Քաղաքական կամ կրոնական ենթատեքստով աշխատանքների մեծ մասն արագ ոչնչացվում է" />

Արվեստ, կամ սոցիալական բողոք․ ո՞րն է վրացական սթրիթ-արտի շարժառիթը

Քաղաքական կամ կրոնական ենթատեքստով աշխատանքների մեծ մասն արագ ոչնչացվում է

Արդեն մի քանի տարի է, ինչ Թբիլիսիում և այլ քաղաքներում գորշ ու անհրապույր պատերն ու մյուս անշուք վայրերը հանկարծ վառ ներկվում են և դառնում արվեստի և․․․ ուշադրության առարկա։ Փողոցներում ավելի ու ավելի շատ գրաֆիտի և սթենսիլ ոճի աշխատանքներ են հայտնվում։ Դրանք տարբեր են՝ ծիծաղաշարժ, բողոք արտահայտող կամ հասարակ գունեղ նկարներ ու գրառումներ։

Սթրիթ-արտը փողոցային արվեստ է, որը նաև ուրբանիստական արվեստ են կոչում, և այն Վրաստանում շատ է տարածվում։ Նկարիչների հետ կարելի է շփվել առանց միջնորդների հենց փողոցում, իսկ նրանէ կարող են շփվել մարդկանց հետ և միաժամանակ տեսնել նրանց արձագանքն ու իմանալ նոր ստեղծված աշխատանքի վերաբերյալ կարծիքը։

JAMnews-ը փորձել է պարզել, թե ինչ են ուզում ասել վրացի սրիթ-արտիստները։

Գարնան առաջին շաաբթվա գիշերներից մեկը Գագոշն անաղմուկ հավաքել է նեկերն ու սթենսիլի նյութերը և ուղևորվել դեպի Թբիլիսիի Քեթևան Ցամեբուլիի պողոտա։ Հենց այնտեղ էր գտնվում աշխատանքի համար ընտրված պատը։ Նա շտապում էր, այդ պատճառով էլ ընկերներն օգնում էին։ Սկսել է նկարել հենց այդ նույն գիշեր։

Մարտի 8-ի առավոտյան անցորդներին դիմավորեց նկարը մեքենաներով ծանրաբեռնված մայրուղու մեջտեղում ճաք էր հայտնվել, որում մանուշակներ էին աճել, դեպի այդ մանուշակներն էլ սև-սպիտակ գույներով նկարված երեխա էր ձգվում։

Նա ստիպված էր փոշի կուլ տալ, տանջվել արևի և քամու տակ՝ «հասնելու համար» մանուշակներին։ Այդպես նկարիչը սուր ձևով որոշել էր Թբիլիսիի անցորդներին հիշեցնել իրենց առօրյայում գարնան մուտքի մասին։

Գագոշը (Gagosh)՝ Գիորգի Գագոշիձեն, վրացի նկարիչ է, որը հիմնականում սթրիթ-արտի ոլորտում է աշխատում։

«Ես նախընտրում եմ այդ եղանակով արտահայտել իմ զգացմունքներն ու վերաբերմունքն այս կամ այն իրադարձությանը, քան մեկնաբանություն գրել Ֆեյսբուքում։ Փողոցներում են իմ պատերն, այլ ոչ թե սոցիալական ցանցում․․․ Դրանց վրա ես արտահայտում եմ իմ բողոքը», – ասում է Գագոշն ու մեզ տանում դեպի Մազնիաշվիլիի փողոցի պատը։ Այնտեղ նրա աշխատանքն է պիջակով վարդագույն խոզը շների է փողոց հանել։

«Միշտ անտարբեր չեմ եղել Օրուելի ստեղծագործություններին։ Նա շատ ուժեղ ալեգորիաներ ունի։ Գրեթե ցանկացած կառավարման գլուխը խոզերն են, որոնց հաչող շներն են պահպանում», – ասում է նկարիչը։

Աշխատողների իրավունքներ, կոռուպցիա, ընտրություններ, օկուպացված տարածքներ, դատարան, բնապահպանություն․ Գագոշի աշխատանքները վերաբերում են բոլոր արդիական խնդիրներին և ընթացիկ սոցիալական կամ քաղաքական գործընթացներին։ Նա սոցիալական սթրիթ-նկարիչ է։ Իսկ սթրիթ-արտը նրա համար միայն արվեստ չէ, այլ նաև քաղաքացիական ինքնաարտահայտման միջոց։

Վրացի սթրիթ-արտիստների զգալի մասի համար այս ոճը յուրօրինակ բողոքի հարթակ է, և նրանց համար կարևոր է լսարանի արձագանքը նրան, ինչ նրանք անում են։

Բայց ոչ բոլորի համար։ Նրանցից ոմանք սթրիթ-արտն անհրապույր վայրը գեղեցկացնելու հնարավորություն են միայն համարում։ Մյուսները միայն սթրիթ-արտի ժանրի աշխատանքը չեն դիտարկում, քանի որ համարում են, որ ժամանակակից արվեստում ինքնաարտահայտումը պետք է ազատ լինի ցանկացած շրջանակներից, տեղի ու ձևի սահմանափակումներից։

Ֆիլմ կին նկարչի մասին, որն ապրում է հակամարտության գոտու վրացական գյուղում

Ժամանակակից Չինաստանը Թբիլիսիում։ Ազգային թանգարաում չինացի նկարիչների աշխատանքների ցուցադրություն է

«Ամեն ինչ ինչ-որ կերպ փոխկապակցված է»

«Սթրիթ-արտի մեխն այն է, որ այն բացարձակ անկախ է», – ասում է նկարիչ Գամեզան, որի աշխատանքները կարելի է հանդիպել Թբիլիսիում, Քութայիսիում և այլ քաղաքներում։

«Ինչ նկարել ու ինչ գրելը բացառապես քո գաղափարն է։ Դա սթրիթ-արտի գլխավոր գրավչությունն է․․․ Ամեն ինչ ինչ-որ կերպ փոխկապակցված է»։

Գամեզան մեզ ցուցադրում է Թբիլիսիի Չորոխի փողոցի իր ամենամասշտաբային աշխատանքը Փիրոսմանիի ոճով և միևնույն ժամանակ «Սիմփսոններ» մուլտսերիալի հերոս հիշեցնող ձկնորսը ջրով լի թասի մեջ կանգնած եռաչքանի ձուկ է բռնել։ Նրա հետևում այլմոլորակային տիեզերանավը թիրախավորել է Վրաստանի խորհրդարանը։

Տանո՞ւմ են, թե ընդհակառակը բերել են խորհրդարանը։

Տանում են։ Իսկ լա՞վ է, թե՞ վատ, որ տանում են, արդեն դու ես որոշում։

Գամեզան նախընտրում է, որ ոչ թե ինքը «գաղտնազերծի» իր աշխատանքն, այլ ուրիշները դրա մեջ ինչ-որ բան տեսնեն կամ․․․ չտեսնեն։ Այդ պատճառվ էլ իր գաղափարով, որից ծնվել է այս աշխատանքը, չի կիսվում։

«Գործընթացը հենց արդյունք է», – ասում է Գամեզան, որն ինքնաբուխության կողմնակից է և ներկերը ձեռքն է առնում հենց հարցազրույցի ժամանակ։ Այդ նույն Չորոխի փողոցում հին աստիճաններով տուն կա։ Եվ շուտով դրա վրա մկնիկի գլուխ է սկսում հայտնվել։ Իսկ եթե ավելի հստակ, ապա այն բանի, որն աշխատանքն ավարտելուց հետո կտեսնենք մենք։ Կամ չենք տեսնի։

«Բոլոր ուղղությունները գաղափարի արտահայտման հավասար հնարավորություն ունեն։ Ամեն ինչ պայմանավորված է գաղափարով և մտահղացումով։ Ես իմ ուղերձների համար ընտրում եմ սթենսիլը, հեռախոսազանգը, կարող եմ նույնիսկ պերֆորմանս անել», – ասում է Մարիամ Նատրոշվիլին։

Չնայած նրան, որ Մարիամի աշխատանքների մեծ մասը փողոցներում են տեղակայված, Մարիամն իրեն սթրիթ-արտիստ չի համարում։

Նրա աշխատանքներում հաճախ են գրառումներ հանդիպում։ Օրինակ, նա է հեղինակել «Վաղը» հայտնի ինստալյացիան և «Կապարն օդում» գրաֆիտին, որը հայտնվել է նորացված Պեկինի փողոցի հեծանվուղում։ Մարիամն աշխատում է Դութու Ջինչարաձեի հետ։

«Թե ինչ է ընդհանուր առմամբ նկարիչների շարժիչ ուժը, չգիտեմ։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, զվարճանալու համար», – ասում է Մարիամը։

Փողոցից դեպի արվեստ և հակառակը

Սթրիթ-արտը որպես կերպարվեստի ժանր ստեղծվել է 1960-ականներին։ Մինչ այսօր այն համարվում է ամենախռովարար ուղղությունը։ Որոշ շրջանակներում վեճեր են շարունակվում, թե արդյո՞ք այն արվեստ է, թե՞ վանդալիզմ, քանի որ արվեստի գործերը ստեղծվում են չարտոնված վայրերում։

«Ի սկզբանե սթրիթ-արտն ասոցացվում էր մարգինալ խմբերի (գետոների, արվարձանների, սևամորթների և այլն)՝ բնակչության այն մասի հետ, որոնց ճանապարհը դեպի գեղարվեստական ինստիտուցիաներ և էլիտար պատկերասրահներ արգելված էր», – ասում է արվեստաբան Խաթունա Խաբուլիանին։

«Պոստմոդերնիզմը հավասարեցրեց տարբեր ֆորմաներ և միտումներ՝ դրանք վերածելով հավասարանիշ երևույթների»։

Թեմաներն անսպառ են, թեև առավել հաճախ սթրիթ-արտն առաջարկում է սոցիալական և քաղաքական բողոք։ Դրա պոպուլյարության ընդլայնման մեջ մեծ դեր է խաղացել այնպիսի հայտնի նկարիչ, ինչպիսին է Ժան-Միշել Բասկիան, որն առաջիններից էր, ով 1980-ականներին իր անկրկնելի «ինքնագիրը» թողեց Նյու Յորքի փողոցներում։

Կա նաև «սթրիթ-արտի թագավոր» հռչակված Կիտ Հարինգը նրա սուր սոցիալական և քաղաքական ուղերձները մինչ այսօր արվեստի նմուշներ են, և դրանք կարելի է հանդիպել նաև նյույորքյան փողոցներում։

Դասական են համարվում ազդեցիկ Բենքսիի խորհրդավոր գործերը։ Նրա սոցիալական և քաղաքական մեսիջներին է այսօր սպասվում ողջ աշխարհը։

Բենքսիի և մյուս ժամանակակից նկարիչների օրինակները լավ ցուցադրում են մասշտաբներն ու հնարավորությունները․ առաջացնել հասարակության արձագանք այն թեմաների վերաբերյալ, որոնք հենց մեզ են վերաբերում։

Ինչպե՞ս է վրացական հասարակությունն ընկալում նկարիչների մարտահրավերները, ի՞նչ արդյունքներ կարող է տալ սթրիթ-արտը։

Վախն ու գրաքննությունը վրացական սթրիթ-արտում

Թինա Չերտովայի համար սթրիթ-արտը բողոքի արտահայտման հարթակներից մեկն է, բայց մեկ պայմանով այն չպետք է ագրեսիվ լինի, պետք է պաշտպանի կենդանիների իրավունքներն ու ընդլայնի կանանց իրավունքները։ Տարբեր սոցիալական թեմաներին զուգահեռ Թինան երկու տարի առաջ նոր նախագիծ է մտածել՝ սիրո և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին։

«Սա սադրանք չէ․․․ Ուզում եմ ցույց տալ մարդականց միջև սերը։ Սեռը նշանակություն չունի, բոլորին միանման ենք սիրում, – ասում է Թինան։ – Այս նախագծի շրջանակում ենթադրվում էր նկարել հինգ պատերի վրա»։

Սակայն այդ աշխատանքների համար Թբիլիսիում հազիվ մեկ պատ է գտնվել։ Պատճառը թեմատիկան է։

Թբիլիսիի քաղաքապետարան, Գեղարվեստի ակադեմիա, սրճարան-ռեստորաններ, հարևանի ավտոտնակը․ պատերի փնտրտուքի ընթացքում Թինան դիմել է հնարավոր ամեն տեղ։ Նա հիշում է, որ աշխատանքներն ի սկզբանե դուր էին գալիս բոլորին, սակայն երբ գլխի էին ընկնում, թե ինչի մասին է խոսքը, ուղակիորեն և անուղղակիորեն հրաժարվում էին համագործակցել։ Թինան ստիպված էր այլընտրանքային ուղի գտնել․ նախագծի իրականացման համար նա շարժական պատեր է պատվիրել։

Եթե Թինա Չերտովային իր նախագիծն իրականացնելու համար միջնորդավորված էին խանգարում, ապա երիտասարդ նկարիչ Սանդրո Պաչուաշվիլիիի աշխատանքը, որը ստեղծվել է «Թբիլիսյան փողոցի արվեստի փառատոնի» շրջանակում, միջոցառման կազմակերպիչներն իրենք են «շտկել» քաղաքական շարժառիթներով։

«14 տարի, 13 վիրավորում, 0 սպանություն»․ այս գրառմամբ և գրաֆիտիով հեղինակը բողոք է հայտնել թբիլիսյան 51-րդ դպրոցի աշակերտի սպանության հետաքննության առնչությամբ։ Հաջորդ օրը գրառումը ջնջվել է։

Այդ գրառման պատճառով այն սկսել են ասոցացնել տարբեր քաղաքական խմբերի հետ, այդ պատճառով էլ ստիպված են եղել այն ջնջել, պատմել է մեդիակազմակերպիչ և Փողոցային արվեստի ֆեդերացիայի նախագահ Վասիլ Շուրաձեն։

Թբիլիսիի փոխքաղաքապետ և մշակույթի քաղաքային ծառայության ղեկավար Սոֆիո Խունցարիան JAMnews-ի հետ զրույցում հայտարարել է, որ Պաչուաշվիլիի աշխատանքի հետ կապված պատմությանը քաղաքապետարանը ոչ մի կերպ մասնակից չէ, քանի որ քաղաքապետարանը չի միջամտում իմաստային բովանդակության մանրամասներին, կլինի դա սթրիթ-արտ, թե ցանկացած այլ մշակութային միջոցառում։

Գագոշի խոսքով՝ իր գրեթե 200 աշխատանքների 90%-ը չկա դրանք ներկվել են քաղաքական, կրոնական և պարզապես անհասկանալի պատճառներով։ Որպես կանոն, աշխատանքի ավարտի երկրորդ օրն արդեն անհետանում են հակակառավարական աշխատանքները։ Այսպիսի ճակատագիր է, օրինակ, ունեցել, պետկանցելյարիայի պատին Գագոշի գրաֆիտին կոռուպցիայի, ընտրությունների «կարուսելի», դատարանի մասին։

Այն մասին, թե ով և ինչու է «հետապնդել» աշխատանքները, լավ գիտի Մարիամ Նատրոշվիլին, որին ոստիկանություն ոչ պաշտոնական հարցաքննության էին կանչել այն բանից հետո, երբ պատրիարքարանի դարպասներին գրառում էր հայտնվել՝ 25 000 000 000։

2015թ-ին այդ գրառմամբ Մարիամ Նատրոշվիլին և Գվանցա Ջիշկարիանին բողոք էին արտահայտել բյուջեից պատրիարքարանին խոշոր գումարներ տրամադրելու դեմ։ Ոստիկանությունում ակտիվիստները բանավոր զգուշացում և այսուհետ նման բան չանելու խորհուրդ էին ստացել։

Հիմնականում արձագանքը, որն իրենց գոյության ոչ այնքան երկար ընթացքում առաջացրել են վրացի սթրիթ-արտիստները, վախն է ու վերահսկողությունը։ Երբ նկարիչները հիշում են լսարանի առանձնահատուկ արձագանքի մասին, սովորաբար խոսում են սոցցանցերում իրենց գրառումների տակ արված դրական մեկնաբանությունների մասին։

Ինչո՞ւ սուր թեմաներով քննարկումները չեն շրջանցել սոցցանցերը կամ ինչո՞ւ փողոցային արվեստն ավելի մասշտաբային հետադարձ կապ չի ստանում։ Արվեստաբան Խաթունա Խաբուլիանիի կարծիքով՝ Վրաստանում դա պակասում է ոչ միայն սրիթարտին, այլ ընդհանուր առմամբ արվեստին այն «լուրջ ազդեցություն չունի, բուռն ինտելեկտուալ գործընթացներ չի առաջացնում»։

«Մեզ մոտ իրոք բողոքի նման ձև չի հայտնվել, որն իրոք արդյունավետ կլինի։ Միաժամանակ հասարակությունը մեզ մոտ բավականին անտարբեր է։ Հնարավոր է, որ այն պարզապես թաղվել է սեփական խնդիրների մեջ», – ասում է Խաբուլիանին։

Հասարակության հասունությանը զուգահեռ արվեստն ու մասնավորապես սթրիթ-արտը չեն հասել այն մակարդակին, որ ազդեն հանրության գիտակության վրա։ Նկարիչների խոսքով՝ Վրաստանում սթրիթ-արտին, որոշ բացառությամբ, չի հերիքում կոնցեպտուալությունն և խորությունը։


Կարդալ ավելին JAMnews-ում