Պաշտոնական կառույցները հերքում են yenisabah.az պարբերականի լրագրողական հետաքննությունն ու ասում, որ իրենք «այլ նշաններ» են գնում" />

Բաքվում ճանապարհային նշանները գնում են հազար դոլարով, երբ նույնը Գերմանիայում արժե 32 եվրո։ Ինչո՞ւ

Պաշտոնական կառույցները հերքում են yenisabah.az պարբերականի լրագրողական հետաքննությունն ու ասում, որ իրենք «այլ նշաններ» են գնում

Բաքվի տրանսպորտային գործակալությունը պայմանագիր է կնքել 920 հազար մանաթ ընդհանուր գումարով (540 հազար դոլար) 500 միավոր ճանապարհային նշան գնելու մասին։ Այդպիսի մեկ նշանը պետբյուջեի համար 1840 մանաթ [շուրջ $1,082 դոլար] է արժեցել։

Yenisabah.az պարբերականի ոչ մեծ հետաքննությունից հետո պարզվել է, որ Գերմանիայում այդպիսի մեկ ճանապարհային նշանը վաճառվում է ընդամենը 32 եվրոյով։ Իսկ Ռուսաստանում այդպիսի նշանները կարելի է գնել 850-900 ռուբլով [շուրջ $15]։

ԲՏԱ-ի մամուլի ծառայության ղեկավար Մայի Աղաևը լրագրողներին մեղադրել է ոչ պրոֆեսիոնալիզմի և «էժան պոպուլյարության հետևից ընկնելու» մեջ։ Նա հայտարարել է, որ իրենք գնում են «ոչ թե այդպիսի, այլ բոլորովին այլ նշաններ», միաժամանակ պարբերականին է ուղարկել նշանների լուսանկարները, որոնք պատրաստվում են գնել։

Yenisabah պարբերականը շարունակում է պնդել իր վարկածը։ Այն Բաքվի տրանսպորտային գործակալության մամուլի ծառայության ղեկավարի հերքման տեքստն է հրապարակել, սակայն միաժամանակ հավելել է, որ լուսանկարների նշանների գինը տատանվում է 85-ից 216 եվրոյի սահմաններում։

Այս տեղեկությունն Ադրբեջանի սոցցանցերում մեծ արձագանք է առաջացրել։

Լուսանկարը՝ yenisabah.az


Կարդալ ավելին JAMnews-ում