Բելառուսի բժիշկները փրկել են Վրաստանի ոչ մեկ քաղաքացու կյանք " />

Բելառուսական սրտով Քեթին: Թե ինչպես են Մինսկի բժիշկները փրկել վրացի աղջկան

Բելառուսի բժիշկները փրկել են Վրաստանի ոչ մեկ քաղաքացու կյանք

Եվրոռադիոյի նյութը 

Օգոստոսի 2-ի երեկոյան 13-ամյա Քեթին, որի սիրտը հունիսի սկզբին Մինսկի «Սրտաբանություն» հանրապետական գիտագործնական կենտրոնում պատվաստել են, մեկնել է տուն՝ Թբիլիսի: Նրան ուղեկցել են ծնողներ Գիորգին և Թամարան, ինչպես նաև բժիշկ Օլեգ Չերնոոկին. նա պետք է երեխայի բուժման խորհուրդները փոխանցեր վրացի գործընկերներին:

Մեկնելու նախորդ օրը Եվրոռադիոն հանդիպել է Գիորգիին և Քեթիին:

«Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս՝ և բժշկության մակարդակը, և անհավատալի բժիշկները, և մարդկանց վերաբերմունքը: Սակայն մենք Բելառուսի քաղաքացիներ չենք, Քեթիի՝ կլինիկայում գտնվելու մեկ շաբաթը մեզ վրա 7-8 հազար դոլար է նստում, դա շատ թանկ է մեզ համար, – ասում է Գիորգին: – Մենք վիրահատության համար հարյուր հազար դոլարից ավել գումար ենք վճարել: Սակայն աղջկաս հին հիվանդ սիրտն ազդել է մնացած օրգանների վրա: Վիրահատությունից հետո  ամեն ինչ այլ կերպ ընթացավ: Իրավիճակը շատ բարդ էր: Այդ պատճառով էլ այժմ բուժում են թոքերը, երիկամները և այլն: Ստացվեց, որ մենք կլինիկային գումար ենք պարտք»:

Այսօրվա դրությամբ Քեթիի բուժման պարտքը Բելառուսում կազմում է մոտ 55 հազար դոլար: Մինչ մենք զրուցում ենք Գիորգիի հետ, մեզ պարբերաբար վրացիներ են մոտենում, որոնք գալիս են ընտանիքին աջակցություն հայտնելու, այդ թվում՝ ֆինանսական: Գիորգին ասում է, որ բելառուսները նույնպես անմասն չեն մնացել, նույնպես օգնում են և մթերքով, և փողով:

 

«Պարզվեց, որ երկու աղջիկներիս սիրտն էլ հիվանդ է»

Այն մասին, որ Քեթին հազվադեպ հիվանդությամբ է տառապում՝ ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայով, ծնողներն իմացել են պատահմամբ: 2012թ-ին աղջկա ավագ քույրը՝ Մարիամը, պարով էր զբաղվում: Նա վատ է զգացել: Դիմել են բժշկի, բժիշկներն էլ հայտնաբերել են հիվանդությունը:

«Երեխաները բացարձակ առողջ էին: Նորմալ ապրում էին: Բայց հանկարծ՝ այսպիսի հիվանդություն, աշխարհում նման աշխտորոշմամբ քիչ մարդիկ կան: Բժիշկներից մեկն առաջարկել է զննել նաև Քեթիին. պարզվել է, որ աղջիկներս երկուսն էլ հիվանդ սիրտ ունեն: Մենք շոկի մեջ էինք: Ինչն է պատճառ դարձել, հայտնի չէ, միգուցե՝ ինչ-որ վարակ կամ պատվաստում: Ոչ ոք չգիտի: Քեթիի անալիզներն ուղարկել ենք Ավստրիայի և Գերմանիայի հիվանդանոցներ: Նրանց բժիշկները նման հիվանդության չեն բախվել», ― շարունակում է Քեթիի հայրը:

 

Ախտորոշման հայտնաբերումից հետո խոսակցություններ սկսվեցին երկու աղջիկներին սրտի փոխպատվաստում անելու վերաբերյալ: Քանի որ Վրաստանում փոխպատվաստում չեն անում, դիտարկվում էին Իսրայելի, Գերմանիայի, Բելառուսի տարբերակները: Սակայն, պնդում է Գիորգին, «Գերմանիայում ամսական երեք այդպիսի վիրահատություն են անում, իսկ այստեղ՝ Մինսկում, 50: Գումարային առումով էլ է այստեղ ավելի էժան, քան Եվրոպայում»: Բացի այդ, ընտանիքը ծանոթացել է ևս մեկ Գիորգիի հետ՝ Սարկիսովի, որը Վրաստանի առաջին քաղաքացին է, ում սրտի փոխպատվաստում են կատարել Բելառուսում, և նա հիմա իրեն հիանալի է զգում, նա էլ հենց խորհուրդ է տվել ընտանիքին կանգ առնել բելառուսական կլինիկայի վրա:

Սակայն Մարիամը չի կարողանում սպասել նոր սրտին. 2017թ-ի ապրիլի 27-ին նա մահանում է: Իսկ մայիսի 12-ին ծնողները Քեթիի հետ Մինսկ են գալիս: Սրտի փոխպատվաստման վիրահատություն Բելառուսում անում են 14 տարեկանը լրացածներին: Քեթիի 14 տարեկանը կլրանա հոկտեմբերին, Մինսկի 29-ամյա բնակչի սիրտը, որը մահացել է ուղեղի կաթվածից, միանգամայն համապատասխանում է չափանիշներին, այդ պատճառով էլ բժիշկները որոշում են վիրահատել աղջկան:

«Մենք պետք է մեծ գումար հավաքեինք: Այդ հարցում օգնել են ազգականներն, ընկերները, հարևանները, մի փոքր էլ՝ պետությունը: Բացի այդ, կինս՝ Թամարան, աշխատում է բանկում, և 80 հազար դոլար մեզ տվել է նրա բանկը: Այժմ ինձ օգնում է Կոնստանտին Ծերեթելին՝ Բելառուսի ժողովրդական բանկի գլխավոր տնօրենը: Շատ մարդիկ են օգնում: Մի անգամ մի տատիկ էր եկել, բերել էր մի կապ բանան և 20 ռուբլի (10 դոլար – Եվրոռադիո): Այդպիսի դեպքերում հնարավոր չէ չարտասվել», ― պատմում է Քեթիի երախտապարտ հայրը:

Վիրահատությունից հետո Քեթին ընդամենը 26կգ է կշռում

Որոշ ժամանակ անց Գիորգին ու Քեթին դուրս են գալիս փողոց: Նիհար աղջիկը նստած է անվասայլակում. վիրահատությունից հետո նա ընդամենը 26կգ է կշռում, սակայն խոսում է, հեռախոսով խաղում և սպասում, թե երբ է տուն վերադառնալու՝ Թբիլիսի. Մինսկում կարոտում է ընկերներին և փոքր եղբորը, որը 5 տարեկան է, նա առողջ է և այժմ տանն է մորաքրոջ հետ:

Քեթին շարունակելու է վերականգնումը թբիլիսյան հիվանդանոցում: Մոտակա երեք տարվա ընթացքում նա տարին երկու անգամ պետք է Մինսկ գա հետազոտության: Հետո՝ տարին մեկ: Նա երազում է դպրոց վերադառնալ, բժիշկները կանխատեսում են, որ դա անպայման տեղի կունենա: Հայրն ասում է, որ աղջիկը շատ ուժեղ է:

Քեթին Վրաստանի վեցերորդ քաղաքացին է, որին սրտի փոխպատվաստում են արել Բելառուսում: Առաջինը Գիորգի Սարկիսովն էր: Կարդիոմիոպաթիա ախտանիշով նա երկու տարի ապրել է «ապարատներով և դեղորայքով», այնուհետև 2014թ-ին վրացի բժիշկների խորհրդով Բելառուս է մեկնել փոխպատվաստման: Դոնորին երկար չի սպասել. վիրահատությունն արել են Մինսկում Գիորգիի մնալու առաջին օրերին:

«Դա մայիսի 21-ն էր: Ինձ զանգահարեցին և ասացին, որ երկու ժամից վիրահատություն են անելու, և որ դոնորը մահացել է հեպատիտ C-ից: Ես լրիվ հանգիստ էի: Երբեք չեմ մտածել, որ խնդիր ունեմ, պետք է սիրտս փոխեմ: Ես շատ էի սպասում վիրահատությանը, չէի հուզվում, հավատում էի, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Գիորգի Սարկիսովն ու Քեթին

 Գիորգին ամեն օր հոծանիվով 14 կմ է անցնում, ոտքով՝ ևս 12-ը

Ինչպես և Քեթիին, Գիորգիի փոխպատվաստումն արել է պրոֆեսոր Յուրի Օստրովսկին: Գիորգին հիվանդանոցում 27 օր է անցկացնում, լավացնում ռուսերենն ու տուն վերադառնում:

«Օստրովսկին ասաց, որ շատ ուժեղ օրգանիզմ ունեմ: Այդպես էլ կա: Վերջերս Մինսկում էի, ինձ հետազոտեցին և ասացին, որ ամեն ինչ լավ է: Ես ամեն օր հեծանիվով 14կմ եմ անցնում, ոտքով՝ ևս 12-ը: Ինձ հիանալի եմ զգում», ― պատմում է Գիորգին:

Գիորգին դեռևս չի աշխատում. վիրահատությունից հետո աշխատանքային սահմանափակումներ կան: Նա երկրորդ կարգի հաշմանդամության թոշակ է ստանում 40 դոլարի չափով, և դա այն դեպքում, երբ դեղորայքի վրա ամսական պետք է 150 դոլար ծախսի: Սակայն տղամարդը գործ է գտել. նա հայրենակիցներին խորհրդատվություն է տրամադրում, ում պետք է սրտի փոխպատվաստում անել, օգնում է փաստաթղթերը և Բելառուսում վիրահատության գումարը հավաքել: Ընդ որում, սեփական ոգևորության վրա է այդ ամենը հիմնված: Քանի որ գիտի, թե ինչ է դա, գիտի, որ իրեն օգնել են, այդ պատճառով էլ ուզում է այժմ էլ ինքը օգնի: Այսօրվա դրությամբ, ասում է Գիորգին, սրտի փոխպատվաստման կարիք ունի Վրաստանի նվազագույնը 27 բնակիչ:

«Առաջին հերթին, Բելառուսում շատ են ուղղափառները, այստեղ վիրահատություններ են անում, որոնցից հետո մարդիկ իրենց լավ են զգում, բացի այդ, վիրահատություններն են ավելի էժան, քան Եվրոպայում, այնտեղ նվազագույնը 350 հազար եվրո արժե, – Բելառուսի պլյուսներն է թվարկում Գիորգին: – Անձամբ ինձ օգնել են ընկերներս: Թբիլիսիի քաղաքապետարանն է 60 հազար դոլար փոխանցել: 10 հազար դոլար՝ առողջապահության նախարարությունը: Նման դեպքերում օգնում են ակցիաները. երբ մարդիկ իմանում են քո խնդրի մասին մամուլից, օգնում են փողով»:

 

«Նախընտրությունը տրվում է Բելառուսի քաղաքացուն: Այն դեպքում, եթե օրգանը պարամետրերով չի համապատախանում Բելառուսի քաղաքացուն, վիրահատում են արտասահմանցուն»

«Սրտաբանություն» հանրապետական գիտագործնական կենտրոնի արտաբյուջետային գործունեության բաժնի ղեկավար Վիտալի Բունելի խոսքով՝ սրտի փոխպատվաստման վիրահատությունն արտասահմանցիների համար արժե մոտ հարյուր հազար դոլար: Համեմատության համար՝ նույնպիսի վիրահատությունն Իսրայելում կարժենա 270-350 հազար դոլար, Գերմանիայում՝ 400 հազար եվրո:

Բելառուսական կենտրոնի հիվանդների թվում են նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներ, Բալթիայի երկրների բանկիչներ: Վերջերս վիրահատել են Իռլանդիայի քաղաքացու, որը որոշ ժամանակ առաջ Մինսկ էր տեղափոխվել Ուկրաինայից:

«Բնականաբար, նախապատվությունը տրվում է Բելառուսի քաղաքացուն: Եթե օրգանը պարամետրերով չի համապատասխանում բելառուսներին, ընտրում են հիվանդին, որն արտասահմանցիների հերթացուցակում է: Եվ եթե բոլոր ցուցանիշները համընկնում են տարբեր գործոնների առումով, ապա կատարվում է այդ հիվանդի սրտի փոխպատվաստման համար օպերատիվ բուժում», ― պարզաբանում է Վիտալի Բունելը:

Թե որքան պետք է հիվանդը՝ Բելառուսից, թե արտասահմանից, գտնվի հերթացուցակում, կախված է բազմաթիվ գործոններից՝ արյան խմբից, հասակից, քաշից, սպասումը կարող է տևել մի քանի օրից մինչև անգամ տարի: Եթե հիվանդի վիճակը կայուն է, նա սրտին սպասում է Մինսկում՝ հիվանդանոցից ոչ հեռու, օրինակ, հյուրանոցում կամ բնակարանում: Իսկ եթե մարդն իրեն վատ է զգում՝ հիվանդանոցում:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում