%-ով: Այս տարի Աջարիայի զբոսաշրջության և հանգստավայրերի դեպարտամենտում սպասում են, որ ցուցանիշներն էլ ավելի մեծ կլինեն:

Թե ինչպես էր Բաթումը բեմ դուրս գալիս

Բաթումը միշտ ամառվա հանգստյան սիրված վայր է եղել, սակայն մինչև 2000-ականների կեսը այն հազվադեպ էր արժանանում արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությանը: Նրանց գրավելու համար իշխանությունները ստիպված էին շատ աշխատել: Օրինակ, պետք էր հաղթահարել հանցավորության խնդիրը, դժկամների թերահավատությունն ու ներդրումներ ներգրավել: Վրաստանում հանցավորության մակարդակն ուժեղ անկում է ապրել ոստիկանության բարեփոխման արդյունավետության շնորհիվ և, չնայած 2012թ-ին Սահակաշվիլիի թիմին փոխարինած նոր իշխանության ընդդիմադիրների թերահավատությանը, Վրաստանը լավ տեղեր է զբաղեցնում անվտանգության միջազգային վարկանիշներում: Օրինակ, 2017թ-ին այն աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է ճանաչել Numbeo Crime Index for Country միջազգային վարկանիշը, որի համաձայն Վրաստանը տեղավարվել է 125-ից 119-րդ տեղում (երկրների դասավորությունը պակաս անվտանգից ավելի անվտանգն է): Վրաստանի դիրքը պայմանավորված է նրա հանցավորության ցուցիչով (20.83) և անվտանգության ցուցիչով (79.17): Այդ նույն ռեսուրսի համաձայն՝ հենց Բաթումում հանցավորության ցուցիչը կազմում է 22.92 և ցածր է համարվում:

Ներդրումները շրջանում հայտնվեցին հարկային օրենսդրության պարզեցումից հետո, որը բարեփոխեցին 2000-ականների առաջին կեսին: Բաթումում կառուցեցին Sheraton, Radisson, Hyatt, Kempinsky, Mandarin oriental, Hilton, հյուրանոցները, «Այբուբենով աշխատարը», Բաթումի տեխնոլոգիական համալսարանի կորպուսն ու այլ շինություններ:

Ռազմավարական հետազոտությունների կովկասյան ինստիտուտի քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեն, որը ծնունդով Բաթումից է, համարում է, որ Աջարիան ավելի արագ կարող էր զարգանալ:

«Եթե ներկայիս իշխանություններն այս տարածաշրջանում նույնքան գումար ներդնեին, որքան նախորդներն, այն ավելի արագ կզարգանար: Զարգացման համար երկրորդ անհրաժեշտ բանն ավելի ազատ շուկան է, վարչական կարգավորման կրճատումը, հարկերի նվազեցումը, կարծում է մեկնաբանը:

Փորձագետի կարծիքով՝ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է անընդհատ զարգացնել ենթակառուցվածքը այն «աշխարհում լավագույն օրինակների մակարդակին հասցնելու» համար. «Բացի այդ, պետք է տարածաշրջան ներդրողների ներգրավել, որոնք նոր զբոսաշրջային պրոդուկտ են ստեղծում, և անել ամեն ինչ, որպեսզի գործարարներն Աջարիայում հարմարավետ զգան իրենց»:

 


Կարդալ ավելին JAMnews-ում