Բնակչությունը տարհանում կամ փոխհատուցում է պահանջում " />

Բաքվում սողանքային գոտում չորս տուն է փլուզվել

Բնակչությունը տարհանում կամ փոխհատուցում է պահանջում

Բայիլ ավանի բնակիչները պահանջում են իրենց անվտանգ վայր տեղափոխել: Լուսանկարը՝ Ռամին Դեկոյի

Չորս տուն է ամբողջությամբ փլուզվել Բայիլ ավանում՝ Բաքվի հեռուստաաշտարակից ոչ հեռու, տեղի ունեցած սողանքի հետևանքով: Տուժածներ չկան:

«Երկու շաբաթ առաջ այս տարածքում բոլոր տներն ազատվել են: Այստեղ ոչ ոք չի բնակվում», – ԱՊԱ գործակալությանը հաղորդել է արտակարգ իրավիճակների շրջանային հանձնաժողովի նախագահ Աբիդ Ալիևը:

Սակայն այդ միջադեպը սողանքի գոտում գտնվող հարևան տների բնակիչների համար հուզվելու առիթ է դարձել:

«Մարդիկ տագնապի մեջ են: Նրանց դեռևս չեն վերաբնակեցնում և անվտանգ բնակարան վարձակալելու համար փոխհատուցում չեն տրամադրում: Առաջարկում են ժամանակավորապես, մինչև վերջնական որոշում կայացնելը, տեղափոխվել համար 163 դպրոցի շենք»,գրում է լրագրող Ռամին Դեկոն իր ֆեյսբուքյան էջում:

Սաբայիլի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովն այցելել է սողանքի գոտու տարածք և հանդիպել տեղի բնակիչների հետ:

«Բայիլի սողանքային գոտում իրավիճակը լուրջ է, ներկա պահին տարածքում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում», – ասել է Ազիզովը:

Գործադիր իշխանության ղեկավարը հավելել է, որ հաջորդ շաբաթվա սկզբից բնակիչներին վարձով բնակարան տեղափոխվելու համար գումար կտրամադրվի: Բնակիչներին, որոնք ժամանակավոր բնակության վայր չունեն, միջնակարգ դպրոցում տեղ է հատկացվել: Նրանք օրական երեք անգամ տաք սննդով են ապահովվում:

2017թ-ի վերջին երկրաբանները Բայիլյան լանջին հայտնաբերել են, որ հեռուստաաշտարակից 250-300մ հեռավորության վրա հողի ուղղահայաց ճաքեր են առաջացել: Դրանց լայնությունն սկսել է ավելանալ, մինչև որ ռիսկի գոտում են հայտնվել տեղի բնակիչների տները: Ստեղծված սպառնալիքի հետևանքով 80 ընտանիք (390 մարդ) է տարհանվել:


Կարդալ ավելին JAMnews-ում