Վրաց-աբխազական վարչական սահմանին տեղի ունեցած սպանության վերաբերյալ հայց է ներկայացվել Ռուսաստանի Դաշնության դեմ" />

Գիգա Օթխոզորիայի ընտանիքը դիմել է Ստրասբուրգի դատարան

Վրաց-աբխազական վարչական սահմանին տեղի ունեցած սպանության վերաբերյալ հայց է ներկայացվել Ռուսաստանի Դաշնության դեմ

Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարան հայց է ներկայացվել վրաց-աբխազական վարչական սահմանին սպանված Գիգա Օթխոզորիայի ընտանիքի կողմից:

Հայցը Ռուսաստանի Դաշնության դեմ է: Փաստաթուղթը կազմել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնը (EHRAC):

Եվրոպական դատարան ներկայացված հայցում խոսքը գնում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածները (համապատասխանաբար կյանքի իրավունքի և արդար իրավական պաշտպանության իրավունքի մասին):

Հայցատուների գնահատականով՝ Աբխազիայի օկուպացված տարածքում մարդու իրավունքների խախտման, ինչպես նաև Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների գործողությունների պատասխանատվությունն ընկնում է ՌԴ՝ որպես նշված տարածքի հանդեպ վերահսկողություն իրականացնող պետության վրա:

30-ամյա Գիգա Օթխոզորիան սպանվել է 2016թ-ի մայիսի 19-ին Զուգդիդիի շրջանի Խուրչա բնակավայրի մոտ՝ վրաց-աբխազական վարչական սահմանին, Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Աբխազ սահմանապահ Ռաշիդ Քանջիօղլին նրա վրա 6 փամփուշտ էր արձակել: Օթխոզորիայի սպանությունը տեսագրել են տեղում ամրացված տեսախցիկները: Տեսագրված կադրերում երևում է, թե ինչպես են վիճում այսպես կոչված աբխազական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Ռաշիդ Քանջիօղլին և Գիգա Օթխոզորիան. Զուգդիդիի բնակիչ Օթխոզորիան փորձում է Գալի ուղարկել սննդամթերք, սակայն աբխազ սահմանապահները թույլ չեն տալիս անել դա:

Վեճից հետո Քանջիօղլին լքում է վերահսկիչ կետը, անցնում Խուրչա Գյուղի վրացական հատված և մի քանի անգամ կրակում Օթխոզորիայի վրա: Վրացական արդարադատությունը Ռաշիդ Քանջիօղլիին դատապարտել էր 14 տարվա ազատազրկման: Օթխթոզորիայի սպանության վերաբերյալ գործ էր հարուցել Աբխազիայի Ռազմական դատախազությունը: Որպես խափանման միջոց Աբխազիայի դե ֆակտո դատարանը տնային կալանք էր սահմանել: Սակայն 2017թ-ի ապրիլի 21-ին Քանջիօղլիի դեմ գործը կարճվել էր և փակվել: Սուխումիի ռազմական դատախազ Ադգուն Ագրբայի խոսքով, գործում մեղքի հատկանիշներ չեն հայտնաբերվել, քանի որ վրացական կողմն ուսումնասիրման համար բոլոր անհրաժեշտ նյութերը չի տրամադրել:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամսպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում