Գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները փողոց են դուրս եկել " />

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույցի մասնակիցների գլխավոր պահանջը

Գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները փողոց են դուրս եկել

Քաղաքական ճգնաժամը Վրաստանում հասել է իր գագաթնակետին։ Թբիլիսին կրկին համակել է ցույցերի ալիքը։

Հազարավոր մարդիկ էին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ։ Նրանց գլխավոր պահանջն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Ռուսթավելիի պողոտայում վրաններ են տեղադրում։

Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները միավորվել են գործող իշխանությունների դեմ, և սա աննախադեպ իրադարձություն է 2012թ-ից ի վեր։

__________

Հազարավոր մարդիկ բողոքում էին այսօր Վրաստանի խորհրդարանում ընդունված որոշման դեմ։

Խորհրդարանը ձախողել է Սահմանադրությունում խորհրդարանական ընտրություններն անցկացնելու կարգի մասին փոփոխություններ կատարելը։ Օրինագծի համաձայն՝ 2020 թ-ի ընտրությունները պետք է անցկացվեին համամասնական համակարգով (միայն կուսակցական ցուցակներով), այսինքն՝ չեղարկվում էր մեծամասնական համակարգը, որն իշխող կուսակցությանն ավանդաբար զգալի առավելություն է տալիս։

Համամասնական համակարգի անցումը ամառվա բողոքի ցույցերի հիմնական պահանջներից էր։ Հունիսի 24-ին երկօրյա ցույցից հետո «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հրապարակային հայտարարությամբ հանդես եկավ՝ համաձայնելով կատարել պահանջը։ Նա ասաց, որ «Վրացական երազանքը» համաձայն է համամասնական ընտրական համակարգին և համապատասխան նախաձեռնություն կներկայացնի խորհրդարան։

Սակայն, երբ այդ հարցը քվեարկության դրվեց խորհրդարանում, «Վրացական երազանքի» նախաձեռնած փոփոխություններին կողմ չքվեարկեցին այդ կուսակցության շատ պատգամավորներ։

Այն պարագայում, որ ոչ մի կարևոր քաղաքական որոշում չի ընդունվում առանց երկրի ոչ ֆորմալ առաջնորդի՝ իշխող կուսակցության ղեկավար և օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի, ոչ ոք չի հավատում, որ օրենսդիրները, որոնք ձախողել են օրինագիծն, անկախ են գործել։

Ընդդիմության պատգամավորները խորհրդարանում կատարվածը «ներկայացում և հնարք» են անվանում, որն Իվանիշվիլին է սարքել։

«Սա դարի «գցոցին» էր, այսպես վրացի ժողովրդին դեռ ոչ ոք չէր խաբել», – ասել է հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝ Շոթա Դիգմելաշվիլին։

__________________

Քվեարկությունից հետո Ռուսթավելու պողոտան փակվեց քաղակտիվիստների կողմից, որոնք ցույցեր էին անցկացնում և ամռանը։ Նրանք նստել էին երթևեկելի մասում և կոչ էին անում բոլորին հավաքվել խորհրդանի շենքի մոտ։

Երեկոյան ժամը յոթին մոտ ցուցարարների թիվն այնքան էր ավելացել, որ Ռուսթավելու պողոտան արդեն բնական ճանապարհով էր փակվել։

Ակցիային էին միացել տարբեր բուհերի ուսանողներ։ Նրանք «Ամոթ» և «Իվանիշվիլի՝ սուտասան» պաստառներ էին պարզել։

Լուսանկարը՝ Լևան Սուտիձեի

Այդ նույն ժամանակ Լեյբորիստական կուսակցության գրասենյակում ընդդիմադիր կուսակցությունների և քաղակտիվիստների առաջնորդների հանդիպումն անցկացվեց։

Հանդիպմանը եկել էին բոլոր ընդդիմադիր, այդ թվում՝ միմյանց արմատապես հակադիր կուսակցությունների ներկայացուցիչները․ արևմտամետ քաղաքական գործիչների կողքին նստած էին ռուսամետ կուսակցությունների առաջնորդները։

«Բոլորը՝ մինուս մեկ»․ սա այն գլխավոր բանաձևն է, որի շուրջ միավորվել են քաղաքական կուսակցությունները։

Ընդդիմությունը համաձայնեցրել է գործողությունների միասնական պլանը։ Որոշումը հետևյալն է․ Ռուսթավելիի պողոտայի ակցիան չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն նշանակվել, որոնք անցկացվելու են ամբողջությամբ համամասնական համակարգով։. 

Ընդդիմության երեք հիմնական պահանջ․

 

1.  Ձևավորել ժամանակավոր կառավարություն։

 

2. Ժամանակավոր կառավարության կազմում պետք է լինեն բոլորը՝ բացառությամբ Բիձինա Իվանիշվիլիի։ Այսինքն՝ Իվանիշվիլին պետք է հեռանա բոլոր քաղաքական գործընթացներից, իսկ «Վրացական երազանքի» կառավարությունը՝ երկրի կառավարումից։

 

 3. Ժամանակավոր կառավարությունը պետք է ազատ ընտրություններ անցկացնի։

«Բոլոր ընդդիմադիր ուժերը համակարծիք են, որ Բիձինա Իվանիշվիլին երկիրը հասցրել է անդունդի եզրին, այդ պատճառով էլ մեզ համատեղ գործողություններ են պետք, որպեսզի վերջ տանք այս թշնամական ռեժիմին, որի ոչ մի խոսք ոչինչ չարժե։

Երկիրն արտահերթ համամասնական ընտրությունների կարիք ունի, որոնք կանցկացնի անցումային կառաավարությունը։ Մենք անելու ենք ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար», – հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան ընդդիմության հանդիպումից հետո։

«Եթե տանը նստած եք, դուրս եկեք փողոց, քանի որ պետությունից բան չի մնացել, ինչ էլ մնացել է, նույնպես խլում են։ Ասացե՛ք, պետությունն օլիգարխի՞ն եք տալու։ Դուրս եկեք փողոց, ի՞նչ եք անում տանն այս ժամին։ Որ համակարգով էլ անցկացվեն ընրությունները, թբիլիսյան ձևով ասեմ՝ մենք նրանց հախից կգանք», – ասել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գրիգոլ Վաշաձեն։

Նա նշել է, որ «Միասնական ազգային շարժումն» ավելի արմատական միջոցների կողմնակից է, թեև ընդդիմության հետ համաձայնություն է ձեռք բերվել, և կուսակցությունը հետևելու է ընդհանուր պլանին։

«Միակ մեխանիզմը, որը հասկանում է ներկայիս կառավարությունը, զանգվածային ցույցերն են․․․ Պետք էր ջանք թափել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին միավորելու համար, և Բիձինա Իվանիշվիլիին դա հաջողվեց», – ասել է Նինո Բուրջանաձեն՝ «Ժողովրդավարական շարժում – միասնական Վրաստան» կուսակցության նախագահը։

«Բիձինա Իվանիշվիլին արեց ամեն ինչ, որ բարիկադներ ստանա Ռուսթավելիում, և դրանք անպայման կլինեն», – ասել է Ազգային-ժողովրդավարական կուսակցության նախագահ Բաչուկի Կարդավան։

«Բիձինա Իվանիշվիլին ամենաստախոս մարդկանցից է, որոնց ես հանդիպել եմ իմ կյանքում, իր կուսակցության հետ միասին նա այսօր ներկայացում ցույց տվեց և փոխեց Վրաստանի ազգային շահերի ուղղությունը դեպի հյուսիս։ Համբերության բաժակը լցվել է, մենք հետ չենք կանգնելու», – ակցիայի ժամանակ հայտարարել է գործարար Մամուկա Խազարաձեն՝ «Լելո» նոր քաղաքական շարժման հիմնադիրը։

Երրորդ նախագահ Միխեիլ Սաաաշվիլին, որն այժմ Ուկրաինայում է, նույնպես արձագանքել է Վրաստանում կատարվող գործընթացներին։

«Մի բան գիտեմ․ շուտով՝ նոյեմբերի 23-ին, Սուրբ Գիորգիի տոնն է, և վրացի ժողովուրդը պետք է միավորվի, խաղաղ մոբիլիզացիա անցկացնի։ Այս ռեժիմն այլևս ոչ մի լեգիտիմություն չունի։ Այնպես որ, այժմ ամեն ինչ կախված է մեզնից։ Ուժը միասնականության մեջ է, ընկերներ, ես վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի», – հայտարարել է Սաակաշվիլին սոցցանցում հրապարակած իր տեսանյութում։

Ցուցարարներին է նաև միացել նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

«Ես այնտեղ եմ, որտեղ վրացի ժողովուրդն է, և այնտեղ, որտեղ այլընտրանք չկա», – ասել է երկրի չորրորդ նախագահը։

ԱՄՆ դեսպանատունն այսօր նույնպես հայտարարությամբ է հանդես եկել խորհրդարանի որոշման վերաբերյալ։

«Ցավում ենք, որ, չնայած ընդդիմադիր կուսակցությունների աջակցությանը, սահմանադրական փոփոխություններին այսօրվա քվեարկության ընթացքում «Վրացական երազանքի» անբավարար թվով պատգամավորներ աջակցեցին։

Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ ներառյալ կառավարությանն, ընդդիմադիր կուսակցություններին և քաղհասարակությանը, հանգիստ և արժանապատվորեն համագործակցել, որպեսզի հնարավոր լինի առաջ գնալ՝ Վրաստանի ժողովրդավարական զարգացման ամրապնդմանն ուղղված մեր ընդհանուր պարտավորություններին համապատասխան», – ասված է հայտարարությունում։


Կարդալ ավելին JAMnews-ում