ԱՄՆ Կոնգրեսը որոշելու է՝ արդյոք նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ" />

Գործարք Իրանի հետ. մերժվել է Թրամփի, ընդունվել Եվրոպայի կողմից

ԱՄՆ Կոնգրեսը որոշելու է՝ արդյոք նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի հեռարձակումը Թեհրանում: 2017թ-ի հոկտեմբերի 13: Nazanin Tabatabaee Yazdi/TIMA via REUTERS

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հայտարարել են, որ Իրանի հետ միջուկային գործարքը «համապատասխանում է անվտանգության ոլորտում իրենց ընդհանուր շահերին»՝ չնայած այն բանին, որ այն մերժվել է ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից, հաղորդում է CNN-ը:

Ուրբաթ՝ 2017թ-ի հոկտեմբերի 13-ին, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի երկարաձգելու 2015թ-ի բազմակողմ պայմանագրի գործողության ժամկետը, քանի որ այն չի կատարվում Իրանի կողմից:

Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման մասին բազմակողմ պայմանագիրը ստորագրվել է 2015թ-ին Իրանի, ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների և Գերմանիայի միջև և հաստատվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից: Պայմանագրի էությունն այն է, որ Իրանը հրաժարվում է միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ստեղծումից միջազգային տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց: Համարվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գլխավոր արտաքին քաղաքական ձեռքբերումը:

Սակայն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների նույն օրվա համատեղ հայտարարությունում ասվում է, որ այդ երկրները պնդում են, որ «այդ պայմանագիրն ամբողջությամբ կատարեն բոլոր կողմերը»:

Մերկելի, Մեյի և Մակրոնի հայտարարությունում ասվում է, որ Իրանի կողմից որևէ խախտում չի հայտնաբերվել, իսկ փաստաթուղթը միաձայն հաստատվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից:

Թրամփի որոշումից հետո ԱՄՆ Կոնգրեսը պետք է երկու ամսում որոշի՝ արդյոք կրկին պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Եթե նման բան տեղի ունենա, դա ստորագրված պայմանագրի խախտում կնշանակի:

Թրամփը խոստանում է նաև Իրանի հանդեպ հարաբերություններում ամերիկյան դիրքորոշման խստացում պայմանագրի հետ կապ չունեցող հարցերում:


Կարդալ ավելին JAMnews-ում