Պավել Շերեմետի անվան մրցանակն ամուսնու փոխարեն ստացել է Մուխտարլիի կինը " />

Բանտում գտնվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին միջազգային մրցանակի է արժանացել

Պավել Շերեմետի անվան մրցանակն ամուսնու փոխարեն ստացել է Մուխտարլիի կինը

Եվրամիությունն «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին Պավել Շերեմետի անվան մրցանակի է արժանացրել:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Տալլինում անցկացվող քաղաքացիական հասարակության կոնֆերանսի շրջանակում: Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Մուխտարլիի փոխարեն մրցանակն ընդունել է նրա կինը՝ Լեյլա Մուստաֆաևան:

 

Շերեմետի անվան մրցանակը շնորհում են «Արևելյան գործընկերության» երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին արիության և լրագրողական չափանիշներին նվիրված լինելու համար:

Ռուսական և բելառուսական հեռուստահաղորդավար, հետաքննող Պավել Շերեմետը սպանվել է 2016թի հունիսին: Քննությունը մինչև հիմա չի նշել մարդասպանության համար մեղավորների անունները:

 

Լեյլա Մուստաֆաևան մրցանակաբաշխությանն ասել է, որ իր ամուսնու կալանքը խնդիր է ոչ միայն Ադրբեջանի համար:

«Նրա առևանգման և կալանքի համար պատասխանատվություն է կրում «Արևելյան գործընկերության» ևս մեկ երկիր՝ Վրաստանը», – ասել է Մուստաֆաևան:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է պահանջել ոչ միայն Աֆղան Մուխտարլիի, այլ նաև Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով կալանավորված 160 անձանց ազատ արձակումը: Նրանց թվում 10 լրագրող կա: «Եվրոպան չպետք է իր տնտեսական շահերի պատճառով աչք փակի Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վրա», – ասել է նա:

Լեյլա Մուստաֆաևան ասել է, որ կցանկանար կարդալ իր ամուսնու խոսքը, սակայն բանտի ղեկավարությունն առգրավել է տեքստն, ու այն չի հաջողվել բանտից դուրս բերել: Այս մասին հաղորդում է ուկրաինական Հրոմադսկոյե ռադիոն:

  • Աֆղան Մուխտարլին վերջին ժամանակներս ապրում էր Թբիլիսիում, որտեղ տարբեր լրագրողական հետաքննություններ էր անցկացնում, այդ թվում՝ Ադրբեջանի իշխող ընտանիքի բիզնեսի վերաբերյալ: Այս տարվա մայիսին Աֆղան Մուխտարլիին առևանգեցին Թբիլիսիի կենտրոնից: Իրավապաշտպանները Վրաստանից պահանջում են հետաքննել լրագրողի առևանգումը:
  • Առևանգումից հետո, որի համար կասկածվում են վրացական իրավապահները, Մուխտարլիին տեղափոխեցին Ադրբեջան։ Նրան այստեղ սահմանի ապօրինի հատման և մաքսանենգության մեղադրանք առաջադրեցին:

Կարդալ ավելին JAMnews-ում