Սա վերջին մի քանի տարիների ամենազանվածային հանրահավաքն էր" />

Բաքվում հանրահավաք է անցկացվել՝ ի աջակցություն քաղբանտարկյալների

Սա վերջին մի քանի տարիների ամենազանվածային հանրահավաքն էր

Բաքվում ընդդիմության հանրահավաք է անցկացվել։ Այն կազմակերպել էր Ժողովրդական ուժերի ազգային խորհրդը [տարբեր ընդդիմադիր կուսակցությունների անդամների միավորող կոալիցիան]։ Մասնակիցները պահանջում էին ազատ արձակել  բոլոր քաղբանտարկյալներին և բլոգեր Մեհման Հուսեյնովին։ Հուսեյնովը բանտում հացադուլ է անում՝ բողոքելով իրեն մեկ այլ մեղադրանքով ազատազրկման ենթարկելու փորձի դեմ։

Այս հանրահավաքը մի օղակ է ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիաների շարքում, որոնք սկսվել են դեկտեմբերի վերջին, երբ Հուսեյնովը հացադուլ էր հայտարարել։ Այս ընթացքում քրեակատարողական մարմինները պնդում էին, որ ոչ մի հացադուլ չկա, իսկ մի քանի բարձրաստիճան պաշտոնյա բլոգերի և ցուցարարների մասին քամահրանքով էին խոսում։

Հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանի իշխանություններից պահանջելով «անհապաղ ազատ արձակել Մեհման Հուսեյնովին և չեղարկել նրա դեմ նոր մեղադրանքները»։

Ոստիկանությունը փակել էր մարզադաշտի մուտքը հանրահավաքից 15 րոպե անց, իսկ մարզադաշտի տարածքում անջատված էր բջջային ինտերնետը, կանխելու համար ուղիղ հեռարձակումը սոցցանցերում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ հանրահավաքին մոտ 2800 մարդ է մասնակցել։ Ըստ ընդդիմության՝ 20 հազար մարդ։ Մուտքի մոտ ոստիկանությունը շատերից հավաքել է քաղբանտարկյալների նկարները։

Հանրահավաքին ելույթ ունեցան «Մուսավաթ», «Հանրապետական այլընտրանք» և Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ և քաղաքական ակտիվիստներ։ Իրենց ելույթներում նրանք քննադատեցին երկրի իշխանություններին, խոսեցին կոռուպցիայի, վատ տնտեսական դրության և մարդու իրավունքների խախտումների մասին։ Բացի այդ, նրանք վրդովված էին Ադրբեջանի կառավարության չափազանց խաղաղասիրական դիրքորոշմամբ ղարաբաղյան հարցի շուրջ։

Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահը կոչ արեց հավաքվածներին գալ հաջորդ ցույցին, որը կկայանա մեկ շաբաթից` հունվարի 26-ին։

 

 

Ո՞վ է Մեհման Հուսեյնովը

26-ամյա Մեհման Հուսեյնովը հայտնի վլոգեր է։ Իր տեսանյութերում նա քննադատում էր իշխանություններին և կոռումպացված պաշտոնյաներին։

Հուսեյնովը երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել 2017թ-ի մարտին՝ Բաքվի ոստիկանության շրջանային վարչության պետի հասցեին հնչեցրած զրպարտության մեղադրանքով։ Նա պատմել էր, որ իրեն կտտանքների են ենթարկել։ Հուսեյնովի այս խոսքերը դատարանը հերյուրանք էր համարել։ «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը Հուսեյնովին «խղճի գերի» է ճանաչել։ Մեհմանի ազատազրկման ժամկետը լրանում է այս տարվա մարտին, սակայն անցյալ տարվա դեկտեմբերին նրան նոր մեղադրանք առաջադրվեց, իբրև թե բլոգերը ծեծել է բանտապանին։

Այդ մեղադրանքով Մեհմանին սպառնում է ևս մի քանի տարվա ազատազրկում։

Մեհման Հուսեյնովի շուրջ կատարվող իրադարձությունների ժամանակագրությունը

  • Դեկտեմբերի 26․ Մեհման Հուսեյնովը հացադուլ հայտարարեց՝ պահանջելով իր վրայից հանել նոր մեղադրանքը։
  • Հունվարի 3 և 6․ Կայացավ երկու չարտոնված ցույց՝ ի պաշտպանություն Մեհման Հուսեյնովի։ Մասնակիցներից շատերը քսան օրով կալանավորվել են կամ տուգանվել։
  • Հունվարի 5․ Որպես Մեհմանի հետ համերաշխության նշան՝ «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում հացադուլ հայտարարեցին տարբեր ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստներ։
  • Հունվարի 7․ Մեհմանի փաստաբանը հաղորդեց, որ նա շարունակում է հացադուլը, սակայն սկսել է կաթնամթերք ընդունել։
  • Հունվարի 7․ Խորհրդարանի պատգամավոր Սիավուշ Նովրուզովը հայտարարեց լրագրողներին, որ Մեհման Հուսեյնովը հանցագործություն է կատարել և պետք է պատժվի։
  • Հունվարի 10․ Մամուլում հայտնվեց ձեռագիր ուղերձի լուսանկար, որում Մեհմանն ասում է, որ չէր ցանկանում իր շուրջ իրարանցում ստեղծել, և իր առողջական վիճակը նորմալ է։
  • Հունվարի 11․ Մեհմանին այցելեցին Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչն ու եվրոպական երկրների դեսպանատների աշխատակիցներ։
  • Հունվարի 14․ «Համերաշխության հացադուլ» հայտարարեցին հինգ քաղբանտարկյալ։
  • Հունվարի 15․ Հացադուլ անողներին միացավ հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլը։
  • Հունվարի 16․ Որոշ ընդդիմադիրներ դադարեցրին հացադուլը, նրանց տեղը զբաղեցրին ուրիշները։
  • Հունվարի 17․ Բլոգերի եղբայր, իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, որն ապրում է Շվեյցարիայում, Եվրախրհրդարանի անդամներին բաց նամակ էր հղել՝ խնդրելով քվեարկել Մեհմանի և մյուս քաղբանտարկյալների փրկության համար։
  • Հունվարի 17-ի երեկոյան Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Ադրբեջանի իշխանություններից պահանջելով «անհապաղ ազատ արձակել Մեհման Հուսեյնովին և չեղարկել նրան առաջադրված նոր մեղադրանքները»։

Կարդալ ավելին JAMnews-ում