Դեպի Բաքու՝ անմիջապես միջնադարի մասին հեքիաթից, որտեղ աղջիկներին հեռախոսի մոտ են թողնում միայն նշանվելուց հետո  " />

Գյուղացի աղջիկ, որի մոտ ամեն ինչ ստացվել է

Դեպի Բաքու՝ անմիջապես միջնադարի մասին հեքիաթից, որտեղ աղջիկներին հեռախոսի մոտ են թողնում միայն նշանվելուց հետո  

Մ

արիամի հետ ես ծանոթացա Բաթումիում լրագրողների համար թրեյնինգի ժամանակ: Աշխույժ, ժպտերես, ակտիվ Մարիամը վարժ խոսում էր անգլերեն, սակայն ռուսերեն ոչ մի բառ չգիտեր: Դա ինձ տարօրինակ թվաց, քանի որ ռուսերենն Ադրբեջանում, հատկապես քաղաքաներում, «ավանդական երկրորդ լեզու է»:

Պարզվեց, Մարիամը ծնունդով ոչ միայն շրջանից է, այլ Գեյգել լճի մոտակայքում գտնվող փոքրիկ հեռավոր գյուղից: Նա Բաքվում է ապրում. քրոջ հետ բնակարան է վարձում:

Նա համաձայնեց նյութի հերոս դառնալ, սակայն հարցրեց.

«Միայն թե առանց լուսանկարների, խնդրում եմ: Ես դեռևս պատրաստ չեմ այդքան բաց լինել»:

Մենք հանդիպեցինք աշխատանքային օրվա երեկոյան: Մարիամը բնակվում է քաղաքի ոչ կենտրոնական Ահմեդլի թաղամասում, մետրոյից ոտքով 15 մետր հեռավորության վրա:

Բնակարանում ամեն ինչ խունացած խորհրդային պճնամոլությամբ է պատված. ոսկեջրած արձանիկի գույնը տեղ-տեղ թափվել է, երբեմնի «նորաձև» պաստառները խունացել են: Այդպիսի բնակարանների տերերը նախընտրում են վերանորոգման վրա գումար չծախսել, սակայն անհրաժեշտ մինիմումն ապահովում են. հին պատի վրա նոր տափակ հեռուստացույց է կախված: Վարդակները տեղ-տեղ դուրս են թռել և պատրաստ են վայր ընկնել. տանը տղամարդ չկա, մարդ էլ չկա, ումից կարելի է օգնություն խնդրել: Շենքը պանելային է, իսկ ջեռուցումը դեռևս չեն միացրել, մենք զրուցում ենք՝ ձեռքերը թեյի բաժակով տաքացնելով:

Մ

արիամը պատմում է իր մանկության մասին, և ինձ համար, որ ծնվել և մեծացել է քաղաքում, դա հնչում է որպես միջնադարյան կենցաղի մասին հեքիաթ: Հավատս չի գալիս, որ երկու այդքան տարբեր աշխարհներ կան միմյանցից ընդամենը 5 ժամ հեռավորության վրա:

Կյանքը գյուղում վաղ է սկսվում՝ բոլոր իմաստներով: Առավոտյան աքաղաղի կանչի հետ կանայք դուրս են գալիս տնից կով կթելու, ջուր բերելու, երեխաներին դպրոց ուղարկելու: Երեխաները կգնան դպրոց, կերևան ուսուցչի աչքին, նա նրանց մատյանում «ներկա» կդնի, դրանից հետո կարելի է անտառ գնալ փայտ բերելու:

Փոքր աղքատ գյուղում «աղքատ-հարուստ» հասկացությունները ջնջվում են: Բոլորի վաստակածը մոտավորապես նույնն է, սակայն եթե կով ու ոչխար ես պահում, եկամուտդ ավելի շատ է: Շատերը գումար են վաստակում փայտ վաճառելով. գյուղում գազ չկա:

«Մայրս աղքատ կին էր, ձգտում էր միայն ուտելու փող վաստակել: Ես չեմ հիշում մի դեպք, որ նա ձեռքիցս բռնի և հագուստի խանութ տանի: Հիմա էլ եմ նախընտրում սպորտային հագուստ կրել. սովորություն է»:

Երեխաները շուտ են մեծանում, մանուկ հասակից գյուղի երեխայի վրա բազմաթիվ պարտավորություններ են դրվում: Բացի այդ, ստիպված ես հարմարվել նաև խիստ ծնողներին, մի փոքր սխալի համար երկար հայհոյանքներ ես լսում, երբեմն էլ՝ դաժան հորից ծեծ ստանում, լավ է, եթե ավելի շատ աշխատանք չավելացնեն: Եվ փորձիր հանկարծ չկատարել, հազիվ թե քնքշանքներ ստանաս:

Քաղաքից հեռու գտնվող աղքատ տեղանքում, որը 450-500 ընտանիք բնակչություն ունի, քնքուշ զգացմունքներն աններելի շքեղություն են: Ինչպես ասում է Մարիամը, երեխաները նման միջավայրում չեն կարող զարգանալ որպես անհատներ, ինքնասիրություն սովորել, հարգանք իր անձի հանդեպ, տաղանդների զարգացման մասին էլ չեմ խոսում:

Մարիամը պատմում է.

«Երբ ես համալսարանի երկրորդ կուրսի ուսանող էի, գյուղ եկա հանգստանալու: Խնդրեցի գյուղում բաց դաս անցկացնել: Քանի որ ես միակն էի վերջին տարիներին, ով Բաքվում բուհ էր ընդունվել, իմ հանդեպ հետաքրքրություն էի առաջացնում, այդ պատճառով էլ ինձ հաճույքով թույլ տվեցին բաց դաս անել: Ես երեխաներին խնդրեցի գրել, թե ինչ են ուզում դառնալ: Տղաներն ավելի ակտիվ էին, շատերն ուզում էին ոստիկան դառնալ. թուրքական սերիալների ազդեցությունն է, որտեղ քաջ ոստիկանները պաշտպանում են հալածյալներին: Սակայն աղջիկների մեծ մասը լռում էր: «Ինչո՞ւ ոչինչ չեք գրել», – հարցրի ես նրանց: «Իսկ ի՞նչ տարբերություն, միևնույնն է՝ ծնողները թույլ չեն տա սովորել», – պատասխանեցին նրանք»:

Աղջիկներին մանկուց հնազանդություն և բոլոր պարտականությունների կատարում են սովորեցնում: Դպրոցում աղջիկը չպետք է խոսի տղայի հետ: Իսկ հավանած տղայի հետ զբոսնելու մասին խոսք անգամ չկա: Տանը նրան սովորեցնում են տնային գործերն անել:

«Մեր հարևան Այթանը, երբ դեռ 7-8-րդ դասարան էր, այնքան համեղ բաներ էր պատրաստում», – պատմում է Մարիամը: Սակայն պետք է նաև կովը կթել և բանջարանոցում աշխատել:

16 տարեկանում աղջկան շտապում են ամուսնացնել: Այն հարցին՝ արդյո՞ք նրա կարծիքն ու ցանկությունը հաշվի է առնվում, Մարիամն ու քույրը սկսում են ծիծաղել.

«Ի՞նչ ես խոսում: Ոչ ոքի քո ցանկությունները չեն հետաքրքրում: Ընկերուհիս մի տղայի էր հավանում, երբեմն հեռախոսով գրում էին միմյանց: Մայրն իմացել էր այդ մասին (քույրն էր ասել), խլել էր հեռախոսը, ծեծել նրան, իսկ հետո միանգամից ամուսնացրել 35-ամյա տղամարդու հետ: Իսկ նա 17 տարեկան էր: Վերջերս նրա հետ հեռախոսով խոսում էի, նա 20 տարեկան է, սակայն արդեն 2 երեխա ունի: Հարցնում եմ. «Ինչո՞վ ես զբաղվում», ասում է. «Սերիալ եմ նայում, ընթրիք եմ պատրաստում, շուտով ամուսինս կգա»: Ամուսնու գալուց հետո հեռախոսով չի կարելի խոսել»:

Այդ պատճառով էլ աղջիկները բջջային չունեն: Հեռախոս կարող են ունենալ միայն նշանվածները:

Այնպես է ստացվել, որ Մարիամը փոքրուց առանց հոր է մեծացել:

«Երբեմն մտածում եմ, որ լավ է, որ այդպես եղավ: Չգիտեմ, թե ինչպես նա ինձ կդաստիարակեր: Մայրս բավականին լայն հայացքներ ունի, և կրթության առումով երբեք չի ճնշել ինձ, ինձ երբեք չեն ծեծել: Ուրիշ ընտանիքներում հայրերը միշտ ծեծում են երեխաներին ու կանանց:

Հիշում եմ՝ մի անգամ վոլեյբոլ էինք խաղում դպրոցի բակում: Հանկարծ տեսանք, թե ինչպես է մի կին վազում, իսկ նրա ետևից՝ ամուսինը: Ես գնդակը գցեցի, որ տեսնեմ՝ ինչ է լինելու: Նա հասավ կնոջը և սկսեց դաժանաբար ծեծել մեր աչքի առաջ: Ես վախեցա և սկսեցի լացել: Ծնողներս միասին երկար չեն ապրել, տանն այդպիսի բան ես չեմ տեսել: Իսկ բոլորը կանգնած նայում էին, նրանց համար դա սովորական բան էր: Երբ ես մեծացա, սկսեցի նկատել, որ դա շատ տարածված երևույթ է՝ ամուսին, որը կնոջը ծեծում է երեխաների աչքի առաջ: Մեր հարևանուհին միշտ մեր տուն էր գալիս ամուսնուց թաքնվելու»:

Մարիամի մայրն աշխատում է դպրոցի գրադարանում: Դրա շնորհիվ աղջիկը շատ է գիրք կարդացել, չնայած որ այնտեղ ընտրությունն այնքան էլ մեծ չէր:

Մարիամի մտքով էլ չի անցել, որ գալու է մի ժամանակ, երբ նա Բաքվում է ապրելու:

«Պետական հեռուստաալիքներից միայն Ազ Թի-Վի- էր ցույց տալիս, այն էլ՝ եթե ալեհավաք ունեիր: Իսկ դրանով Բաքուն այնքան գունեղ էին ներկայացնում:

Ամռանը գյուղում հով է, և բնակիչները գումար են վաստակում՝ քաղաքացիներին իրենց բնակարանը վարձով տալով: «Մեր տունը երկհարկանի է, մենք ապրում էինք առաջին հարկում, որը «միջին վերանորոգում» ուներ: Երկրորդում պայմաններն ավել լավն էին, և մենք այն վարձակալության էինք տալիս: Պատահում էր, որ այն վարձակալում էին ողջ սեզոնի ընթացքում»:

Երբ Մարիամը սովորում էր վեցերորդ դասարանում, հարևանությամբ մի ընտանիք էր վարձով ապրում: Նրանք տարիներ շարունակ գալիս էին գյուղ: Նրանց տղան Մարիամից մեծ էր մի քանի տարով, իսկ այսօր նա հայտնի լրագրող է:

Չնայած որ նրանք այդքան էլ մոտ չէին ապրում, գյուղում ուզած-չուզած բոլորը հանդիպում են միմյանց: Մարիամը հաճախ էր տեսնում, թե ինչպես է նա քրոջ հետ զբոսնում:

«Մի անգամ նրանք մեզնից ոչ հեռու մի տուն վերցրին: Պատահաբար ծանոթացանք ծննդյանս օրը: Եվ այն պատճառով, որ ես առանց հոր էի մեծանում, մայրս ծննդյանս օրերը միշտ առանձնակի շուքով էր նշում, որ ես հաննկարծ չնեղվեմ: Մայրս պնդեց, որ բոլոր հարևաններին կանչեմ: Ես մտա նաև այն հարևանի տուն, որտեղ սենյակ էին վարձակալում քաղաքի հյուրերը:

Ես ամաչում էի խոսել նրանց հետ, եթե այնպես էր լինում, որ նրանք մեր տուն էին գալիս ջուր կամ թեյ վերցնելու, ես փախչում և թաքնվում էի: Սակայն այս անգամ նրանք եկան գիշերվա տասներկուսին մոտ, շնորհավորեցին ինձ, նույնիսկ նվեր էին բերել, հրեշտակի արձանիկ էր:

Մենք ընկերացանք: Տղան հաճախ էր ժամանակը գիրք կարդալով անցկացնում, նա պատրաստվում էր ինստիտուտ ընդունվել: Մենք հեռախոս չունեինք, այդ պատճառով էլ շփվում էինք միայն ամռանը, ես նրանց «ամառային ընկերներ» էի անվանում: Ողջ ձմեռ սպասում էի ամռանը, որ նրանք գային:

Նրանք շատ հետաքրքիր մարդիկ էին՝ լայն աշխարհահայացքով, իմ նոր ընկերն ինձ գրքեր էր բերում, Բաքվի մասին էր պատմում: Նա ամեն կերպ ձգտում էր զարգացնել ինձ, հաճույքով ծանոթացնում էր իր քաղաքային ընկերների հետ:

Գյուղում անծանոթ տղայի հետ զրուցելը ընդունվածի սահմաններից դուրս է, սակայն ոչ ոք ոչ մի վատ բան չէր ասում. իմ ընկերն իր անձի հանդեպ հետաքրքրություն էր առաջացնում իր կրթվածությամբ, դաստիարակվածությամբ, նա միշտ աշխատում էր օգնել: Օրինակ, այն ժամանակ գյուղում համակարգիչներ չկային: Միայն դպրոց էին երկու հատ համակարգիչ բերել: Եթե ինչ-որ մեկը գլուխ չէր հանում, նա օգնում էր: Ինձ նա միշտ «զարմուհի» էր անվանում:

Ընկերս ասում էր, որ պետք է սովորել: Ես հակաճառում էի. «Ես ոչինչ չգիտեմ, ես՝ ուր, Բաքուն՝ ուր, ինչպե՞ս ես կարող եմ սովորել»: Նա պնդում էր. «Ձգտի՛ր, կարդա, քիչ-քիչ պարապիր, ամեն ինչ կստացվի»:

Տատս կրթված էր, նա ինձ ասում էր. «Դու միայն սովորիր, ես քեզ թոշակիցս սովորելու համար փող կտամ»: Սակայն, երբ ութերորդ դասարանում էի սովորում, տատս մահացավ»:

Թաղմանը Մոսկվայից բարեկամներ եկան, որոնց Մարիամը կյանքում չէր տեսել.

«Հորեղբայրս՝ իսկական մոսկվացի, բոլորի համար նվերներ էր բերել: Նա ինձ հարցրեց, թե ինչ եմ ուզում: Պատասխանեցի. «Նվերներ չեմ ուզում, ուզում եմ սովորել»:

Հորեղբորս դա հետաքրքիր թվաց: Նա ինձ մի կողմ քաշեց և ասաց. «Ինստիտուտ ընդունվելու համար գիտելիք դու այստեղ չես ստանա, այնպես արա, կուրսերի կարողանաս գնալ: Իսկ ես քեզ փող կուղարկեմ»:

Մարիամը Գյանջա մեկնեց մորաքրոջ տուն՝ քոլեջ ընդունվելու և ինստիտուտին նախապատրաստվելու համար: Սակայն այն քոլեջը, որտեղ նրան ուզում էին ընդունել առանց քննությունների մոտ 700 դոլար կաշառքի դիմաց, նույն մակարդակի մի բան էր, ինչ գյուղի դպրոցը: Մարիամն ինքը կուրսեր գտավ դիմորդների համար, որոնք իրոք օգտակար էին:

«Ես մորաքրոջս խոստացա, որ եթե չընդունվեմ, ապա այլևս երբեք խոսք չեմ գցի կրթության մասին: Կապրեմ գյուղում և կամուսնանամ:

Ես պետք է մորաքրոջս տանը ապրեի: Նա շատ լավ կին է, սակայն սկեսուրի հետ էր ապրում, և միմյանց հետ հարաբերությունները լավ չէին: Մորաքույրս իմ համար մտահոգվում էր. «Ինչպե՞ս ես այստեղ ապրելու: Ես պատասխանում էի. «Մի՛ անհանգստացիր, ես այստեղ միայն քնելու եմ, առավոտյան դասի եմ գնալու, երեկոյան վերադառնալու եմ, ոչ ոք ինձ չի տեսնի և չի լսի, ես նույնիսկ սենյակից դուրս չեմ գալու»:

Մայրս անհանգստանում էր, թե ինչպես է գյուղի աղջիկն ապրելու բավականին խոշոր քաղաքում: Այդ բաքվեցիներին է Գյանջան շրջան թվում: Իրականում Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը քիչ բանով է տարբերվում Բաքվից, թերևս միայն մասշտաբներով:

«Ես մորս խոստացա, որ երկար բլուզ եմ հագնելու տաբատի վրայից, գլուխս կախ եմ ման գալու և դասերից բացի ոչ մի բանի մասին չեմ մտածելու»:

Դասերը սկսվեցին: Երբեք Մարիամի համար սովորելն այդքան դժվար չէր եղել: Հատկապես դժվար էին անգլերենի դասերը:

«Ուսուցիչն ինձ նախադասություն էր ասում, պահանջում էր թարգմանել այն անգլերեն: Իսկ ես չէի կարողանում և սարսափելի սխալներ էի անում: Բոլորը ծիծաղում էին վրաս: Շատ երեխաներ կուրսերի էին գնացել գրեթե մանկուց, ինչ-որ մեկը՝ 6-րդ դասարանից, կուրսերը շատ ուժեղ էին, բոլորն առարկաներն ինձնից շատ ավելի լավ գիտեին:

Մեկ շաբաթ ընկճախտի մեջ էի: Մի կողմից, ապրում էի մշտական սկանդալներով տանը, մյուս կողմից՝ սեփական անօգնականության զգացումն ու այն բանի գիտակցումն էր, որ ես չկարողացա»:

Մարիամի բախտը բերեց, որ ուսուցիչներից շատերը գիտեին իր վիճակի մասին, որ գյուղից է եկել, որ դժվար է ապրում և զեղչեր արեցին.

«Մաթեմատիկայի ուսուցիչն ասաց, որ ինձնից ընդհանրապես փող չի վերցնի: Ինձ համար ամենակարևորը անգլերենն ու ադրբեջաներեն գրականությունն էր: Բոլոր առարկաներից ինձ զեղչեր արեցին»:

Իսկ անգլերենի վրա մեծ ջանք էր թափել արձակուրդներին, և շուտով այն իր ամենահաջողված առարկան դարձավ:

«Ուսուցիչները սիրում էին ինձ: Ես երբեք տղաների հետ չէի շփվում, սիրալիր էի, այն վախից, որ ուսուցիչը կզայրանա վրաս, անջատում էի բջջայինիս ձայնը: Կային աղջիկներ, որ տղաների հետ էին հանդիպում, սակայն դա ինձ համար տարօրինակ էր. ինչպե՞ս կարելի է տղաների մասին մտածել, երբ կրթություն է պետք ստանալ: Այն ժամանակ ես լրջորեն չէի մտածում, որ լրագրող եմ դառնալու: Ընդունելության քննություններին մորս հետ Բաքու եկա: Ես պարզապես վախից ցնցվում էի: Վերջին 10 տարվա ընթացքում միակն էի, ով գյուղից դուրս եկավ կրթություն ստանալու համար»:

Քննությունից առաջ Մարիամը մոր հետ տուն է վարձել Բաքվի Յասամալի շրջանում.

«Այդ բնակարանի պատուհանից Դրոշի հրապարակը երևում էր: Առաջին անգամ ես այնտեղ նոր ավտոբուս տեսա: Ինձ ահավոր հետաքրքիր էր. մարդիկ այնտեղ նստում էին, զրուցում, ինչ-որ մեկը կարդում էր. կարծես արտասահմանյան ֆիլմ լիներ: Գյանջայում այդպիսի մեծ ու գեղեցիկ ավտոբուսներ չկան: Մտածում էի. հետաքրքիր է՝ ինչ-որ մի անգամ ինձ բախտ կվիճակվի՞ նույնպես ավտոբուս նստել: Ինքս ինձ ասում էի. Մարիա՛մ, դու՝ ուր, Բաքուն՝ ուր»:

Գիշերը մայրս մոտեցավ իմ անկողնուն՝ մտածելով, թե քնած եմ, ճակատս համբուրեց և ասաց. «Տե՛ր Աստված, թող աղջկաս երազանքն իրականանա»:

Մարիամն ընդունվեց Բաքվի Սլավոնական համալսարանի լրագրության ֆակուլտետ:

Սկզբում նա տուն էր վարձում 3 այլ աղջիկների հետ, սակայն հարևանուհիներն անլուրջ դուրս եկան. նրանք մինչև ուշ երեկո թուրքական սերիալներ էին նայում և խանգարում պարապել:

Մարիամի բախտը պատահական բերեց. համակուրսեցին հանրակացարանում էր ապրում ու նրան պարետի հետ ծանոթացրեց.

«Ինձ այնտեղ շատ դուր եկավ և պայմաններն ամսական 15 մանաթի դիմաց շատ լավն էին: Իսկ պարետի դուրը ես եկա: Մի անգամ նա ինձ իր մոտ կանչեց և ասաց. «Դու իմ դուրը եկար նրանով, որ ի տարբերություն այստեղի մնացած աղջիկների, ունքերդ չես հանում [ադրբեջանական գյուղերում համարվում է, որ ունքերը կարելի է հանել միայն հարսանիքից հետո]»: Ինձ լավ սենյակ հատկացրին, այն մաքուր էր, ներկած, ապորւմ էի մի աղջկա հետ»:

Հանրակացարանում 60 աղջիկ էր ապրում, և կար ընդամենը մեկ խոհանոց: Գազօջախի աչքերից ոչ բոլորն էին աշխատում: Սկանդալներ էին լինում:

«Աղջիկներից մեկը գազօջախի վրա մի դույլ ջուր է դնում, որ գլուխը լվանա, իսկ մյուսն ուզում է ուտելու բան պատրաստել, և նա գազի վրայից վերցնում է դույլը: Իրար մազեր էին պոկում: Տաք ջուր չկար, 50 կոպեկով բաղնիք կար, սակայն տնտեսելու համար ջուրը տաքացնում էինք նույնիսկ էլեկտրական թեյնիկով: Սակայն ես լավ էի զգում, բոլորի հետ հարաբերությունները լավն էին: Գյուղում մարդիկ իրար մոտ են ապրում, բոլորը ծանոթ են և բարևում են միմյանց: Եվ այստեղ նույնպես ես բոլորին բարևում էի: Հանրակացարանում բոլորն աղքատ էին և գյուղից էին»:

Ինստիտուտում գործերը վատ չէին գնում:

«Դեկանն ինձ լավ էր վերաբերվում: Տեսնում էր, որ համեստ եմ, միայն սովորում եմ: Ընդհանրապես մեր բուհում ուսանողների նյութական կարգավիճակին շատ էին ուշադրություն դարձնում:

Այնպես ստացվեց, որ ինձ լավ սովորելու և իմ կարգավիճակի համար Հասան Զարդաբիի կրթաթոշակ նշանակեցին՝ 106 մանաթ: Հետո նույնիսկ աշխատանք առաջարկեցին՝ համալսարանական ամսագրում խմբագիր: 80 մանաթ էին վճարում: Վատ չէի ապրում, միայն լավ հագուստ ինձ չէի կարող թույլ տալ»:

Խմբի մնացած ուսանողների հետ Մարիամը մտերիմ չէր:

«Քաղաքացիներն» իրենց առավելությունն էին ընդգծում: «Ես մեծ մասամբ լսում էի, իսկ խոսել ամաչում էի: Դրա պատճառով կուրսեցիներս մտածում էին, որ ես հիմար եմ, – հիշում է Մարիամը: – Խմբում շրջանից երեք աղջիկ կար, մեկը ավարտելուց հետո հետ վերադարձավ, մյուսը Լենքորանից էր, հետո GIPA ընդունվեց, ապրում է Թբիլիսիում և հիմա հայտնի լրագրող է»:

Շատերն ինձ ասում էին, որ ես չեմ կարողանա, սակայն հիմա ես աշխատում եմ խոշոր մեդիանախագծում, մենք նորություններ ենք հրապարակում, հետաքրքիր վերլուծական հոդվածների վրա ենք աշխատում, թրեյնինգներ և հանդիպումներ ենք կազմակերպում շրջաններում:

Եվ այնուամենայնիվ ինձ հարցնում են. «Ե՞րբ ես ամուսնանում»: Սակայն ես չեմ ուզում, այսօր ամուսնանալն ինձ համար նշանակում է քայլ հետ: Սակայն ինձ հետ սովորող շատ աղջիկներ են ետ վերադարձել գյուղ և ընտանիք կազմել: Ուզում եմ հարցնել. ինչո՞ւ էիք այդ դեպքում գալիս: Ինչո՞ւ էիք սովորում»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում