Բաթումում բախումներ են ոստիկանության և ցուցարարների միջև

Անկարգությունների առիթ են դարձել մեքենան սխալ կայանելու համար տուգանքները

17264647_1638165422879544_1051657633847624672_n-e1489266417817

լուսանկարը՝ «Բաթումելեբի» թերթի

Ծովափնյա Բաթում քաղաքում վարչական իրավախախտումների համար ձերբակալված քաղաքացիներն ազատ կարձակվեն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլին՝ մեկնաբանելով Բաթումում մարտի 11-ին ցուցարարների և հատուկ նշանակության ջոկատի միջև տեղի ունեցած բախումները: Նա նշել է, որ դա պատասխանատվությունից ազատում չի նշանակում: Նախարարը հայտարարել է, որ Բաթում է մեկնում իրավիճակը պարզելու համար:

«Այն, ինչ տեղի է ունեցել Բաթումում, անընդունելի է, և այդպիսի սադրանքները չեն խանգարի օրենքի կատարմանը և իրավապահ մարմինների աշխատանքին: Բոլոր նրանք, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, կպատժվեն», – հայտարարել է Մգեբրիաշվիլին: Նա չի բացառել կադրային փոփոխություններ ՆԳՆ տեղի կազմում, ինչպես նաև Բաթումում լրացուցիչ ուժերի մոբիլիզացիան: Ներկա պահին քաղաքում բախումները շարունակվում են, մեքենաներ են այրվում:

Բախումների արդյունքում, տվյալ պահի տեղեկատվության համաձայն, բուժօգնության է դիմել 11 մարդ: Ինչպես հաղորդում է Ռուսթավի-2 հեռուստաալիքը, վկայակոչելով տեղական կլինիկայի բժիշկներին, վնասվածքներ ստացածներից վեցը ոստիկաններ են, մնացածները՝ քաղաքացիական անձինք: Տուժածներից մեկը դեմքի ոսկորների կոտրվածք է ստացել և վիրահատման կարիք ունի:

Ականատեսները խոսում են նաև արցունքաբեր գազից տուժածների մասին:

Առաջին բախումը տեղի է ունեցել ոստիկանության շրջանային կառավարման շենքի մոտ: Հատուկ նշանակության ջոկատն արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ է կիրառել: Ռուսթավի-2 հեռուստաընկերության ուղիղ եթերում ցուցադրված կադրերից դատելով՝ ցուցարարների մի մասը ոստիկանների ուղղությամբ քարեր է նետել:

Հատուկ ջոկատայինների գրոհից հետո ցուցարարները կրկին սկսել են հավաքվել ոստիկանության շենքի շուրջ: Փողոցում այրվող խարույկներ են երևացել:

Ոստիկանության ու տեղի բնակչության միջև կոնֆլիկտի առիթ են դարձել սխալ կայանած մեքենաների համար տուգանքները: Տարերային բողոքի ակցիաները Բաթումում սկսվել են մարտի 11-ի ցերեկն այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալել է 6 տեղացու իրավապահ մարմիններին դիմադրություն ցուցաբերելու համար:

Շուտով քաղաքի կենտրոնում հարյուրավոր մարդիկ են հավաքվել, նրանց մեծ մասն «անարդար» տուգանքների և ոստիկանության կամայականությունների դեմ բողոքող վարորդներ են եղել:

Ցուցարարներն ուղևորվել են ոստիկանության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին, ինչպես նաև հեռացնել ՆԳՆ տեղական վարչության ղեկավարությանը:

Ինչպես Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՆԳ փոխնախարար Բեսիկ Ամիրանաշվիլին, ցուցարարների դեմ հատուկ միջոցները կիրառվել են այն բանից հետո, երբ նրանք սկսել են քարեր նետել շենքի ուղղությամբ և և փորձել են ներխուժել շենք: Նրա խոսքով, ցուցարարներին խոստացվել է, որ ձերբակալվածներին ազատ կարձակեն, սակայն նրանք չեն դադարեցրել ագրեսիան:

Ամիրանաշվիլիի խոսքով՝ ՆԳՆ տեղական բաժնի ղեկավարության հրաժարականի մասին ցուցարարների պահանջը չի դիտարկվում:

Բաթումում կատարվածը սոցցանցերում իրարամերժ արձագանք է առաջացրել

1.

Օգտատերերի մի մասը ոստիկանությանը մեղադրում է դաժանության համար: Որոշները կոչ են անում համերաշխություն հայտնել Բաթումի ցուցարերների հետ և «Վրացական երազանքի» իշխանության շուտափույթ ավարտ են կանխագուշակում:

2.

Իսկ մյուս մասը վրդովված է քաղաքի փողոցներում «քրեական երիտասարդության» առկայությամբ և պահանջում է արագ կերպով վերականգնել կարգուկանոնը:

3.

Շատերին հետաքրքրում է երկրի համբավը: «Մենք այնքան էինք հպարտանում նրանով, որ մեզ մոտ ցույցերի ժամանակ մեքենաներ չէին այրում ու կոտրում», – ափսոսանքով գրում է օգտատերերից մեկը:

«Ոչինչ, ստիպված ենք դա էլ անցնել», – հանգստացնում է մյուսը:

4.

Սակայն համացանցում ամենաշատը «ի վերջո Բիձինային արթնացնելու» կոչերն են:

միլիարդատեր, նախկին վարչապետ և իշխող կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, որը Վրաստանում տարածված կարծիքի համաձայն, ոչ պաշտոնապես գլխավորում է երկրի կառավարությունը:

 

 

լուսանկարները՝ «Բաթումելեբի» թերթի


Կարդալ ավելին JAMnews-ում