Պատճառը սոցիալական խնդիրներն ու չնորմավորված աշխատանքային գրաֆիկն է, կարծում են մասնագետները " />

Գլխուղեղի կաթվածը Հայաստանի երիտասարդ տղամարդկանց շրջանում հաճախակի ախտորոշում է դարձել

Պատճառը սոցիալական խնդիրներն ու չնորմավորված աշխատանքային գրաֆիկն է, կարծում են մասնագետները

Հայաստանում վերջին տարիներին հաճախակի են դարձել գլխուղեղի կաթվածի դեպքերը 20-30 տարեկան տղամարդկանց շրջանում։

Հայ տղամարդկանց շրջանում ավանդաբար նկատվում է գլխուղեղի կաթվածի դեպքերի բարձր մակարդակ։ Վերջին 15 տարում երիտասարդների շրջանում նկատվում է ուղեղի կաթվածի դեպքերի աճ։ Սակայն եթե նախկինում այն տարածված էր 50-60 տարեկան տղամարդկանց մոտ, ապա այսօր այդ հիվանդությանը բախվում են 20-30 տարեկան երիտասարդներ։ Այս հարցն անհանգստության առիթ է դարձել նաև հայկական լրատվամիջոցների համար։

Պատճառները

Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի ղեկավար Գուրգեն Հովհաննիսյանը միտման հետևյալ պատճառներն է նշել․

  • սոցիալական գործոններ,
  • չնորմավորված աշխատանքային գրաֆիկ։

«Օրինակ, տաքսու վարորդներն աշխատում են օրական 14-16 ժամ, չունեն արձակուրդ և հանգստյան օրեր, ինչպես նաև խախտված է նրանց սնվելու ռեժիմը։ Այս ամենը վնասակար սովորությունների, օրինակ, ծխելու հետ միասին կարող է գլխուղեղի կաթվածի պատճառ դառնալ»։

Մասնագետը կարծում է, որ օրգանիզմի իմունիտետն ու գլխուղեղի կաթվածի հանդեպ դիմադրողականությունը յուրաքանչյուր հստակ դեպքում անհատական է։

Բացի այդ, ինչպես ասում է Գուրգեն Հովհաննիսյանը, հաճախ սրտանոթային հիվանդություններով հիվանդները չեն հետևում իրենց առողջությանը հարկ եղած կերպով․

«Հայաստանում բժշկությունը վճարովի է, այդ պատճառով էլ շատերը խուսափում են բժշկի դիմել»։

Ինչո՞ւ գլխուղեղի կաթվածից հետո մարդիկ հիվանդանոցներում չեն պառկում

Հայաստանում ուղեղի կաթված ստացած մարդկանց մեծ մասը հիվանդանոցում երկար չի մնում։ Նրանք ձգտում են, որքան հնարավոր է, շուտ դուրս գրվել սոցիալական խնդիրների պատճառով։

Նյարդաբանների ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ հիվանդանոցները տարբեր կերպ են մոտենում գլխուղեղի կաթվածով հիվանդների բուժմանը, հետազոտման և բուժման միասնական ստանդարտներ չկան։ Բացի այդ, վերականգնման գործընթացը նույնպես թանկ արժե, և ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ մինչև վերջ բուժվել վերականգնողական կենտրոններում։


Կարդալ ավելին JAMnews-ում