Ըստ հոգևորականի՝ իշխանություններն, օլիգարխ Իվանիշվիլիի հանձնարարությամբ, պատրաստվում էին պաշտոնանկ անել պատրիարք Իլյա Երկրորդին" />

Գահախաղ։ Ի՞նչ է տեղի ունենում վրացական եկեղեցում

Ըստ հոգևորականի՝ իշխանություններն, օլիգարխ Իվանիշվիլիի հանձնարարությամբ, պատրաստվում էին պաշտոնանկ անել պատրիարք Իլյա Երկրորդին

Անցյալ շաբաթ ամենաազդեցիկ հոգևորականներից մեկը՝ արքեպիսկոպոս Իակովը, Վրաստանի վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրեց Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավարին պաշտոնանկ անելու փորձի, իսկ բարձրաստիճան հոգևորականներին՝ պատրիարքի նկատմամբ մահափորձի համար։

Այս սենսացիոն հայտարարությունը նոր եկեղեցական սկանդալ առաջացրեց, որը համակեց վրացական ողջ տեղեկատվական տարածքը։

Ի՞նչ է ասել հայր Իակովը

Եկեղեցական նոր սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ ամենաազդեցիկ հոգևորականներից մեկը՝ սինոդի անդամ արքեպիսկոպոս Իակովը (Յակոբաշվիլի), սեփական նախաձեռնությամբ զանգահարել է «Պիրվելի» հեռուստաընկերության եթեր և հայտարարել, որ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ գործող վարչապետ Գիորգի Գախարիային, փորձել են պաշտոնանկ անել Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավար կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին։

Ըստ հոգևորականի՝ դրա համար հստակ պլան էր մշակվում, որի պատվիրատուն երկրի ոչ ֆորմալ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին է։

Արքեպիսկոպոս Իակովը 

Հարցազրույցում Իակովն ասել է, որ անձամբ է ներկա գտնվել 2016թ-ին տեղի ունեցած հանդիպումներից մեկին, որի ժամանակ իշխանության ներկայացուցիչները պլանավորում էին պատրիարքի պաշտոնանկությունը։

Պատրիարքարանի կապիտալը։ Վրաստանի ամենաազդեցիկ ինստիտուտի ունեցվածքը

Եկեղեցական սկանդալ Վրաստանում։ Ի՞նչ չեն կարողանում կիսել հոգևորականները 

Ցիանիդի մասին գործը։ Իրական մահափո՞րձ, թե՞ պատրիարքարանի «արքունական» խաղեր

Հոգևորականի խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել պետական կանցելյարիայում՝ այն ժամանակվա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի կաբինետում։

Իակովը պնդում է, որ հանդիպմանը ներկա է եղել պետական անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Վախթանգ Գոմելաուրին (ներքին գործերի ներկայիս նախարարը), ներքին գործերի նախարար և ներկայիս վարչապետ Գիորգի Գախարիան, ինչպես նաև գործարար և Բիձինա Իվանիշվիլիի ֆավորիտ Վանո Չխարտիշվիլին։ Արքեպիսկոպոս Իակովը նշել է, որ հարցի լուծումը հանձնարարվել է հենց Չխարտիշվիլիին։

Իակովի խոսքով՝ «ցիանիդի մասին սկանդալային գործը» նույնպես նախապատրաստվել էր իշխանությունների մասնակցությամբ։

«Ցիանիդի մասին գործն» ամենաառեղծվածային և սկանդալային քրեական գործերից մեկն է Վրաստանի ժամանակակից պատմության մեջ։ Դրա գլխավոր գործող անձը հոգևորական, ավագերեց Գիորգի Մամալաձեն է։ Նա արդեն երկու տարի է, ինչ բանտում է, դատարանը նրան դատապարտել է ինը տարվա ազատազրկման Շորենա Թեթրուաշվիլիի՝ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի քարտուղարի սպանության նախապատրաստման համար։

 

Մամալաձեն կալանավորվել է 2017թ-ի փետրվարին Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր ուղևորվել Գերմանիա։ Այդ ժամանակ պատրիարք Իլյա Երկրորդը Մյունխենում բուժվում էր, նրա հետ էր այնտեղ նրա ողջ մերձվոր շրջապատն, այդ թվում՝ Շորենա Թեթրուաշվիլին։

 

Ըստ հետաքննության տվյալների՝ Մամալաձեի ուղեբեռում ուժեղ թույն էր հայտնաբերվել՝ նատրիումի ցիանիդ, իսկ նրա տանն՝ ատրճանակ և փամփուշտներ։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ Մամալաձեն պատրաստվում էր թունավորել պատրիարքին, սակայն ավելի ուշ վարկածը փոխվեց․ հետաքննությունը պնդում էր, որ զոհը պետք է Շորենա Թեթրուաշվիլին լիներ։

Պատրիարքի սպանության կատարողները պետք է լինեին Սուրբ սինոդի անդամներ միտրոպոլիտ Պյոտր Չկոնդիդսկին և ավագերեց Գիորգի Մամալաձեն, պնդում է արքեպիսկոպոս Իակովը։ Սակայն նա հստակ չի նշել, թե կառավարությունից ով է պլանավորել սպանությունը։

Իակովի խոսքով՝ կանցելյարիայի հանդիպման մասնակիցները Վրաստանի ապագա պատրիարք էին անվանում արքեպիսկոպոս Շիոյին [պատրիարքի ներկայիս տեղապահը, որն այդ պաշտոնում էր նշանակվել պատրիարքի կողմից 2017թ-ի նոյեմբերին։ Այդ կարգավիճակը նշանակում է, որ պատրիարքի անաշխատունակության կամ մահվան դեպքում հենց արքեպիսկոպոս Շիոն է գլխավորելու վրացական եկեղեցին — JAMnews]։ Իակովը պնդում է, որ արքեպիսկոպոս Շիոն ընտրվել է Ռուս ուղղափառ եկեղեու հետ նրա մոտ հարաբերությունների և Ռուսաստանի հետ կապերի շնորհիվ։

Իակովը հարցազրույցի ժամանակ հաճախ էր ժարգոնային բառեր և ցենզուրայից դուրս արտահայտություններ օգտագործում և սպառնալիքներ հնչեցնում պատրիարքի թշնամիների հասցեին։ Այդ պատճառով էլ շատերի մոտ այն տպավորությունն էր, որ հոգևորականը սթափ չէ։ Սակայն հաջորդ օրն Իակովը հանրային կերպով կրկնել է իր մեղադրանքները։

Յակոբաշվիլին հիշատակել է նաև Բիձինա Իվանիշվիլիին՝ երկրի որ ֆորմալ ղեկավարին։ Հենց նրա հրահանգով էր, ինչպես ակնարկել է հոգևորականը, նախապատրաստվում պատրիարքի պաշտնանկության պլանը։ Սպառնալիքներ հնչեցնելով պատվիրատուների հասցեին՝ Իակովը հիշատակել է մեկին, որն «իրեն երկրի ղեկավար է համարում»։

Իշխանությունները կտրականապես հերքեցին արքեպիսկոպոս Իակովի մեղադրանքները։ Վարչապետ Գիորգի Գախարիան հոգևորականի մեղադրանքները հիմարություն անվանեց և ասաց, որ նման հանդիպում երբեք չի անցկացվել ոչ կանցելյարիայում, ոչ էլ որևէ այլ տեղ։ Կվիրիկաշվիլին և Գոմելաուրին նույնպես հերքել են բոլոր մեղադրանքները։

Հայր Իակովը վրացական եկեղեցու ամենասկանդալային ֆիգուրներից է։ «Պիրվելիին» տված հեռուստահարցազրույցից առաջ նա քորեպիսկոպոսի և պատրիարքարանի ֆինանսատնտեսական խորհրդի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում։ Հարցազրույցի հաջորդ օրը Իակովը հրաժարական է տվել իր երկու պաշտոններից էլ։ Այնուամենայնիվ, արքեպիսկոպոս Իակովը Բոդբիի արքեպիսկոպոսն է և, հետևաբար, Սուրբ Սինոդի անդամ։

«Այսօր մենք այլևս եկեղեցի չունենք, դա ֆինանսամաֆիոզական կարտել է»

Շատերը չեն հավատում Իակովի պատմության իսկությանը։

Սակայն, անկախ մեղադրանքների հիմնավորվածությունից, աստվածաբաններն ասում են, որ Վրաց ուղղափառ եկեղեցին իր պատմության ամենադրամատիկ ժամանակաշրջաններից մեկն է ապրում։

Երբ հոգևորականները, Սուրբ սինոդի անդամները միմյանց մեղադրում են սպանությունների կազմակերպման, կոռուպցիայի, հարաբերությունների պարզման և ինտրիգների համար, դա ցույց է տալիս, որ եկեղեցում լուրջ խնդիրներ են առկա, կարծում են փորձագետները։

Պատրիարքարանից, որը միշտ եղել է երկրի ամենափակ ինստիտուտներից մեկը, իսկական տեղեկատվական արտահոսք է գնում։

Հոգևորականները սեփական նախաձեռնությամբ զանգահարում են ուղիղ եթեր, լրագրողներին քրեական պատմություններ պատմում, ցենզուրայից դուրս արտահայտություններ անում, սպառնում պատմել ամեն ինչ, միմյանց մասին մերկացնող նամակներ գրում։ Հնչել են նաև անուղղակի մեղադրանքներ եկեղեցում տիրող «արվամոլության և մանկապղծության» մասին։

Սա անդառնալի գործընթաց է, որը կարող է շարունակվել ապագայում, պնդում են աստվածաբանները, և պատրիարքարանն այլևս չի կարողանա զսպել տեղեկատվության այս ալիքը։

Փորձագետները պնդում են նաև, որ ծեր պատրիարքի հետնորդը դառնալու համար պայքարը վճռորոշ փուլ է թևակոխում։

Նրանցից ոմանք պնդում են, որ այդ պայքարի գլխավոր մասնակիցներից մեկը կառավարությունն, իշխանությունն է, մասնավորապես, եկեղեցում ընթացող գործընթացների հետևում կանգնած է երկրի ոչ ֆորմալ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։

«Իվանիշվիլիի կառավարման ամենաուժեղ կողմն այն է, որ դրանում սկանդալային, շոկային և ցնցող ոչինչ չկա․ ամեն իչ արժեզրկված է, բոլորը հավասարապես կեղտի մեջ են, բոլորը ողորմելի են։ Իվանիշվիլիի ժամանակաշրջանում անգամ բոլոր սահմաններն անցած անբարոյականությունը, ցանկացած հանցագործություն, ամենազազրելի արարքները զանգվածային են դարձել։ Անգամ ամենասարսափելի չարիքն առօրեական է դարձել», – գրում է աստվածաբան Բեքա Մինդիաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։

Հոգևորականները խոսում են նաև եկեղեցու ներսում առկա խնդիրների մասին։ Ավագերեց Իլյա Չգլաձեն Ֆեյսբուքում գրում է․

«Մենք այսօր այլևս եկեղեցի չունենք, դա ֆինանսամաֆիոզական կարտել է»։

Հոգևորականը ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը դնում է պատրիարքի վրա։

«Ես շոկի մեջ էի, երբ լսեցի արքեպիսկոպոս Իակովի հարցազրուցը։ Նման եկեղեցում մնալն ավելի ու ավելի անտանելի և ամոթալի է դառնում։ Պատասխանատուն այս ամենի համար, բնականաբար, եկեղեցու ղեկավարն է՝ կաթողիկոս-պատրիարքը, հաշվի առնելով գարշելի կադրային քաղաքականությունը, որը նա վարել է երկար տարիների ընթացքում, որի պատճառով էլ մենք այժմ նման իրավիճակում ենք», – գրել է ավագերեցը։

Ընդդիմության մի մասն ու լիբերալ տրամադրված հասարակությունը դրական նշաններ էլ են տեսում այս գործընթացում և համարում են, որ եկեղեցին վաղուց ավելի շատ թափանցիկության կարիք ունի։

«Բոլորը միմյանց մեղադրում են, և այս գործընթացը պետք է մինչև վերջ հասնի։ Կրոնական բարոյականությունը պարզապես կրոնական կատեգորիա չէ, դա նաև իրավական կատեգորիա է, այդ պատճառով էլ այն կարևոր է մեզ համար։ Հանուն կրոնական բարոյականության՝ եկեղեցին դատարաններ է դիմում, մարդկանց արգելում ինքնաարտահայվել», – ասել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թամար Կորձայան։

Նա հիշեցրել է պահպանակներ արտադրող վրացական ընկերության հետ կապված դեպքը, որի դեմ պատրիարքարանը հայց էր ներկայացրել հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար տուփերի վրա պատկերված նկարների պատճառով։

«Չկան ոլորտներ, որտեղ պատրիարքարանը միջամտած չլինի՝ հանուն կրոնական բարոյականության։ Եկեղեցին տարիներով պայքարում է երկրում հավասարության և առաջընթացի դեմ, մարդկանց նկատմամբ խտրականություն կիրառում՝ նրանց ասելով, որ եթե նրանք միասեռական են, չպետք է փողոց դուրս գան։ Սակայն եթե նրանք էլ են դա անում, մենք պետք է իմանանք այդ մասին», – ասում է Կորձայան։

Ավագերեցի նամակը

Իակովի հարցազրույցի համատեքստում կրկին արդիական է դարձել նամակը, որը գրել է բանտարկված ավագերեց Մամալաձեն այս տարեսկզբին։ Նամակի բովանդակությունն այդպես էլ չի հրապարակվել։ Հայտնի է միայն, որ այն սկանդալային տեղեկությունների շքերթ է պարունակում։ Սկսած կոռուպցիայից և հոգևորականների ֆինանսական զեղծարարություններից, վերջացրած «արվամոլությամբ և մանկակպղծությամբ»։

Միաժամանակ արքեպիսկոպոս Իակովը հայտարարում է, որ Գիորգի Գախարիան, երբ դեռ ներքին գործերի նախարար էր, կոմպրոմատ էր հավաքում հոգևորականների դեմ, դրա համար նրանք գաղտնի հսկողության էին ենթարկվում։ Լրագրողներից ոմանք նույնպես հաստատում են այդ խոսքերը՝ հիմնվելով սեփական աղբյուրների վրա։ Նրանք ասում են, որ տեղեկություններ ունեն․ Գախարիան հոգևորականների մասնակցությամբ բազմաթիվ սկանդալային տեսագրություններ ունի։

Քննարկման հիմնական թեմաներից մեկն այժմ այն է, թե արդյոք պետք է հրապարակվի Մամալաձեի նամակը։

Այս հարցը պառակտել է անգամ լիբերալ հասարակությանը։

Ոմանք կարծում են, որ նամակը պետք է հրապարակվի, քանի որ հավատացյալներն իրավունք ունեն իմանալու, թե ով է իրենց հետ խոսում Աստծո անունից։

Երբ, հանուն կրոնական բարոյականության, հոգևորականները հանրային կերպով հետապնդում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, սակայն միաժամանակ հենց իրենք են ներկայացնում այդ համայնքը, հասարակությունը պետք է իմանա այդ մասին, կարծում է լիբերալ տրամադրված հասարակության մի մասը։

Մյուս մասը կարծում է, որ սեռական կողմնորոշման մասին տեղեկությունների հանրայնացումն անթույլատրելի է, քանի որ դա անձնական կյանքին միջամտելու փորձ է, և նշանակություն չունի՝ այդ մարդը հոգևորական է, թե ոչ։ Այս տեսանկյունի կողմնակիցներն անբարոյական են համարում հոգևոր սպասավորների դեմ նույն մեթոդներով պայքարելը։

Սինոդի նիստ

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ պատրիարքարանը որոշել է Սուրբ սինոդի արտահերթ նիստ անցկացնել։ Այն կկայանա հոկտեմբերի 31-ին ժամը 12:00-ին։

Սուրբ սինոդը վրացական եկեղեցու հոգևորականների ժողով է, որոնք որոշումներ են կայացնում եկեղեցու կառավարման վերաբերյալ։ Սուրբ սինոդը գլխավորում է եկեղեցու ղեկավարը (կաթողիկոս-պատրիարքը)։ Սինոդն ունի 46 անդամ, նրանք ամենաազդեցիկ հոգևորականներն են։

Ավանդաբար սինոդը գումարվում է տարին երկու անգամ՝ Զատկի տոնից հետո և Սուրբ Ծնունդի պահքի ժամանակ։ Սակայն այդ ժամանակացույցը վաղուց է խախտվել։ Սինոդի վերջին նիստը կայացել է անցյալ տարվա դեկտեմբերին։

Ինչպես նշում են աստվածաբանները, սինոդը չի գումարվում եկեղեցում առկա խնդիրների պատճառով՝ խուսափելով քննարկել դրանք։ Պատճառներից մեկը նաև այն է, որ վրացական եկեղեցին չի շտապում ճանաչել ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիան։

Արքեպիսկոպոս Իակովը նույնպես մասնակցում է սինոդի նիստին որպես Բոդբիի եպիսկոպոս։ Ակնկալվում է նաև արքեպիսկոպոս Պյոտրի մասնակցությունը, որին Իակովը մեղադրել է պատրիարքի սպանության նախապատրաստման մեջ։

Աստվածաբանները կարծում են, որ սինոդի գումարումը չի շտկի իրավիճակը, և եկեղեցու հեղինակությունը շարունակելու է փլուզվել, քանի որ գործընթացն արդեն դուրս է եկել վերահսկողությունից։

«Եվ ավարտը, հավանաբար, ճակատագրական է լինելու, քանի որ տարբեր թեմաներից հանվում է տաբուն։ Եկեղեցին էլ ավելի անհարմար դրության մեջ է հայտնվելու, քանի որ այն պայքարում է ոչ թե իր ներսի խնդիրների, այլ նրանց դեմ, ովքեր խոսում են այդ խնդիրների մասին», – կարծում է աստվածաբան Գեորգի Տիգինաշվիլին։ 

_______________

• 86-ամյա պատրիարք Իլյա Երկրորդը հազվադեպ է հանրության առջև հայտնվում առողջական խնդիրների պատճառով։ Նրանից, ով կարող է զբաղեցնելու պատրիարքի տեղն Իլյա Երկրորդի մահվանից հետո, կախված է ոչ միայն եկեղեցու ճակատագիրն, այլ նաև, որոշակի առումով, երկրի ներքին և արտաքին քաղաքականության ուղղվածությունը։

• Եկեղեցին Վրաստանի ամենաազդեցիկ ինստիտուտն է, պատրիարքին վստահում է բնակչության ավելի քան 80 տոկոսն, ու այս թիվն անփոփոխ է մնում բոլոր հարցումներում։ Իլյա Երկրորդի անձնական հեղինակությունը Վրաստանում եկեղեցու առանձնահատուկ պոպուլյարության պատճառներից մեկն է համարվում։

• Վրաստանում պետության և եկեղեցու միջև հարաբերություններն ավանդաբար հիմնված են փոխադարձ շահի վրա․ եկեղեցին իր աջակցության դիմաց տնտեսական դիվիդենդներ է ակնկալում կառավարությունից, իսկ քաղաքական գործիչների համար պատրիարքի հետ մտերմությունն ու վառված մոմերի ու սրբապատկերների ֆոնին արված լուսանկարներն ընտրողների սրտերն արագ գրավելու և սեփական հաջող կարիերան ապահովելու վստահելի միջոց են։

• Ուղղափառ եկեղեցին Վրաստանի ամենահարուստ և լավ կազմակերպված կառույցներից է։ Յուրաքանչյուր տարի այն ստանում է շուրջ 25 մլն լարի (մոտ 8.5 մլն դոլար) պետական բյուջեից։ Հանրային ռեեստրի տվյալներով՝ պատրիարքարանը հսկայական քանակությամբ սեփականություն ունի։ Եկեղեցին այսօր ունի և կառավարում է ավելի քան 62,7 քառ․ կմ հող, ինչը մոտավորապես հավասար է Բաթում քաղաքի տարածքին։


Կարդալ ավելին JAMnews-ում