Այս քայլով նախագահ Թրամփն ուզում է հասնել դրան, որ Կոնգրեսը ֆինանսավորի իր նախընտրական խոստումները" />

Արտակարգ դրություն ԱՄՆ-ում․ ո՞ւմ և ինչու է այն պետք

Այս քայլով նախագահ Թրամփն ուզում է հասնել դրան, որ Կոնգրեսը ֆինանսավորի իր նախընտրական խոստումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է մտցրել։ Դա նրան թույլ է տալիս, շրջանցելով Կոնգրեսը, ֆինանսավորում ստանալ Մեքսիկայի սահմանին ապօրինի միգրանտներից պաշտպանող պատի կառուցման համար, հաղորդում է CNN-ը։

Պատին կողմ և դեմ

Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը Դոնալդ Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից մեկն էր։ Նպատակն, ըստ նրա, Կենտրոնական և հարավային Ամերիկայից ապօրինի միգրանտների հոսքը կանխելն է, որոնց հետ ԱՄՆ են բերվում թմրանյութեր և զենք։

Թրամփի հակառակորդները պնդում էին, որ պատի շինարարությունը հարկատուների փողի անիմաստ վատնում է։ Ըստ նրանց, միակ արդյունավետ ճանապարհը տնտեսությունը զարգացնելն ու աշխատատեղեր ստեղծելն է այն երկրներում, որտեղից նրանք գալիս են։

Պահպանողական հայացքներ ունեցող ամերիկացի ընտրողները Թրամփին աջակցություն են հայտնել։ Հատկանշական է, որ առավել քիչ աջակիցներ ունի պատի կառուցման գաղափարը հենց Մեքսիկային սահմանակից նահանգներում՝ Կալիֆորնիայում և Տեխասում։

Դիմակայություն

Դառնալով նախագահ՝ Թրամփը սկսեց իրականացնել իր նախընտրական խոստումները։ Ապօրինի միգրանտների դեմ պատի կառուցման համար նա Կոնգրեսից 5.7 մլրդ դոլար պահանջեց։

Կոնգրեսի դեմոկրատները նախագահին կտրականապես մերժեցին։ Դիմակայության արդյունքը շաթդաունը եղավ՝ պետական հաստատությունների ֆինանսավորման դադարն՝ ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարը։

Ի վերջո, Թրամփը զիջեց և ստորագրեց բյուջեն, որով նախատեսված չէ պատի կառուցման համար իր պահանջած գումարը։ Դրա փոխարեն նա իր հրամանով արտակարգ դրություն մտցրեց, ինչը նրան թույլ է տալիս ցանկալի ֆինանսավորումը ստանալ առանց Կոնգրեսի հաստատման։ Արդեն հայտարարվել է, որ այդ փողերը վերցվելու են ռազմական շինարարության հատկացումներից։

Հեռանկար

Կոնգրեսի Վերին պալատում հանրապետականների առաջնորդ Մաքքոնելն արդեն հայտարարել է, որ աջակցելու է Թրամփի գործողություններին։

Ներքին պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Փելոսին հայտարարել է, որ նախագահին թույլ չի տալու «չարաշահել իշխանությունն» ու «ոչնչացնել սահմանադրությունը»։

Այժմ, ինչպես բոլորն, այդ թվում՝ Թրամփը սպասում են, որ բանը հասնելու է ամերիկյան դատարաններ, որոնք իրավունք ունեն արգելք դնել նախագահի հրամանների իրականացման վրա։ Հենց դրանք են նախկինում արդյունավետ դիմադրել Թրամփի մյուս հրամաններին, որոնք ուղղված էին միգրանտների դեմ պայքարին։


Կարդալ ավելին JAMnews-ում