Նախարարությունում հստակեցրել են, որ պատրաստվում են պայքարել մարմնավաճառության դեմ։ Սակայն ազգային մտածողության մասին դատողություններից խուսափել չհաջողվեց " />

«Սա բարքերի ոստիկանություն չէ»։ Ադրբեջանի ՆԳՆ-ն կարծում է, որ իրեն սխալ են հասկացել

Նախարարությունում հստակեցրել են, որ պատրաստվում են պայքարել մարմնավաճառության դեմ։ Սակայն ազգային մտածողության մասին դատողություններից խուսափել չհաջողվեց

«Բարքերի ոստիկանություն» Բաքվում չի հայտնվելու, հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։ Պարզապես թյուրիմացություն է տեղի ունեցել։

• Արաբական գարուն, կամ սեքս-տուրիզմն Ադրբեջանում

• Սեքս-շոփերը Հարավային Կովկասում․ սեքս կա, շոփեր չկան

Նախարարությունն ասում է, որ խոսքը ոչ թե առանձին բաժնի մասին է, այլ ջոկատների, որոնք պարեկություն են անում կենտրոնական փողոցներում և այնտեղից «մաքրում թեթևաբարո կանանց, որոնք զբոսաշրջիկներին ինտիմ ծառայություններ են առաջարկում»։

Ի սկզբանե բոլոր թյուրիմացություններն առաջացել են այն պատճառով, որ իր հայտարարություններում նախարարությունը ջանասիրաբար խուսափում է «մարմնավաճառություն» բառից։ Պաշտոնական ձևակերպումը այժմ էլ է մշուշոտ հնչում․ 

«Հաշվի առնելով քաղաքացիների բազում դիմումները՝ ոստիկանությունը Բաքվի կենտրոնական փողոցներից հեռացրել է կանանց, որոնք թույլ են տալիս ադրբեջանցիների ազգային արժեքներին և մտածողությանը հակասող գործողություններ և անպատեհ առաջարկներ են անում զբոսաշրջիկներին»։

Նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովը պարզաբանում է, որ այդ կանանց հեռացրել են կենտրոնական փողոցներից և զգուշացում հայտարարարել։

2019թ-ի սեպտեբերի 3 

Բաքվում հատուկ ոստիկանական ջոկատներ են հայտնվել «անբարոյական և ազգային մտածողությանը հակասող երևույթների» դեմ պայքարի համար։ Այս մասին լրագրողներին հայտնել են քաղաքի ոստիկանական գլխավոր վարչությունից։ Սակայն պարզ չէ, թե հստակ ինչի և ում դեմ է պայքարելու ոստիկանությունը։

Ովքե՞ր են «ցածր սոցիալական պատասխանատվությամբ անձինք»

Ոստիկանության հատուկ ջոկատները հայտնվելու են հիմնականում կենտրոնական փողոցներում։

Բարոյականությանը հետևելու որոշմանը նրանք եկել են «մայրաքաղաքի բնակիչներից ստացված դիմումների և նկատվող սոցիալական բացասական երևույթների» պատճառով, – ասում է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ Էլշադ Հաջիևը։

Նրա խոսքով՝ գիշերային ակումբներում, հյուրանոցներում և մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում «երևույթներ կան, որոնք հակասում են հասարակական բարոյականությանն ու էթիկային»։

Ոստիկանությունը որոշել է կանխել «վարքը, որը չի համապատասխանում ազգային և բարոյական արժեքներին» և «թեթևաբարո անձանց գործունեությունը»։

Թե ինչ է դրա տակ ենթադրվում, Հաջիևը չի բացատրում։

Մեծ մասն այս լուրն ընկալեց որպես մարմնավաճառության դեմ «պատերազմի» հայտարարում։ 

Թերահավատություն սոցցանցերում

Սոցցանցերում այս նորությունն ընկալվեց թերահավատորեն։ Որպես գլխավոր խնդիր մարդիկ տեսնում են ոստիկանության ոտնձգությունն այն երևույթի նկատմամբ, որը նրան չպետք է անհանգստացնի՝ բարոյականությունը։

Որոշ մեկնաբանություններ․

«Մարմնավաճառությունը մի բան է։ Բայց այստեղ խոսքը գնում է «անբարո վարքի» և «ազգային մտածողության» մասին։ Դա այն է, ինչ գոյություն չունի»;

«Առանց ոստիկանության «հովանավորչության» ոչ մի «որջ» Բաքվում չի աշխատում։ Իրենք իրենց հե՞տ են պայքարելու, ինչ է»;

«Մեր իրականությունում դա միայն մի բան է նշանակում․ մարմնավաճառների ծառայությունները թանկանալու են»։ 

Որքանո՞վ է դա օրինական

Իրավապաշտպան Էլդար Զեյնալովը կարծում է, որ հատուկ ոստիկանական ջոկատները «որսալու են» նաև թափառականներին և մուրացկաններին, սակայն նրանց գլխավոր նպատակը մարմնավաճառներն են լինելու։ Նա կապում է այս արշավը ոչ թե բարոյականության համար պայքարի, այլ մարմնավաճառներից «դիվիդենդներ» ստանալու ցանկության հետ։

«Գաղտնիք չէ, որ արաբական երկրներից եկող զբոսաշրջիկները շատ ակտիվորեն օգտվում են տեղի սեքս-աշխատակիցների ծառայություններից և շռայլորեն դրա համար վճարում են։ Եվ ահա զբոսաշրջային սեզոնն ավարտվել է, աղջիկները հասցրել են լավ վաստակել, և ժամանակն է ոստիկանության հետ կիսվելու։ Ամեն ինչ ավարտվելու է նրանով, որ նրանցից փող կպոկեն, և ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր», – ասում է Զեյնալովը։

Փաստաբան Ասաբլի Մուստաֆաևը Թուրան գործակալությանը տված մեկնաբանությունում հիշատակել է, որ օրենսդրությունում «հասարակական բարոյականություն» և «ազգային մտածողություն» հասկացություններ չկան, և այդ երևույթների գնահատականները սուբյեկտիվ են։

Ըստ ադրբեջանական օրենսդրության՝ քրեական պատասխանատվություն նախատեսված է միայն մարմնավաճառների «որջ» պահելու համար, և մարմնավաճառությամբ զբաղվելու համար վատագույն դեպքում փոքր տուգանք է հասնում։


Կարդալ ավելին JAMnews-ում