Իրավապաշտպանների կարծիքով՝ Չեչնիայում նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում " />

Բելառուսում ձերբակալված չեչեն մարզիկին հանձնել են չեչեն ուժայիններին

Իրավապաշտպանների կարծիքով՝ Չեչնիայում նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում

Չեչեն մարզիկին՝ խառը մարտարվեստի աշխարհի չեմպիոնին, որը Բելառուսում փորձել է թաքնվել չեչեն ոստիկանների հետապնդումներից, Ռուսաստանին են հանձնել: Ինչպես հաղորդում է Չեչնիայի ՆԳՆ-ն՝ Բելառուսում ձերբակալված Մուրադ Ամրիևին արդեն հանձնել են ուժայիններին, նրան Չեչնիա կտանեն «ցուցմունք տալու համար»:

Չեչնիայի ՆԳՆ-ն պնդում է, որ Ամրիևը ձերբակալվել է որպես կասկածյալ նախապես կեղծ փաստաթղթի օգտագործման գործով, որով էլ նրա հանդեպ միջազգային հետախուզում էր հայտարարվել:

Հայտնի չեչեն մարզիկին, որը վերջին ժամանակներս ապրում էր Գերմանիայում,  արդեն մի քանի տարի փորձում են դատի տալ Գրոզնիում, ինչպես պնդում են իրավապաշտպանները, կեղծ մեղադրանքներով:

Ամրիևը ձերբակալվել է երեկ ռուս-բելառուսական սահմանին բելառուս սահմանապահների կողմից: Նա այնտեղ էր հայտնվել՝ փորձելով լքել Ռուսաստանն այն բանից հետո, երբ գնացքից իջել էր Բրյանսկ քաղաքում և հարցաքննվել տեղի դատախազությունում:

Բելառուսի իրավապահ մարմինների ներկայացուցիչները բառացիորեն միանգամից հայտարարել են ձերբակալվածին Ռուսաստանին արտահանձնելու պատրաստակամության մասին:

Իսկ Նովայա գազետան գրում է, որ Չեչնիայի ոստիկանության աշխատակիցները Ամրիևի ընտանիքին արյան վրեժ են հայտարարել, և Մուրադ Ամրիևին կտտանքներ և հնարավոր սպանություն է սպասվում, եթե նա կրկին Չեչնիայում հայտնվի:

Ողջ պատմությունը սկսվել է 2013թ-ին, երբ Մուրադ Ամրիևին ձերբակալել են և կտտանքների ենթարկել Չեչնիայի ոստիկանությունում: Երիտասարդին ոչնչի համար չէին մեղարդում: Պահանջն այն է, որ Գերմանիայից Չեչնիա վերադառնա նրա ավագ եղբայրը, որին մեղադրում էին Գրոզնիի ոստիկանության պետ Մագոմեդ Դաշաևին սպանելու մտադրության համար:

Հենց Մուրադ Ամրիևին բաց են թողել, նա անմիջապես լքել է Չեչնիան, այնուհետև՝ Ռուսաստանը և մեկնել եղբոր մոտ Գերմանիա: Այս տարիների ընթացքում նա այնտեղ մեծ սպորտային կարիերա է արել և դարձել աշխարհի չեմպիոն խառը մարտարվեստի բնագավառում:

Ռուսաստանում նրա դեմ գործը փակվել է, սակայն մինչև 2017թ-ի փետրվարը, երբ նրա հանդեպ կրկին հետազխուզում են հայտարարել Չեչնիայում: Ամրիևն այդ մասին չի իմացել և մայիսին Ռուսաստան է եկել իր անձնագիրը վերցնելու և ձերբակալվել է: Հենց Չեչնիայում իմացել են նրա ձերբակալման մասին, այնտեղից միանգամից դուրս է եկել գրավման խումբը, որպեսզի նրան տանեն Գրոզնի: Սակայն նրանք չեն հասցրել, հարցաքննությունից հետո նրան բաց են թողել, և նա անհապաղ մեկնել է Բելառուս իր փաստաբանի հետ:

«Կտտանքների կանխարգելման միջազգային կոմիտեն» հայտարարել է, որ Ամրիևի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում:

Ամրիևին Չեչնիային չարտահանձնելու խնդրանքով տեսաուղերձ են հղել Ամրիևի մայրն ու հայրը: Հունիսի 9-ին հայտնի է դարձել, որ ընտանիքը լքել է Չեչնիան անվտանգության նկատառումներով:


Կարդալ ավելին JAMnews-ում