Նինո, 15 տարեկան: Իմ համադասարանցին մյուսներին սովորեցնում էր, որ ինձ հետ չխոսեն և չհրավիրեն ծննդյան տարեդարձներին" />

Բռնությունը Վրաստանի դպրոցներում: Ո՞րն է ելքը: Պատասխանում են հոգեբանները, մանկավարժներն ու փորձագետները

Նինո, 15 տարեկան: Իմ համադասարանցին մյուսներին սովորեցնում էր, որ ինձ հետ չխոսեն և չհրավիրեն ծննդյան տարեդարձներին

Ակցիա ի հիշատակ սպանված դպրոցականների #51 դպրոցի մոտ: Լուսանկարը՝ Լևան Միկաձեի, JAMnews

Թբիլիսիի Խորավա փողոցում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած կռիվը խլեց երկու դեռահասի կյանք: Մեղադրյալները զոհվածների հասակակիցներն են՝ Թբիլիսիի №1 փորձարարական դպրոցի 11-րդ դասարանի աշաերտները:

Դեկտեմբերի 2-ին Ցխալտուբայի շրջանի Օպշքվիթի գյուղում կրծքին հասցրած դանակի հարվածից մահացել էր ևս մեկ դեռահաս: Դաժան սպանության համար մեղադրվում է սպանվածի համադասարանցին և ընկերը:

Այս ողբերգությունները բուռն քննարկվում են Ֆեյսբուքի վրացական հատվածում: Սակայն միաժամանակ բոլորը կարծում են, որ դպրոցն ու կրթական համակարգն այսօր լուրջ խնդիրների առջև են կանգնած:

JAMnews-ը զրուցել է աշակերտների, կրթության ոլորտի փորձագետների և հոգեբանների հետ: Մենք փորձել ենք պարզել, թե ինչպիսին է իրավիճակն այսօր դպրոցներում և որն է ելքը:

________________________________________

Նինո, 15 տարեկան
հանրակրթական դպրոցներից մեկի աշակերտ

«Կռիվները, հարցեր պարզելն ու նվաստացումներն՝ այս բոլոր փաստերը մշտապես գոյություն ունեն մեր դպրոցում: Սակայն հաճախ դրա մասին չի խոսվում: Դեպք եղավ, երբ ծնողները պարզապես աշակերտներից մեկին տեղափոխեցին մեկ այլ դպրոց սկանդալից խուսափելու համար: Իսկ բուլինգի նախաձեռնողները մնացին և շարունակում են սովորել մեր դպրոցում: Երբեմն աղջիկները տղաներից ավելի կատաղի են կռվում: Մի անգամ երկու աղջիկ այնպես կռվեցին տղայի պատճառով, որ նրանց բաժանում էր մանդատուրին՝ դպրոցում միջադեպերի կանխման հարցերով լիազորը:

Ավելի հաճախ է հանդիպում բարոյական, խոսքի միջոցով բռնությունը: Այդ դեպքերից մեծ մասի վերաբերյալ չգիտեն ոչ ուսուցիչները, ոչ տնօրինությունը: Ես նույնպես բուլինգի զոհ եմ եղել: Համադասարանցիներից մեկը սովորեցնում էր մյուսներին չխոսել ինձ հետ և չհրավիրել ծննդյան տարեդարձնրին: Ես պատմեցի մորս, իսկ նա հանդիպեց տնօրենի հետ: Վերջինս իր հերթին կանչեց այդ աշակերտին, և դրանով իմ նվաստացումներն ավարտվեցին»:

Մայա Կուրցիկիձե,

Վրաստանում UNICEF-ի կոմունիկացիայի ծրագրի ղեկավար

«Վրաստանի օմբուդսմենի աշխատակազմը ՄԱԿ Մանկական հիմնադրամի աջակցությամբ 2016-2017թթ-ին դպրոցներում բռնության դեպքերի մոնիթորինգ է անցկացրել: Պարզվել է, որ բուլինգը դպրոցականների մոտ հարաբերությունների տարածված ձև է: Երեխաներին հաճախ նվաստացնում են, գոռում նրանց վրա, դիպչում ինքնասիրությանը: Եվ ամենաշատն անհանգստացնում է համապատասխան անձանց կոմպետենտության բացարձակ ոչ բարձր մակարդակը: Նրանք չգիտեն, թե ինչպես ճիշտ արձագանքել բռնությանը: 2010թ-ից Վրաստանում երեխաներին պաշտպանող ռեֆերալ ընթացակարգեր են անցկացվում, որոնք պարտավորեցնում են երեխաների հետ աշխատող բոլոր պրոֆեսիոնալներին արձագանքել բռնությանը:

Եթե մանկավարժը տեսնում է, որ երեխան բռնության զոհ է դարձել, պարտավոր է այդ մասին տեղեկացնել համապատասխան ծառայությանը: Մոնիթարինգը հայտնաբերել է, որ դպրոցների անձնակազմերը հարկ եղած չափով տեղեկացված չեն բռնության հարցերի մասին և բռնություն են համարում միայն ծանր կոնֆլիկտները: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, ուսուցիչները դասապրոցեսի ժամանակ իրենք են հաճախ բռնի գործողությունների դիմում:

Սակայն աշակերտները նույնպես չգիտեն, թե ինչ է բռնությունը, ինչ իրավունքներ ունեն իրենք և ում դիմել, երբ բռնության զոհ են դառնում: Այդ մասին նրանց հետ կարծես ոչ ոք չի էլ զրուցել: Եվ գլխավորը. երեխաները չեն վստահում համակարգին: Նրանք համարում են, որ ուսուցչին կամ մանդատուրիին դիմելն իրենց համար նոր խնդիրներ կառաջացնի: Այսօր դպրոցներում բռնության ճնշման հարցում միասնական մոտեցում չկա: Մենք խորհուրդ ենք տալիս կանխարգելիչ մեխանիզմների խրախուսումն, այլ ոչ թե պատիժը: Արդեն վաղուց ապացուցված է, որ պատիժը սովորաբար բարդացնում է իրավիճակը: Տնօրենությունը և ուսուցիչները պետք է այնպիսի ռազմավարություն օգտագործեն, որը հիմնված չի լինի վախի, ֆիզիկական ուժի, սպառնալիքի, նվաստացման կիրառման վրա»:

Սիմոն Ջանաշիա,
կրթության ոլորտի փորձագետ

«Դպրոցականների միջև հարաբերություններում ծագող բռնությունը գալիս է ոչ միայն դպրոցական պատերից դուրս գործող սոցիալական նորմերից: Բռնությունը կապված է նաև կրթական համակարգի կառույցների սխալ կազմակերպման հետ:

Արատավոր է այն համակարգը, որի նպատակը վերահսկողությունն է, այլ ոչ թե փոխհարաբերությունների արժեքների զարգացումը: Օրինակ, վերջին 6 տարվա ընթացքում մանդատուրիի համակարգի վրա 60մլն լարի է ծախսվել:

Եվ այդ գումարի կեսն անգամ չի ծախսվել երեխաների շրջանում արժեքներ ներդնելու, կոնֆլիկտների կառավարման ուսուցման, բռնության դեմ ուղղված արշավի վրա:

Արատավոր է այն համակարգը, որը թույլ է տալիս դպրոցում ունենալ 7-8 զուգահեռ դասարան: Մեր դպրոցներն այդ առումով սխալ են կազմակերպված: №51 դպրոցը Վրաստանի ամենածանրաբեռնվածներից մեկն է: Մի քանի տարի առաջ այնտեղ նույնիսկ դասարաններն էին այնպես վերակառուցվել, որպեսզի կրկնակի ավել աշակերտ ընդունելու հնարավորություն լինի: Այժմ այնտեղ այնքան աշակերտ կա (2500 աշակերտ), որ շատերը ծանոթ էլ չեն միմյանց հետ: Դպրոցում, որտեղ ուսուցիչներն ու աշակերտները այնքան էլ լավ չեն ճանաչում միմյանց, որտեղ փոխադարձ հարգանք և հոգատար վերաբերմունք չկա միմյանց հանդեպ, համատեղ զվարճանքներ չկան և այլն, միշտ բարձր է կոնֆլիկտների հավանականությունը: Փաստ է, որ ոչ մեծ դպրոցներում, որտեղ երեխաները միմյանց լավ են ճանաչում, ագրեսիայի հավանականությունը ցածր է, և ծագող խնդիրներին միշտ ավելի հեշտ է արձագանքել և լուծել դրանք:

Այսօր դպրոցն ավելի շատ վերահսկողության կողմնորոշում ունի, այլ ոչ թե զարգացման: Դպրոցում անվստահություն կա տարբեր մակարդակներում. երեխաները չեն վստահում մանկավարժներին կամ մանդատուրիներին, քանի որ վախենում են, որ դա կհանգեցնի վերահսկողության և պատիժների խստացման:

Երեխան պետք է կարողանա դպրոցում ծագած կոնֆլիկտը լուծել. և դրա համար նա չպետ է կողմնակի օգնության կարիք ունենա կամ բանը հասցնի փողոցային վիճաբանության: Միաժամանակ նա պետք է այս կամ այն իրավիճակից դուրս գա՝ պահպանելով արժանապատվությունը:

Հիշում եմ, որ 2007թ-ին անչափահաս իրավախախտների հետ կապված իրավիճակը շատ ավելի վատ էր: Նախարարությունում որոշել էին ուսումնասիրել այդ մասշտաբները և մի քանի դպրոցներում ռեյդեր էին անցկացրել: Նախազգուշացրել էին միայն տնօրեններին՝ հաղորդելով, որ ռեյդերի գլխավոր նպատակն իրավիճակն ուսումնասիրելն է, և, եթե նույնիսկ դպրոցականների մոտ սառը զենք հայտնաբերվի, ոչ ոք չի պատժվի: Այդ արշավն ավարտվեց նրանով, որ այն դպրոցներում, որտեղ ռեյդեր էին անցկացվել, ոչ միայն դանակ կամ շյուղ չէր գտնվել, այլ նաև ծխախոտ ոչ ոքի մոտ չէին գտել: Հետո ծնողները պատմում էին, թե ինչպես են ուսուցիչներն օգնել աշակերտներին թաքցնել ծխախոտն ու դանակները:

Հասարակությունում, այդ թվում՝ մանկավարժական ոլորտում, քիչ չեն սխալ և արմատացած նորմերը: Ուսուցիչները հիմնականում համոզված են, որ տղան պետք է կարողանա կռվել և տղամարդ դառնալ հենց այդպիսի իրավիճակում:

Գիտելիքների խնդիր էլ կա: Նորմալ դպրոցն ընդհանուր առմամբ պետք է երեխային կոնֆլիկտի մակարդակը նվազեցնելու հմտություն սովորեցնի: Սկանդինավյան երկրներում, օրինակ, սովորեցնում են, որ չի կարելի անմասն հետևել կռվին. կամ միջամտում ես իրականությանն ու կանգնեցնում կռիվը, կամ վազում օգնություն կանչելու: Կասկածներ ունեմ, որ Վրաստանում հնարավոր չէ գտնել մի դպրոց, որում աշակերտին խորհուրդ տան, թե ինչպես գործել նման իրավիճակներում»:

Մայա Ցիրամուա, հոգեբան

«Այն, որ խիստ պատիժը ելք չէ, հաստատվել է հարյուրավոր հետազոտություններով: Ռեպրեսիվ մեթոդները դեռահասների միջավայրում երբեք լավ չեն աշխատել: Խոսքը չի գնում այն մասին, թե ինչպես խուսափել պատասխանատվությունից: Սոցցանցերում ես այնպիսի մեկնաբանություններ տեսա, որ քիչ էր մնում ուշագնաց լինեի: Ոմանք մեղավորների համար գազախուց, մյուսները՝ Լինչի դատաստան, ցմահ բանտարկություն էին պահանջում: Ի՞նչ ենք մենք ուզում: Վրե՞ժ լուծել հանցագործներից: Ինչո՞ւ: Ահա այս հարցի վրա է պետք կենտրոնանալ:

Այսօր տեղի ունեցող իրադարձությունները ճգնաժամ են: Այդ պատճառով էլ սուր անհրաժեշտություն կա դպրոցներում ճգնաժամային ինտերվենցիայի իրականացման: Դասի գնացող ուսուցիչները պետք է մի լավ մտածեն, թե ինչ պետք է ասեն և անեն: Մեկ սխալ, անհաջող ընտրված խոսք կարող է երեխային խորը վնասվածք հասցնել:

Այսօր գլխավոր անհրաժեշտությունը դպրոցի աշխատակիցների հետ փոխազեցությունն է, քանի որ նրանք սարսափելի սթրեսային վիճակում են: Կրթության նախարարությունն անհրաժեշտ ռեսուրսներ ունի: Մանդատուրիի ծառայության հետ աշխատում է հոգեբանների ուժեղ խումբ: Պետք է հույս ունենանք, որ նրանք կներգրավվեն այս գործընթացում: Այսօր բոլոր դպրոցներում սուր հարցեր են դրված: Յուրաքանչյուր դպրոց պետք է ճգնաժամերի կառավարման ռազմավարություն ունենա, յուրաքանչյուր դպրոցում պետք է իմանան՝ ինչպես գործել, երբ դիմակայություն է առաջանում հասակակիցների միջև, բուլինգի կամ, ասենք, ինքնասպանության փորձեր են արվում: Նման գայդլայն այսօր չկա: Թեև կրթության նախարարությանը բազմիցս խորհուրդ է տրվել հոգ տանել դրա ստեղծման համար: Հիմա մենք կանգնած ենք անհետաձգելի անհրաժեշտության առջև: Այսօր դա այն գործն է, որը պետք է արվեր դեռևս երեկ»:


Կարդալ ավելին JAMnews-ում