Զորական գյուղն ունի երկու անուն․ մեկը՝ պաշտոնական, մյուսը՝ սիրելի։  Տավուշի մարզում գտնվող այս գյուղի բնակիչների համար սիրելի անունը Չարդախլուն է։ Իրական Չարդախլուն Ադրբեջանի Շամխորի շրջանում է (գյուղի անունը սովետական Ադրբեջանում Չարդախլի էր, շրջանինը՝ Շամկիր,  իսկ այժմ գյուղը կոչվում է Չաննիբել): Այնտեղ, ըստ «Տավուշի մարզի համայնքները» տեղեկատուի՝ 1907 թ.-ին հայ բնակչության թիվը հասնում էր 1863-ի, իսկ ..." />

Գյուղ, որն ունի երկու անուն

Զորական գյուղն ունի երկու անուն․ մեկը՝ պաշտոնական, մյուսը՝ սիրելի։  Տավուշի մարզում գտնվող այս գյուղի բնակիչների ...

Լուսանկարը՝ Գևորգ Կարապետյանի, վերցված է Չարդախլու ֆեյսբուքյան խմբից։  

Զորական գյուղն ունի երկու անուն․ մեկը՝ պաշտոնական, մյուսը՝ սիրելի։  Տավուշի մարզում գտնվող այս գյուղի բնակիչների համար սիրելի անունը Չարդախլուն է։

Իրական Չարդախլուն Ադրբեջանի Շամխորի շրջանում է (գյուղի անունը սովետական Ադրբեջանում Չարդախլի էր, շրջանինը՝ Շամկիր,  իսկ այժմ գյուղը կոչվում է Չաննիբել):

Այնտեղ, ըստ «Տավուշի մարզի համայնքները» տեղեկատուի՝ 1907 թ.-ին հայ բնակչության թիվը հասնում էր 1863-ի, իսկ 1975-ին՝ 4000-ի:

«Մեր Չարդախլուումը տանս լույսը  վառ եմ թողել, նոր հեռացել՝ եկել Հայաստան» , – ասում է Ադրբեջանի Չարդախլու գյուղում ծնված ու մեծացած Միքայել Գրիգորյանը, ով հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման և Ղարաբաղյան հակամարտության հետևանքով դարձավ փախստական։

1987 թ-ին Չարդախլուում հայ-ադրբեջանական ընդհարումները վերաճեցին լայնամասշտաբ պատերազմի: 1994 թվականին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրվեց զինադադարի մասին համաձայնագիր, սակայն  հակամարտությունը մինչ օրս կարգավորված չէ:

 

Միքայելն այժմ ապրում է Զորականում, որի մուտքի ցուցանակին հայերենով և անգլերենով նշված է՝ «Զորական», սակայն գյուղի նոր բնակիչների խնդրանքով համայնքապետարանը պատրաստել է երկրորդ ցուցանակը, որի վրա կա նաև «Չարդախլու» անվանումը։  

«Այդպես մեզ լավ ենք զգում»,- ասում է Զորական համայնքի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը:

1987-1988 -ին, ի թիվս հայաբնակ ու ադրբեջանաբնակ այլ գյուղերի, տարհանվեցին նաև Չարդախլուի և Քորփըլուի բնակիչները. ադրբեջանական Չարդախլուի բնակիչները ստիպված տեղափոխվեցին Հայաստան՝ հաստատվելով  Քորփըլու գյուղում։ Փոխարենը՝ Քորփըլուի բնակիչները հաստատվեցին Ադրբեջանի հայաբնակ Չարդախլուում: 2006-ին Քորփըլուն անվանափոխվեց և այսօր կրում է Զորական անունը, քանի որ «իսկական» Չադախլուն ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար  Հովհաննես Բաղրամյանի, Համաշխարհային երկրորդ պատերազմի հերոս, ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյանի, հայտնի այլ զինվորականների հայրենիքն է։

«Ուզում ենք գյուղն անվանակոչել, որ փեչատով /կնիքով-Լ.Ա./  Չարդախլու լինի»,- ասում են համայնքապետարանում հավաքված գյուղացիները՝ Մլեհ Ղազարյանը, Ռուբեն Գասպարյանը, Գուրգեն Բաղիրյանը:  Նրանք Չարդախլուից գաղթել են 7 տարեկանում

Զորականի բնակիչները դեռևս Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին էին դիմել՝ խնդրանքով, որ գյուղը վերանվանվի Չարդախլու: Նրանց երկրի իշխանություններն  առաջարկել են «Նոր Չարդախլու» անվանումը, սակայն ավելի ուշ առաջարկել են այլ անվանումներ՝ հիմնավորելով, թե Չարդախլուն հայկական անուն չէ

«Անգամ նոր-նոր խոսող երեխային եթե այսօր հարցնեք՝ որտեղացի՞ ես, չի ասի՝ զորականցի, կասի՝ չարդախլուցի»,-պատմում է Հովհաննես Կարապետյանը, ով 4 տարեկան էր, երբ ընտանիքը որպես փախստական տեղափոխվել է Ադրբեջանից Հայաստան։

Բնակիչներն ընտրել են Զորականը, սակայն իրենց, միևնույն է, համարում են «չարդախլուցիներ»:

Զորականն այսօր էլ ունի սոցիալական գրեթե նույն խնդիրները, ինչ երեսուն տարի առաջ, երբ
կրում էր Քորփըլու անունը: Հիմնական խնդիրը, ինչպես շատ այլ համայնքներում, խմելու և ոռոգման ջուրն է: Գյուղում ջրի փոքրիկ խողովակաշարերը հաջողվել է անցկացնել Ռուսաստանի դաշնությունում ապրող ու աշխատող հայրենակիցների օգնությամբ:

Հայաստանում տեղի ունեցած համայնքների խոշորացման ծրագրով Կողբն ու Զորականը մեկ համայնք են դարձել, սակայն Կողբն ունի սահմանամերձ գյուղի կարգավիճակ, Զորականը՝ ոչ:

Սահմանամերձ գյուղի կարգավիճակը կառավարության որոշմամբ ենթադրում է գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի գնի մասնակի, իսկ գույքահարկի, հողի հարկի ամբողջական փոխհատուցում:

Վերջին մարդահամարի տվյալներով, այսօր հայաստանյան «Չարդախլուում» ապրում է 900-ից ավելի մարդ, որոնց մեծ մասը փախստականներ են Ադրբեջանից։

Զորականի սոցիալական խնդիրներն այնքան շատ են, որ երիտասարդները հեռանում են գյուղից՝ գերադասելով տեղափոխվել կամ Երևան, կամ մեկնել Ռուսաստան՝ հիմնականում Ռոստովի մարզ,Կրասնոդար,  արտագնա աշխատանքի:

Գյուղում վերանորոգված տները քիչ են, իսկ անբարեկարգ ճանապարհներն անձրևից հետո պարզապես անանցանելի են լինում:

84-ամյա Միքայել Գրիգորյանը Չարդախլուից գաղթել է 30 տարի առաջ: Այստեղ՝ Չարդախլու-Զորականում բնակվում է ադրբեջանցու տանը:

Տունն անխնամ է․ կոտրված ապակիները վկայում են այն մասին, որ վաղուց չի վերանորոգվել։

Փոխարենը՝ Միքայել պատմում է, թե ինչ ամուր, լավ տուն էր կառուցել «իսկական» Չարդախլուում. ջուրը քաշել էր, բակը ցեմենտել այնպես, որ ցեխ չլինի:

Ասում է, որ այս նոր տունը վերանորոգելու հնարավորություն  ունեցել է, բայց ցանկություն չի եղել։

«Հենա, աչքներս ձենի էր. սպասում էինք, թե մի օր գնալ տինք մեր գյուղը: Բայց դե Էլ ստացվիլ չի», – ասում է Միքայելը։

Այսօր արդեն վերադառնալու հեռանկար որևէ մեկը գյուղում չունի: Տները վերանորոգելու միջոց էլ այլևս չկա: Սոցիալական վիճակն այնպիսին է, որ հազիվ են հասցնում հոգալ խիստ անհրաժեշտ կարիքները․ ջուր հայթայթելն ու վառարանով տան ջեռուցումն ապահովելն առաջնային խնդիրներ են։  

Զորական համայնքի ղեկավար  Սուրեն Մարտիրոսյանի աշխատասենյակում  մի կարևոր լուսանկար կա․ «իսկական» Չարդախլուի խորհրդանիշ ծառերն են նկարում, որոնք, ըստ գյուղապետի, ութ հարյուր տարվա պատմություն ունեն ու հիշեցնում են իրեն հայրենի գյուղի մասին:

1988-ին համայնքապետը դեռ յոթ տարեկան  էր, սակայն նա լավ է հիշում իր մանկությունը, դպրոցը, ադրբեջաներենը, որ սովորել է աշակերտ լինելու տարիներին։

«Մեր Չարդախլուում մի տարածք կա, որտեղ չորային էր, ոչ մի բույս, ոչ մի ծառ չէր աճում: Սրանք երրորդ դարի ծառեր են: Անհասկանալի է, թե ինչպես են այս ծառերն այնտեղ աճել: Սա մեր Չարդախլուի սիմվոլներն են, փչակներն այնքան մեծ էին, մի կողմից մտնում էինք, մյուսից՝ դուրս գալիս: Հիմա այդ ծառերը, չգիտենք էլ, կա՞ն, թե՞ չէ»:

Սուրենն ասում է, որ Հայաստանից դուրս՝ Ռուսաստանում, Վրաստանում, երբ հանդիպում են Շամխորից հայերն ու ադրբեջացիները, առիթը բաց չեն թողնում հիշողությունների գիրկն ընկնելու համար. միմյանց նախկին բնակավայրերից հարց ու փորձ են անում։

Այդ շփումների արդյունքում Հայաստանից դուրս ապրող նախկին չարդախլուցիները երբեմն կարողանում են լուսանկարներ հայթայթել իրենց հայրենի գյուղից։

«Երբեմն Չարդախլու այցելող ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին խնդրում են, որ լուսանկարներ անեն ու ուղարկեն: Անգամ ջուր են բերել մեզ համար այնտեղից», – պատմում է Սուրեն Մարտիրոսյանը:

Վերջին անգամ 2015 թ.-ին են ստացել այսպես կոչված «մասունքներ»՝ շշերով ջուր, լուսանկարներ, տեսագրություններ։

«Ջուրը  քիչ էր, և շշերի կափարիչի մեջ էին լցնում և տալիս բանակ զորակոչվող տղաներին» ,  – պատմում է Հովհաննեսը։

«Եթե փաստաթղթային հարցեր էլ լինում են, Փախստականների կոմիտեի միջոցով ենք գործը գլուխ բերում. իսկ մեր միջև՝ Չարդախլուի ու Զորականի բնակիչների, ուղիղ շփում չկա»,-պատմում է համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը:

Միքայել Գրիգորյանն ասում է, որ եթե լիներ ուղիղ շփում, կփորձեր գտնել Գուլի Գամիդովին։

«Հաց էինք  ուտում, վադացա: Սկոռին /Շտապ օգնության մեքենան-խմբ./ տարավ հիվանդանոց, բայց ոչ մի բժիշկ գլխի չէր՝ ի՞նչ էլավ: Ինձ մահիցը փրկեց Գուլի Գամիդովը: Դե, համարյա մի տարիքի ենք. ինքը 1933 թվականի ծնունդ էր: Իրա հարսանքի նկարն էլ ունեի: Կորցրել եմ : Տեսնես ո՞նց ա, կա՞, թե՞ չկա…»:

Որպես բարի կամքի դրսևորում՝ Զորական-Չարդախլու համայնքում պահպանվել է ադրբեջանական գերեզմանատունը:

«Որևէ գերեզմանի ձեռք չենք տվել՝ հույս ունենալով, որ նույն կերպ մեր գերեզմանների հետ կվարվեն  նաև ադրբեջացիները», – ասում է Մլեհ Ղազարյանը:

Ըստ Հովհաննես Կարապետյանի, իրենք տեղեկություններ ունեն, որ  Չարդախլուում հայկական գերեզմանատունը հողին է հավասարեցված, մարշալների թանգարանը չայխանա են դարձրել:

Հովհաննես Կարապետյան։ Լուսանկարը՝ Հովհաննեսի արխիվից։

Համայնքային կապերն ամրապնդելու, տարբեր երկրներում բնակվող նախկին չարդախլուցիներին համախմբելու համար գյուղացիների նախաձեռնությամբ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործում է չարդախլուցիների համար ստեղծված բաց  խումբ ՝ Չարդախլու Чардахлы Чардахлу Chardakhlu անվամբ  https://www.facebook.com/groups/20552290623/about/։ Խումբն ունի 396 անդամ։

Հովհաննեսն ասում է, որ փորձում է խումբն ակտիվ պահել, այնտեղ նյութեր է տեղադրում, նորություններով կիսվում։

«Աշխարհի որ ծայրում էլ լինեն չարդախլուցիները, տեղեկանում են իրար մասին, գյուղի նորություններն ենք իրար փոխանցում»:

Այստեղ նաև համայնքային հարցեր են վեր հանվում․ օրինակ՝ աղբահանության խնդիրն են բարձրաձայնում գյուղի երիտասարդ բնակիչներն ու նշում համապատասխան մարզպետարանի Ֆեյսբուքյան էջը, փորձելով պատասխանատուների ուշադրությունը հրավիրել խնդրի նկատմամբ։

Այս խմբում նաև ակտիվորեն քննարկվում էր Հովհաննեսի ՝ ԱԺ պատգամավորի թեկնածու լինելու հարցը։ Համագյուղացիները հպարտ էին, որ իրենց գյուղից Հովհաննեսը  նորաստեղծ ՔՈ կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու է։ Կուսակցությունը 2018-ի ԱԺ-ի ընտրություններում չհաղթեց, բայց Հովհաննեսը շարունակում է ակտիվ հասարակական գործունեությունը։  

Թեև նա բնակվում է Երևանում, աշխատում է Բիլայնում, ինչպես նաև «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիրն ու նախագահն է, բայց կապը համայնքի հետ շատ ամուր է:

Ասում է, որ քաղաքականություն մուտք է գործել, քանի որ բռնագաղթածների  խնդիրները աչքաթող են արված և էներգետիկայի ոլորտը նույնպես կարիք ունի օրենսդրական բարելավումների։

«Մարդիկ բռնագաղթվել են և այսօր էլ իրենց տեր ու տիրական չեն զգում նոր վայրում, որովհետև զրկված են ապրուստի հասարակ միջոցներից։ Օրինակ մեր համայնքում ջրի խնդիր կա

Ջուրը լինի, մարդիկ արարող են, կստեղծեն իրենց ապրուստի համար անհրաժեշտ միջոցները» , – ասում է Հովհաննեսը։

«Եղել է տարի, որ հոնի սեզոնին ջուր չէին միացնում։ Միայն իմ բարձրացրած աղմուկից հետո միացրեցին»,– ասում է Հովհաննեսը։

Առանձին նախաձեռնություններով Հովհաննեսն ու ընկերները փորձում են գյուղական  տուրիզմ զարգացնել, փառատոն են նախաձեռնել, սակայն տարրական ենթակառուցվածքների բացակայությունը խանգարում է գյուղին զարգանալ։

Հովհաննեսն ասում է, որ չի դադարելու ակտիվորեն իր համայնքի խնդիրները բարձրաձայնել, շարունակելու է ներգրավված լինել քաղաքականությունում, խթանել թեկուզ փոքրիկ, բայց կարևոր փոփոխությունները գյուղում․ արդեն իրենց ուժերով գյուղի կենտրոնական հատվածում լուսավորություն են ապահովել, Արմաթ լաբորատորիա է ստեղծվել աշակերտների համար՝ նոր սերնդին ինժիներական ու ՏՏ կրթություն  տալու համար։

Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում