Ամենախոշոր ոսկու հանքը շուրջ մեկ տարի պարապուրդի էր ենթարկված՝ սպասելով փորձաքննության արդյունքներին, որոնք այդպես էլ չեն բավարարել բնապահպաններին " />

Բնապահպանական բողոքը Հայաստանում վերաճում է քաղաքականի

Ամենախոշոր ոսկու հանքը շուրջ մեկ տարի պարապուրդի էր ենթարկված՝ սպասելով փորձաքննության արդյունքներին, որոնք այդպես էլ չեն բավարարել բնապահպաններին

Հայաստանում բնապահպանական բողոքը քաղաքական բնույթ է սկսում կրել։ Հայաստանի քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համալիր փորձաքննության արդյունքները, որոնք այդպես էլ չեն բավարարել բնապահպաններին։ Հանձնաժողովը եզրակացրել է, որ հանքի շահագործումը շրջակա միջավայրին զգալի վնաս չի հասցնի։

Հենց երկրի կառավարությունը վերջնական որոշում կայացնի, Ջերմուկ հանգստավայրի մերձակայքում ոսկու արդյունահանումը կվերսկսվի։

Բնապահպանները հայտարարել են քաղաքական համատեքստի մասին այն բանից հետո, երբ հայտնի են դարձել փորձաքննության արդյունքները։

Նրանք կարծում են, որ կառավարությունն աչք է փակում բնապահպանական խնդիրների վրա՝ հանքի շահագործման իրավունք ունեցող ընկերության հետ դատավարությունից խուսափելու համար։

Հայաստան․ վտանգավոր խաղեր

Ֆոտոպատմություն․ Կիրովական-Վանաձոր հայկական արդյունաբերական քաղաքի փլատակները

Ի պատասխան հնչել է իշխող «Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հայտարարությունը։ 1in.am-ի եթերում նա հայտարարել է, որ հանքի գարծարկման հարցը քաղաքականացվել է մեկ տարի առաջ՝ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո․

«[Հանքի շահագործման – JAMnews] խնդիրը սկսվել է 10 տարի առաջ, սակայն ոչ բնակչությունը, ոչ բնապահպանները ոչ մի քայլ չեն ձեռնարկել։ Հարցը քաղաքականացվել է մեկ տարի առաջ, երբ [հանքի մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները – JAMnews] փակեցին հանք տանող ճանապարհն ու թույլ չէին տալիս այն շահագործել։ Այդ պահից հարցը դարձավ քաղաքական, մինչ այդ այն բնապահպանական էր»։

Բոլոր մանրամասները հանքի, շահագործող ընկերության, կառավարության դիրքորոշման, բնակչության և բնապահպանների բողոքի մասին։

Ի՞նչ է ասվում եզրակացության մեջ

Լիբանանյան «Էլարդ» ընկերությունը (Elard), որն անցկացրել է փորձաքննությունը, կարծում է, որ Ամուլսարի հանքում ոսկու արդյունահանումը չկառավարվող ռիսկեր չի պարունակում։ Մասնավորապես նշվում է, որ հանքի ստորերկրյա ջրերը կապված չեն Ջերմուկի, Կեչուտի ջրամբարի և Սևանա լճի ստորերկրյա ջրերի հետ։ Դա նշանակում է, որ ոսկու արդյունահանման հետևանքով առաջացող վնասակար նյութերը չեն լցվելու այդ ջրային տարածքներ։ Իսկ դա հանքի շահագործման հակառակորդների հիմնական փաստարկն էր։

Բանն այն է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որն Ամուլսարի հանքավայրի շահագործման լիցենզիա է ստացել, ոսկու արդյունահանման համար օգտագործելու է տարեկան մոտ 100 տոննա նատրիումի ցիանիդ։

Հանձնաժողովը նաև եզրակացրել է, որ ջրերի միախառնում հնարավոր չէ անգամ երկրաշարժի դեպքում։ Փորձաքննությունը Որոտան, Դարբ և Արփա գետերի վրա հանքի ազդեցության գնահատական չի տվել, սակայն բավարար է գնահատել բնության պահպանության միջոցները, որը երաշխավորում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» (Lydian Armenia) ընկերությունը։

Փորձաքննության արդյունքների համաձայն՝ ոսկու արդյունահանումը զգալի բացասական ազդեցություն չի ունենա տեղանքի օդի որակի վրա։ Բացի այդ, փորձագետների եզրակացության մեջ միջոցներ են առաջարկվում, որոնք կարող են էլ ավելի մեղմել շրջակա միջավայրի վրա հանքի շահագործման ազդեցությունը։

Հանքի և շահագործող ընկերության մասին

Ամուլսարի հանքը Հայաստանի ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է։ Այն Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա է գտնվում և տեղակայված է Արփա և Որոտան գետերի միջև։ Հանքը մոտ 31 տոննա հանքանյութ և 40 տոննա մաքուր ոսկի է պարունակում։

«Lydian Armenia»-ն ոսկու հանքը հայտնաբերել է դեռ 2005թ-ին։ Մինչև 2012թ-ն ընկերությունը ներդրողներ էր փնտրում և մշակում հանքի շահագործման ծրագիրը։ Նույն 2012թ-ին «Lydian Armenia»-ն և Հայաստանի կառավարությունը համաձայնագիր են ստորագրել հանքի շահագործման մասին, ընկերությունը շահագործման իրավունք է ստացել։

Ինչո՞ւ է առաջացել փորձաքննության անցկացման անհրաժեշտություն

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ միջազգային համալիր  փորձաքննության անցկացման անհրաժեշտության մասին կրկին և ակտիվորեն սկսեցին խոսել Հայաստանում 2018թ-ի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Նրա աշխատանքի հակառակորդների մոտ հույս էր հայտնվել, որ Հայաստանի «հեղափոխական» կառավարությունը կաջակցի իրենց դիրքորոշմանը։

Սակայն հանքի շահագործման դեմ բողոքը սկսվել է դրանից շատ ավելի առաջ՝ դեռ 2011թ-ին։ Դրանց մասնակցում էին հարակից բնակավայրերի բնակիչներն ու բնապահպանները։ Նրանք կարծում են, որ ոսկու արդյունահանումը կարող է բացասաբար անդրադառնալ Ջերմուկ քաղաքի, Սևանա լճի և որոշ գետերի վրա։ Այդ ժամանակ ստեղծվեց «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնությունը։ Այն հայտարարում էր․

 «Թույլ չենք տա փչացնել Ջերմուկն ու Ջերմուկի երիտասարդության ապագան»։

 2012թ-ին հանքի շահագործման դեմ արդեն ստորագրահավաք սկսվեց։ Ակտիվիստները բազմիցս փակում էին հանքի մուտքն ու խոչընդոտում ծանր տեխնիկայի աշխատնքին։ Իսկ 2018թ-ին նրանք հասան ոսկու արդյունահանման կասեցմանը։

Այդ ժամանակ Հայաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց շրջակա միջավայրին վնաս հասցնելու կասկածանքով։ Բոլոր հարցերի պատասխանները պետք է տար միջազգային փորձաքննությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարում էր, որ դրական եզրակացության դեպքում Ամուլսարի հանքը շահագործվելու է․

«Եթե փորձաքննությունը հիմժնավորի՝ անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրային համակարգի համար, նախագիծը կիրականացվի։ Սակայն, եթե սպառնալիք կա, ես որպես վարչապետ չեմ կարող թույլ տալ դրա շահագործումն՝ անկախ ամեն ինչից»։

Կառավարության շենքի մոտ կրկին բնապահպանների ցույց է

Ամուլսարի հանքի շահագործման հակառակորդները ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ օգոտոսի 15-ի առավոտյան։ Այսինքն, ակցիան սկսվել է փորձաքննության արդյունքների մասին Քննչական կոմիտեի հայտարարության հաջորդ օրը։

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ շրջակա միջավայրի վրա հանքի շահագործման ազդեցության մասին հանձնաժողովի հայտարարությունները միայն մանիպուլյատիվ բնույթ են կրում։ Նրանց կարծիքով՝ Քննչական կոմիտեն փորձաքննության եզրակացությունից դուրս է գրել միայն այն կետերը, որոնք ձեռնտու էին կառավարությանը։

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը կարծում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականն ամբողջական չէր, իսկ շահագործման թույլտվությունը տրամադրվել է կեղծ տվյալների հիման վրա․

«Շահագործման նախագծի հաստատումն այդ հիմքով ապօրինի է։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականն ամբողջական չէր, նոր գնահատական է պետք տալ»։

Բողոքի ակցիայի մասնակիցները պաստառներ էին բերել․ «Փորձաքննությունն ապացուցել է, որ բնապահպաններն իրավացի են», «Elard-ի գնահատմամբ՝ Lydian-ին պետք է զրկել թույլտվությունից»։

Ակցիայի մասնակիցները պահանջել են հինգ մարդու թույլ տալ մասնակցել կառավորության նիստին՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման իրական պատկերը ներկայացնելու համար։

Նրանք փորձել են մտնել շենք, սակայն ոստիկանները փակել են նրանց ճանապարհն ու հայտարարել, որ դա հատուկ պահպանման օբյեկտ է, մուտքի համար հատուկ անցագիր է պետք։

 «Lydian»-ում փորձաքննական եզրակացությունից գոհ են

«Lydian International» ընկերության նախագահի և գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելերսը մեկնաբանել է փորձագիտական եզրակացության արդյունքները։ Նրա խոսքով՝ փորձաքննության նման արդյունքը «բավականին ակնկալվող էր»։

Ընկերությունը գոհ է նրանից, որ ավարտվեց «Ամուլսարի նախագծի հազարավոր ուղղակի և անուղղակի շահառուների դժվար տարին․․․, քանի որ Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ «Լիդիանը» կարող է շարունակել «Ամուլսար» ծրագրի աշխատանքը՝ կախված փորձաքննության արդյունքներից»։

Սելերսը հայտարարել է նաև․

«Այժմ մենք պետք է ծանոթանանք եզրակացության ամբողջական տեքստին․․․ Մեզ համար նաև հաճելի է գիտակցել, որ, փորձագիտական եզրակացության հետ կապված, դատավարության կամ քրեական գործի հարուցման համար որևէ հիմք չկա»։

Ինչո՞ւ է Ամուլսարի հանքն այդքան կարևոր

Ամուլսարի հանքի շահագործման իրավունքը ստացել է «Lydian» ընկերությունը, որի ներդրումային փաթեթն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշորներից մեկն էր։ Կառույցը հայտարարել է 325 մլն դոլարի մասին։ Ենթադրվում էր, որ նախնական փուլում՝ շինաշխատանքներում, կներգրավվի 1300 մարդ, իսկ շահագործման փուլում՝ 770 մարդ։

Հանքի շահագործումն, ընկերության հաշվարկով, պետք է ապահովի Հայաստանի ՀՆԱ տարեկան 1,4%, կամ 185 մլն դոլարի աճ։ «Lydian» ընկերությունը հավակնում է լինել Հայաստանի խոշորագույն հարկատուների հնգյակում՝ պետբյուջե վճարված 50 մլն դոլար հարկի ցուցանիշով։ Իսկ արտահանման ցուցանիշներն, ըստ նախնական հաշվարկի, կարող են հասնել տարեկան 286 մլն դոլարի։


Կարդալ ավելին JAMnews-ում