Կաբարդացիներն ու բալկարները Հյուսիսային Կովկասում բախումների մեջ են: Պատմակա՞ն, թե՞ հողային վեճ" />

Բախումներ Կաբարդա-Բալկարիայում, կան վիրավորներ և կալանավորվածներ: Ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունենում

Կաբարդացիներն ու բալկարները Հյուսիսային Կովկասում բախումների մեջ են: Պատմակա՞ն, թե՞ հողային վեճ

Կտրուկ սրվել է իրավիճակը Հյուսիսային Կովկասում գտնվող Կաբարդա-Բալկարիայի Հանրապետությունում:

Միմյանց դիմակայում են երկու էթնիկ խմբեր՝ բալկարներն ու կաբարդինները: Դիմակայության առարկան Կանժալի մարտն է, որը տեղի է ունեցել 310 տարի առաջ: Կաբարդիններն այդ տարեթիվը չափազանց կարևոր են համարում իրենց ազգության համար: Իսկ բալկարները չեն ճանաչում այն:

Ներկայացնում ենք մանրամասները:

Սկիզբը

Իրադարձությունները սկսվել են սեպտեմբերի 18-ին, երբ Կենդելեն բնակավայրի բնակիչներն՝ ազգությամբ բալկարներ, թույլ չեն տվել, որ իրենց գյուղով անցնեն կաբարդինները՝ Կանժալի մարտի (տեղեկությունները՝ ներքևում) 310-ամյակին նվիրված երթի մասնակիցները:

Երթն ուղևորվում էր դեպի Կանժալ լեռը, որտեղ և տեղի է ունեցել մարտը, և այնտեղ տանող միակ հասանելի ճանապարհն անցնում է բալկարների գյուղով:

Դրան մասշտաբային կռիվ է հետևել, գյուղ են ժամանել ոստիկանության հատուկ ստորաբաժանումները:

Սեպտեմբերի 19-ին բախումներ էին տեղի ունենում արդեն ակտիվիստների և ուժայինների միջև, ընդ որում, դիմակայության աշխարհագրությունն ընդլայնվել էր. դրանում ներառվել էին Զայուկովո և Բակսան գյուղերը:

View this post on Instagram 

A post shared by Алания (Къарачай & Балкария) (@alan_nations) on

Շարունակությունը

Սեպտեմբերի 20-ին և 21-ին բախումները շարունակվեցին արդեն Կաբարդա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում: Ոստիկանությունը ռետինե մահակներ և գազ կիրառեց, դեպի օդ կրակոցներ հնչեցին:

Ընդհանուր առմամբ, ըստ իրավապաշտպան Վալերի Խատաժուկովի տվյալների՝ ձերբակալվել է 40 մարդ: Վիրավորվել են չորսը:

Պատմական ակնարկ. ի՞նչ է Կանժալի մարտը

«Կանժալի մարտ», Մուխադին Կեշևի նկարը

Կանժալի մարտը տեղի է ունեցել 1708թ-ին, երբ Կաբարդան ֆորմալ առումով գտնվել է Ղրիմի խանության ենթակայության տակ:

Խաները պարբերաբար դրա վրա հարձակումներ են իրականացրել հարկեր հավաքելու և պատանդներ վերցնելու նպատակով: Այդ տարի Կաբարդայի ավագ իշխան Կուրգոկո Ատաժուկինը որոշել է դիմադրություն ցուցաբերել Ղրիմի խան Դևլեթ-Գիրեյին:

Կաբարդինների հետ մարտի արդյունքում Դևլեթ-Գիրեյ խանը փախուստի է դիմել՝ լքելով իր զորքն ու գումակները:

Ըստ տարբեր տվյալների՝ մարտում զոհվել է խանի 5-40 հազար զինվոր և բոլոր թուրք ենիչերիները:

Օսմանյան սուլթանը, որին նոմինալ առումով ենթարկվում էր Ղրիմի խանությունը, գահընկեց արեց Դևլեթ-Գիրեյին և արտաքսեց Ռոդոս կղզի:

Ինչո՞ւ է Կանժալի մարտն արդիական այսօր

Կաբարդինների, ինչպես նաև չերքեզների և ադիգների համար Կանժալի մարտն ազգային հերոսության խորհրդանիշ է:

Սակայն թյուրքալեզու բալկարները պնդում են, որ ոչ մի մարտ էլ չի եղել, այդ ամենը հորինել են կաբարդինները, որոնք իբր հավակնում են բալկարների հողերին:

Շատ փորձագետներ կարծում են, որ կոնֆլիկտի էությունը ոչ թե Կանժալի մարտն է, այլ հողերի խնդիրը:

Կաբարդա-Բալկարիայում տարածքային վեճի մասին

Կաբարդինների և բալկարների միջև կոնֆլիկտն առաջացել է Կանժալի մարտի շուրջ, սակայն լեռնային՝ այդ թվում Կանժալ լեռան վրա գտնվող արոտավայրերի կարգավիճակի չլուծված խնդրի հետևանքով, միաձայն նշում են գիտնականները, որոնք հարցվել են «Կավկազսկի ուզել» տեղեկատվական գործակալության կողմից:

Երկու էթնիկ խմբերի միջև էլ ավելի լուրջ բախում է տեղի ունեցել 2008թ-ի սեպտեմբերին: Այն ժամանակ կաբարդինները որոշել էին մեծ շուքով նշել մարտի 300-ամյակը և կրկին ուղևորվել էին դեպի Կանժալ լեռ:

«Խոսքը գնում է միայն պատմական դեպքերը տարբեր տեսանկյուններից մեկնաբանելու մասին, այդ մեկնաբանությունները ծառայում են այս կամ այն ճամբարին: Սակայն հիմնական հարցը կաբարդիններին և բալկարներին հին մարտի այս կամ այն կողմի հետ ասոցացնելը չէ, այլ պատմական իրադարձության մեկնաբանումը ժամանակակից խնդիրների, նախևառաջ, արոտավայրային անասնապահության լեռնային հողերի կարգավիճակի լուծման համար», — ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Գունյան:

Արձագանքը

Դիմակայությունը գյուղերում և Նալչիկում բուռն վրդովմունք է առաջացրել սոցցանցերում: Մի տիպիկ մեկնաբանություն նշենք.

«Բոլորին պատասխանատվության ենթարկել: 1. Հանրապետության ղեկավարին՝ այն բանի համար, թե ինչու է նման բան թույլ տալիս, այն էլ՝ զբոսաշրջային սեզոնի նախաշեմին (միակ բիզնեսը, որը մնացել է հանրապետությունում, օղու բիզնեսը չեզոքացրել են, մնացել է միայն դա): 2. Կենդելենի գյուղապետին. այդ ի՞նչ խաղեր է խաղում, և ինչո՞ւ մինչև հիմա նա չի լքել իր պաշտոնը: 3. Էլբրուսի շրջանի ղեկավարին. նույն հարցերով: 4. Հանրապետության հոգևորականներին. ինչո՞ւ են նման բան թույլ տվել»:

Թեև շատերը սատարում են կողմերից մեկի իրավացիությունը, սակայն սոցցանցերում գերիշխող միտումը առճակատումը դադարեցնելու կոչերն են երկու կողմերին էլ:.

Instagram-ում ֆլոշմոբ է սկսվել, այդ թվում՝ #вединственашасила (միասնության մեջ է մեր ուժը) հեշթեգով:

Իսկ Նալչիկի ավտոակումբի անդամներն իրենց մեքենաները զարդարել են ադիգների, բալկարների և կաբարդինների դրոշներով և կոչ են արել կաբարդիննրին ու բալկարներին «ապրել հաշտ ու համերաշխ»:


Կարդալ ավելին JAMnews-ում