Ցուցարարները պատգամավորների համար «ամոթի միջանցք» են պատրաստում" />

«Բեռլինի պատ» Թբիլիսիի կենտրոնում։ Խորհդարանի շենքի շուրջ ոստիկանությունը մետաղական ցանկապատ է կառուցել

Ցուցարարները պատգամավորների համար «ամոթի միջանցք» են պատրաստում

Վրաստանի խորհրդարանին հարող Չիտաձե և Զուբալաշվիլի փողոցներն, ինչպես նաև օրենսդիր մարմնի շենքի մի քանի մուտքերը նոյեմբերի 28-ի առավոտից փակ են երկաթյա կոնստրուկցիաներով։

Փակ է նաև կառավարության վարչակազմի շենքի փողոցը։

Թբիլիսիում գիշերը կրկին ցրել են բողոքի ցույցը։ Կան վիրավորներ

 

Պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեի խոսքով՝ երկաթյա ցանկապատը խորհրդարանի մերձակայքում տեղադրվել է անվտանգության նկատառումներով, որպեսզի ցուցարարները «բռնություն չկիրառեն ոստիկանության նկատմամբ»։

Սիրաձեի խոսքով՝ խորհրդարանին հարող փողոցները փակ են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են ակցիաներն, ու խորհրդարանի մուտքերն արգելափակելու սպառնալիք կա։

Ըստ Սիրաձեի՝ փողոցներով կարող են տեղաշարժվել միայն տեղի բնակիչները։

«Մենք ադեկվատ ենք գործում, որպեսզի ապահովենք հասարակության անվտանգությանը», – ասել է Սիրաձեն։

Չնայած ցանկապատի տեղադրմանը, ցուցարարներն ու ընդդիմության առաջնորդները հավաքվում են խորհրդարանի մոտ և պլանավորում շրջափակել այն։

Ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս մոտենալ խորհրդարանին։ Ցուցարարները հարվածում են երկաթյա կոնստրուկցիաներին, սուլում սուլիչներով և կարգախոսներ վանկարկում՝ նման կերպ արտահայտելով իրենց բողոքը։

«Նման կերպ պաշարված խորհրդարան ես չեմ հիշում։ Նրանք սեփական ձեռքերով են արել մեր աշխատանքի կեսը։ Մեզ մուտքեր պետք չեն, մենք կանգնելու ենք այնտեղ, որտեղ նրանք իրենց բարիկադավորել են։ Տեսնենք, թե ինչպես են ներս մտնելու», – ասում է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը։

«Բեռլինի պատ»․ այսպես են ընդդիմության առաջնորդներն անվանել խորհրդարանի մերձակայքի բարիկադները։

«Ուզում եմ շնորհավորել պարոն Բիձինա Իվանիշվիլիին և «Վրացական երազանքին» այս հրաշքի կապակցությամբ․․․ Սա ի՞նչ է։ Բեռլինի պատ՝ Վրաստանի մայրաքաղաքո՞ւմ։ Եվ նրանք կարծում են, որ կարող են հասնել իրենց քաղաքական նպատակների՞ն։ Ինքը Բիձինա Իվանիշվիլին է արգելափակել խորհրդարանը․․․ Նրանք մտածել-մտածել են և այսպիսի ապուշություն են հորինել, ինչը չի անում նույնիսկ Պուտինը Ռուսաստանում», – հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գիորգի Բարամիձեն։

«Նրանք 13-րդ թաղամաս են սարքել [ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ]։ Ի՞նչ են նրանք մտածում և ինչպե՞ս են շարունակելու աշխատել։ Կառավարությունն ինքն իրեն շրջափակում է մերթ ցանկապատով, մերթ աբսուրդներով, ավելի ծիծաղելի ի՞նչ կարող է լինել», – այսպես է իրավիճակը գնահատել «Գիրիչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։


Կարդալ ավելին JAMnews-ում