Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախանշված նիստի շրջանակում նրա հնարավոր այցը հասարակությունում բուռն քննարկումներ է առաջացրել " />

Արդյո՞ք Վրաստան կժամանի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը

Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախանշված նիստի շրջանակում նրա հնարավոր այցը հասարակությունում բուռն քննարկումներ է առաջացրել

Վրաստանը որպես Եվրախորհրդի նախագահող երկիր 2020 թ-ի մայիսի 14-15-ին ընդունելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ նիստը։

Հանդիպմանը պետք է ներկա լինեն Եվրախորհրդի անդամ երկրների բոլոր արտգործնախարարները։ Այդ երկրների թվում է նաև Ռուսաստանը։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ռուսական պատվիրակությունը հանդիպմանը գլխավորելու է Սերգեյ Լավրովը։

Թբիլիսիում գիշերը կրկին ցրել են բողոքի ակցիան։ Վիրավորներ կան

Ո՞վ է ռուս ուղղափառ կոմունիստը, որը ցույցեր է սադրել Թբիլիսիում

Ռուսաստանի Պետդուման Վրաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ է պահանջում

Արդյո՞ք Ռուսաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կժամանի։ 2020 թ-ին Վրաստանում արդեն սկսել են քննարկել այս հարցը։

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թ-ի օգոստոսյան պատերազմից հետո։ Լավրովի մակարդակի ռուս պաշտոնյաներ Վրաստանում չեն եղել արդեն 12 տարի։ Անցյալ տարվա ուղղափառ ֆորումի շրջանակում Սերգեյ Գավրիլովի՝ սովորական ռուս պատգամավորի թբիլիսյան այցին և խորհրդարանի ամբիոնից նրա ելույթին հետևեց բազմահազարանոց ցույց և խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը։

Բացի այդ, Վրաստանում օկուպացված տարածքների մասին օրենքի համաձայն, այն անձանց, որոնք Աբխազիա և Հարավային Օսիա են մեկնում Թբիլիսիի վերսհկման տակ գտնվող տարածքի շրջանցմամբ, մուտքը Վրաստան արգելված է։

Արդյո՞ք  այդ օրենքը կկիրառվի Լավրովի առնչությամբ, և արդյո՞ք Վրաստանը կընդունի նրան ու ռուսական պատվիրակությունը։ Վրացական լրատվամիջոցներն արդեն քննարկում են այս հարցը։

Վրաստանի ԱԳՆ-ն տվյալ փուլում չի հաստատում և չի հերքում Լավրովի հնարավոր այցի մասին լուրը։

Խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն արդեն հայտարարել է, որ, եթե Լավրովը Վրաստան ժամանի, «նրան դիմավորելու են բողոքի ցույցով, քանի որ մեր տարածքներն օկուպացված են»։

«Վրաստանում Լավրովը բախվելու է իշխանության շատ սկզբունքային դիրքորոշման հետ այն առնչությամբ, որ Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները։ Կլինեն հստակ եզրակացություններ և գնահատականներ այն դեպքերի վերաբերյալ, երբ մեր քաղաքացիների իրավունքները կոպտորեն խախտվել են՝ ներառյալ սպանությունները, մարդկանց առևանգումներն ու ապօրինի ձերբակալություններն», – ասել է Տալակվաձեն։

Այն հարցին, թե արդյոք վրացական կողմը Սերգեյ Լավրովին թույլ կտա մուտք գործել Վրաստան, Տալակվաձեն պատասխանել է, որ «սահմանահատման հարցերով այլ կառույցներ են զբաղվում»։

«Չեմ կարող ասել, թե ուր է գալու և ուր է գնալու ուրիշ երկրի արտգործնախարարը։ Վրաստանին է անցել նախագահությունը Եվրախորհրդում, և մենք պատասխանատվություն ենք վերցրել այն միջոցառումների անցկացման համար, որոնք անցկացնում են նախագահող երկրներն, այդ թվում՝ նախարարների մակարդակում», – ասել է Տալակվաձեն։

Ըստ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Գիգի Ուգուլավայի, Սերգեյ Լավրովը խախտել է օկուպացված տարածքների մասին օրենքը, այդ պատճառով էլ նա տեղ չունի Վրաստանում։

Ինչպես ասել է Ուգուլավան, ցանկացածն, ով Լավրովին թույլ կտա անցնել Վրաստանի կողմից վերահսկվող տարածք, կխախտի օրենքն ու «վաղ թե ուշ պատասխան կտա դրա համար»։

«Երբ իշխանության եկավ «Վրացական երազանքի» կառավարությունն, առաջին հերթին այն ուզում էր չեղարկել հակաօկուպացիոն օրենքն, այդ պատճառով էլ նրանից ամեն ինչ սպասելի է, սակայն օրենքն օրենք է։ Այն գործում է ինչպես նախարարի, այնպես էլ շարքային քաղաքացու համար։ Լավրովը խախտել է վրացական օրենսդրությունն ու չպետք է իրավունք ունենա Վրաստանի վերահսկման տակ գտնվող տարածք մտնելու։ Բոլոր նրանք, ովքեր Լավրովին թույլ կտան գալ, օրինազանցներ կդառնան», – ասել է Ուգուլավան։

Փորձագետների կարծիքները

Փորձագետները կարծում են, որ Սերգեյ Լավրովի այցը բնակչության մեծ մասի շրջանում բողոք կառաջացնի և դրանով իսկ օգտակար կլինի ընդդիմությանը, քանի որ լարվածություն կառաջացնի երկրում։

Փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն կարծում է, որ «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը փակուղի է մտել, և միակ ելքը կոմիտեի նիստի անցկացումից հրաժարումն է․

«Վրացական երազանքը» լիակատար շփոթության մեջ է։ Սերգեյ Լավրովը պետք է ժամանի, քանի որ նա Եվրախորհրդի անդամ երկրի արտգործնախարար է։ Ինչպե՞ս կարելի է այնպես անել, որ նա չգա։ Ստացվում է, որ կառավարությունը պետք է նրան արգելի գալ։ Դա Ռուսաստանի հետ հարաբերություններում էլ ավելի մեծ լարվածություն կառաջացնի և Վրաստանի վրա թանկ կնստի։ Կառավարության համար միակ ելքը նիստի անցկացումից խուսափելն է, քանի որ աներևակայելի է, որպեսզի Սերգեյ Լավրովի այցը երկիր հանգիստ անցնի և իրավիճակը չվատթարացնի», – ասում է Թոռնիկե Շարաշենիձեն։

Քաղաքականության վրացական ինստիտուտի հիմնադիր Կորնելի Կակաչիայի խոսքով՝ Վրաստանը ստիպված է ընդունել ռուսական պատվիրակությանը, և եթե նա հրաժարվի, վնաս կհասցնի իր միջազգային հեղինակությանը։

Ինչպես նշել է Կակաչիան «Ինտերպրեսնյուս» գործակալության հետ զրույցում, իրավիճակը բավականին նուրբ է, սակայն Վրաստանը Եվրախորհրդի նախագահն է, և իր վրա միջազգային պարտավորություն է վերցրել, որ նորմալ աշխատանքային պայմաններ է ստեղծելու բոլոր պատվիրակությունների համար, այդ թվում՝ ռուսականի։

«Սա շատ նուրբ իրավիճակ է՝ հաշվի առնելով, որ Վրաստանը ներկա պահին նախագահող երկիր է, հետևաբար, նա չի կարող հրաժարվել այդ պարտավորություններից։ Օկուպացիայի և օկուպացված շրջանների հետ կապված ներքին համատեքստը նույնպես կարևոր է։ Մենք արդեն նման փորձ ունենք, երբ Կոսովոյից մարզական թիմեր են Վրաստան ժամանել, սակայն Վրաստանը չի ճանաչել Կոսովոն։ Նմանատիպ լուծում է պետք գտնել», – ասել է Կակաչիան։

Միաժամանակ նա կարծում է, որ Սերգեյ Գավրիլովի այցին հետևած իրադարձությունների վտանգ չկա։

«Այստեղ համատեքստն այլ է։ Գավրիլովը հրավիրվել էր իշխող կուսակցության կողմից, իսկ այս անգամ խոսքն այն մասին է, որ Վրաստանը Եվրախորհրդի նախագահն է և պետք է կատարի իր պարտավորությունները։ Չեմ կարծում, որ վրացական ընդդիմությունը դա չի հասկանում և այս համատեքստերի տարբերությունը չի տեսնում», – ասել է Կակաչիան։

2019 թ-ի նոյեմբերի 27-ին Վրաստանը դարձել է Եվրախորհրդի նախագահող երկիր, և այդ պաշտոնը զբաղեցնելու է վեց ամիս։


Կարդալ ավելին JAMnews-ում