ԼԳԲՏՔ-փրայդ, հակաօկուպացիոն ակցիաներ, ուլտրաաջերի ելույթներ և ցույց «Ռուսթավի-2» հեռուստաընկերության դիմաց" />

Բողոքի չորս հանրահավաք մեկ օրում։ Թե ինչպես էր ցույց անում Թբիլիսին․ ֆոտոռեպորտաժ

ԼԳԲՏՔ-փրայդ, հակաօկուպացիոն ակցիաներ, ուլտրաաջերի ելույթներ և ցույց «Ռուսթավի-2» հեռուստաընկերության դիմաց

Երեկ Թբիլիսիում բողոքի չորս ակցիա է անցկացվել։ Դրանցից երկուսը միմյանց զուգահեռ անցկացվում էին Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելու պողոտայում։ Երկու հանրահավաքները միմյանցից բաժանված էին ոստիկանության աշխատակիցների և ավտոբուսների շարասյունով։

Դրանցից մեկն օկուպացիայի դեմ էր։ Ակցիայի մասնակիցները փողոցում կանգնած են արդեն քսան օր։ Ի սկզբանե նրանք փողոց էին դուրս եկել Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ներկայության պատճառով, իսկ այն բանից հետո, երբ հունիսի 21-ին ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրեց բողոքի ցույցը, ցուցարարները մեկ պահանջ են առաջ քաշում՝ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը։ Ակցիայի կազմակերպիչները անկուսակցական երիտասարդներն են։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները նույնպես մասնակցում են ցույցին, սակայն օրակարգը որոշվում է երիտասարդների կողմից։

 

Օկուպացիոն ցույցի դեմ «հակաակցիան» սկսվել էր երեկ Ռուսթավելու պողոտայում։

Դրա մասնակիցները հավաքվել էին այն պատճառով, որ ԼԳԲՏ-ակտիվիստները հուլիսի 8-ին հայտարարել էին ներքին գործերի նախարարության շենքի դիմաց «Արժանապատվության երթ» անցկացնելու մասին։ Հակաակցիայի մասնակիցները պատրաստվում էին ձախողել ԼԳԲՏ-փրայդը։ Նրանց գլխավոր պահանջը հակախտրական օրենքի չեղարկումն էր, որն ընդունվել է հինգ տարի առաջ և արգելում է ցանկացած հիմքով մարդկանց խտրականությունն ու հետապնդումը։ [Օրենքը, որն ընդունվել է խորհրդարանի կողմից Եվրամիության հորդորով 2014թ-ին, վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսում սեռի, ազգային ծագման, կրոնական կամ սեռական կոմղնորոշման հատկանիշով խտրականության դեպքում – JAMnews]։

Ակցիայի մասնակիցները հավաքվել էին ՆԳՆ շենքի դիմաց, և այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ փրայդը չի կայանալու, նրանք տեղափոխվել էին խորհրդարանի շենքի մոտ։

Հակաակցիայի առաջնորդը գործարար Լևան Վասաձեն էր։ Նա երեկվա ցույցին էր եկել՝ ձեռքին փայտե խաչով։ Վասաձեն իր կարողությունը վաստակել է Ռուսաստանում և աչքի է ընկնում հակաարևմտյան, ռուսամետ հռետորաբանությամբ։ Վասաձեի նախաձեռնություններից մեկն ԼԳԲՏ ներկայացուցիչներին հետապնդելու համար «ժողովրդական ջոկատների» ստեղծումն էր։

Այդ ցույցի մասնակիցների թվում էին նաև «Վրացական երթ» ուլտրաազգայնական կազմակերպության անդամները։ «Վրացական երթի» նախաձեռնություններից մեկը երկիրը միգրանտներից և այլազգիներից (իրանցիներից, արաբներից, թուրքերից) ազատելն է։ Անցյալ տարի նրանք այդ պահանջներով ակցիաներ էին կազմակերպում։ «Երթը» պատրաստվում էր «Ժողովրդական պարեկային ծառայություն» ձևավորել՝ արտասահմանցի միգրանտներին վերահսկելու և «արտասահմանցիների ամենաթողությանը վերջ դնելու» համար։

Երեկվա հակաակցիային մասնակցում էին նաև հոգևորականներ։ Ցույցի ընթացքում նրանք աղոթում էին և եկեղեցական երգեր կատարում։ Իրենց աղոթքներում նրանք աստծուն խնդրում էին պաշտպանել Վրաստանը «Սոդոմի և Գոմորի մեղքից»։ 

Լևան Վասաձե։ Լուսանկարը՝ on.ge

Հակաակցիա։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի / JAMnews

Հակաակցիա։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի / JAMnews

Հակաակցիա։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի / JAMnews

Հակաակցիա։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի / JAMnews

Երեկ ուլտրաազգայնականների ցույցին ԼԳԲՏ-ակտիվիստները դրոն էին բարձրացրել, որի վրա ԼԳԲՏ ծիածանագույն դրոշն էր։

Երկու ակցիայի մասնակիցներն էլ գիշերը փողոցում են անցկացրել։ Առավոտյան հակաակցիան ցրվեց, իսկ հակաօկուպացիոն ցույցի մասնակիցները կրկին իրենց տեղը զբաղեցրին խորհրդարանի դիմաց։

Երրորդ ցույցն անցկացվեց «Ռուսթավի-2» հեռուստաալիքի շենքի դիմաց։ Այդ ցույցի մասնակիցները պահանջում էին մասնավոր ալիքի ղեկավարության փոփոխություն, աշխատանքից ազատել լրագրող Գիորգի Գաբունիային և նրա դեմ հետաքննություն սկսել։

Գիորգի Գաբունիան կիրակի երեկոյան իր հեղինակային «Պոստսկրիպտում» ծրագրի եթերում հայհոյանքներ էր տեղացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։

Հեռուստաընկերության ղեկավարությունը ներողություն էր խնդրել լրագրողի արարքի համար, նա երկու ամսով հեռացվել է աշխատանքից։

«Ռուսթավի-2»-ի դիմաց ակցիան երկու ժամ էր տևել, որից հետո դրա մասնակիցները միացել էին Լևան Վասաձեին Ռուսթավելու պողոտայում։

Ակցիա՝ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության շենքի դիմաց։ Լուսանկարը՝ Սալոմե Չիկվիլաձեի, on.ge

Ակցիա՝ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության շենքի դիմաց։ Լուսանկարը՝ Սալոմե Չիկվիլաձեի, on.ge

Չորրորդ ակցիան ամենասակավաթիվն ու կարճն էր։ Այն բանից հետո, երբ ուլտրաաջերը լքեցին ՆԳՆ շենքի տարածքը, Թբիլիսիի փրայդի կազմակերպիչները որոշեցին խորհրդանշական «Արժանապատվության երթ» անցկացնել։

Առաջին ԼԳԲՏ-փրայդը Վրաստանում անցկացվեց ներքին գործերի նախարարության շենքի դիմաց և տևեց մոտ մեկ ժամ, դրան մասնակցում էր մի քանի տասնյակ մարդ։

Անվտանգության նկատառումներով ակցիայի կազմակերպիչները «երթի» մասին տեղեկություն չէին հրապարակում, այդ պատճառով էլ շատ ցանկացողներ չէին կարողացել դրան մասնակցել։ Անգամ լրագրողները տեղեկացված չէին պատշաճ կերպով։

«Արժանապատվության երթը կայացավ, որովհետև մենք չենք պատրաստվում զիջել հանրային վայրերը։ Այս վայրերը մերն են։ Թեկուզև մենք այնքան շատ չենք, որքան պլանավորվել էր, սա ամեն դեպքում կարևոր էր։ Մենք շատանալու ենք տարեցտարի», – «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Թբիլիսիի փրայդի կազմակերպիչ Գիորգի Տաբագարին։

«Արժանապատվության երթը» Թբիլիսիում։ Լուսանկարը՝ Սալոմե Չադունելիի, on.ge


Կարդալ ավելին JAMnews-ում