Հարցերի պատասխաններ" />

Գտիր տեղդ առողջապահության նոր ծրագրում: Իմացիր, թե ապահովագրության որ տեսակից ես օգտվելու

Հարցերի պատասխաններ

Ի՞նչ է տեղի ունեցել

Մայիսի 1-ից փոխվել են համընդհանուր առողջապահության ծրագրի սկզբունքները: Եթե նախկինում այդ ծրագրից օգտվում էին Վրաստանի բոլոր քաղաքացիները, ապա հիմա դա այդպես չէ:

Գլխավոր տարբերությունն այն է, որ պետությունն ավելացնելու է բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար ծախսերը, իսկ բարձր եկամուտ ունեցող անձինք գրեթե ամբողջությամբ չեն կարողանալու օգտվել համընդհանուր առողջապահության ծրագրից: Նոր ծրագրում 19 խումբ կա. 0-6 տարեկան երեխաներ: 6-18  տարեկան դեռահասներ, ուսանողներ, սահմանափակ ֆիզիկական կարողություններով անձինք, վետերաններ սոցիալապես անապահովներ, թոշակառուներ,  բռնի տեղահանված քաղաքացիներ, բնակչության այլ խոցելի շերտեր:

Նրանց պետությունը ֆինանսավորելու է ամենամեծ ծավալով:

Մնացած քաղաքացիների համար տարբերակված փաթեթներ են գործում: Քաղաքացիներին համընդհանուր առողջապահության այս կամ այն փաթեթի յուրացման գլխավոր չափանիշը նրա անձնական եկամտի մակարդակն է:

Կախված քաղաքացու անձնական եկամտի մեծությունից՝ նրանք բաժանվում են 4 խմբի՝ բարձր, միջին և ցածր եկամուտ ունեցող անձինք, ինչպես նաև սոցիալապես անապահով անձինք:

Ինչո՞վ են տարբերվում այդ 4 փաթեթները միմյանցից

Սկզբում պարզենք, թե ինչ ընդհանրություններ ունեն դրանք: Դա այն է, ինչը ֆինանսավորվում է բոլոր խմբերի համար (այդ թվում նաև՝ բարձր եկամուտ ունեցողների). ծննդաբերություն/կեսարյան հատում (տարեկան սահմանաչափը՝ 500-800 լարի) և բարձր ռիսկայնության հղիություն, ծննդկանների  ստացիոնար սպասարկում: Այդպիսով, եթե, օրինակ, կեսարյան հատման գինը 1200 լարի է, ապա համընդհանուր առողջապահության ծրագիրը կվճարի 800 լարի, իսկ 400 լարին ինքներդ պետք է վճարեք: Դա միակ ծառայությունն է, որն ապահովում է նաև բարձր եկամուտ ունեցող անձանց ֆինանսավորումը: Բացի այդ, բոլոր խմբերի ներկայացուցիչները, ինչպես բարձր ապահովվածություն ունեցողներն, այնպես էլ սոցիալապես անապահովները կարող են օգտվել առողջապահական նաև այլ ծրագրերից, օրինակ, հեպատիտ C-ի, տուբերկուլյոզի, շաքարախտի կառավարման ծրագրերից:

Այժմ հետևողականորեն խոսենք տարբերությունների մասին:

Ովքե՞ր են բարձր վարձատրվող անձինք և ի՞նչ փաթեթներ նրանց կառաջարկվեն

Բարձր վարձատրվողներն այն անձինք են, որոնք տարեկան 40 հազար լարին գերազնացող եկամուտ ունեն: Մայիսի 1-ից մարդկանց այս խումբը չի կարողանա օգտվել համընդհանուր առողջապահական ծրագրից՝ բացառությամբ վերը նշված կետերից:

Բացառություն են կազմում թոշակառուները, որոնք նույնիսկ բարձր եկամտի՝ տարեկան 40 հազար լարին գերազանցող գումարի դեպքում ամբողջական ծավալով կարող են օգտվել ծրագրից՝ միաժամանակ պահպանելով մասնավոր բժշկական ապահովագրությունից օգտվելու իրավունքը:

Պետք է նշել, որ, ըստ նոր կանոնների, հաշվի է առնվում ոչ թե ընտանեկան եկամուտն, այլ քաղաքացու անձնական եկամուտը: Այսպիսով, այն, թե համընդհանուր առողջապահության որ փաթեթից է օգտվելու հստակ անձը, կախված է նրա տարեկան անձնական եկամտի մեծությունից միայն:

Միջին եկամուտ ունեցող անձինք. ովքե՞ր են նրանք և ինչ փաթեթից են օգտվելու

Եկամտի միջին մակարդակ ունեցող անձինք այն քաղաքացիներն են, որոնց ամսական եկամուտը կազմում է 1000 լարի, իսկ տարեկանը չի գերազանցում 40 հազար լարին:

Այդ անձինք պետք է ընտրություն անեն համընդհանուր առողջապահության և մասնավոր ապահովագրության փաթեթից օգտվելու միջև: Նրանք չեն կարող օգտվել միաժամանակ ապահովագրման երկու տեսակից էլ: Միաժամանակ նույնիսկ մասնավոր ապահովագրության փաթեթ ձեռք բերելու դեպքում այդ մարդկանց համար պետությունը ֆինանսավորում է քիմիաթերապիայի ծախսերի 80%-ը, դրանք հորմոնաթերապիա անցնող և օնկոլոգիական հիվանդություն ունեցող անձինք են:

Եկամտի միջին մակարդակ ունեցող անձինք համընդհանուր առողջապահության ծրագրի շրջանակում կարող են օգտվել հետևյալ ծառայություններից.

. պլանային ամբուլատոր սպասարկում (100%)

. պրոֆիլակտիկ պատվաստումներ, որոնք նախատեսված են ազգային օրացույցով (100%)

. մասնագետ բժիշկների ծառայություններ՝ ընտանեկան կամ գյուղի բժշկի նշանակմամբ (70%), մնացած 30%-ը վճարում են քաղաքացիները

. գործիքային և կլինիկական-լաբորատոր հետազոտություններ, որոնք նշանակել է բուժող բժիշկը (7—100%)

. անհետաձգելի ամբուլատոր օգնություն (100%)

.  անհետաձգելի ստացիոնար ծառայություններ՝ 70-100% (սահմանաչափը՝ 15 000)

. պլանային վիրաբուժական, օնկոլոգիական և կարդիովիրաբուժական վիրահատություններ՝ 70% (տարեկան սահմանաչափը՝ 15 000 լարի)

. օնկոլոգիական հիվանդությունների ոչ վիրաբուժական բուժում (տարեկան սահմանաչափը՝ 12 հազար լարի), քիմիաթերապիա, հորմոնաթերապիա և ճառագայթային թերապիա (80%):

Ցածր եկամուտ ունեցող խումբ: Ո՞վ է պատկանում այս խմբին

Ցածր եկամուտ ունեցող անձանց խմբին են պատկանում այն քաղաքացիները, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 1000 լարին: Այդ խումբ են մտնում քաղաքացիները, որոնք իրենք են իրենց աշխատանքով ապահովում կամ ոչ կանոնավոր վաստակ ունեն:

Նրանք նույնպես ընտրության առջև են կանգնած. այն դեպքում, եթե այդ քաղաքացիները մասնավոր բժշկական ապահովագրություն ձեռք բերեն, նրանք չեն կարողանա օգտվել համընդհանուր առողջապահության ծրագրից ողջ ծավալով: Մասնավորապես, համընդհանուր առողջապահության ծրագրից նրանց համար հասանելի կլինեն միայն օնկոլոգիական հիվանդությունների կառավարումը՝ քիմիաթերապիան, հորմոնաթերապիան և ճառագայթային թերապիան, ինչպես նաև անհետաձգելի ամբուլատոր ծառայությունները՝ 50%, և անհետաձգելի ստացիոնար ծառայությունները՝ 100%:

Եթե ցածր եկամուտ ունեցող անձինք հրաժարվում են վճարովի բժշկական ապահովագրությունից, համընդհանուր առողջապահության ծրագրի շրջանակում նրանց համար ֆինանսավորվում են հետևյալ ծառայությունները.

. պլանային ամբուլատոր սպասարկում՝ 100%

. կանխարգելիչ պատվաստումներ, որոնք նախատեսված են ազգային օրացույցով՝ 100%

. մասնագետ բժիշկների ծառայություններ՝ ընտանեկան կամ գյուղի բժշկի նշանակմամբ՝ 70%

. գործիքային և կլինիկական-լաբորատոր հետազոտություններ, որոնք նշանակել է բուժող բժիշկը՝ 70—100%

. անհետաձգելի ամբուլատոր օգնություն՝ 50%

.  անհետաձգելի ստացիոնար ծառայություններ՝ ցանկին համապատասխան՝ 100%

(սահմանաչափը՝ 15 հազար լարի)

. այլ անհետաձգելի վիճակներ, որոնք չեն մտնում հատուկ ցուցակի մեջ (անհապաղ անհետաձգելի միջամտություններ), որոնք այլ սկզբունքով են ֆինանսավորվում: Եթե վճարվող գումարը չի գերազանցում 500 լարին, այն վճարում է հիվանդը: Սակայն եթե այն գերազանցում է 500 լարին, հիվանդը վճարում է գումարի 30%-ը (ոչ պակաս, քան 500 լարի):

. պլանային վիրաբուժական, օնկոլոգիական և կարդիովիրաբուժական վիրահատություններ՝ 70% (տարեկան սահմանաչափը՝ 15 000 լարի). սա վերոնշյալ կետում նկարագրված սկզբունքն է:

. օնկոլոգիական հիվանդությունների ոչ վիրաբուժական բուժում՝ քիմիաթերապիա, հորմոնաթերապիա և ճառագայթային թերապիա՝ 80% (տարեկան սահմանաչափը՝ 12 հազար լարի):

Սոցիալապես անապահովներ, երեխաներ, թոշակառուներ և այլ խոցելի խմբեր

Այս խմբի քաղաքացիներն օգտվում են ամենաթանկարժեք և համընդհանուր առողջապահության ծրագրի ամբողջական փաթեթեից: Ավելին, միայն այս խմբի ներկայացուցիչներն իրավունք ունեն օգտվելու միաժամանակ և՛ մասնավոր, և՛ պետական ապահովագրությունից:

Սոցիալապես անապահով անձանց համար, որոնք գտնվում են «սոցիալապես անապահով ընտանիքների այդ բազայում», որոնց 70—100 միավոր է յուրացվել, ինչպես նաև 6-17 տարեկան դեռահասների համար ծրագրի շրջանակում ֆինանսավորվում են հետևյալ ծառայությունները.

. պլանային ամբուլատոր սպասարկում՝ 100%

. կանխարգելիչ պատվաստումներ, որոնք նախատեսված են ազգային օրացույցով՝ 100%

. մասնագետ բժիշկների ծառայություններ՝ ընտանեկան կամ գյուղի բժշկի նշանակմամբ՝ 70%

. գործիքային և կլինիկական-լաբորատոր հետազոտություններ, որոնք նշանակել է բուժող բժիշկը՝ 70—100%

. անհետաձգելի ամբուլատոր օգնություն՝ 50%

.  անհետաձգելի ստացիոնար ծառայություններ՝ 70-100%

(տարեկան սահմանաչափը՝ 15 հազար լարի)

. պլանային վիրաբուժական, օնկոլոգիական և կարդիովիրաբուժական վիրահատություններ, քիմիաթերապիա, հորմոնաթերապիա և ճառագայթային թերապիա՝ 80% (տարեկան սահմանաչափը՝ 12 000 լարի):

Այս նույն փաթեթից, սակայն ավելի քիչ համաֆինանսավորմամբ կարող են օգտվել 1-5 տարեկան երեխաները, թոշակառուներն, ուսանողները, սահմանափակ կարողություններով երեխաներն ու հստակ արտահայտված սահմանափակ կարողություններով մեծերը:

Նույն փաթեթից, սակայն առանց համավճարման կարող են օգտվել աղքատության շեմին գտնվող անձինք (որոնք ունեն 70 հազար միավոր), մանկավարժները, ժողովրդական արտիստները, Շ. Ռուսթավելիի անվան մրցանակի դափնեկիրները:

Դրանից բացի սոցիալապես անապահով անձանց բազայում, որոնց վարկանիշային մակարդակը չի գերազանցում 100 հազարը, ամառային փուլից սկսած կֆինանսավորվեն քրոնիկական հիվանդությունների որոշ դեղորայքի ծախսերը, մասնավորապես, բարձր հիպերտոնիայի, սրտային անբավարարության, պսակաձև անոթների հիվանդությունների, 2-րդ տեսակի շաքարախտի, թոքերի քրոնիկական հիվանդությունների, վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ 30 անուն դեղորայքի ծախսը:

Այնուամենայնիվ մի քանի հարց մնում է:

Եթե իմ աշխատավարձը բարձր է 40 հազար լարիից, իսկ ամուսինս գործազուրկ է, ի՞նչ է պետք անել նման դեպքւոմ: Արդյո՞ք նա կարող է օգտվել համընդհանուր առողջապահության ծրագրի փաթեթից: Ո՞ր փաթեթն է նրան վերաբերում:

Այո, ձեր ամուսինը կարող է օգտվել համընդհանուր առողջապահության ծրագրից: Տվյալ դեպքում ձեր ամուսինը պատկանում է ցածր եկամուտ ունեցող անձանց խմբին (ինչպես նաև իրենք իրենց աշխատանքով ապահովող և ոչ կանոնավոր եկամուտ ունեցող անձանց խմբին) և կօգտվի մարդկանց այդ խմբի համար նախատեսված փաթեթից:

Իսկ եթե ես ունեմ բարձր եկամուտ, երեխաներս 3 և 7 տարեկան են: Արդյո՞ք նրանք համընդհանուր առողջապահության ծրագրի փաթեթ ունեն:

Այո, ձեր 3 տարեկան երեխան օգտվելու է 3-5 տարեկան երեխաների փաթեթից, իսկ 7 տարեկան երեխան՝ 6-17 տարեկան դեռահասների փաթեթից, որի մասին խոսվել է վերևում:

Արդյո՞ք պետությունն օգնություն կցուցաբերի տարեկան 40 հազարից ավել եկամուտ ունեցող անձանց, եթե նրանք օնկոլոգիական հիվանդություն ունեն: Չէ՞ որ այդ բուժումը շատ թանկարժեք է և անգամ մասնավոր ապահովագրական ընկերությունները ոչ միշտ են ֆինանսավորում այն:

Բարձր եկամուտ ունեցող անձանց համար համընդհանուր առողջապահության ծրագիրն օնկոլոգիական հիվանդությունների բուժման ֆինանսավորում չի նախատեսում: Չնայած որ հնարավոր է օնկոլոգիական հիվանդությունների բուժում տեղական բյուջեի հաշվին:

Օրինակ, Թբիլիսիի քաղաքապետարանը Թբիլիսիում ապրող կանանց համար ֆինանսավորում է կրծքագեղձի վաղ շրջանների խաղցկեղի բուժումը պերցետինով:

Ո՞ր փաթեթից է օգտվելու տնային տնտեսուհին, որի ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են և բարձր եկամուտ ունեն:

Անձինք, որոնք չեն աշխատում, կամ իրենք են իրենց աշխատանքով ապահովում, պատկանում են ցածր եկամուտ ունեցող անձանց թվին և օգտվում են այդ խմբի համար նախատեսված փաթեթից: Եթե նա թոշակառու է, նրան կվերաբերի կենսաթոշակային ապահովագրության փաթեթը:

Եթե ճիշտ եմ հասկացել, ցանկացած մանկավարժ օգտվում է բուժապահովագրության ամբողջական փաթեթի՞ց: Արդյո՞ք նշանակություն ունի թոշակառուի սոցիալական կարգավիճակը: Արդյո՞ք դա վերաբերում է նաև մանկապարտեզի մանկավարժներին:

Եթե թոշակառուի տարեկան եկամուտը գերազանցում է 40 հազար լարին, նա չի կարող օգտվել համընդհանուր առողջապահության ծրագրից: Ամբողջական փաթեթից կարող են օգտվել միայն միջին և ցածր եկամուտ ունեցող դպրոցի մանկավարժները: Դա չի վերաբերում մանկապարտեզների և երաժշտական դպրոցների մանկավարժներին: Նրանց պետությունը կապահովագրի՝ համաձայն նրանց անձնական եկամտի: Նրանք չեն մտնում մանկավարժների խումբ:

Արդյո՞ք ես պետք է ինչ-որ տեղ գրանցվեմ և ինչ-որ փաստաթուղթ վերցնեմ, առողջապահության նոր ծրագրից օգտվելու համար:

Պլանային ամբուլատոր սպասարկում ստանալու համար դուք կարող եք գրանցվել ցանկացած բուժհաստատությունում ձեր ցանկությամբ: Դրա համար պետք է լրացնել օգտվողի համաձայնության ձևաթուղթը: Գրանցումը կարելի է փոխել երկու ամիսը մեկ: Պլանային վիրաբուժական և օնկոլոգիական սպասարկում ստանալու համար անհրաժեշտ է վաուչեր/երաշխավորագիր, որոնք տրվում են սոցսպասարկման գործակալությունում:

Արդյո՞ք ես պետք է դիմեմ ցանկացած բուժհաստատություն, թե՞, ինչպես մասնավոր ապահովագրության ժամանակ, այստեղ էլ կան սեփական փրովայդերներ:

Համընդհանուր առողջապահության ծրագրից օգտվողը պետք է դիմի միայն ծրագրում ներառված բուժհաստատություն: Պարզել, թե որոնք են այդ հաստատությունները հնարավոր է՝ զանգահարելով թեժ գիծ: Դա չի վերաբերում այն դեպքերին, երբ քաղաքցիներն անհետաձգելի բուժօգնության կարիք ունեն: Նման դեպքերում բուժհաստատության ընտրության հարցում ոչ մի սահմանափակում չկա:

Եվս մեկ հարց. մինչև ապրիլ ես մասնավոր ապահովագրություն ունեի, իսկ այսօր՝ ոչ, արդյո՞ք ես կարող եմ օգտվել պետական ապահովագրությունից:

Ոչ, չեք կարող: Բանն այն է, որ մասնավոր է համարվում ապահովագրությունը՝ սկսած 2017թ-ի հունվարից: Այսինքն, եթե դուք 2017թ-ի հունվարին մասնավոր ապահովագրություն եք ունեցել, ապա ներկա պահին չեք կարող օգտվել պետական ապահովագրությունից: Հենց դուք չեղարկեք մասնավոր ապահովագրությունը, ձեզ ավտոմատ կերպով կներառեն նվազագույն փաթեթում (եթե դուք իհարկե բարձր եկամուտ չունեք), որի մեջ մտնում են ընտանեկան բժշկի, անհետաձգելի և ստացիոնար ծառայություններն, ըստ որոշակի կանոնների (90-100%)՝ կախված եկամտից, ինչպես նաև օնկոհիվանդությունների հետ կապված որոշակի ծառայություններ:

Չնայած յուրաքանչյուր 6 ամիսը մեկ համակարգը վերանայում է օգտվողների ցուցակն ու փոփոխություններ է մտցնում: Դա նշանակում է, որ, նոյեմբերի 1-ի տվյալներով, եթե դուք 6 ամսվա ընթացքում չեք օգտվում մասնավոր ապահովագրությունից, համակարգը ձեզ ավտոմատ կերպով կներառի նվազագույն փաթեթում, այլ ոչ թե հստակ փաթեթում, որը համապատասխանում է տվյալ պահին ձեր եկամտի մակարդակին:

Մասնավոր ապահովագրական ընկերություններն առողջապահության նախարարության տեղեկատվություն են տրամադրում ապահովագրական պոլիսի լուծարման մասին, այսինքն՝ դուք դա ստիպված չեք լինելու անել: Սակայն որտեղի՞ց առողջապահության նախարարությունը գիտի իմ եկամտի մասին: Արդյո՞ք ես պետք է ինչ-որ փաստաթղթեր ներկայացնեմ:

Ոչ, դուք ոչինչ չպետք է ներկայացնեք: Քաղաքացիների եկամտի մեծության մասին տեղեկատվությունը նախարարությանը տրամադրում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը: Օգտագործվում են վերջին 12 ամիսների տվյալները: Եկամուտը հաշվարկվում է նախորդ ամսվա եկամտի հարկմամբ մինչև 12-րդ ամիսը առանց օրենքով նախատեսված հարկային արտոնությունների:

Դուք ամեն ինչ շատ մանրամասն ներկայացրիք, սակայն այնուամենայնիվ հարցեր մնացին: Ո՞ւմ կարելի է զանգահարել կամ դիմել:

Համընդհանուր առողջապահության ծրագրի հետ կապված ցանկացած տեղեկատվության համար զանգահարեք առողջապահության թեժ գիծ՝ 1505 հեռախոսահամարով

Մենք թեստավորել ենք այդ հեռախոսահամարին արվող զանգերը: Ճիշտ է, մի քիչ երկար սպասեցինք, սակայն տեղեկատուն բավականին կոմպետենտ թվաց: Զանգահարելով թեժ գիծ՝ դուք կարող եք իմանալ՝ արդյոք ապահովագրություն ունեք և որ փաթեթից եք օգտվում: Դրա համար պետք է օպերատորին հաղորդեք ձեզ անձնական հեռախոսահամարը և միանգամից կստանաք տեղեկատվությունը:

Եվ վերջապես, մի փոքր շեղվում եմ, բայց կհարցնեմ. ինչո՞ւ համընդհանուր առողջապահության ծրագրում փոփոխություններ մտցրին: Չէ՞ որ դա համարվում էր «Վրացական երազանքի» ամենահաջող նախագիծը:

«Վրացական երազանքն» ընտրողներին ընտրություններում իր հաղթանակի դեպքում խոստացել էր լուծել բոլոր քաղաքացիների բժշկական խնդիրները: Իշխանության գալուց հետո իշխող կուսակցությունը գործարկեց համընդհանուր առողջապահության ծրագիրը 28.02.13-ին: Ծրագիրը վերաբերեց նաև այն քաղաքացիներին, որոնք նախկինում ընդգրկված չէին բուժապահովագրության գործող համակարգում: («Վրացկան երազանքի» իշխանության գալուց հետո պետությունն արդեն ֆինանսավորում էր սոցիալապես անապահով քաղաքացիներին, մանկավարժներին, ֆիզիկական հնարավորությունների վառ արտահայտված սահմանափակումներով անձանց, մինչև 6 տարեկան երեախներին, թոշակառուներին և ուսանողներին):

Պետական ծրագրից օգտվողների թիվը և, հետևաբար, ծրագրի բյուջեն դրամատիկ կերպով աճեց:

Փորձագետները զգուշացնում էին իշխանություններին, որ պետբյուջեն չի դիմանա համընդհանուր առողջապահության ծրագրի աճող ծախսերին:

2015թ-ին համընդհանուր առողջապահության ծրագրի համար բյուջեով նախատեսված 470 մլն լարիի փոխարեն ծախսվեց 573 մլն լարի, իսկ 2016թ-ին՝ պլանավորված 570մլն լարիի փոխարեն ծախսերն աճեցին մինչև 645մլն լարի:

Հենց առաջացած ֆինանսական խնդիրներն էին ծրագրի փոփոխության պատճառը:

2017թ-ին համընդհանուր առողջապահության ծրագրի համար 660 մլն լարի հատկացվեց:

Այս փոփոխություններով պետությունը փորձում է օպտիմալ կերպով նվազեցնել ծախսերը. մեծ ծավալով բուժօգնություն տրամադրել բնակչության առավել խոցելի շերտերին, իսկ համեմատաբար ապահովված քաղաքացիների համար սահմանափակել պետական ապահովագրության ծրագրով ֆինանսավորվող ծառայությունների հասանելիությունը:

Վրաստանում 519 հազար մարդ է օգտվում մասնավոր բուժապահովագրության փաթեթից:


Կարդալ ավելին JAMnews-ում