Մեկուկես րոպեանոց թրեյլերը բավական էր, որ վրացի ազգայնականները մոբիլիզացվեն Ակինի ֆիլմի դեմ" />

Արմատականները սպառնում են ձախողել երկու տղամարդկանց սիրո մասին առաջին վրացական ֆիլմի ցուցադրությունը

Մեկուկես րոպեանոց թրեյլերը բավական էր, որ վրացի ազգայնականները մոբիլիզացվեն Ակինի ֆիլմի դեմ

Նոյեմբերի 8-10-ը Թբիլիսիի կինոթատրոններում կցուցադրվի ԼԳԲՏ հարաբերությունների թեմայով առաջին վրացական ֆիլմը՝ «Իսկ հետո մենք պարեցինք» (And Then We Danced)։

Սակայն ուլտրաաջ ազգայնականներն, ինչպես նաև եկեղեցու ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ պրեմիերա չի լինելու․ նրանք պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել և արգելափակել կինոթատրոնների մուտքերը։

• Կյանք՝ ատելությամբ շրջապատված։ ԼԳԲՏ-ն և նրանց ծնողները Վրաստանում

• «Երբեք չգիտես՝ տուն կվերադառնաս կենդանի, թե ոչ

Պատճառն այն է, որ տղամարդկանց միջև սերն անընդունելի է վրացական հասարակության համար, կարծում են նրանք։

Ֆիլմը նկարահանել է վրացական ծագումով շվեդ ռեժիսոր Լևան Ակինը։ Ժապավենը պատմում է երկու պարողների սիրո մասին։

Ֆիլմը Շվեդիայի կողմից ներկայացվել է «Օսկարի»։

«Վրացական պարերում թուլության տեղ չկա»

Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում Թբիլիսիում՝ Վրաստանի ազգային համույթի ստուդիայում, որտեղ վրացական ազգային պարեր են պարում։

Մերաբը մանկությունից պարում է իր զուգընկերուհի Մարիի հետ։

Նրա կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ ստուդիայի դռները բացում է Իրակլի անունով երիտասարդը։ Մերաբի մոտ զգացմունք է առաջանում նրա նկատմամբ։

– Գիտե՞ս՝ ուր ես եկել։

– Վրացական ազգային համույթ։

– Ուրեմն հանի՛ր այդ ականջօղը։

Այսպիսի երկխոսություն է հնչում ֆիլմի թրեյլերում։ Այնտեղ կա նաև հետևյալ արտահայտությունը․ «Վրացական պարը հիմնված է տղամարդկության վրա։ Դրանում թուլության համար տեղ չկա»։

Ցուցադրությունից մի քանի օր առաջ ֆիլմի բոլոր տոմսերը վերջացել են և Թբիլիսիում, և Բաթումում։

Ինչպես Մահաթմա Գանդին

Այդ մեկուկես րոպեանոց թրեյլերը բավական էր, որպեսզի վրացի ազգայնականները մոբիլիզացվեն Ակինի ֆիլմի դեմ։

«Ամռանը մենք ձախողեցինք գեյ-շքերթն, այժմ կձախողենք այս կինոցուցադրությունը», – հայտարարել է «Վրացական երթ» ազգայնական շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն, որը մի քանի տարի առաջ աշխատում էր որպես սփյուռքի հարցերի փոխնախարար գործող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունում։

Սակայն Բրեգաձեն խոստանում է, որ ինքն ու իր համախոհները խաբգարելու են ցուցադրությանը «խաղաղ, առանց որևէ բռնության, սահմանադրության և ինքնաարտահայտման ազատության շրջանակներում»։

«Մահաթմա Գանդիի խաղաղ անհնազանդության ոճով մենք կխանգարենք գեյ-պրոպագանդայի տարածմանը», – հայտարարել է Բրեգաձեն «Ազատություն ռադիոկայանին»։

«Վրացական երթ» ուլտրաազգայնական վրացական կազմակերպությունը, որը գլխավորում է Բրեգաձեն, ստեղծվել է երեք տարի առաջ և հասցրել է հայտնի դառնալ իր աղմկահարույց ակցիաներով և մի շարք միջադեպերով։ Օրինակ, «Վրացական երթի» նախաձեռնություններից մեկը Թբիլիսիի փողոցներում պարեկություն անելն ու միգրանտներին բռնելն էր։

Բրեգաձեի հետ միասին ֆիլմի դեմ իր կողմնակիցներին է արդեն մոբիլիզացնում վրացի մեկ այլ ազգայնական, գործարար Լևան Վասաձեն։

Ֆեյսբուքյան տեսաուղերձում Վասաձեն կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել Թբիլիսիի կենտրոնում՝ Վերե այգում, և «բաց ձեռքերով, առանց ագրեսիայի մտնել կինոթատրոնների շենքեր և ձախողել կինոդիտումները»։

Նա դիմել է նաև կինոթատրոնների սեփականատեր Գիա Բազգաձեին․

«Գիա, ես քեզ իսկական տղամարդ եմ համարում և շատ զարմացա, երբ իմացա, որ այդ ֆիլմը ցուցադրվել է քո կինոթատրոններում։ Եթե քեզ ինչ-որ մեկը վախեցրել է կամ ստիպել անել դա, ասա, և ողջ Վրաստանը քեզ կպաշտպանի», – դիմել է Վասաձեն կինոթատրոնների սեփականատիրոջը, որտեղ ցուցադրվելու է Ակինի ֆիլմը։

Կրեմլի գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի մերձավոր վրացի գործարար Լևան Վասաձեն, որը Վրաստանում համարվում է ռուսական շահերն արտահայտող, վաղուց է հայտնի որպես ամենամոլի հոմոֆոբ։ Վերջերս նա հայտարարել է մահակներով զինված ջոկատների ստեղծման մասին, որոնք պետք է պատժեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։

Ֆիլմին դեմ է նաև եկեղեցին, որի ներկայացուցիչները վերջերս ներգրավված էին ազդեցիկ հոգևորական Պետրեի և այլ հոգևորականների կողմից «մանկապղծության և արվամոլության» մեղադրանքներով սկանդալի մեջ։ 

Վրաստանի պատրիարքարանի մամուլի քարտուղար Անդրիա Ջագմայիձեն «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է․

«Այդ ֆիլմը գեյերմի սիրո մասին է, և դա անընդունելի է։ Եկեղեցու պատասխանը խիստ է լինելու»։

 Վրաստանի ՆԳՆ-ից «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ, ըստ օրենսդրության, իրավապահ մարմինները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովեն հասարակական կարգն ու ֆիլմի ցուցադրությանը եկած քաղաքացիների անվտանգությունը։

___________

Ռեժիսոր Լևան Ակինը վրացական լրատվամիջոցների հետ զրույցում ասում է, որ ֆիլմի ստեղծման համար իրեն ոգեշնչել է ծանր իրավիճակը, որը Վրաստանում ստեղծվել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շուրջ։

Ակինը հիշում է 2013թ-ի մայիսի 17-ը։

Այդ օրը, որն օրացույցում գրանցված է որպես հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի օր, Թբիլիսիում եկեղեցու ներկայացուցիչներն ու արմատականները խաթարեցին ակցիան, որը քաղաքացիներին համերաշխության և սեռական այլ կողմնորոշման մարդկանց նկատմամբ հանդուրժողականության կոչ էր հանդիսանում։

Այն ժամանակ ոստիկանությունը դժվարությամբ օգնեց հոմոֆոբիայի դեմ պայքարող հարյուրավոր անձանց, որոնք ակցիայի էին դուրս եկել։ Նրանց պաշտպանում էին կրոնական մոլագարներից և ազգայնական խմբերից, որոնք պատրաստ էին հաշվեհարդար տեսնել։ Ավտոբուսների վրա, որոնցով ոստիկանությունը տեղափոխում էր ԼԳԲՏ-ակտիվիստներին, քարեր էին նետում։

Ինչպես ասում է Ակինն, ինքն ապշած էր ամբոխի ագրեսիվությամբ և հենց այդ ժամանակ է որոշել իր ֆիլմը նկարահանել։

Վրացի արմատականներն առանձնապես ակտիվացել են վերջին մի քանի տարում։

Ընդդիմությունը, հասարակական կազմակերպություններն ու հասարակության մի մասը Վրաստանի ղեկավարությանը մեղադրում են արմատականներին սատարելու համար։ Երկրի իշխանությանը մեղադրում են նաև այն բանի համար, որ օգտագործում է այս արմատական ուժերին իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Մասնավորապես, արմատականները հակաակցիաներ են անցկացնում, որոնք կազմակերպվում են որպես հակակշիռ հակակառավարական ցույցերին։

«Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019թ-ի մայիսին Director’s Fortnight-ի շրջանակում, որից հետո ժապավենի ցուցադրման իրավունքը գնել է շուրջ քառասուն երկիր։

 

Ֆիլմն արդեն ստացել է տասնհինգ միջազգային մրցանակ։ Գլխավոր դերակատար Լևան Գելբախիանին ներառվել է 2019թ-ի Կաննի կինոփառատոնի «ամենագրավիչ տաղանդների» ցանկում, ինչպես նաև հաղթել իսպանական Վալյադոլիդ քաղաքում անցկացված 64-րդ միջազգային կինոփառատոնի (Valladolid International Film Festival) «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում։

 

Ֆիլմը վրացական Takes Film և շվեդական French Quarter Film ընկերությունների համատեղ արտադրանքն է։


Կարդալ ավելին JAMnews-ում