Սոցիալական ձեռնարկությունների մասին՝ մի արտադրամասի օրինակով, որը կանանց աշխատանքով է ապահովում և զբոսաշրջիկների գրավում " />

Բիզնեսի նոր ձև Հայաստանում, որն օգնում է մարդկանց խնդիրները լուծել

Սոցիալական ձեռնարկությունների մասին՝ մի արտադրամասի օրինակով, որը կանանց աշխատանքով է ապահովում և զբոսաշրջիկների գրավում

Զարին Գրիգորյանի մատները ճկուն շարժումներով ոչխարի արդեն լվացված բուրդը գզում են, մանում: Արդյունքում բուրդը վերածվում է շագանակագույն թելի, որի տաք երանգներն ավելի ուշ հայտնվում են կարպետների զարդանախշերում։

«Այստեղ ոչ միայն աշխատում եմ, այլև բավականություն ստանում իմ արած գործից: Բայց ամենից առաջ սա նյութական օժանդակություն է ընտանիքիս համար»,– ասում է Զարին Գրիգորյանը։

Նա 39 տարեկան է, վեց երեխաների մայր, ապրում է Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում։  2600 բնակչություն ունեցող Շինուհայրում աշխատանք գտնելը հեշտ չէ: Իսկ Զարինը շինուհայրցի 14 կանանց հետ միասին աշխատում է բրդի արտադրամասում: Այն ստեղծվել է Գորիսի Կանանց զարգացման  «Ռեսուրս կենտրոն»  հիմնադրամի կողմից: Արտադրամասը գտնվում է 90-ականներից չգործող գյուղի ռետինե կոշիկների գործարանի շենքում։ Իսկ ժամանակին այս գործարանում 700-ից ավել մարդ է աշխատել։

«Ռեսուրս կենտրոն»-ի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանն ասում է, Շինուհայրում արտադրամասը բացել են հաշվի առնելով մի շարք նախապայմաններ.

«Նախ տարածաշրջանի ամենամեծ գյուղն է, բարձր է միգրացիան: Տարիքային սահմանափակում չենք դրել։ Առավելությունը տվել ենք սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքիների կանանց և միայնակ մայրերին։ Երեք տարի է աշխատում ենք: Սա իրենց համար ամենօրյա աշխատանք է, անգամ շաբաթ կիրակի են գալիս»։

Հոլանդացիները Հայաստանում՝ տեղացի ձեռնարկատերեր

Տարանջատել բիզնեսն իշխանությունից՝ նոր կառավարության առաջին քայլերը 

Հայաստան – Եվրամիություն. ինչպես խորացնել հարաբերությունները 

«Ռեսուրս կենտրոնի»-ի`«Բրդից մինչև կարպետ» ծրագիրը սոցիալական ձեռներեցության ծրագիր է: Այն ենթադրում է համայնքի սոցիալական խնդիրների լուծում։

Հայաստանում վերջին շրջանում շատ մեծ թիվ են կազմում սոցիալական ձեռնարկությունները: Դա սոցիալկան, մշակութային կամ էկոլոգիական խնդիրների լուծմամբ զբաղվող կազմակերպություններ են: Դրանք հաճախ նորարարական մեթոդներով են աշխատում և լուծում երկրի տարբեր համայնքների խնդիրները:

Եթե սովորական ձեռնարկատերերն իրենց գործունեության հաջողությունը գնահատում են ստացվող շահույթով, ապա այս դեպքում չափանիշը՝ սոցիալական խնդրի լուծման արդյունավետությունն է: Շահույթը սոցիալական ձերնարկության համար կարևոր է, բայց այլ տեսանկյունից: Այն դիտվում է որպես կազմակերպության նպատակներն իրականացնելու հնարավորություն:

Ռուզաննա Տոռոզյանը բացատրում է. սա բիզնես է, որում ներգրավված են համայնքի սոցիալապես խոցելի խմբի կանայք: Արտադրամասն էլ ստեղծվել է հենց այդ կանանց խնդիրները լուծելու նպատակով.

«Ծրագրի մի մասով եկամուտ է հետապնդվում, մյուս մասով` եկամտի մնացած մասը ուղղվում է համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը։ Օրինակ, անցյալ տարի գյուղի դպրոցի երեխաների գրքերի հարցն ենք լուծել, փախստական ընտանիքների երեխաների համար ամանորի նվերներ ենք գնել, տոնածառի հանդիսություն կազմակերպել։

Շահույթի 50 տոկոսը գնում է ձեռնարկության բարելավմանը, բիզնեսի զարգացմանը: Շահույթի մյուս 50 տոկոսն էլ գնում է սոցիալական խնդիրների լուծմանը։ Խոսքը գնում  է եկամտի մասին, աշխատավարձ ու մնացած բոլոր ծախսերը դուրս եկած վիճակում»։

Արտադրամասի աշխատակից Զինա Մարտիրոսյանն էլ 3 երեխա է մեծացնում: Ասում է, որ արտադրամասի աշխատանքով  հոգում է երեխաների ծախսերը և դրանով օգնում իր ընտանիքին։

«Արդեն երեք տարի է աշխատում եմ։ Այս պահին գզում եմ թելը, հետո կմանեմ։ Հետաքրքիր է, թե ինչպես է ոչխարի բուրդը վերածվում թելի»,– ասում է Զինան։

Ռուզաննա Տոռոզյանը պատմում է, որ սկզբնական շրջանում արտադրամսում ընդամենը թել էին մանում: Իսկ այսօր այդ բնական թելից ստանում են տարբեր տեսակի ապրանքներ. կարպետներ, հագուստ, բարձեր, պայուսակներ, խաղալիքներ։

«Մենք թելերը չենք ներկում, բնությունը ունի տասնվեց երանգ, մենք ստանում ենք այդ տասնվեց երանգները։ Էկոլոգիապես մաքուր թելեր են, որոնք օգտագործում ենք արտադրությունում։ Հարյուր տոկոսանոց բրդի գործվածք ենք ապահովում։ Հայաստանում աննախադեպ արտադրություն է, քանի որ մեր երկրում  տեքստիլի արտադրություն բնական թելից չկա», – ասում է Ռուզաննան։

«Ռեսուրս կենտրոն»-ի ղեկավարի խոսքով, Շինուհայրը գտնվում է Տաթևի վանք տանող ճանապարհին, որը տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում: Սակայն մինչ այժմ՝ գյուղը շրջանցելով։

«Բրդից մինչև կարպետ» ծրագիրը զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռում մի պահ կանգ առնել Շինուհայրում, ծանոթանալ հայկական կարպետագործության հնամյա ավանդույթներին։

«Հատուկ զբոսաշրջության փաթեթ ենք մշակել «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ: Դրա արդյունքում միայն վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում 86 զբոսաշրջիկ ենք ունեցել։ Մուտքի համար նրանք վճարում են։

Իսկ մենք կազմակերպում ենք նաև հյուրասիրություններ, ոչխարի խուզման փառատոն՝  խուզում ենք իրենց աչքի առաջ։ Ներսում արդեն ցուցադրում, թե ինչպես է խուզված բուրդը լվացվում, մաքրվում, մտնում արտադրամաս: Այստեց գզվում է, այնուհետև մանելու ընթացքում թել դառնում, հետո նաև կարպետ ու գործվածք։ Վարպետության դասեր ենք անցկացնում։ Այս երեք տարում ոչ միայն մեր արտադրանքն ենք զարգացրել, այլև նպաստել զբոսաշրջության զարգացմանը»,– ասում է Ռուզաննա Տոռոզյանը։

Հպարտությամբ պատմում է, որ այս տարի ամռանն իրենց վարպետներից երկուսը մասնակցել են Վաշինգտոնի ազգային պուրակում տեղի ունեցած «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնին: Ժողովրդական կենցաղի ամենամյա փառատոնում նրանք ցուցադրել են բրդից կարպետ ստեղծելու գործընթացը։

«Երկու շաբաթ շարունակ ԱՄՆ-ում ներկայացնում էինք մեր աշխատանքը, միաժամանակ առաջարկում մեր տուրփաթեթները։ Ու այս տարի զբոսաշրջիկների մեծ մասը այցելեցին Շինուհայր ԱՄՆ-ում մեր մասին լսելուց հետո»,– ասում է Ռուզաննան։

Արտադրամասի ավագ վարպետ Կարինե Ամարյանը ուշադիր հետևում է բնական թելերի ստեղծման փուլերի ճշգրիտ պահպանմանը: Ապա՝ զարդանախշերի տեսքով կարպետի մակերեսին այդ թելերի հայտնվելուն։

«Կարպետը թելերի հանգույց է, առանց մազիկների, ի տարբերություն գորգի, որը մազիկներով ու գույների խաղով է առանձնանում։ Գորգ չենք գործում, մեր նպատակն է պահպանել ու վեր հանել կարպետագործության ավանդույթները։ Բոլորն էլ արդեն լավ մասնագետներ են, կարողանում են և կարպետ, և կտոր գործել»,– պատմում է ավագ վարպետը։

Ռուզաննա Տոռոզյանն էլ ասում է, որ կառավարությունում հետաքրքրված են իրենց արտադրությամբ: Եվ նույնիսկ փորձելու են իրենց համար նոր շուկաներ գտնել.

«Ապագայի հետ կապված ծրագրեր ունենք։ Վերջերս մեզ էր այցելել վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը։ Ասաց, արդեն կապվել են Սկանդինավյան երկների, ՌԴ-ում հայ գործարարների հետ։ Կներկայացնեն մեր արտադրանքը:  Դա ենթադրում է արտադրական ծավալի մեծացում: Իսկ մենք կարող ենք այն մեծացնել կրկնակի ու եռակի անգամ։ Շուկաների ընդլայնման դեպքում, կավելանան աշխատատեղերը:

Կառավարությունում հետաքրքրված են, որ Սյունիքի մարզում ստեղծվի բրդի մթերման  տնտեսություն: Այսինքն, տեղական ֆերմերներից բուրդը կմթերվի մեկ տեղում, կմշակվի, կլվացվի, որից հետո մենք կարող ենք բուրդը մթերել  նաև իրենցից և թել պատրաստել»։

Այս արտադրությունը մի կողմից կլուծի բրդի իրացման խնդիրը, մյուս կողմից էլ կխթանի ոչխարաբուծության զարգացումը ոչ միայն Շինուհայր գյուղում, այլև հարևան  Հալիձոր, Խոտ, Տաթև, Տեղ, Խնձորեսկ համայնքներում։

Ռուզաննայի խոսքով, աշխատանքը գործարքային է, կանայք ստանում են 60-120 հազար դրամ աշխատավարձ։ Մեծ գումար չէ, բայց կարևոր օգնություն է բոլոր այստեղ աշխատող կանանց ընտանիքների համար.

«Մեր կանայք օժտված են այս հմտությունով, դա մենք ժառանգել ենք մեր տատիկներից։ Դեռ չեմ հանդիպել մի կնոջ, որ չկարողանա այս գործն անել»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում