Քիչ արդյունավետություն ունեցող ստորգետնյա և վերգետնյա անցումները մշտապես բաքվեցիների դժգոհությունն են առաջացնում։ Սակայն այսպիսի աղմուկ առաջին անգամ է բարձրացել " />

«Բաքվի մեծ պատ»․ Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչները վրդովված են 10-մետրանոց հետիոտնային վերնանցումով

Քիչ արդյունավետություն ունեցող ստորգետնյա և վերգետնյա անցումները մշտապես բաքվեցիների դժգոհությունն են առաջացնում։ Սակայն այսպիսի աղմուկ առաջին անգամ է բարձրացել

Լուսանկարը՝ 1news.az կայքից

Բաքվում նոր վերնանցումի շինարարությունը վրդովմունք է առաջացրել քաղաքացիների շրջանում․ մեծ մասն այն անհեթեթ և շատ անհարմար է համարում։ Այդ հսկայական և պաճուճավոր կառույցի անունն արդեն կնքել են «Բաքվի մեծ պատ» (Չինական մեծ պատի նմանությամբ)։ Իսկ պաշտոնյաներն ասում են, որ ընդամենը հոգ են տանում հետիոտնի անվտանգության մասին։ 

• «Մարմարյա Բաքու»

• Անհետացած երկաթուղի․ ֆոտոպատմություն Վրաստանից

10 մետր՝ ճանապարհից բարձր

Նոր վերնանցումը ճանապարհից գրեթե 10 մետր բարձր է, կրկնակի ավելի, քան սովորականի դեպքում, պատմում է 1news կայքը։ Դրա երկարությունը կլինի 76 մ, իսկ լայնությունը՝ մոտ 4 մ։ Կամուրջը կմիացնի մետրոյի կայարանն ու այգին։ 

Այսպիսի տեսք է ունենալու նոր կամուրջը (լուսանկարը՝ 1news.az կայքից)

Ճանապարհի այս հատվածում արդեն կա գծանշում, սակայն պաշտոնյաները կարծում են, որ անվտանգության համար դա քիչ է։

«Այստեղ մշտապես մարդ են մեքենայի տակ գցում», – պարզաբանում է «Ադրբեջանական ավտոճանապարհներ» պետական գործակալության ներկայացուցիչ Անար Նաջաֆլին։

Նա կոչ է անում չվախենալ կամրջի չափսերից և խոստանում է, որ վերնանցումում կտեղադրվի երկու ավտոմատ թեքահարթակ և վերելակներ։ Շարժասանդուղքի մասին ոչինչ չի նշվել։

Ինչո՞ւ բարդացնել

Բաքվեցիները պաշտոնյայի պնդումներին չեն հավատում, նոր կամուրջն անճոռնի են անվանում և քննադատում ամեն ինչի համար․ 

«Ո՞րտեղ են թեքահարթակներ կառուցելու։ Եթե նույնիսկ սարքեն, քանի՞ օր են դրանք աշխատելու»;

«Ոչ գեղեցիկ է, ոչ էլ հարմար։ Անճոռնի թրթուր է»; 

«Այս անցումը վատնողության և կոռուպցիայի խորհրդանիշ է»;

Ցավոտ թեմայի սրացում

Վերգետնյա և ստորգետնյա անցումները բաքվեցիների համար «ցավոտ թեմա» են։ Շատերը համարում են, որ դրանք ոչ թե թեթևացնում են, այլ, ընդհակառակը, բարդացնում են մարդկանց կյանքը։

Օրինակ, նման անցումներում և կամուրջների վրա մշտապես չի աշխատում շարժասանդուղքներից մեկը (եթե այն ընդհանրապես կա)։

Բացի այդ, երբեմն այդ անցումները կառուցվում են թույլ երթևեկությամբ նեղ փողոցներում, և պարզ չէ, թե ինչի համար են պետք։


Կարդալ ավելին JAMnews-ում