Ինչ հոտ է գալիս Հայաստանի թանկ բենզինից" />

Բենզինի շուկայի “բույրը”

Ինչ հոտ է գալիս Հայաստանի թանկ բենզինից

‘Չնայած աղքատությանը, Հայաստանում մեկ լիտր Աի-92-ն արժե համարյա մեկ դոլար: Այնպես որ, պետք է լիարժեք լիցքավորվել Վրաստանում, որտեղ այդ նույն Աի-92-ն արժե մոտավորապես 45 ռուբլի’: Սա մի հատված էր ռուսական Автовзгляд (Ավտոհայացք) ինտերնետային պորտալում հրապարակված մի հոդվածից, որը վերնագրված էր ‘Во что обойдется автопутешествие по Армении’ (Ինչ կարժենա Հայաստանի տարածքով ավտոճամփորդությունը)։ Հոդվածագիրը՝ Կոնստանտին Գուսևը, իր մեքենայով Հայաստան էր մտել Վրաստանից։ Ու, բնականաբար, նրան պետք է զարմացներ բենզինի գների տարբերությունը Վրաստանում և Հայաստանում։ Մանավանդ, որ դա զարմացնում է անգամ մեզ՝ ՀՀ բնակիչներին։

 

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Հարևան երկրի գործոնը

Տեսեք, Վրաստանում փետրվարի 4-ի դրությամբ 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինն արժեր 1,38 լարի (մոտ 274 դրամ) 1,58 լարի (313 դրամ)։ Հայաստանում այդ նույն օրը ռեգուլյարի գինը 390 դրամ էր, պրեմիումինը՝ 410 դրամ։ 1 լիտր ռեգուլյար տեսակի գինը Հայաստանում 116 դրամով կամ 42%-ով ավելի բարձր է, քան Վրաստանում։

 

 

Ինչո՞ւ է սա այդպես, եթե Վրաստանը Հայաստանի նման բենզին ու նավթամթերք ներմուծող երկիր է։ Այս հարցը վերջին շրջանում շատ ավելի հաճախ է հնչում, սակայն համոզիչ պատասխան դեռ չի եղել։

Պատասխանին սպասելու փոխարեն՝ հայ վարորդները գործում են իրավիճակին համապատասխան՝ մեքենաները բենզինով լիցքավորում են հարևան երկրում՝ Վրաստանում։ Այո, պետք չի զարմանալ։ Պարզ մաթեմատիկա է։ Եթե ձեր մեքենայի բաքի տարողությունը 60 լիտր է, ապա այն ամբողջությամբ լիցքավորելը Վրաստանում մոտ 7000 դրամով ավելի էժան կլինի, քան Հայաստանում։

Դրա համար հայ-վրացական սահմանից ոչ շատ հեռու բնակվող հայ վարորդները չեն ալարում, և ասենք շաբաթը 1 անգամ իրենց մեքենայով անցնում են սահմանը, լիցքավորվում մոտակա բենզալցման կայանում, ձեռքի հետ տան համար գնումներ կատարում (երեխայի տակդիրներից սկսած մինչև լվացքի փոշին Վրաստանում շատ ավելի էժան է) և վերադառնում։

Նավթի գործոնը

Կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ գործոնի բացակայությունը։ Վերջին 1 տարվա ընթացքում նավթի գները կիսով չափ նվազել են, սակայն հայաստանյան բենզալցակայաններում վաճառվող բենզինի գների վրա դա համարժեք ազդեցություն չունեցավ։ Այնպիսի տպավորություն էր, որ բենզինը ստացվում է ոչ թե նավթից, այլ տոմատի հյութից և ընդհանրապես կապ չունի նավթի գների հետ։

 

 

Այս հարցի շուրջ պարզաբանում ներկայացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը ու պարզվեց, որ… հայաստանյան բենզինի գինը տոմատի հյութի հետ կապ չունի, սակայն՝ նավթի հետ էլ չունի։
Նա ասաց, որ Հայաստանում վաճառվող բենզինի գների մեջ նավթի տեսակարար կշիռը 5-8 տոկոս է։ ‘Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ էլ հարկերը բարձր են, լոգիստիկայի ծախսեր են կատարվում և այլն։ Այս ամեն ինչով պայմանավորված` ստացվում է, որ նավթի տեսակարար կշիռը գնալով փոքրանում է’,- ասել էր պաշտոնյան։

Սա նշանակում է, որ բենզինի գնի կախվածությունը նավթի գնից շատ թույլ է, և միջազգային շուկայում նավթի գնի յուրաքանչյուր 10%-անոց նվազումը պետք է հայաստանյան բենզինի գինը նվազեցնի առավելագույնը 0.5-0.8%-ով։ Սակայն ամբողջ հմայքն այն է, որ այս տրամաբանությունը պետք է գործի նաև թանկացման պարագայում։ Այսինքն, եթե նավթի գինը 10%-ով բարձրանա, Հայաստանում բենզինի գինը դրա հետևանքով չպետք է 0.8%-ից ավելի թանկանա։

Մինչդեռ… 2012 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում բենզինը թանկացավ շուրջ 50 դրամով (10%-ով)։ Թանկացումը փոխարժեքով հնարավոր չէր բացատրել, քանի որ 1 ԱՄՆ դոլարի գինը 1 եռամսյակում անփոփոխ էր մնացել (388-389 դրամ)։ Արտակ Շաբոյանը 2012 թվականի մարտի 30-ին, պատասխանելով Հայաստանում բենզինի գների թանկացման մասին հարցին, ասել էր. «Միջազգային շուկաներում մեծ չափով տեղի է ունենում գների բարձրացում, որը, բնականաբար, իր ազդեցությունը պետք է թողնի Հայաստանի գների վրա»։

Մի խոսքով, նավթի գործոնը Հայաստանում խիստ ընտրանքային է աշխատում։

Ստուգումներ, ստուգումներ

Բենզինի գնի թեմային ամենաթարմ անդրադարձը մի քանի օր առաջ էր՝ ՀՀ կառավարության փետրվարի 4-ի նիստում։ Արտակ Շաբոյանը վարչապետին էր ներկայացնում դիզվառելիքի և բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներն ու դիտարկումները:

 

 

Նա կրկին պնդում էր, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 8 տոկոս։ ՏՄՊՊՀ նախագահը ընդգծում էր, որ Հայաստան բենզինը մեծ չափերով ներկրվում է հիմնականում ՌԴ-ից, որտեղ արդյունահանման ծախսերը բավականին մեծ ծավալ են կազմում, բացի այդ, հարկերը մեծ տեսակարար կշիռ ունեն, և երբ ՌԴ-ից բենզինը ներկրվում է, տրանսպորտային մեծ ծավալի ծախսեր են իրականացվում:

Ու չնայած այս ամենին՝ Արտակ Շաբոյանն ասում էր, որ բենզինի գները 2015 թվականի ընթացքում նվազել են՝ 470-ից հասնելով 390 դրամի: Ավելին՝ եթե թվերը դիտարկենք 2014 թվականից, ապա գները շատ ավելի են նվազել՝ 480 դրամից հասնելով 390 դրամի: Ավելին՝ եթե երկու տարվա կտրվածքով դիտարկենք դոլարային արտահայտությամբ, ապա բենզինի վաճառքի գները նվազել են մոտ 28 տոկոսով: Ու վերջապես ավելին՝ 2015թ.-ի ընթացքում եվրոյով արտահայտված բենզինի գները Հայաստանում նվազել են 14 տոկոսով, Ֆրանսիայում 8, Գերմանիայում 7, Իտալիայում 8, Չեխիայում 10, Ռումինիայում 7 տոկոսով: Այսինքն, մյուս եվրոպական երկրներում, երբ համադրելի ժամանակահատված ենք վերցնում համադրելի թվերով, նվազումը շատ ավելի քիչ է, քան ՀՀ-ում: Կարճ ասած, պաշտոնյայի ասելիքը հետևյալն էր՝ ինչո՞ւ եք բողոքում։

Սակայն ամենազարմանալին այն է, որ այս համեմատության մեջ, հիշելով նույն եվրոպական երկրները, մոռացան մեր անմիջական հարևանին՝ Վրաստանին։

Անպատասխան մնացած հարցեր

Ու այնուամենայնիվ՝ ինչո՞ւ է Վրաստանում բենզինը շատ ավելի էժան, քան Հայաստանում։ Վերջերս հայկական լրատվամիջոցներից մեկը մի հետաքրքիր վերլուծություն էր արել այս թեմայով։ Պարզվել էր, որ հայկական շուկայում մարժան (վաճառքի գնից հանած բենզինի ձեռքբերման, փոխադրման ծախսերն ու հարկերը) շատ ավելի մեծ է, քան Վրաստանում։ Մասնավորապես, 1լ Premium տեսակի բենզինի վերջնական գնի մեջ մարժան Հայաստանում 146 դրամ է, Վրաստանում՝ 101։

Gnagoyacum-arm

Սակայն սա ոչ թե հարցին պատասխանում է, այլ նոր հարց է առաջացնում՝ իսկ ինչո՞ւ է մեզ մոտ մարժան մեծ։ Կամ այլ կերպ ասած՝ ինչո՞ւ է ՀՀ բենզինի շուկայի խաղացողների ախորժակն ավելի մեծ։

Պատճառներից մեկը կարող է լինել խաղացողների քանակը։ Որքան դրանք շատ լինեն, այնքան շուկան ավելի մրցակցային կլինի, գինն էլ ցածր։

Վրաստանում բենզինի ներկրմամբ զբաղվում են մի քանի ընկերություններ։ ‘Լուկօյլը’ ներմուծում է Բուլղարիայից, Wissol-ը՝ Հունաստանից, Rompetrol-ը՝ Ռումինիայից, Gulf-ը՝ նույնպես եվրոպական երկրներից, Socar-ը՝ Ադրբեջանից։

Իսկ Հայաստանում ներկայումս բենզին ներկրում են հիմնականում երկու ընկերություններ՝ Flash և CPS: Ընդ որում, ներմուծում են ոչ թե անմիջական վաճառողից, այլ նորաստեղծ Rosneft-Armenia-ից։ Այսինքն՝ Rosneft-ը բենզինն ու դիզվառելիքը ներմուծում են Ռուսաստանից և հայ-վրացական սահմանի վրա հանձնում այս երկու ընկերություններին։

Արտակ Շաբոյանն ասում է, որ այս շուկայում մուտքի խոչընդոտներ չկան, սակայն անհասկանալի է մնում, թե ինչու ընկերությունների թիվը հանկարծ շեշտակի նվազեց, ու միակ մատակարարը մնաց Ռուսաստանը։ 2006-2007 թվականներին շուկայում գործում էին 5-6 ընկերություններ, և բենզին ներկրում էին տարբեր երկրներից (այդ թվում Բուլղարիայից)։

Գազի գործոնը

Իսկ միգուցե բենզինի գնի գաղտնիքը թաքնված է նրա մրցակցի՝ գազի ետևո՞ւմ։ Տեսեք, բենզինի շուկան գնալով նեղանում է։ Սա երևում է Հայաստան մտնող բենզինի և դիզվառելիքի ծավալների կրճատումից։

Պաշտոնական տվյալներով՝ 2008 թվականին Հայաստան է ներմուծվել ավելի քան 400 հազար տոննա բենզին և դիզելային վառելիք։ 2014 թվականին ներմուծման ծավալը կրճատվել է մինչև 325 հազար տոննա (2015-ի տվյալները դեռ հասանելի չեն)։ Ավելին,եթե հավատանք ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուներին, այս ոլորտում ստվերը վերջին տարիներին կրճատվել է։ Այսինքն, տարիներ առաջ ներմուծվող բենզինի մի զգալի մասը թաքցվում էր, այսօր այդպես չէ։ Սա նշանակում է, որ իրականում բենզինի ներկրումն ու հետևաբար նաև սպառումը է՛լ ավելի են կրճատվել։ Ու հետևաբար՝ կրճատվել են նաև բենզինի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների եկամուտները։

Ինչո՞ւ։ Հարցի պատասխանը կարող եք գտնել այս նկարում, որտեղ ներկայացված է, թե տարեկան որքան գազ են սպառում Հայաստանի ավտոգազալիցքավորման կայանները (ԱԳԼՃԿ-ները)։ 2015 թվականին ԱԳԼՃԿ-ները սպառել են 484,5 մլն խմ գազ։

AGNKS-arm

Համեմատության համար նշենք, որ 2009 թվականին սպառվել է 305,6 մլն խմ, իսկ 2001-ին՝ ընդամենը 28,8մլն խմ գազ։ Այսինքն 15 տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների կողմից գազի սպառման տարեկան ծավալն ավելացել է մոտ 17 անգամ։

Սա տեղի է ունեցել ոչ թե մեքենաների քանակի ավելացման հաշվին, այլ այն պարզ պատճառով, որ ամեն տարի ավելի ու ավելի մեծ թվով վարորդներ սկսեցին գազով վարել։ Ու այսօր Հայաստանի տրանսպորտային միջոցների ավելի քան 70%-ն աշխատում է բնական գազով։ Ընդ որում, գազի սպառումն ավելացել է՝ չնայած գազի գնի թանկացմանը։ Սա նշանակում է, որ անգամ թանկացած գազը վարորդի համար ավելի ձեռնտու է, քան բենզինը։

Մի խոսքով, բենզինը Հայաստանում մրցակցության մեջ տանուլ է տվել գազին։ Ու այսօր բենզինի սպառման ծավալների կրճատումը նվազեցրել է բենզինի շուկայի եկամուտները։ Այնքան է քչացրել, որ այն արդեն պետք էր բաժանել ոչ թե 5-6, այլ 2-3 հոգու միջև։ Ու այդ 2-3 հոգին փորձում են եկամուտները պահպանել գնի հաշվին։


Կարդալ ավելին JAMnews-ում