Թուրքական ձկնորսական նավեր, ձկան ինչ արտադրանք կա և ուր են այն արտահանում" />

Գիշատչական ձկնորսություն Աբխազիայում. տուժում է ոչ միայն ձուկը

Թուրքական ձկնորսական նավեր, ձկան ինչ արտադրանք կա և ուր են այն արտահանում

Աբխազիայում տնտեսական լուրջ խնդիր է հասունանում. շարունակում է սրընթաց կրճատվել ծովափի ձկան քանակը: Ձկան արդյունահանումը հանրապետության համար եկամուտ ապահովող երկու գլխավոր ուղղություններից մեկն է: Սակայն 2017թ-ին ձկան պահուստի կրճատման պատճառով 40 հազար տոննա սահմանված քվոտան յուրացվել է միայն մեկ քառորդով. որսացել են  մոտ 11 հազար տոննա ձուկ: Իսկ 2018թ-ին քվոտան կրկնակի կրճատվել է, և մինչև տարեվերջ թույլատրված է որսալ միայն 20 հազար տոննա ձուկ:

Մանրամասներ այն մասին, թե ինչպես է աշխատում ձկան բիզնեսն Աբխազիայում:

 

Խախտումներով արդյունահանում

Լուսանկարը՝ Դմիտրի Ստատեյնովի, JAMnews

2018թ-ի սկզբին մի քանի թուրքական ձկնորսական նավ կրկին խախտեց արդյունահանման կանոններն ու ափին մոտեցավ թույլատրված 500 մետրից ավել: Եվ կրկին սոցցանցերում վրդովված քննարկումներ սկսվեցին։

Նման խախտումները պարբերական բնույթ են կրում: Նախորդ տարիներին տեղացիները բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ փորձելով իշխանությունների և հասարակության ուշադրությունը գրավել խնդրի վրա: Եղել են դեպքեր, երբ տեղացիներն անգամ կրակել են ափին ավելի մոտ հայտնված ձկնորսական նավերի վրա:

Սակայն որևէ բան փոխել այդպես էլ չի հաջողվել:

Լուսանկարը՝ Դմիտրի Ստատեյնովի, JAMnews

Ափին մոտ ձուկ որսալը վտանգավոր է նախևառաջ նրանով, որ հանգեցնում է հատակային ձկան ոչնչացմանը:

«Այն ապրում է կարծես «մանրաձկան տակ» և ձկնորսական նավերի գլխավոր նպատակն է: Առանց այդ հատակային ձկան մանրաձուկ չի լինի, քանի որ մանրաձուկը դրանով է սնվում», – ասում է Աբխազիայի ձկնորսական և որսորդական սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Բոնդարենկոն:

Երբ ձկնորսական նավը շատ է մոտենում ափին, այն սպանում է հատակի միկրոֆլորան, որը կարող է վերականգնել միայն 5-15 տարուց: Դա նշանակում է, որ ձկնորսական նավի՝ ամեն անգամ ափին մոտենալուց հետո ձկան մի մասը կամ պարզապես անհետանում է, կամ այն շատ մանր է: Եվ դա վերաբերում է ոչ միայն մանրաձկանն, այլ նաև արժեքավոր տեսակներին, ինչպես, օրինակ, տափակաձկանը, սաղմոնին», – ասում է Բոնդարենկոն:

 

Ցածր տուգանքներ

Լուսանկարը՝ Դմիտրի Ստատեյնովի, JAMnews

Աբխազիայի նախարարների կաբինետը դեռևս մի քանի տարի առաջ հատուկ որոշում է կայացրել, որը թույլ է տալիս ձկնորսական նավերին ափին մոտենալ 500 մետրից ոչ ավել: Խախտման համար առավելագույն տուգանքը երեք հազար ռուբլի է [մոտ $55]:

Տեղացիների կարծիքով՝ հենց այդպիսի ցածր տուգանքներն էլ սադրում են հաճախակի խախտումները:

«Եթե ձկնորսական նավի տերերին, երբ նրանց բռնում են ափին չափազանց մոտ, ընդհանրապես արգելեն ձուկ բռնել, նրանք կսկսեն հետևել կանոններին», – կարծում է Սուխումի բնակիչ Ալեքսանդրը: 

Արտադրություն և արտահանում

Ձկնորսական նավից ձուկը տեղափոխվում է հատուկ ջրավազաններ ահա այս խողովակով
Լուսանկարը՝ Դմիտրի Ստատեյնովի, JAMnews

Սովորաբար տարվա այս եղանակին Սուխումի Մայակ թաղամասի բնակիչները, որտեղ տեղակայված է ձկնային կոմբինատներից մեկը, բողոքում են ձկան ուժեղ հոտից: Շատերն ասում են, որ այն խեղդող և հոտած է, մյուսներն ասում են, որ հոտը «տապակած ձուկ» է հիշեցնում: Սակայն այս հունվարին ձկան հոտը ոչ ոքի չի անհանգստացնում:

«Ձուկ չկա: Այդ պատճառով էլ չենք աշխատում: Սպասում ենք, երբ են բերելու», – ասում է ձկան տեղական կոմբինատի աշխատակիցներից մեկը:

Ջրավազանը, որտեղ լցվում է ձուկըԼուսանկարը՝ Դմիտրի Ստատեյնովի, JAMnews

Վառարանները, որոնք կերի արտադրության համար գոլորշի են արտադրում Լուսանկարը՝ Դմիտրի Ստատեյնովի, JAMnews

Սարքավորումները, որոնց միջոցով ձկնալյուր և ձկան յուղ է արտադրվում Լուսանկարը՝ Դմիտրի Ստատեյնովի, JAMnews

Ձկան 100 տոննայից 60 տոննա ձկնալյուր է ստացվում Լուսանկարը՝ Դմիտրի Ստատեյնովի, JAMnews

Այսպիսի պարկում մեկ տոննա ձկնալյուր է տեղավորվում Լուսանկարը՝ Դմիտրի Ստատեյնովի, JAMnews

Տուժում է ոչ միայն ձուկը

Աբխազ պատմաբան Ռուսլան Բարցիցը պատմում է, որ Սև ծովի Աբխազիայի ափերի հատակին քիչ չեն ճարտարապետական հուշարձանները, ինչպես նաև հին խորտակված նավերը՝ զարմանալի բեռով, հին խարիսխները և շատ այլ բաներ:

«Նոր Աֆոնում, օրինակ, 555թ-ին այսպես կոչված Տրախեայի ճակատամարտն է տեղի ունեցել, և բազում ռազմական նավեր են խորտակվել: Երբ ձկնորսական նավերը ձուկ են որսում, ձկնորսական ցանցերում հին սափորներ են հայտնաբերվում: Սակայն դրանք չեն հետաքրքրում ձկան ոլորտի գործարարներին, և անգին գտածոները հաճախ կոտրվում են կամ քերծվել»,ասում է Ռուսլան Բարցիցը:

Նրա խոսքով՝ չնայած շատ փորձերի, գիտնականներին թույլ չեն տալիս ձկնորսական նավ բարձրանալ և թույլ չեն տալիս տեսնել իրենց պատմական «որսը»: «Դա կարող են թույլ տալ միայն բնապահպաններին», – ասում է նա:

Իսկ մի անգամ, պատմեց Բարցիցը, ձկնորսները հսկայական հին խարիսխ են գտել: Սկսել են այն բարձրացնել, սակայն շատ բարդ է եղել և հետ գցել են ջուրը: Եվ այն այդպես էլ մնացել է Նոր Աֆոնի ափին, մինչև որ ծովն այն հետ չի քշել-տարել:

Լուսանկարը՝ Դմիտրի Ստատեյնովի, JAMnews

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում