Ֆուադ Աբասովը մեղադրվում է միգրացիոն օրենսդրության խախտման համար, իսկ ինքն արտաքսվողը դա «պատվեր» է համարում " />

Բաքվում բողոքի ակցիա է տեղի ունեցել Մոսկվայում ադրբեջանցի լրագրողի ձերբակալման և արտաքսման դեմ

Ֆուադ Աբասովը մեղադրվում է միգրացիոն օրենսդրության խախտման համար, իսկ ինքն արտաքսվողը դա «պատվեր» է համարում

Բաքվում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ մի խումբ լրագրողներ բողոքի ցույց են անցկացրել։ Նրանք վրդովված են, որ ադրբեջանցի բլոգեր և լրագրող Ֆուադ Աբասովը ձերբակալվել է Մոսկվայում միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով և պետք է հայրենիք ուղարկվի մայիսի 28-ին։ Բացի այդ, փաստաբանը պնդում է, որ Աբասովը ձերբակալության պահին ծեծի է ենթարկվել։

Ո՞վ է Ֆուադ Աբասովն և ինչո՞ւ են նրան արտաքսում

Ֆուադ Աբասովն ադրբեջանցի բլոգեր և լրագրող է, որն ապրում է Ռուսաստանում։ Նրա անունը հայտնի է դարձել աղմկահարույց մի պատմության հետևանքով, որը կապված էր մոսկովյան «Նեոլիտ» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։

• Ռուսաստանն Ադրբեջանին է արտահանձնել ազգային փոքրամասնության իրավունքների պայքարի ակտիվիստին

• Մեղրամիս՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում

Այս տարվա փետրվարի 15-ին այդ ռեստորանում զանգվածային կռիվ էր տեղի ունեցել չեչենների և ադրբեջանցիների միջև։ Ֆուադ Աբասովն այդ կռվի հրահրող էր անվանել Ռուսաստանի հայկական ծագման քաղաքացու և հրապարակել նրա անձնագրային  տվյալները, պատմում է «Կավկազսկի ուզել» կայքը։ Այդ մարդն իր մասնակցությունը հերքում է։

Այն բանից հետո, երբ մայիսի 16-ին Աբասովին ձերբակալել են և պատրաստվում էին արտաքսել, լրագրողը սկսել է կասկածել, որ դա «պատվիրված գործ է»։ Աբասովի կարծիքով՝ դա կամ «հայկական լոբբին» է, կամ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի չարակամ առաջնորդները։

Ըստ պաշտոնական վարկածի՝ Աբասովին պատրաստվում են արտաքսել կացության իրավունքի հետ կապված խնդիրների պատճառով։ 1news կայքը պնդում է, որ Աբասովին պահանջել են արտաքսել Ռուսաստանի մի քանի ադրբեջանական համայնք։ Եթե փաստաբանն ու մյուս պաշտպանները չկարողանան նրան ազատել, մայիսի 28-ին Աբասովը կարտաքսվի Ադրբեջան։

Ձերբակալված լրագրողին այցելել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները, սակայն ոչ մի հստակ մեկնաբանություն չեն արել։


Կարդալ ավելին JAMnews-ում