Զիադ Վարպետ Զիադը կարող է սարքել և վերանորոգել ամեն ինչ, եթե միայն իրը մետաղից է " />

Գայլ, աստղեր և անագե ասպետ. Բաքվի «Ածխագործների շուկայի» վարպետի պատմությունները՝ 12 լուսանկարով

Զիադ Վարպետ Զիադը կարող է սարքել և վերանորոգել ամեն ինչ, եթե միայն իրը մետաղից է

Վարպետ Զիադը մետաղական սպասք է վերանորոգում և հին իրեր վերավաճառում: Ինչ ասես, որ չեն բերում նրա մոտ՝ և՛ կաթսաներ, և՛ ինքնաեռներ, և՛ թասեր, և՛ նավթի լամպեր: Առավել հաճախ դրանք հին, շատ հին իրեր են: Սակայն դրանք կամ ցանկանում են որպես ինչ-որ մեկից հիշատակ պահել, կամ պարզապես փող չկա նորը գնելու համար:

Զիադ վարպետը ծնվել է Աղդամում՝ Ադրբեջանի արևմուտքում: Այնուհետև ընտանիքը Լագիչ է տեղափոխվել՝ Իսմայիլի շրջանում գտնվող «վարպետների քաղաք»: Այժմ նրա փոքր արհեստանոցը գտնվում է այսպես կոչված «Ածխագործների շուկայի» մոտ՝ Բաքվի ամենակոլորիտային «Կուբինկա» թաղամասում:

«Հնաոճ իրերի վերականգնում» գրված է ցուցանակին

«Հաճախորդների հետ աշխատանքը շատ բարդ է: Օրինակ, մեկն արժեքավոր իր է բերում և էժան գնով տալիս: Այդ ժամանակ միանգամից հասկանում եմ, որ գողացված է, և հրաժարվում եմ գնել:

Մի անգամ հնաոճ իրերի խանութից ինձ գայլի արձան բերեցին, խնդրեցին վերանորոգել: Այն ավելի քան հարյուր տարեկան էր: Ես վերանորոգեցի և մի կողմ դրեցի: Հետո մի կին եկավ և թաս բերեց վերանորոգելու: Վերանորոգեցի, հետո գնացի փող մանրելու, որպեսզի մանրը վերադարձնեմ: Կինը հեռացել էր: Ես սկզբում աշխատանքով էի զբաղված, հետո գլխի ընկա՝ գայլը չկար: Հասկացա, որ կինն է գողացել. նրանից հետո հաճախորդներ չկային:

Արագ զանգահարեցի բոլոր ծանոթ վարպետներին, հարցրի՝ արդյոք այդպիսի իր չեն տարել իրենց մոտ: Ֆիզուլի վարպետը «Առևտրայինից» [քաղաքի կենտրոնում հետիոտնային փողոցի հին անվանումը – խմբ.] ասաց, որ իմ գայլը հենց նոր իրեն են վաճառել 25 մանաթով: Ստիպված էի գնալ և հետ գնել այն»:

«Մի անգամ Խաչմասից [քաղաք Ադրբեջանի հյուսիսում – խմբ.] պատվեր ստացա. տապանաքարի համար պետք է պղնձե 3 աստղ պատրաստեի: Գինը դեռ չէինք քննարկել, ես էլ մտածեցի, որ եթե չկարողանանք պայմանավորվել գնի շուրջ, դեռ վնաս էլ կկրեմ: Որոշեցի ապահովագրել ինձ. էժան նյութից երեք մանրակերտ սարքեցի և փոստով ուղարկեցի պատվիրատուին:

Հաջորդ օրը նա զանգահարեց և ասաց, որ իրեն դուր է եկել, և որ պղնձից պատրաստեմ: Երկու օր տանջվեցի պատվերի վրա: Իսկ հաճախորդը չէր կարողանում գալ, աշխատանքի էր: Զանգահարում է, թե որքան պետք է վճարեմ: Ասում եմ՝ միասին 750 մանաթ: Ասում է՝ թե կարծել է, որ 200 կլինի: Չհասկացանք միմյանց, ես վնասներ կրեցի:

Սակայն որոշակի ժամանակ անցավ, և աստղերը դուր եկան մեկ այլ հաճախորդի: Լավ գնով վաճառեցի: Իսկ հետո զանգահարեց առաջին պատվիրատուն և ասաց, որ գալիս է աստղերը տանելու, համաձայն է իմ գնին: Ասացի, որ դրանք էլ չկան, վաճառել եմ: Նրա համար նորը պատրաստեցի, և այս անգամ գինն ավելի բարձր ասացի: Քանի որ այլ վարպետներ նրանից ավելի շատ գումար էին ուզել:

Իսկ պատվերի համար գումարն այս անգամ նախապես վերցրեցի»:

«Այստեղ երիտասարդ եմ, թերթից էին եկել, լուսանկարել»

«Մի անգամ ծանոթներից մեկն ինձ մոտ մի հաճախորդի ուղարկեց, որի համար պետք է ասպետի քանդակ մաքրեի: Սաղավարտով էր ասպետը, մի ձեռքում՝ թուր, մյուսում՝ վահան: Քանդակը խամրել էր, իսկ նրանք պատրաստվում էին այն արտասահման ուղարկել որպես նվեր:

Սկսեցի աշխատել: Նոր էի միացրել այրիչը, իսկ ասպետը ջերմությունից սկսվեց հալվել: Պարզվեց, որ անագից է: Վրայից միայն օղազրահն է մետաղական: Իսկ ներսը դատարկ է: Այն բամբակով լցրեցի, գործիքներով մի կերպ հարթեցրի հալված մասը: Մի ամբողջ օր ծախսեցի: Ներկեցի, փայլեցրի, տեսնեմ՝ ոչինչ չի զգացվում:

Հաճախորդը եկավ-տարավ ասպետին: Որոշ ժամանակ անց հանդիպում եմ այն ծանոթիս, որն այդ հաճախորդին ուղարկել էր: Պատմում եմ, թե ինչպես է այդ քանդակը տանջել ինձ: Նա ասում է, որ չանհանգստանամ. ամեն ինչ նորմալ է, ուղարկել են արտասահման, նվիրել են»:

«Երբեմն շատ տարօրինակ իրեր են բերում: Օրինակ, ապակուց, պլաստիկից և այլ նյութերից դեկորատիվ առարկաներ:

Երբեմն էլ այսպես է լինում. թանկարժեք մի իր եմ վերանորոգում, իսկ դրա տերը հետո կրճատում է վճարը: Ես կհասկանայի, եթե խոսքը գնար աղքատների մասին, սակայն այդպես վարվում են շատ ունևոր մարդիկ: Հարուստները միշտ ձգտում են քիչ վճարել: Այդքան գումարներ են ծախսում սրճարաններում և ռեստորաններում, իսկ իմ գումարն ամբողջությամբ չեն վճարում:

Բայց ընդհանրապես, գումարն այս արհեստում գլխավորը չէ: Երբեմն մենք պատրաստ ենք իրը շատ ցածր գումարով էլ վերանորոգել, միայն թե այն չկորչի»:

«Քաղաքը մեծ է, վարպետները՝ քիչ: Իսկ ես գնալով ծերանում եմ: Մի աշակերտ ունեմ: Աշխատում եմ նրան սովորեցնել այն ամենն, ինչ կարող եմ, որպեսզի արհեստը շարունակի ապրել»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում