Մասնագետների վկայությամբ, բնակարանատերերի որոշակի մասը վաճառում է գույքը արտագաղթելու նպատակով" />

Բնակարանների գները թանկացել են, բայց առքն ու վաճառքն ակտիվացել է

Մասնագետների վկայությամբ, բնակարանատերերի որոշակի մասը վաճառում է գույքը արտագաղթելու նպատակով

Հայաստանում տներն ու բնակարանները թանկացել են: Անշարժ գույքի գործակալություններում ասում են, որ գները դեռ շարունակելու են բարձրանալ:

«Շարժ է սկսվում, մարդկանց արդեն հետաքրքրում է անշարժ գույքը: Միտում կա, որ կրկին դրսից եկողներն են հետաքրքրված անշարժ գույք գնելով: Նրանց թվում են նաև, այսպես ասած, խոպանչիները: Տեղացի հաճախորդներն էլ հետաքրքրված են անշարժ գույքով՝ հավանաբար, մարդիկ արդեն ավելի մեծ հույսեր են կապում Հայաստանի հետ»,-  ասել է անշարժ գույքի թիվ 1 գործակալության տնօրեն Համազասպ Հարությունյանը:

Պաշտոնական վիճակագրությունն էլ է վկայում, որ այս տարի անշարժ գույքի մեկ քառակուսի մետրի գները 2017 թ.-ի վերջին ամիսների համեմատ բարձրացել են: Խոսքը գնում է, թե Երևանի բոլոր վարչական շրջանների, թե մարզերի բնակարանների գներին մասին:

News.am կայքը՝ հղում անելով մասնագետ Սմբատ Գրիգորյանի վերլուծությանը, տեղեկացրել է. միայն այս տարի գրանցվել է բնակարանների վաճառքի 14 հազարից ավելի գործարք, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Սակայն գործարքների 81 տոկոսն այնուամենայնիվ իրականացվել է մայրաքաղաքում:

Մասնագետները նշում են, որ հայաստանցիներն իրենց անշարժ գույքը վաճառում են հիմնականում արտագաղթելու նպատակով կամ ֆինանսական խնդիրները լուծելու անկնալիքով: Այժմ կա նաև մարդկանց որոշակի տոկոս, որն անշարժ գույքը վաճառում է նորը գնելու, իր պայմանները բարելավելու համար:

Սակայն հստակ կողմնորոշվել, թե ինչ է իրականում տեղի ունենում շուկայում դժվար է: Թիվ 1 գործակալության տնօրեն Համազասպ Հարությունյանի խոսքով, «սև վաճառքները» շատ են, ինչի հետևանքով հնարավոր չէ հստակ վիճակագրություն ունենալ, թե ով ում ինչ վաճառեց և ինչ պատճառով:

«Եթե մարդիկ համատարած իրենց գույքը վաճառեն ընկերությունների միջոցով, հնարավոր կլինի հստակ իմանալ բոլոր միտումները և մասնագիտական վերլուծություններ անել: Պետությունն այստեղ անելիք ունի՝ կանոնակարգելու կարիք է զգացվում»,- ասաց նա:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում