Գլխավոր խնդիրներն են ուսուցիչների անհամապատասխան արձագանքն ու մեծերի հանդեպ երեխաների անվստահությունը " />

Բուլինգը Վրաստանի դպրոցներում․ երբ չի կարելի նման չլինել ուրիշներին

Գլխավոր խնդիրներն են ուսուցիչների անհամապատասխան արձագանքն ու մեծերի հանդեպ երեխաների անվստահությունը

Հաճախ երեխաները հալածում են նրանց, ովքեր տարբերվում են իրենցից, ընդ որում, կարևոր չէ, թե որ հատկանիշով։ Երեխան կարող է բուլինգի ենթարկվել ազգության, առողջական վիճակի, սեռական նախընտրությունների, ծնողների քաղաքական հայացքների պատճառով։ Դպրոցների ուսուցիչներն ու ղեկավարությունը հաճախ ոչ միայն չեն արձագանքում, այլև ագրեսիա են սադրում, երեխաները բավականաչափ չեն վստահում մեծերին՝ ժամանակին օգնություն խնդրելու համար, իսկ պետությունը խնդրին արձագանքելու արդյունավետ մեխանիզմ դեռ չունի։

Աղջիկ, որին հալածում էին նրա մոր հայացքների համար

Էլենիկո Գոգոխիան ութ տարեկան էր, երբ մորն ասաց, որ էլ չի ուզում դպրոց գնալ։ Մայրը բավականին արագ գլխի ընկավ, որ աղջկան դասարանում հալածում են։

«Նա հաճախ էր ասում, որ իր դասարան չի ուզում մտնել, դպրոց չի ուզում հաճախել, որ ոչ ոք չի ուզում նրա հետ ընկերություն անել, որ իրեն ծաղրում են», – ասում է աղջկա մայրը՝ Նանուկա Թևզաձեն։

Ինչպես պարզվել է Էլենիկոյի շուրջ անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծվել այն պատճառով, որ նրա մայրն ակտիվիստ է և պաշտպանում է ԼԳԲՏ համայնքի իրավունքները։ Աղջկա հալածանքներին նպաստում էին ոչ միայն երեխաներն, այլև նրանց ծնողներն ու նույնիսկ ուսուցիչները։

Նանուկան արդեն երկար տարիներ զբաղվում է հասարակական գործունեությամբ և աղջկան պատմում է այն մասին, որ բոլոր մարդիկ հավասար են։ Նա նաև կարծում է, որ դպրոցականներին սեռական դաստիարակություն է անհրաժեշտ։ Այդ գաղափարները չեն կիսում Էլենիկոյի համադասարանցիների ծնողները։

«Ես աղջկաս հարցրի, թե ինչո՞ւ են նրանք այդպես վարվում։ Նրանք աղջկաս ասում էին, թե մայրդ այնպիսի բաներ է գրել, որ մեր մայրերը չեն գրում։ Համադասարանցիներին դուր չէր գալիս աղջիկը, որը տարբերվում էր հասակակիցներից», – ասում է Նանուկան։

Ի՞նչ է բուլինգը

ԱՄՆ առողջապահության և սոցիալական պաշտպանության դեպարտամենտը բուլնինգը բնորոշում է  որպես բռնության բազմակի կրկնվող ձև։ Գոյություն ունի բուլինգի չորս տեսակ

• վերբալ, երբ զոհին տհաճ բաներ են ասում,

• սոցիալական, երբ խումբն իրեն միտումնավոր այնպես է պահում, որ զոհին տանջանքներ պատճառի (օրինակ, բոյկոտը),

• ֆիզիկական՝ ծեծ և այլ ֆիզիկական վնասվածքներ,

• կիբերբուլինգ՝ հալածանքը համացանցում։

Սրանք բոլորը համատեղում են վախեցնելու և ճնշում գործադրելու տարբեր մեթոդներ։

 Բռնությունը Վրաստանի դպրոցներում: Ո՞րն է ելքը: Պատասխանում են հոգեբանները, մանկավարժներն ու փորձագետները

• Ինչպես են ինքնասպանության հասնում: Պատմություններ Ադրբեջանից

• «Ուզում եմ մորս հետ ընկերություն անել»։ UNICEF-ի հետազոտությունը Վրաստանում երեխաների և ծնողների հարաբերությունների մասին

Բուլինգը վնասում է ոչ միայն զոհերին, այլ նաև ագրեսորներին և հալածանքի ականատեսներին։

Բուլինգի զոհերը տանջվում են մշտական տագնապի, վշտի և միայնության զգացումից, խախտվում է նրանց ախորժակն ու քունը, ինչն անդրադառնում է նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, իսկ դա իր հերթին ազդում է դպրոցի առաջադիմության վրա։

«Դստերս հալածելը եկել է ոչ այնքան երեխաներից, քանի որ 7-8 տարեկանում երեխան չգիտի, թե հատկապես ինչի համար կարելի է մարդուն հալածել։ Հաճախ ծնողները գիտակցաբար կամ անգիտակցաբար իրենց երեխաներին են փոխանցում իրենց դիրքորոշումները, որոնք երեխաները կրկնօրինակում են»,  – կարծում է Նանիկո Թևզադեն։

Էլենիկոն ասում է, որ ոչ միայն նա, այլ նաև իր համադասարանցին, որը սահմանափակ կարողություններով երեխա է, նույնպես հալածանքի էր ենթարկվում։ Համադասարանցիներն իրենց հետ ընկերություն չէին անում և մշտապես ծաղրում էին։

Էլենիկոն փոխել է դպրոցը, նոր համադասարանցիները նրան չեն հալածում։ Սակայն ասում է, որ այստեղ էլ հալածում են իր նոր համադասարանցուն։

«Համադասարանցիներից մեկն այլազգի աղջիկ է։ Նրան ծաղրում են և չեն ուզում հետն ընկերություն անել։ Ինչպես և ինձ հետ՝  հին դասարանում։ Ես գիտեմ՝ դա ինչ է, և աշխատում եմ նրան պաշտպանել», – ասում է Էլենիկոն։

Նանուկան հասկանում է, որ չի կարելի 100 տոկոսանոց երաշխիք տալ, որ իր դուստրը մեկ այլ հանգամանքներում հալածանքի օբյեկտ չի դառնա, սակայն կարծում է, որ, եթե դստերը ճիշտ է դաստիարակում, նա կկարողանա իրեն պաշտպանել։

 

Դպրո՞ցն է մեղավոր

Հոգեբան Մայա Ցիրամուան կարծում է, որ, երբ ութ տարեկան երեխան ծաղրի առարկա է դառնում, ապա դպրոցը պարտավոր է արձագանքել։

«Երբ ծնողների հայացքներն ու գործունեությունը պոպուլյար չեն հասարակության որոշակի հատվածներում և ագրեսիայի պատճառ են դառնում, դպրոցը պետք է միջամտի՝ աշակերտին պաշտպանելու համար», – կարծում է հոգեբանը։

Մարիամը՝ 13-ամյա Լուկա Սականդելիձեի մայրը, հալածանք սադրելու համար մեղադրում է դպրոցի անձնակազմին։

«Դասղեկն աշակերտներին կոչ է արել հեռախոսով նկարահանել այն, թե ինչպես է Լուկան իրեն պահում, իսկ հետո ցույց տալ իրենց ծնողներին։ Այսպիսով, նրանք Լուկայի դեմ են տրամադրել համադասարանցիների ծնողներին», – ասում է Մարիամը։

Բանն այն է, որ Լուկան հատուկ կրթական պահանջներով երեխա է։ Նա հիպերակտիվ է, դժվար է կենտրոնանում դասի վրա և վերահսկում էմոցիաները։

Դեռ առաջին դասարանում համադասարանցիները սկսել են ծեծել նրան, դրան հետևել է հոգեբանական հալածանքն ու բուլինգը սոցցանցերի միջոցով։

Լուկան արդեն հինգ դպրոց է փոխել։ Երկու ամիս է՝ նա սովորում է դպրոցում, որտեղ նրան ոչ ոք չի նեղացնում։ Սակայն Մարիամը մտավախություն ունի, որ նա պաշտպանված չէ հալածանքներից

«Դպրոց փոխելը չի լուծում խնդիրը։ Համալիր մոտեցում է պետք, մյուս աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների հետ աշխատանք է պետք տանել։ Քանի դեռ գործին չեն միջամտել հոգեբաններն ու վարքաբանները, ոչինչ չի ստացվի։ Ոչ ուսուցիչները, ոչ դպրոցների տնօրենները համապատասխան որակավորում չունեն»։

Որակավորում ունեցող կադրերի պակասի մասին են խոսում նաև «Առանց բռնության շփման ինստիտուտ» հասարակական կազմակերպությունում, որն արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է բուլինգի խնդրով։

Պետական և մասնավոր մի քանի դպրոցներում կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել ծաղրի թեմայով, ինչպես նաև թրեյնինգներ ուսուցիչների, ծնողների և աշակերտների համար։

Կազմակերպության ղեկավար Թամազ Ախոբաձեն ասում է, որ բուլինգն առաջանում է այն դեպքերում, երբ երեխան ինչ-որ բանով տարբերվում է խմբից։

«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ուսուցիչը հալածանք թույլ չտալու փոխարեն փաստացի խթանում է այն, երբ ուշադրություն չի դարձնում երեխաների պահվածքին, երբեմն էլ կարեկցանքով մեկնաբանում է։ Երբեմն ուսուցիչները դա կատակ են անվանում, սակայն դա սխալ է։ Ուսուցիչները կարծում են, որ իրենց գլխավոր նպատակը դասարանում հանգստություն պահպանելն է», – ասում է Ախոբաձեն։

Նրա խոսքով՝ տվյալ պահին բուլինգի հետ կապված ամենամեծ խնդիրը հոմոֆոբիայի պատճառով տեղի ունեցող հալածանքն է։ Առավել տարածված է բուլինգը 7-9-րդ դասարաններում։

«Եթե դպրոցում երեխան հասկացնում է կամ կասկածների տեղիք է տալիս, որ գեյ է, դառնում է հալածանքի զոհ։ Այդ խումբը հասարակությունում առանց այդ էլ հալածվում է, իսկ դպրոցում դա ամենաշատն է արտահայտվում», – ասում է Ախոբաձեն։

Նրա խոսքով, հալածանքի զոհ են հաճախ դառնում նաև ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները

«Երեխաներն իրենց առօրյայում ներառում են այն, ինչ շրջապատում տեսնում են։ Դա ոչ այնքան նրանց, որքան հասարակության խնդիրն է, քանի որ դպրոցականների մեծ մասը դաստիարակվում է բռնության մթնոլորտում»։

Ի՞նչ է անում պետությունը

Կրթության և գիտության նախարարությունը չի համագործակցում «Առանց բռնության շփման ինստիտուտի» հետ՝ չնայած նրան, որ կազմակերպությունը բուլինգի դեմ պայքարի անվճար և արդյունավետ ծառայություններ է առաջարկում։ Այժմ կազմակերպությունը զբաղվում է դպրոցներում պիլոտային ծրագրերով, որոնց ղեկավարությունը համաձայնում է համագործակցել։

Միակ պետական ծառայությունը, որն, օրենքի համաձայն, պարտավոր է արձագանքել նման դեպքերին, կրթության նախարարությանը կից՝ դպրոցի պրիստավի («մանդատուրի») ծառայությունն է։

Պրիստավների ծառայության հոգեբանական կենտրոնի մասնագետ Տեոնա Չիտաշվիլին ասում է, որ կիբերբուլինգը վերջին տարիներին դպրոցներում հանդիպող հալածանքի ամենատարածված տեսակն է։

Նրա խոսքով՝ պրիստավները պարտավոր են արձագանքել նման դեպքերին և դրանց մասին հաղորդել հոգեբանների ծառայությանը։ Սակայն Վրաստանի 2083 դպրոցներից պրիստավները սպասարկում են միայն 500-ը։ Կարելի է ասել, որ կրթության նախարարությունն իրականում պատկերացում չունի խնդրի իրական մասշտաբների մասին։

Այնուամենայնիվ, Տեոնա Չիտաշվիլիի խոսքով՝ վերջին ժամանակներս զարգացումն ակնբախ է ծնողներն, ուսուիչներն ու դպրոցականները սկսել են ավելի լավ հասկանալ խնդրի էությունն ու ինչ է իրենից ներկայացնում բուլինգը։

Երեխաները չեն վստահում մեծերին

Հագեբան Մայա Ցիրամուան կարծում է, որ բուլինգի հետ պայքարը բարդացնում է այն, որ այդպիսի փաստերը դժվար է ժամանակին բացահայտել։ Դպրոցի աշխատակիցները հաճախ չեն իմանում, թե ինչ է բուլինգը, ծնողների համար նույնպես այն դժվար է բացահայտել։ Զոհերը հաճախ նախընտրում են լռություն պահպանել, սակայն դրանում մեղավոր են ոչ թե նրանք, այլ հասարակությունը։

«Երեխաները հաճախ վախենում են պատմել, որ իրենց հալածում են, նրանք ամաչում են։ Հատկապես, եթե հասարակությունը նրանցից պահանջում է ուժեղ լինել, ոչ ոքի թույլ չտալ նեղացնել իրենց։ Երկրորդ գործոնն անհուսության զգացումն է։ Շատ երեխաներ վստահ են, որ իրենց, միևնույն է, ոչ ոք չի կարող օգնել», – ասում է Մայա Ցիրամուան։

Հոգեբանի կարծիքով՝ մեծերը պետք է ադեկվատ և լուրջ վերաբերվեն երեխաների խնդիրներին։

«Մեծերի տեսանկյունից աննշան մի բանը կարող է երեխայի համար մեծ ողբերգություն լինել։ Այդ պատճառով էլ, երբ երեխան վստահ չէ, որ իրեն կօգնեն, լռում է։ Երբեմն նա չի վստահում մեծերին և չի հավատում, որ գաղտնիքները, որոնք նա վստահել է մեծին, կպահպանվեն»։

Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաև այն երեխաների ծնողներին, որոնք բռնություն են գործադրում։ Երբեմն երեխաները դա անում են սեփական փրկության, սոցիալականացման կամ ինքնահաստատման համար։

Մասնագետները կարծում են, որ իրավիճակի բարելավման համար, առաջին հերթին, պետք է իրազեկել հասարակությանը խնդրի մասին, իսկ դպրոցներում պետք է ավելի ակտիվ բացահայտեն հալածանքի դեպքերն ու արձագանքեն դրանց։


Կարդալ ավելին JAMnews-ում