Բիզնեսի նրբությունների մասին են պատմում հյուրանոցների աշխատակիցները" />

Բաքվի հյուրանոցները հյուրերից ամուսնության վկայական են պահանջում. և սա օրենք չէ, այլ նրանց նախաձեռնությունը

Բիզնեսի նրբությունների մասին են պատմում հյուրանոցների աշխատակիցները

Բաքվի շատ հյուրանոցներ համարը կնոջն ու տղամարդուն տրամադրելու համար պահանջում են ամուսնության վկայական: Սա մասնավոր նախաձեռնություն է, որը ոչ մի կերպ կապված չէ ադրբեջանական օրենսդրության հետ: Սեփականատերերը դա բացատրում են նրանով, որ հյուրանոցները ներկայանում են որպես «ընտանեկան»: Մենք խոսել ենք Բաքվի հյուրանոցների ընդունարանների աշխատակիցների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է այդ բիզնեսում աշխատում արտաամուսնական սեքի արգելքը:

«Հարուստների աշխարհ»

Առաջին բանը, որ պարզեցինք այն էր, որ հեղինակավոր, թանկ հյուրանոցներում ոչ մի արգելք չկա: Համարները դրանցում արժեն 150-400 դոլար մեկ գիշերվա համար:

«Ոչ ընտանեկան» զույգեր ընդունելու արգելքներ էլիտար հյուրանոցներում չկան, քանի որ դա արգելված է բրենդի կողմից: Մեր հյուրանոցային ցանցի հաճախորդներն այդ դեպքում կարող են դատարան դիմել և շահել գործը: Կանոնը վերաբերում է ինչպես տեղացիներին, այնպես էլ արտասահմանցիներին: Կարող են միայն սկանավորել հյուրի անձնագիրն անվտանգության նկատառումներով»:

«Թանկ հյուրանոցներում, եթե հյուրի մոտ աղջիկ է գալիս, իսկ հյուրն արդեն գրանցված է համարում, սկանավորում են նրա անձնագիրը և ուղեկցում դեպի նրա համար: Սկզբից, իհարկե, ճշտում են, թե արդյոք հյուրն ինչ-որ մեկին սկասում է: Իսկ եթե նա աղջկա հետ է համար եկել, ապա ոչինչ չպետք է պահանջեն»:

Ամեն ինչ՝ զբոսաշրջիկների համար

Ինչպես մեզ պատմեցին ոչ թանկ հյուրանոցների նախկին աշխատակիցները (20-40 դոլար մեկ գիշարվա համար), ամուսնության վկայականը հյուրանոցների ճնշող մեծամասնությունում իրոք խիստ կանոն է համարը զույգին հանձնելիս: Սակայն զբոսաշրջիկների վրա այդ կանոնը ոչ միշտ է տարածվում: Մեր զրուցակիցների պատմություններում հաճախ են արաբներ «հայտնվում». խոսքն արաբական երկրներից զբոսաշրջիկների մասին է, որոնց համար Ադրբեջանը պարզեցրել է վիզային ռեժիմը 2016թ-ին:

«Տեղացիներին չէին թողնում, և ես – այն ժամանակ ռեսեփշնում էի աշխատում – ստիպված էի բացատրել, որ դա ղեկավարության պահանջն է: Իսկ արաբներին աղջիկների հետ թույլ էին տալիս ներս մտնել: Իհարկե, ոչ սկզբից, բայց մենեջերը հետո հասկացավ, որ դրանից գերշահույթ է ունենում հյուրանոցը: Իսկ աղջիկները երբեմն շատ երիտասարդ էին, հիմնականում երկրի շրջանների գրանցումով»:

«Տեղացիներին չէին ընդունում, քանի որ ղեկավարությունը տուգանքից էր վախենում: Հաշվի առեք. տուգանքից վախենում են միայն այն մենեջերները, որոնք «մեջք» չունեն: Եվ երբ ես տեղացիներին չէի ընդունում, նրանք հետս սովորաբար չէին վիճում, բայց հեռախոսով փորձում էին: Բացատրություն էին պահանջում, պնդում, որ օրենքով դա արգելված չէ: Իսկ ես չէի պատասխանում և լսափողը կախում էի»:

Ամենուր չէ, որ Ադրբեջանի քաղաքացիների հանդեպ են խտրականություն կիրառում. զբոսաշրջիկները նույնպես բողոքում են, որ արձակորդներին Բաքու եկած տղան ու աղջիկը ժամերով ստիպված են եղել պտտվել, որպեսզի գտնեն հյուրանոց, որն իրենցից ամուսնության վկայական չի պահանջի:

Բազմահարկ կրիմինալ

Ինչպես պարզվում է հյուրանոցների աշխատակիցների պատմություններից, Բաքվի հյուրանոցների կորպորատիվ մշակույթն ամբողջությամբ պարադոքսներից է կազմված:

Մի կողմից, հյուրանոցները փորձում են «ընտանեկանի» իմիջ ստեղծել՝ ցուցադրաբար հրաժարվելով նպաստել արտաամուսնական սեքսին: Ոչ ոք իրավունք չունի նրանց  արգելելու  դա, քանի որ մասնակվոր բիզնեսում ծառայություններ վաճառողն իրավունք ունի հրաժարվել սպասարկել ցանկացած հաճախորդի:

Մյուս կողմից, հյուրանոցներից շատերում զբոսաշրջիկներին թույլ են տալիս այնպիսի բաներ, որոնք ադրբեջանական մտածելակերպում խորը տաբու են, օրինակ, նրանց մոտ գալիս են սեքս-ինդուստրիայի ցանկացած սեռի ներկայացուցիչներ: Հարցվածներից մեկը պատմում է մի հմայիչ աղջկա մասին, որ հյուրանոցում տղամարդու իր անձնագիրն էր ներկայացրել և « խնդրել է ոչինչ չասել այն արաբին, որի մոտ եկել էր»:

Մինչև վերջ հասկանալի չեն նաև ադրբեջանցի քաղաքացիների հանդեպ «խստության» դրդապատճառները, քանի որ համարները միայն ամուսնացած զույգերին տրամադրելու որոշումը մենեջերները բացատրում են ոստիկանությունից ունեցած վախով: Հյուրանոցների տերերն, ինչպես նրանք նշում են, վախենում են որջերի հայտնաբերմանն ուղղված ռեյդերից, որոնք ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ անցկացնում է:

«Ոչ մեծ հյուրանոցներում նախաձեռնությունը հյուրանոցի տիրոջն է պատկանում: Ոմանք զույգերի չեն ընդունում, քանի որ վախենում ոստիկանության շուրջկալությունից, որ իրենց կարող են մեղադրել «որջ պահելու» համար»:

«Մենեջերը թույլ չէր տալիս գրանցել առանց ամուսնության վկայականի այն վախից, որ ոտիկանությունը նրան կարող է մեղադրել մարդկանց վաճառքի համար և կաշառք պահանջել, բացատրում էր նա»:

Երբեմն այդ վախերն աբսուրդի են հասնում.

«Ասում են, որ հյուրանոց ինչ-որ զույգ է գալիս, իսկ հետո պարզվում է, որ շինծու դեմքեր են, աղջիկը ոստիկանություն է դիմում, թե իրեն բռնաբարել են, իսկ հյուրանոցի տիրոջը մեղադրում են հանցակից լինելու համար»:

Անհասկանալի է միայն, թե ուր է անհետանում շանտաժի վախը, երբ խոսքը գնում է «արաբների» և այդ «գերշահույթի» մասին: Ահա, թե ինչ է պատմում «միայն վկայականով» հյուրանոցներից մեկի նախկին աշխատակիցը.

«Ես մի մարմնավաճառի էի ճանաչում, երբեմն նրան կանչում էի արաբների համար: Նրանից 20 մանաթ [10 դոլար] «փայ» էի վերցնում, կանչի համար ևս 20-ն՝ արաբից»:

Վախ

Ընդհանրացնելով այն ամենն, ինչ մեզ պատմեցին հյուրանոցների աշխատակիցները, կարելի է այսպիսի եզրակացություն անել: Հյուրանոցների տերերը, որոնք հյուրանոց եկող սեքս-աշխատակիցների վաստակածից մասնաբաժին ունեն, վախենում են ոստիկանական ռեյդերից: Հյուրանոցների տերերը, որոնք ազնվությամբ են իրենց գումարը վաստակում, վախենում են այդպիսի ռեյդի ժամանակ մեղադրվել, կասկածում են իրենց անմեղությունն ապացուցելու հնարավորության վրա և վախենում ոստիկանության կողմից շանտաժից:

Քանի որ սովորաբար ռեյդին նախորդում է շինծու հյուրի հայտնվելը, իսկ նա հազիվ թե արտասահմանցի լինի, ապա «շառից հեռու» ադրբեջանցի քաղաքացիների համար հյուրանոցներում սեքսն արգելված է: Երբեմն էլ՝ արտասահմանցիների համար: Ըստ ամենայնի՝ միայն այդ կերպ կարող են հյուրանոցների տերերն ընդհանրապես չվախենալ որջ պահելու մեղադրանքներից:


Կարդալ ավելին JAMnews-ում