Ձերբակալվածները պնդում են, որ իրենց ծեծել են ոստիկանությունում և կաշառք են պահանջել " />

Բաքվում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների զանգվածային կալանքներ են տեղի ունեցել

Ձերբակալվածները պնդում են, որ իրենց ծեծել են ոստիկանությունում և կաշառք են պահանջել

Սեպտեմբերի 22-ից սկսած Բաքվի կենտրոնական փողոցներում ոստիկանությունը հատուկ ռեյդեր է անցկացրել, որոնց ընթացքում սեռական փոքրամասնության մոտ 100 ներկայացուցիչ է ձերբակալվել:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար, ոստիկանության գնդապետ Էհսան Զահիդովը հաստատել է այդպիսի ռեյդերի անցկացման փաստը, սակայն հավելել է, որ խոսքը գնում է ոչ թե կալանքի մասին, այլ կարճաժամկետ ձերբակալությունների:

Տուժածները պնդում են, որ ոստիկանական բաժանմունքներում նրանց հանդեպ ֆիզիկական բռնություն է գործադրվել:

«Ձերբակալվածներից ոստիկանները պահանջել են ազատ արձակելու համար կաշառք, ինչպես նաև պայման են դրել, որպեսզի միասեռականները քաղաքի կենտրոնում և մարդկանց մեծ կուտակումների վայրերում չհայտնվեն: Բացի այդ, պահանջել են, որ նրանք չհագնվեն այնպես, որ «հասկանալի լինի իրենց սեռական կողմնորոշումը»», – ձերբակալվածներից մեկի խոսքերն է մեջբերում Բի-Բի-Սին:

Մյուս ձերբակալվածն ասել է, որ նրան 4 օր պահել են նկուղում, պահանջել մատնել ծանոթ միասեռականների:

Զահիդովի խոսքով՝ ռեյդի պատճառը քաղաքացիների բողոքներն են եղել և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից «անհարգալից վերաբերմունքը շրջապատին»: Նա նաև հերքել է կտտանքների մասին հայտարարությունները և հայտարարել, որ ձերբակալվածներից շատերը «սպառնալիք են ներկայացրել շրջապատի անձանց առողջության համար»:

Այսպես, գնդապետի խոսքով, ոստիկանությունը ձերբակալվածներին ուղարկել է ՁԻԱՀ դեմ պայքարի հանրապետական կենտրոն, այնտեղ 5-ի մոտ ՄԻԱՎ և սիֆիլիս է հայտնաբերվել, ևս մեկի մոտ՝ միայն ՄԻԱՎ:

Սակայն ՁԻԱՀ դեմ պայքարի կենտրոնը պաշտոնապես հայտարարել է, որ նշված օրերին իրենց ՄԻԱՎ-ի հայտնաբերման ստուգման ոչ մի դիմում չի ներկայացվել: Բացի այդ, ոստիկանության կողմից հարցում նույնիսկ չի եղել ստուգելու համար, թե արդյոք ձերբակալված քաղաքացին հաշավռված է, թե ոչ:

Minority Azerbaijan Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գյուլնարա Մեհթիևան ասել է, որ սա Ադրբեջանում ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչների հետապնդման նման մասշտաբի առաջին դեպքն է:

Մեհթիևայի խոսքով՝ բողոքներից պարզ է դառնում, որ մարդկանց ձերբակալել են կեսգիշերին մոտ, տարել ոստիկանական բաժանմունքներ և այնտեղ տուգանել:

«Պարզ էր, որ ձերբակալում են ամենատարբեր մարդկանց, ինչպես տրանսգենդերների, այնպես էլ միասեռականների, անգամ նրանց, ովքեր կապված չեն սեքս-ծառայությունների հետ, և սովորական աշխատավայրում են աշխատում», – Մեհթիևայի խոսքերն է մեջբերում Բի-Բի-Սին:


ILGA-Europe [Լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների, տրանսգենդերների և ինտերսեքսուալների միջազգային ասոցիացիա, որը հետևում է այդ փոքրամասնությունների իրավունքների պահպանմանը] հասարակական կազմակերպության հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանը վերջին 49-րդ տեղն է զբաղեցնում եվրոպական երկրների շրջանում սեռական փոքրամասնությունների պաշտպանվածության վարկանիշում:

Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների զանգվածային շուրջկալությունը թեժ քննարկումներ առաջացրեց սոցցանցերում: Շատ մեկնաբանություններ կային ի աջակցություն ոստիկանության գործողությունների, տեղ-տեղ էլ բաց հոմոֆոբ հայտարարություններ: Ներկայացնում ենք Ֆեսյբուքի օգտատերերից երկուսի առավել բնորոշ մեկնաբանություն.

«Գեյերը հիվանդ են, երբեմն հոգեպես, երբեմն էլ գենետիկորեն… Նրանց իրավունքներից և կյանքից զրկելու փոխարեն ավելի լավ է ուսումնասիրել նրանց գենը, և գիտական մակարդակում լուծել այդ հարցը: Բացահայտել և վեր հանել գենետիկական խոտանը մոր արգանդում մինչև պտղի զարգացման որոշակի աստիճան և կանխել նրա ծնունդը մարդուն դժբախտ չդարձնելու, ամբողջ կյանքը խոտան չդարձնելու համար: Միասեռականի ծնունդը հոգեբանական խնդիրներ է ստեղծում ինչպես ծնողների, այնպես էլ շրջապատի մարդկանց համար»:

«Զզվեցրին, ի՞նչ են այդ մարդիկ ձեզ արել: Նրանք իրենց կյանքով են ապրում և ոչ մի վատ բան չեն անում, ոչ ոքի չեն սպանում, և ժամանակն է արդեն սովորեք ձեր կյանքով ապրել և դադարել քիթը խոթել ուրիշների կյանք: Ավելի լավ է՝ ոստիկանությունը թող պայքարի գողերի և կաշառակերների դեմ: Արդեն չգիտեն՝ ինչով զբաղվել, միայն թե իրական կարևոր խնդիրները չլուծեն, հատուկ սադրում են մարդկանց և շեղում են անպետք թեմաներով»:


Կարդալ ավելին JAMnews-ում