Սկանդալ՝ բանտում գտնվող ադրբեջանցի բլոգերի շուրջ" />

Ինչո՞ւ է Մեհման Հուսեյնովը հացադուլ հայտարարել, այնուհետև դադարեցրել այն, հասարակության և միջազգային կազմակերպությունների արձագանքի մասին

Սկանդալ՝ բանտում գտնվող ադրբեջանցի բլոգերի շուրջ

Իրավիճակն Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովի շուրջ, որն արդեն երկու տարի է՝ բանտում է ոստիկանության հասցեին հնչեցված զրպարտության մեղադրանքով, մեծ ռեզոնանս է առաջացրել Ադրբեջանում և միջազգային կազմակերպությունների շրջանում։

2019թ-ի մարտին նրա պատժի ժամկետը պետք է լրանար, սակայն նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ հարձակում բանտապանի վրա։ Ի նշան բողոքի՝ Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 26-ին, Հուսեյնովը հացադուլ էր հայտարարել։ Նրան հասարակությունում շատերն աջակցություն հայտնեցին, փողոցային ցույցեր կազմակերպվեցին, մի քանի մարդ կալանավորվեց։

Հունվարի 7-ին մարդու իրավունքների հարցերով Եվրախորհրդի հանձնակատար Դունյա Միատովիչը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևի հետ և աջակցություն հայտնել բլոգերին։

Նույն օրը երեկոյան Մեհման Հուսեյնովի փաստաբանը հաղորդել էր, որ նրա մոտ ստամոքսի ցավեր են սկսվել և բժշկի խորհրդով նա սկսել է կաթ և ջրիկ կաթնամթերք ընդունել։

Ո՞վ է Մեհման Հուսեյնովը

26-ամյա Մեհման Հուսեյնովն առցանց հայտնի վիդեոալիքի և «Սանջակ» (քորոց) ֆեյսբուքյան էջի հիմնադիրն ու վարողն է, ինչպես նաև «Լրագրողների ազատության և անվտանգության» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրներից մեկը։ Իր տեսանյութերում նա քննադատում էր իշխանություններին։

Հուսեյնովը երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել 2017թ-ի մարտին Բաքվի ոստիկանության շրջանային վարչության պետի հասցեին հնչեցրած զրպարտության մեղադրանքով։ Բլոգերին ձերբակալել էին ոստիկաններն ու տարել բաժանմունք։ Այնուհետև նրան ազատ էին արձակել, և նա լրագրողներին պատմել էր, որ իրեն կտտանքների են ենթարկել։ Դրա հետևանքով նա երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել զրպարտության մեղադրանքով։ Հուսեյնովի այս խոսքերը դատարանը հերյուրանք էր համարել, և նա դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման։

Նոր մեղադրանքն առ այն, որ բլոգերը ծեծել է արդարադատության լեյտենանտ Ալի Աբդալովին, կարող է պատժի նոր ժամկետ նշանակել Մեհմանի համար՝ այս անգամ 6-7 տարվա ազատազրկում։ Բլոգերը հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը Հուսեյնովին «խղճի գերի» է ճանաչել։ Տեղի իրավապաշտպանները նրա անունը ներառել են քաղբանտարկյալների ցանկում։

Բողոքի ակցիաներ

Լրագրողներն ու քաղաքական ակտիվիստներն ի աջակցություն Մեհման Հուսեյնովի երկու ակցիա անցկացրին՝ հունվարի 3-ին և 6-ին։ Յոթ մարդ ձերբակալվեց և երեք շաբաթվա վարչական կալանքի դատապարտվեց, մի քանիսը տուգանվեց։

Սակայն, ընդհանուր առմամբ, ակցիաները սակավաթիվ էին, ոստիկանությունը դրանք արագ ցրեց։

Կարմիր գիծ․ որտեղո՞վ է այն անցնում Ադրբեջանի լրագրողների համար https://jam-news.net/красная-линия-где-она-проходит-для-жур/?lang=ru

• Կարմիր գիծ. որտեղո՞վ է անցնում այն Ադրբեջանի լրագրողների համար

• Ադրբեջանցի քաղբանտարկյալների մայրերը պատմում են, թե ինչու են իրենց տղաները բանտում հայտնվել

Քաղաքական գործիչների արձագանքը

«Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Սիավուշ Նովրուզովը հայտարարեց, որ Մեհման Հուսեյնովի պաշտպանությանն ուղղված արշավի նպատակն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն է, իսկ Մեհմանի գործունեությունն ուղղված է «մեր երկրի և ժողովրդի մասին բացասական տեղեկության տարածմանը»։ Նույն ոգով էր արտահայտվել ևս մի քանի պատգամավոր։

«Մուսավաթ» և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունների յոթ ակտիվիստ հացադուլ էր հայտարարել որպես Մեհմանի հետ համերաշխության նշան։

«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցությունը, որի առաջնորդ Իլգար Մամեդովը մինչև վերջերս գլխավորում էր ադրբեջանցի քաղբանտարկյալների ցանկը, սոցցանցերում ակտիվորեն աջակցում է Մեհմանի համար արշավին։

Հասարակության արձագանքը

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության երիտասարդական միավորումը ֆեյսբուքյան իր էջում ծաղրանկար էր տեղադրել, որի իմաստն այն է, որ Մեհմանն իրականում այս ընթացքում նորմալ սնվել է, իսկ հացադուլը սուտ է։

Դա յուրօրինակ արձագանք առաջացրեց․ մարդիկ սոցցանցերում սկսեցին բազմաթիվ գրառումներ կատարել #freeMehman հեշթեգով։ Դրանք հայտնվում են այդ թվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական էջի գրառումների մեկնաբանություններում, թեև մոդերատորները դրանք արագ հեռացնում են։

Սոցցանցերում հայտնվեց նաև այն նույն լեյտենանտ Ալի Աբդալովի լուսանկարը, հասցեն և հեռախոսահամարը, որը Մեհմանին մեղադրել է իրեն ծեծելու համար։ Մեկնաբանություններում առաջարկներ հնչեցին Աբդալովին պատժելու։

Հունվարի 8-ին Մեհմանին քննչական մեկուսարանում սկսեցին այցելել իշխանությունների հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ղեկավարները։

Հուսեյնովին հատուկ հրապարակում էր նվիրել Washington post թերթը, որը կտրուկ քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին։

Բեռլինում բնակվող ադրբեջանցի ռեփեր Ջալալ Ալին Մեհմանին երգ է նվիրել․ նա հեգնանքով դիմում է Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով «հետ կանչել իր ոհմակը»։


Կարդալ ավելին JAMnews-ում