Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը նախագահ Ալիևին մեղադրում է «իր խոսքը չկատարելու» համար " />

Բաքվի քաղաքային իշխանություններն արգելել են «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության երթը

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը նախագահ Ալիևին մեղադրում է «իր խոսքը չկատարելու» համար

Բաքվի գործադիր իշխանությունն արգելել է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության հոկտեմբերի 21-ին նշանակված երթը՝ իր մերժումը բացատրելով «քաղաքի փողոցներում ազատ երթևեկության հնարավոր խաթարմամբ»:

«Մուսավաթ» կուսակցությունը որոշում էր կայացրել հոկտեմբերի 21-ին կոռուպցիայի դեմ պայքարի և քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա կազմակերպել: Նա Բաքվի իշխանություններին խնդրել էր արտոնել ցույցը Բաքվի երկու աշխույժ պողոտաներով:

Սակայն գործադիր իշխանությունը նման երթի անցկացումը «ոչ նպատակահարմար» է համարել, քանի որ այն կարող է քաղաքում տրանսպորտային խցանումներ առաջացնել: Փոխարենն ընդդիմադիրներին առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Բաքվի ծայրամասում գտնվող «Մեհսուլ» մարզադաշտում:

«Մուսավաթը» մերժել է իշխանությունների այդ առաջարկը: «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին ֆեսյբուքյան իր էջում քաղաքային իշխանությունների որոշումն «ապօրինի» է անվանել:

«Բաքվի գործադիր իշխանությունն իրավասություններ չունի արգելելու զանգվածային ակցիաները: Հատկապես աբսուրդ է արգելել երթը Բաքվում «ավտոմեքենաների քանակի աճի» պատճառաբանությամբ», – գրել է Հաջիլին:

Ընդ որում, նա հիշեցրել է ԵՄ պատվիրակության հետ հանդիպմանը նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանում ամբողջությամբ ապահովվում է հավաքների ազատությունը:

«Հավաքների ազատությունը չի սահմանափակվում մեկ մարզադաշտով և պետք է տարածվի երկրի ողջ տարածքի վրա: Սակայն, չարտոնելով մեր ակցիան, ադրբեջանական իշխանությունը ցույց տվեց նաև, որ երկրում հավաքների ազատություն չկա», – ասել է Հաջիլին:

  • «Մուսավաթն» Ադրբեջանի արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից մեկն է: Այն չի մտնում Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ ընդդիմադիր բլոկի մեջ:

  • «Մուսավաթ» կուսակցությունը վերականգնվել է 1992թ-ին և իրեն հայտարարել 1918-1920թթ-ի Ադրբեջանի Հանրապետության ժամանակ իշխող կուսակցության իրավահաջորդ:

  • «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Համբարը 1992-93թթ-ին գլխավորում էր Ադրբեջանի խորհրդարանը և որոշ ժամանակ կատարել է նախագահի պարտականությունները:

 


Կարդալ ավելին JAMnews-ում