Ներկրվող ապրանքը մաքսազերծելու համար նրանից պահանջում են փաստաթղթեր, որոնց ձեռքբերումը կոռուպցիոն ռիսկերի հետ է կապված" />

Գործարարը պառկած բողոքի ակցիա է անցկացրել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի դիմաց

Ներկրվող ապրանքը մաքսազերծելու համար նրանից պահանջում են փաստաթղթեր, որոնց ձեռքբերումը կոռուպցիոն ռիսկերի հետ է կապված

Մի քանի ժամ շարունակ ինժեներ, գործարար և քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը թղթաբանական քաշքշուկների դեմ:

Գասպարին պատմել է, որ դեկտեմբերի 13-ին իր ընկերությունը արտերկրից 740 կգ քաշով 10,000 դոլար արժողությամբ էլեկտրական սարքավորումներ է ներկրել, բայց մաքսային մարմինները դեռևս դրանք չեն մաքսազերծել: Պետական եկամուտների կոմիտեն իրենից պահանջել է կոռուպցիոն ռիսկ պարունակող հարաբերությունների մեջ մտնել․ դիմել մասնավոր բրոքերի, որը որոշակի գումարի դիմաց խոստանում է «հարցերը լուծել»: Գասպարիի խոսքով, սա իր համար անընդունելի է:

                                                               Լուսանկարը՝ epress.am

Պետեկամուտների կոմիտեն պահանջել է նաև տեղեկանքներ՝ ապրանքների չափանիշներին համապատասխանության մասին, ռազմական նշանակություն չունենալու մասին, անասնապահական նշանակություն չունենալու մասին և այլն։

Ակտիվիստը պնդել է, որ նման փաստաթղթեր ձեռք բերելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այդ տեղեկանքները ստանալու համար մասնավոր ընկերություններին վճարվում են մեծ գումարներ: Սակայն դրանք միայն փաստաթուղթ են տալիս՝ առանց ապրանքը ստուգելու։

«Մաքսատան բրոքերը ասում է՝ էսքան փող տուր, գնամ, հարցերը լուծեմ։ Եվ դու բողոքելու տեղ չունես, քանի որ նա մասնավոր անձ է։ Էս անգամ բրոքերներին ասացի՝ ես մաքսայիններին ոչ մի վճարում չեմ անելու, իրենք հարցրեցին՝ մաքսայինների հետ հարցերը դո՞ւք կլուծեք։ Ասացի՝ այո։ Բրոքերները միաբերան հրաժարվեցին իմ գործով զբաղվել։

14 օր ես ինքս ինֆորմացիա եմ որոնում, թե ինչպես կարող եմ հայտարարագիր լրացնել։ Ես գրավոր հարց եմ տալիս, ասում են՝ արի խոսանք։ Դա է կոռուպցիան․ երբ դու գրավոր հարց ես տալիս, ասում են՝ արի խոսանք ու մասնավոր հեռախոսի համար են տալիս, այնինչ կարող են ընդհամենը մի լինք ուղարկել, թե որտեղ է հայտարարագրի լրացման հայտը»,- նշել է Վարդգես Գասպարին։

Իրավիճակին հնչեղություն տալու համար նա ՊԵԿ շենքի մուտքի առջև պառկել էր «Հարությունյան, դու ստորագույն, ստախոս սրիկա ես» պաստառով: [Վարդան Հարությունյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահն է:]

Ակտիվիստը նշել է, որ ինքն իր գումարի համար չի դարդ անում, պարզապես ուզում է, որ համակարգը փոխվի, որ մարդկանց «չկլպեն», որ ՀՀ քաղաքացիները ամեն ներկրման համար չընկնեն բյուրոկրատական քաշքշուկների մեջ:

ՊԵԿ-ը ակտիվիստի բողոքին չի արձագանքել:

Վարդգես Գասպարին քաղաքացիական ակտիվիստ է, իր բողոքը հիմնականում արտահայտում է  պառկած ակցիաներով: Գասպարիի մասին կարելի է կարդալ JAMnews-ի «Քաղբանտարկյալներ՝ ըստ էության» հրապարակման մեջ:

Քաղբանտարկյալներ՝ ըստ էության

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում