«Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային ամեն տեղ կհասնենք»" />

Բողոքի ակցիաների 14-րդ օրը Վրաստանում։ Կազմակերպիչները փոխում են մարտավարությունը

«Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային ամեն տեղ կհասնենք»

Արդեն 14-րդ օրն է, ինչ Վրաստանի խորհրդարանի մոտ չի դադարում բողոքի ցույցը, որը կազմակերպվել է քաղաքացիական ակտիվիստների կողմից։

Վերջին երեք օրերին ակցիան այնքան մարդաշատ չէ, ինչպես նախորդ օրերին, թեև կազմակերպիչները չեն պատրաստվում դադարեցնել ցույցը, քանի դեր չի բավարարվել նրանց միակ պահանջը՝ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը։ Նրանց խոսքով՝ ցույցը նոր ձև է ստացել և «պարտիզանական մարտավարություն» է գործարկվելու ակցիայի մասնակիցները մտադիր են նախարարին ամենուրեք հետևել և ամեն կերպ նրա համար անհարմարություններ ստեղծել։

___________________

Հուլիսի 3-ին, արդեն սովորական դարձած ժամին՝ 19.00-ին, ցույցի մասնակիցները կրկին հավաքվելու են խորհրդարանի պատերի մոտ։

«Աշխատանքի ենք գնում»,– կատակում են նրանք՝ նկատի ունենալով բողոքի ցույցը։

Ակցիան իր խորհրդանիշներն ունի՝ աչքի կարմիր ժապավեններ՝ «20%» գրառմամբ։ Գրառումը հիշեցում է հունիսի 21-ի ցույցը ցրելու մասին և համերաշխություն դրա՝ աչքը կորցրած մասնակիցների հետ, ինչպես նաև այն, որ Վրաստանի տարածքի 20%-ն օկուպացված է։

REUTERS/Irakli Gedenidze

Ինչպե՞ս և ինչո՞ւ Թբիլիսիում բողոքի ակցիաներ սկսվեցին

Բողոքի ակցիաները սկսվել են Թբիլիսիում հունիսի 20-ին։ Հազարավոր մարդիկ էին փողոց դուրս եկել, որպեսզի իրենց բացասական վերաբերմունքն արտահայտեն ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի առնչությամբ, որը Թբիլիսի էր եկել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու։

Վրաստանի քաղաքացիների վրդովմունքն էր առաջացրել այն, որ խորհրդարանի շենքում անցկացվող վեհաժողովը ռուսերենով բացել էր Գավրիլովը՝ տեղավորվելով խոսնակի աթոռին։

Խորհրդարանի շենքի մոտ իշխանությանն ուղղված նույն հարցով հազարավոր մարդիկ էին հավաքվել․ «Ինչպե՞ս է հանդգնել օկուպանտ երկրի պատգամավորը զբաղեցնել Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը»։

Հունիսի 21-ի առավոտյան հատուկջոկատայինները ցրեցին ակցիան՝ կիրառելով ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Տուժեց ավելի քան 200 մարդ, երկուսը զրկվեց աչքից, մեկը մինչև հիմա ռետինե փամփուշտը գլխին դիպչելու հետևանքով ստացած վնասվածքի պատճառով արհեստական շնչառության ապարատին է միացված։ Ցույցը ցրելու մասին որոշումն իշխանությունն ընդունել էր այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդներից մեկը ցուցարարներին կոչ էր արել զբաղեցնել խորհրդարանի շենքը։

Հունիսի 21-ի ցերեկը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց։ Հունիսի 24-ին իշխանությունները բավարարեցին ցուցարարների ևս մեկ պահանջ 2020թ-ի խորհրդարանական ընտրությունները համամասնական համակարգով կանցկացվեն։

Տվյալ պահին ակցիայի մասնակիցների գլխավոր և միակ պահանջը ՆԳՆ ղեկավար Գիորգի Գախարիայի հրաժարականն է։

Ակցիաների մեկնարկից երկու շաբաթ անց կազմակերպիչները սկսեցին մտածել ցույցի ձևը փոխելու մասին։ Հինգշաբթի՝ հուլիսի 4-ին, խորհրդարանի մոտ համերգ կկայանա, իսկ հուլիսի 6-ին Թբիլիսիի կենտրոնում մասշտաբային երթ է նախատեսվում։ Հաջորդ շաբաթից էլ խորհրդարանի շենքի մոտ «մշտական աշխատավայր» է հիմնվելու։

«Յուրաքանչյուր երեկո մեծ էկրանին ռուսական նարատիվի մասին ֆիլմեր են ցուցադրվելու։ Գրքերի շնորհանդեսներ և դրանց հեղինակների հետ հանդիպումներ են անցկացվելու։ Զրուցելու ենք տարբեր երկրների փորձի մասին», – «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ լրագրող Գիգա Մակարաշվիլին։

Նրա խոսքով՝ ցույցն անպայման պետք է այնպես բազմազան դարձնել, որ այն դուրս գա խորհրդարանին հարող տարածքի սահմաններից։

«Հետապնդելու ենք ներքին գործերի նախարարին և այլ պաշտոնատար անձանց ամենուր, որտեղ նրանք գտնվեն։ Ակցիային զուգահեռ պարտիզանական մարտավարություն ենք կիրառելու», – ասում է Մակարաշվիլին։

Ովքե՞ր են ակցիայի կազմակերպիչները

Ակցիան բազմաթիվ կազմակերպիչներ ունի։ Մոտ 30 երիտասարդներ են՝ հաջողակ մեդիամենեջերներ, պրոդյուսերներ, բժիշկներ, իրավաբաններ, սոցիալական մեդիայի մենեջերներ, լրագրողներ, ուսանողներ։ Արդեն երկու շաբաթ է՝ նրանք սովորական ռիթմով չեն ապրում։ Միայն երեկոյան յոթին միշտ գալիս են ակցիային, իսկ մինչ այդ հանդիպումներ են անցկացնում, որոնց ընթացքում կազմակերպչական հարցեր են լուծում։

Նրանք չեն թաքցնում, որ խորհրդակցում են տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, սակայն միաժամանակ պնդում են, որ օրակարգն ու պահանջներն ինքնուրուն են կազմում և համագործակցում են միայն այն քաղաքական գործիչների հետ, որոնք ընդունում են այդ օրակարգը։

«Մենք համարում ենք, որ իշխանությունը մեզ հետ պոկեր է խաղում։ Սպասում է, թե ով է առաջինը թարթելու։ Իշխանությունը գիտի, որ Գիորգի Գախարիան պետք է հեռանա, քանի որ տոքսիկ քաղաքական գործիչ է դարձել։ Նա լեգիտիմ չէ», – ասում է ակցիայի կազմակերպիչներից մեկը, Forbes Georgia ամսագրի խմբագիր Շոթա Դիգմելաշվիլին «Նեթգազեթիին» տված հարցազրույցում։

Մեկ այլ կազմակերպիչ՝ պրոդյուսեր Միշա Մշվիլդաձեն կարծում է, որ երկշաբաթյա ակցիաները քաղաքացիական հասարակությունում փոփոխությունների հույս և հավատ են արթնացրել։

«Մեզ համար սկզբունքորեն կարևոր է այն, որ քաղաքացիական հասարակությունը կարողանա նման ակցիաներ կազմակերպել։ Ճիշտ է, ներկայացված են նաև քաղաքական կուսակցություններ, սակայն նրանք առաջնորդների թվում չեն։ Քաղաքացիական հասարակությունը թույլ չի տա, որ հավատը, որի մասին խոսում էի, մարի», – հայտարարել է նա։

Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ ինչ ձև էլ ստանա ցույցը, պահանջն անփոփոխ է

«Ձևերը տարբեր են լինելու։ Եվ ակցիաները տարբերվելու են, սակայն իշխանությունների հետ բանակցություններ չեն լինելու»։

Իշխանության պատասխանն ու մարտավարությունը

Իշխանությունը չի պատրաստվում կատարել ակցիայի մասնակիցների պահանջը։ Ավելին, կառավարության և խորհրդարանական մեծամասնության անդամներն ասում են, որ, ցույցը ցրելով, նախարար Գախարիան կանխել է հեղափոխական սցենարի իրականացումը, որը պլանավորվել էր ընդդիմադիր «Ազգային շարժման» կողմից։

Ակցիայի կազմակերպիչները պնդում են, ոի իշխանությունն արդեն սկսել է հետապնդել մարդկանց, որոնք մշտապես մասնակցում են ցույցերին։ Ցույցերին ելույթ ունեցողներից նվազագույնը երկու հոգի հայտարարել է, որ աշխատանքից զրկվել է բողոքի ցույցին մասնակցելու պատճառով։

Նրանցից մեկը հավաքարար Թեյմուրազ Ջիմշելաշվիլին է, մյուսը՝ Գլդանիի լողավազանի աշխատակից Գիա Ցոցորիան։

Բացի այդ, ակցիայի կազմակերպիչների և մասնակիցների դեմ լուրջ ինտերնետ-արշավ է ընթանում։ Ֆեյսբուքի վրացական տիրույթում ավելացել է ակցիայի կազմակերպիչների դեմ հոդվածների և տեսագրությունների քանակը։ Նրանց դեմ պայքարն արշավ է հիշեցնում և կազմակերպված բնույթ ունի։ Այս մասին են վկայում «Արդար ընտրություններ» հասարակական կազմակերպության անցկացրած հետազոտության արդյունքները։ Իշխանության մարտավարությունն ակցիայի կազմակերպիչներին, երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներին, որոնց միջին տարիքը 30 է, ներկայացնելն է որպես «Ազգային շարժման» կողմից վերահսկվող։

Իշխանությունը նաև փորձում է խորհրդարանի մոտ տեղի ունեցող իրադարձություններն այնպես ներկայացնել, իբր դրանք ընդհանրապես համընդհանուր երիտասարդական ցույց չեն, և երիտասարդության զգալի մաս կա, որն իշխանության հետ երկխոսության է գնում և կառուցողական քննադատությամբ հանդես գալիս։

Վարչապետ Մամուկա Բախտաձեն արդեն հայտարարել է, որ իշխանությունը պատրաստվում է «Երիտասարդական պլատֆորմ» ստեղծել, որը «կառավարության հովանու տակ» է լինելու։

 


Կարդալ ավելին JAMnews-ում