Գերմանիայի կանցլեր․ «Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, անարդար է, և Պուտինը ծանոթ է իմ դիրքորոշմանը»" />

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսիում է։ Կարևոր այցի առաջին օրը

Գերմանիայի կանցլեր․ «Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, անարդար է, և Պուտինը ծանոթ է իմ դիրքորոշմանը»

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Թբիլիսի, 2018 թ-ի օգոստոսի 23։ REUTERS/Իրակլի Գեդենիձե

Օգոստոսյան պատերազնից տասը տարի անց Գերմանիան շարունակում է սատարել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու պահանջում է նրա տարածքից դուրս բերել ռուսական զորքերը։ Սա ամենակարևոր ուղերձն է, որը Թբիլիսի էր բերել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր առաջին պաշտոնական այցի ժամանակ։

Սակայն վրացի քաղաքական գործիչներն ու փոձագետներն ասում են, որ Վրաստանի իշխանությունները կանցլերի հետ հանդիպմանը չէին նախապատրաստվել և ձեռքներից բաց թողեցին կարևոր հնարավորություն։

Ի՞նչ է ասել և ինչի՞ մասին է լռել Անգելա Մերկելն ու ինչո՞ւ են քննադատում Վրաստանի նոր վարչապետին JAMnews-ն ամփոփում է Գերմանիայի կանցլերի այցի առաջին օրը։

_________________

Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել օգոստոսի 23-ին։

Օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, Գերմանիայում Վրաստանի դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին և Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Պայիչը։

Իր առաջին հանդիպումն Անգելա Մերկելն անցկացրել է Վրաստանի կառավարությունում՝ վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։ Տետ-ա-տետ հանդիպումից հետո նրանք համատեղ մամուլի ասուլիս են տվել։

Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ Գերմանիայի կանցլերը հանդիպել է Վրաստանի նախագահի նստավայրում։ Տետ-ա-տետ հանդիպումը տևել է 40 րոպե։

Օրվա վերջում Անգելա Մերկելն այցելել է հանուն Վրաստանի միասնականության զոհված հերոսների հուշահամալիր, ծաղիկներ է դրել և ունկնդրել Գերմանիայի ու Վրաստանի հիմները։

Մերկելի այս այցը հարավկովկասյան շրջայցի մի մասն է։ Վրաստանից Գերմանիայի կանցլերը կմեկնի հարևան Հայաստան և Ադրբեջան։

Որպես կանցլեր Անգելա Մերկելն արդեն եղել է Վրաստանում նա Թբիլիսի էր այցելել ուղիղ տասը տարի առաջ՝ 2008 թ-ի օգոստոսի 17-ին, օգոստոսյան պատերազմից հետո։ Մերկելն այն ժամանակ հանդիպել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։

Ի՞նչ է ասել Մերկելը

Վրաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսը Գերմանիայի կանցլերը սկսել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցության ուղերձից։

«Մենք սատարում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը և կանենք մեզնից կախված ամեն ինչ այս հակամարտության լուծման համար», – հայտարարել է Մերկելը։

«Արդյո՞ք Դուք պարոն Պուտինի հետ որևէ ձևով քննարկել եք Վրաստանն ու Վրաստանի օկուպացիան», – սա մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելին տված առաջին հարցն էր։

Թբիլիսի կատարած այցից մի քանի օր առաջ՝ օգոստոսի 18-ին, Մերկելը Գերմանիայում ընդունել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պուտինի և Մերկելի՝ փակ դռների ետևում անցկացված հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։ Հանդիպումից հետո ավանդական համատեղ մամուլի ասուլիս չի եղել։ 

Մերկելի պատասխանը բավականին զգուշավոր էր։ Նա խուսափեց «օկուպացիա» բառից և այլ ձևակերպումներից, որոնք ընդունված են Թբիիլսիում, թեև նշեց, որ Վրաստանի շուրջ իրավիճակն «անարդար է»։ Թբիլիսիում նկատեցին նաև, որ Մերկելն «օկուպացիոն գծի» փոխարեն նշեց «սահմանազատման գիծ» արտահայտությունը։

«Վաղը ես հնարավորություն կունենամ այցելել վարչական սահման, սահմանազատման գիծ, այդ թվում այն հատված, որտեղ ներկայացված է Եվրամիության առաքելությունը։ Այն, ինչ տեղի է ունենում, անարդար է», – նշեց կանցլերը։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա Պուտինի հետ քննարկել է Վրաստանի օկուպացիան, Մերկելն ուղիղ պատասխան չտվեց։ Նա հարցին անուղղակիորեն պատասխանեց՝ ասելով, որ Պուտինին հայտնի է իր դիրքորոշումը։

Նա ավելի հստակ և վստահ նշեց, որ Պուտինի հետ հանդիպմանն արձանագրել է «Ուկրաինայի հետ կապված իր դիրքորոշումը»։ Ըստ նրա, դա «միևնույն համատեքստի» մաս է։

«Ռուսաստանի նախագահը ծանոթ է իմ դիրքորոշմանը, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ։ Մենք խոսում ենք այդ մասին։ Դա միևնույն համատեքստն է։ Չնայած մեծ ջանքերին՝ քիչ բան է արվում, որպեսզի մեկընդմիշտ այդ մեծ անարդարությունն անցյալում մնա։ Դա չպետք է առօրեական մի բան դառնա։ Չպետք է այդ իրավիճակի հետ համակերպում տեղի ունենա։ Մենք ամեն օր, առավելագույնս շատ պետք է խոսենք այդ մասին», – հայտարարել է Անգելա Մերկելը։

Ի՞նչ է ասել Վրաստանի վարչապետը

Ըստ վարչապետի՝ ինքն ու Գերմանիայի կանցլերը քննարկել են իրավիճակը Վրաստանում և հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։ Նա Գերմանիային հավատարիմ դաշնակից է անվանել։

Նա խոսել է Ռուսաստանի մասին և ընդգծել, որ Ռուսաստանը չի կատարում 2018թ-ի օգոստոսի 12-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի պարտավորությունները և շարունակում է Վրաստանի տարածքի 20%-ի օկուպացիան։

Նա ընդգծել է, որ Վրաստանն ընտրել է խաղաղ քաղաքականություն, և որպես օրինակ նշել է Ժնևյան բանակցությունները։

Ըստ վարչապետի՝ Վրաստանի իշխանությունները փորձում են հաշտվել հակամարտության շրջանների բնակչության հետ, վերականգնել նրանց վստահությունը և դրա համար հստակ քայլեր են կատարում։

«Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը վրաց-գերմանական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնեն», – Գերմանիայի կանցլերին է դիմել Մամուկա Բախտաձեն։ Ըստ նրա՝ Վրաստանի համար անգնահատելի է Գերմանիայի կանցլերի և կառավարության մշտական աջակցությունը։

Բախտաձեն մի քանի անգամ նշել է, որ Վրաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է, որ նրա եվրոատլանտյան ուղղությունն անփոփոխ է, և այդ ճանապարհին Վրաստանը հույս ունի ստանալու Գերմանիայի աջակցությունը։

Փորձագետների և քաղաքական գործիչների գնահատականները

Անգելա Մերկելի այցը Վրաստան կարևոր են համարում ինչպես իշխանություններն, այնպես էլ ընդդիմությունը։ Սակայն, քաղաքական գործիչների և փորձագետների խոսքով, վրացական կողմը նախապատրաստված չէր, ինչի պատճառով Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործչի հետ հաղորդակցության հնավարությունը հարկ եղած կերպով չօգտագործվեց։

Վրացի փորձագետները քննադատորեն գնահատեցին մամուլի ասուլիսին Վրաստանի վարչապետի ելույթը։ Ըստ նրանց՝ վարչապետը «թույլ» էր և «ասուլիսին չբարձրացրեց Վրաստանի համար ոչ մի հստակ և կարևոր թեմա»։

«Նման մակարդակի այցերից գլխավոր ակնկալիքն այն է, որ իշխանությունները զարգացնեն երկրի համար հստակ ուղղություններ։ Ցավոք, Վրաստանի վարչապետը դա չարեց։ Առաջին հերթին, աչքի ընկավ այն, որ նա շատ քիչ էր խոսում ՆԱՏՕ-ի մասին։ Նա պետք է հրապարակավ խոսեր հստակ ուղղություններից, օրինակ, Անդամակցության գործողությունների պլանի կամ Վրաստանում ՆԱՏՕ-ի ավելի մեծ ռազմական մասնակցության մասին։ Վարչապետը որևէ հարցի մասին հստակ չխոսեց․․․Դա մասամբ նրա անփորձությունից է գալիս, մասամբ էլ Իվանիշվիլիի քաղաքականությունն է, որը լավ գիտենք Իվանիշվիլին չի ուզում, որ Վրաստանը Ռուսաստանի և Արևմուտքի միջև անհամաձայնության թեմա լինի», – Պիրվելի Թի-Վիի եթերում հայտարարել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Սերգի Կապանաձեն։

Վերլուծաբան Գեորգի Ռուխաձեն ասում է, որ նա մասնակիորեն հիասթափված է Անգելա Մերկելի հայտարարություններից։

Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի (GSAC) հիմնադիրն ու Եվրոպական հետազոտությունների տնօրենն ասում է, որ Գերմանիայի կանցլերից ավելի ուժեղ աջակցության հայտարարություններ էր սպասում։

«Տիկին Մերկելը ոչ հիշատակեց «օկուպացիա» բառը, ոչ էլ օկուպացիոն գիծը։ Փաստացի հաստատեց, որ Պուտինի հետ հանդիպմանը Վրաստանի մասին խոսք չի եղել։ Չհիշատակեց ՆԱՏՕ-ն, չխոսեց Վրաստանի եվրոպական հեռանկարների մասին։ Ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, բայց նա սահմանափակվեց գրքերի ֆրանկֆուրտյան տոնավաճառի, կոյուղու և ջրատարի, Վրաստանի պետական համալսարանի թեմաներով», – հայտարարեց Գիորգի Ռուխաձեն։

Գնահատելով Վրաստանի վարչապետի հայտարարությունը, Ռուխաձեն նշեց, որ Մամուկա Բախտաձեն ասուլիսին փաստացի չհնչեցրեց եվրոպական հեռանկարների և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին հատուկ ուղերձներ։

Ռուխաձեն ասում է, որ այն հարցերը, որոնք իրոք անհանգստացնում են Վրաստանին, օրակարգում ներառված չէին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հարցը, որի մասին ընդհանրապես խոսք չգնաց։

«Այսօր Թբիլիսիում նա [Մերկելը] առավելագույնս խուսափեց Ռուսաստանի դեմ հայտարարություններ և քննադատություն հնչեցնելուց», – հայտարարեց Ռուխաձեն։

________________

Մերկելի Վրաստանում կմնա մինչև օգոստոսի 24-ը։ Այցի ամենակարևոր հատվածը հակամարտության գոտու այցելությունն է։ «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցում Գերմանիայի կանցլերը կհանդիպի ընդդիմադիր կուսակությունների ներկայացուցիչների հետ։ Նա հանդիպում ունի նաև Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ։


Կարդալ ավելին JAMnews-ում